Արթուր Կոստանդյան. «Ճանապարհը բարդ է, բայց թեւաթափ չլինենք եւ առավելագույն կամք դրսեւորենք հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար»

22.08.2017 09:28
1756

Նոր ուսումնական տարվա շեմին, թերեւս, ամենաշատ քննարկվող հարցերից մեկը հանրապետության բուհերի ընդունելության, դիմորդների թվի պակասի, դրանց պատճառների եւ հնարավոր հետեւանքներին է առնչվում: Այդ եւ որոշ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանի հետ:


- Պարո՛ն Կոստանդյան, ներկայացրեք, խնդրեմ, 2017-18 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության ընդհանուր պատկերը Ձեր ղեկավարած հաստատությունում:


- Ինչպես սպասվում էր, 2017-18 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության համար ունեցանք դիմորդների եւ ընդունվողների թվերի նվազող դինամիկա: Հայտագրել էինք 85 տեղ, ունեցանք 48 դիմորդ, մեր մասնաճյուղի ուսանող դարձավ 39 հոգի: Առհասարակ հայտագրված տեղերի եւ ընդունված դիմորդների թվերի հարաբերակցությունը հստակ չափորոշիչ չէ. եթե անցյալ տարիների հետ համեմատելով ստատիստիկ վերլուծություն անենք, ապա նախորդ տարիներին հայտագրվել է 125 տեղ, ապա` 100…: Ամբողջ հանրապետությունում է գրանցվել այդ առումով նվազող դինամիկա: Ցավով պետք է նշեմ, որ դա հատկապես զգալի է մարզային բուհերում:


- Ի՞նչ մասնագիտությունների գծով եք իրականացրել առկա ուսուցմամբ այս ուստարվա ընդունելությունը:


- Այս ուստարում ընդունելությունն իրականացվել է «Տնտեսագիտություն» (11 ընդունված դիմորդ), «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» (14), «Լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում» (11), «Մետալուրգիա» (3) մասնագիտություններով: Ընդհանուր առմամբ ընդունված 39 դիմորդից 14 հոգի կսովորի անվճար հիմունքներով: Այստեղ պետք է նշեմ, որ արդեն մի քանի տարի է՝ «Մետալուրգիա» մասնագիտությամբ ուսանողների թիվը մտահոգիչ է, ինչը տվյալ մասնագիտության արդիականության առումով մտածելու տեղիք է տալիս: Կարծում եմ՝ այդ մասնագիտությունը մեկ այլ՝ ավելի մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությամբ փոխարինելու կարիք կա, բայց մյուս կողմից էլ այդ մասնագիտությունն ընտրած՝ բանակից զորացրված ուսանողները խնդրի առաջ կկանգնեն: Բնական է, մասնագիտության ցանկի կրճատումը չի բխում մեր եւ տարածաշրջանի շահերից, ուստի պետք է ամեն հնարավորն անել երկկողմանի շահերի համապատասխանությունն ապահովելու համար:


Հեռակա ուսուցմամբ ընդունելությունը հավանաբար կկազմակերպվի օգոստոսի 20-ից հետո (խմբ.՝ հարցազրույց վարելու օրը դեռեւս ընդունելության կազմակերպման ժամկետը հստակեցված չէր) վերոնշյալ մասնագիտությունների գծով՝ դրանց ավելացնելով «Արյունաբերրական եւ քաղաքացիական շինարարություն» եւ «Օգտակար հանածոների հարստացում» մասնագիտությունները:


- Ուսման վարձավճարների չափի մեջ այս տարի փոփոխություններ կատարվե՞լ են: Եվ կարո՞ղ ենք ասել, որ ուսանողների թվի պակասն էական անդրադարձ կունենա մասնաճյուղի ֆինանսական վիճակի վրա:


- Նախ՝ ուսման վարձավճարների մասին ասեմ, որ այս ուստարում փոփոխություն չկա. առկա ուսուցմամբ վարձավճարների չափը 390-450 հազար դրամ է, հեռակա ուսուցմամբ՝ 312-360 հազար դրամ: Ինչ վերաբերում է ուսանողների թվի պակասով պայմանավորված մասնաճյուղի հնարավոր ֆինանսական ճգնաժամին, ասեմ, որ, բնական է, այն որոշակի բացասական ազդեցություն կթողնի, բայց ունենք ստաբիլիզացիոն ֆոնդ, ինչպես այս ուստարվա, այնպես էլ հաջորդ ուստարվա համար նախատեսված: Սա թույլ կտա խուսափել մասնաճյուղի համար ոչ ցանկալի ֆինանսական ծանր վիճակում հայտնվելուց:


