«Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձը եւ կազմակերպության 9-րդ համագումարը

20.06.2016 16:47
2317

2016թ. հունիսի 18-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձին եւ կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը, որին մասնակցում էին կազմակերպության 301 մասնաճյուղից ժամանած 477 պատվիրակ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, զինվորականներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, հոգեւորականներ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց պետության սահմաններն անառիկ պահած եւ մարտիրոսված քաջորդիների հիշատակը:

Ներկաները դիտեցին «Հայոց արծիվների» տեսագրված փաստավավերագրական համառոտ պատմությունը՝ «Ազգ, Հայրենիք, Պետականություն» խորագրով, որը պատմում էր «Սյունյաց արծիվների» 7-ամյա եւ «Հայոց արծիվների» 6-ամյա գործունեության ժամանակ իրականացված 1426 միջոցառման մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեր-Տեր Գարեգին 2-րդի օրհնանքի եւ շնորհավորանքի խոսքը հնչեցնելուց հետո կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձի առթիվ շնորհավորանքի խոսքով եւ հաշվետվությամբ հանդես եկավ կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: Նա մասնավորապես ասաց. ««Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 9-րդ համագումարին ներկա հայրենատե՛ր հայեր,

Քսանհինգ տարվա մեր անձնվեր գործունեության ամենափառահեղ էջը հայոց անկախ պետականությունն է, որի շնորհիվ 600 տարի հետո հայոց սուրբ հողի վրա հառնեցինք որպես երրորդ հանրապետություն՝ մեր ձեռքերում ամուր պահելով հառնումի հաղթական դրոշը, մեր բազուկներին կրելով Արցախի ազատագրության դրոշը: Բազում խնդիրներով հանդերձ հայոց անկախ պետականությունը մեզ վերադարձրեց մեր արիական ոգին, որի համար պայքարում էին մեր հայրերը, ու շարունակում ենք պայքարել մենք...

Այն բազում գործերը, որ իրականացրել ենք մենք, ներառյալ ապրիլյան քառօրյա պատերազմին «Հայոց արծիվներ» մարտական ջոկատի՝ բարձր կարգապահությամբ մեկ ամիս Արցախի առաջնագծում գտնվելը, ապացուցում են, որ մեր հայրենիքի երդվյալ զավակներն ենք եւ շարունակելու ենք իրականացնել նրա անկատար երազանքները:

Ելնելով հայոց ազգային բանակի կողքին ավանդաբար կանգնած լինելու «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության երդմնապաշտությունից, Հայաստանն ու Արցախը հզոր ու պաշտպանված տեսնելու մեր համընդհանուր խնդիրներից՝ հայտարարում եմ.

Առաջին՝ «Հայոց արծիվների» համար սուրբ է հայոց հողը, հայոց անկախ պետականությունը: Այն ձեռք ենք բերել պայքարով, արյունով, մեր ոգու ուժով եւ մեծ հավատքով տանելու ենք հավերժություն: Մենք ենք հայոց ազգային պետականության ժառանգորդները եւ պատվով պետք է կրենք նրա երդվյալ քաղաքացու կոչումը՝ դառնալով նրա իրական կերտողն ու պաշտպանը:

Երկրորդ՝ հայոց բանակը մեր երկրի ու պետական անվտանգության անգնահատելի երաշխավորն է ու կատարյալ պաշտպանը: Հայոց բանակն ազգի սիրտն է, իսկ մենք՝ նրա արյունատար երակները… Տասներեք տարվա մեր գործունեության ընթացքում «Հայոց արծիվների» հայրենանվեր աշխատանքի գրեթե ամբողջ մասը նվիրված է եղել հայոց բանակին: Մեր ամուր կարգապահությամբ, անձնվեր հայրենատիրությամբ, փորձով ու իմաստնությամբ պարտավոր ենք համալրել ազգային բանակի պաշտպանական դիրքերը՝ նրա մեծագույն հաղթանակներին ու քայլերին մշտապես աջակից լինելու հրամայականով: Մենք չենք ընդունում նահանջի հրամաններ, մեր հաղթանակները կարծրացած են հայոց ազգի հերոս զավակների արյան շաղախով:

Երրորդ՝ «Հայոց արծիվներս» տեր ենք մեր ազգային ժառանգությանը՝ մեր ավանդույթներին, հայոց լեզվին ու մշակույթին, հայ ընտանիքի ամրությանն ու բազմազավակությանը: Մեր հաղթանակները կայուն են, իսկ ձեռքբերումները՝ անկասելի: Մենք պահանջատեր ենք եւ վերջ:

Չորրորդ՝ մեր գերխնդիրը հայոց գենի պաշտպանվածությունն է: Հայոց գենի արմատում են երկրի քաջարի ռազմիկը, հայրենատերը, մշակույթի, կրթության ու գիտության հանճարը... հայրենիքը: Հեռու պահենք մեր սուրբ գենը հայրենիք ներխուժող արատավոր բարքերից՝ մեր տունն ավերող կոռուպցիայից, աղանդավորներից, թմրամոլներից եւ այլնից:

Հայազորացում. սա՛ է յուրաքանչյուր հայրենապահ հայի գերակայությունը:

Հինգերորդ՝ Հայաստանն աշխարհի հայության ուժն է, հայոց ազգի ներկա ու գալիք օրերի առհավատչյան: Մենք ազգովի ենք պատասխանատու մեր ձեռքբերումների եւ բացթողումների համար: Հայոց պետականությունն անընդհատ հզորացնելու ու նրա սահմաններն անխոցելի պահելու երդումով՝ ապրիլյան պատերազմի օրերին Արցախի առաջնագծում մեր անսասան հավատարմությունն ու անկոտրում մարտունակությունն ապացուցած «Հայոց արծիվներ» ջոկատը եւ տասնյակ հազարավոր արծիվներ վստահեցնում ենք, որ ազգապահ հայ ժողովուրդը միշտ իր գերագույն գլխավոր հրամանատարի կողքին է եւ շարունակելու է մնալ իր հաղթանակների տերն ու պատասխանատուն, ու կրկին մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահին՝ համոզված լինելով, որ ոչինչ չունենք հայոց ազգի թշնամուն զիջելու, այլ ունենք մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու առաքելություն:

Վեցերորդ՝ գտնվելով արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկներում՝ հայոց աշխարհը մշտապես ասպատակությունների զոհ է դարձել, հայրենազրկվել, կորցրել իր պատմական էթնիկ տարածքները, իր ազգային հարստությունը: Հայի տունն իր հայրենիքն է: Հայն իր օջախում է արարում որպես ազգ ու պետականություն: Մենք Հայաստանի ամբողջատիրության զինվորն ենք, նրա ներկա եւ ապագա անվտանգության երաշխավորը, Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետականություն հավերժախոսության գաղափարակիրը: Մեր խնդիրը Հայաստան աշխարհի ներքին եւ արտաքին հզորության ամրագրումն է՝ հիմքում ունենալով հային բնորոշ օրինապաշտությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվությունը, քրիստոսապաշտ հավատքն ու միասնականությունը: Ազգային միասնականության մեր հզոր ուժով կերտելու ենք մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան:

Հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան, եւ թո՛ղ Աստված ու Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում եւ ուղեղներում:

Կեցցե՛ք դուք, կեցցե՛ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, կեցցե՛ հայրենապահ հայ ժողովուրդը...

Աստված բոլորիս պահապան, Աստված պահապան Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին»:

Կազմակերպության 9-րդ համագումարը «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ միաձայն վերընտրեց Խաչիկ Մայիսի Ասրյանին:

Համագումարն ընտրեց նաեւ կազմակերպության ղեկավար մարմին՝ 135 անդամից կազմված խորհուրդ, ինչպես նաեւ վերահսկիչ հանձնաժողով՝ երեք անդամով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպության ամենատարեց անդամը՝ 90-ամյա Արշակ Ռզգոյի Հարությունյանը, պարգեւատրվեց «Աշխատանքային վաստակի համար» պետական պարգեւով, իսկ կազմակերպության չորս ակտիվ անդամ պարգեւատրվեցին ՀՀ նախագահի շնորհակալագրերով: ՀՀ վարչապետի կողմից գրող, հրապարակախոս, կազմակերպության նախագահության անդամ Ռուզան Ասատրյանը պարգեւատրվեց վարչապետի հուշամեդալով, իսկ կազմակերպության յոթ ակտիվ անդամ պարգեւատրվեցին վարչապետի շնորհակալագրերով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձի կապակցությամբ, նախարարության գերատեսչական մեդալներով պարգեւատրվեցին կազմակերպության եւ «Հայոց արծիվներ» մարտական ջոկատի առավել ակտիվ անդամները:

Վերջում հնչեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնը, որից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն՝ կազմակերպության համագումարի մասնակիցների համար:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39