- Եվ՝ այս օրերին առավել հաճախակի քննարկվող մի հարց. ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված դիմորդների թվի պակասը:


- Առաջին հերթին՝ շրջանավարտների թվի պակասով, այսինքն՝ հանրապետությունում ծնելիության մակարդակի զգալի նվազում, աշխատանքային միգրացիան… Իմ կարծիքով՝ մարզային բուհերում դիմորդների թվի պակասը պայմանավորված է նախեւառաջ ծնողների եւ շրջանավարտների՝ պարտադիր մայրաքաղաքային որեւէ բուհ ընդունվելու «մոլուցքով»: Չեմ կարծում, որ մարզային բուհերը թերանում են, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նույն ծրագրերով եւ ուսումնական պլաններով ենք առաջնորդվում: Չգիտեմ՝ միգուցե ծնողը կարծում է, թե իր աչքից հեռու գտնվելով՝ երեխան մայրաքաղաքի բուհում ավելի լավ կսովորի. չկա նման բան, սովորողն ամեն տեղ էլ կսովորի: Այստեղ հարկ է նշել, որ մոտիվացիայի խնդիր նույնպես կա. նպատակը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել, իսկ մյուս կողմից էլ՝ արդեն ուսանողների շրջանում՝ չսովորելը: Մենք դեռեւս չենք կարողանում հասնել այն գիտակցական մակարդակին, որ լավ սովորելը պարտադիր է. հասել ենք այն հանգրվան, որ ծնողը խնդրում է երեխային գնահատական նշանակել, այլ ոչ թե գիտելիք տալ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում մեր ազգային մտածողության, մենթալիտետի հետ. խորհրդային շրջանի փլուզումից հետո, որ լավ կրթական համակարգ ուներ, եւ հատկապես բուհեր գիտելիքների հարուստ պաշարով էին ընդունվում ու սովորում, միանգամից հասանք այս մակարդակին, երբ հիմնականում բացակայում է լավ սովորելու ձգտումը:


- Չե՞ք կարծում, որ դա նախեւառաջ պայմանավորված է բուհերի ինքնաֆինանսավորման հանգամանքով, երբ գոյությունը պահելու համար ստիպված շատ դիմորդ են ընդունում:


- Ցավոք, այդ հանգամանքը նշանակալի դերակատարություն ունի մեր կրթական ողջ համակարգի թերանալու վրա. լինի դա հանրակրթական դպրոց, միջին մասնագիտական կամ էլ բարձրագույն ուսումնական հաստատություն: Եթե ինքնաֆինանսավորման հարցը չլիներ, գուցեեւ շեշտը դրվեր միայն ու միայն որակի, այլ ոչ քանակի վրա:


- Բանակից զորացրված ուսանողների համար զեղչային ինչպիսի՞ քաղաքականություն եք վարում:


- Առհասարակ ոչ միայն բանակից զորացրված, այլեւ ուսանողների որոշ խմբի համար գործում է զեղչային ճկուն համակարգ՝ օրենքով սահմանված կարգին համապատասխան: Օրինակ՝ անցյալ ուստարում մինչեւ 70 ուսանողի համար տարբեր չափի զեղչ ենք իրականացրել:


- Եթե ընդհանրացնելու լինենք, մասնաճյուղն ի՞նչ խնդիրներ ունի:


- Ասել, որ մասնաճյուղը հարուստ է խնդիրներով, ճիշտ չի լինի, բայց, ինչպես յուրաքանչյուր գործող կառույց, ժամանակին համընթաց քայլելու համար համապատասխան գույքի անընդհատ վերազինման, թարմացման կարիք է զգացվում:


Կադրերի առումով նույնպես էական խնդիրներ չունենք, միայն այստեղ պետք է նշեմ, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության գծով ծրագրերում բովանդակային առումով որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ այս ուստարում ընդունված ուսանողներին երկու տարի հետո մասնագիտական առարկաներ դասավանդելու համար նեղ մասնագետների կարիք կարող է զգացվել:

Բայց երկու տարին բավական ժամանակ է համապատասխան վերապատրաստումներ անցնելու կամ մասնագետներ ընդունելու համար: Հայցորդներ ունենք, ովքեր առաջիկայում թեզերը կպաշտպանեն:

Երիտասարդ դասախոսների շրջանում նույնպես գիտության հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Հարկ է նշել, որ նոր մասնագիտությունների ներդրման համար կարեւոր է համապատասխան մասնագետ-դասախոսների առկայությունը, մյուս կողմից էլ՝ տվյալ մասնագիտությունը պետք է լինի, որ մասնագետ լինի: Ի դեպ, այստեղ նշեմ, որ նախատեսում ենք ֆակուլտետային վերադասավորումներ՝ շեշտը դնելով որակի վրա: Պետք է կազմենք առավել էֆեկտիվ հաստիքացուցակ. հունվարին այն կվերանայվի:


Ինչ վերաբերում է մասնաճյուղում առկա որոշակի վերանորոգման աշխատանքներին, ապա դրանք ընթացիկ հարցեր են, որոնք փորձում ենք կարգավորել: Այստեղ կցանկանայի նշել մարզադահլիճի վերանորոգման, Մոբայլ լուծումների լաբորատորիայի մասնաշենքի մի մասի նորոգման անհրաժեշտության մասին: Ի դեպ, մասնաճյուղի Մոբայլ լուծումների եւ վիրտուալ լաբորատորիաները, թեպետ գործում են, բայց դրանց հնարավորությունները ոչ լիարժեք են օգտագործվում: Համակարգչային պարկի թարմացումը նույնպես ցանկալի կլիներ, այս տարի նաեւ որոշ ձեռնարկություններից ստացանք դիդակտիկ սարքավորումներ, որոնք օգնում են դասապրոցեսի՝ առավել արդյունավետ կազմակերպելուն:


- Մասնաճյուղի համագործակցության շրջանակների մասին ի՞նչ կասեք:


- Հիմնական եւ ամենակարեւոր համագործակցությունը երկու խոշոր հանքարդյունաբերական կազմակերպությունների հետ է՝ «Զանգեզուրի ՊՄԿ» եւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունների հետ, հատկապես ուսանողական պրակտիկաների՝ սահմանված կարգով եւ գրաֆիկով անցկացման առումով: Գիտեք՝ սրանք մասնավոր կազմակերպություններ են եւ կարող են նաեւ չհամագործակցել:


Ինչ վերաբերում է միջազգային ծրագրերին, ապա այս պահին գործող ծրագիր չունենք, բայց առաջիկայում այդ հարցը կքննարկվի: Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ այդ ծրագրերին մասնակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երեւանյան կրթահամալիրը եւ այնտեղ է որոշվում, ծրագրից կախված, տվյալ մասնաճյուղն ընդգրկել, թե՝ ոչ: Նախկինում Կապանի մասնաճյուղը բավականին ակտիվ մասնակցել է տարբեր միջազգային ծրագրերի:


- Խոսակցություններ են շրջանառվում նաեւ մասնաճյուղում մագիստրոսական կրթություն ստանալու հնարավորություն ունենալու, հենակետային դպրոց ստեղծելու մասին:


- Հենակետային դպրոցը, նախեւառաջ, ակնկալում է հետագայում մասնաճյուղի դիմորդների թվի ավելացում, եւ այն բացելու գործընթացն ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է մասնաճյուղում մագիստրոսական կրթության կազմակերպմանը, ապա այդ աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են:

Համոզված եմ՝ այս երկուսի դեպքում մասնաճյուղը զգալի թափ կստանա, եւ տարածաշրջանում ավելի կբարձրանա դրա դերակատարությունը: Միջին մասնագիտական կրթության գծով լիցենզավորված մասնագիտություններ ունենք. այս ուստարում անվճար տեղերի համար էինք հայտագրել, բայց չհատկացվեց:


- Ձեր շնորհավորանքը՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ:


- Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում հաջողություններ, միաժամանակ կոչ անում նոր ուստարին սկսել «Որակ» խորագրով: Համոզված եմ՝ համապատասխան ներուժ ունենք առավել որակյալ կրթություն կազմակերպելու համար, պարզապես շատ դեպքերում կամքն է բացակայում: Ճանապարհը բարդ է, բայց թեւաթափ չլինենք եւ առավելագույն կամք դրսեւորենք հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար:

               ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 
               

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի․ վերլուծաբաններ

16.07.2024 21:36

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբան

16.07.2024 19:15

Երևանում և մարզերում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

16.07.2024 16:58

Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

16.07.2024 16:54

Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

16.07.2024 16:52

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել

16.07.2024 14:19

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

16.07.2024 14:13

Լավրովը ժամանել է Նյու Յորք

16.07.2024 12:08

Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան

16.07.2024 11:46

Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15