Արթուր Կոստանդյան. «Սովորելով մեր մասնաճյուղում` դիմորդները կստանան ոչ միայն որակյալ կրթություն, այլեւ կլուծեն սոցիալական խնդիր»

10.05.2019 12:00
1329

Հարցազրույց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանի հետ։

- Պարոն Կոստանդյան, մայիսի 5-ից սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունումը։ Որպես մեր զրույցի նախաբան` կուզեինք ներկայացնել, թե առկա ուսուցմամբ 2019-2020 ուստարվա համար ո՞ր մասնագիտությունների գծով է կատարվում ընդունելություն եւ յուրաքանչյուր մասնագիտության համար քանի՞ տեղ է հատկացված։

- Բակալավրի կրթական ծրագրով դիմորդների ընդունելությունը կազմակերպվելու է չորսմասնագիտության գծով` տնտեսագիտություն (3 անվճար, 13 վճարովի տեղ), տեղեկատվական համակարգեր (13 վճարովի, 3 անվճար տեղ), լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում (4 տեղ` մեկը բանակից զորացրվածի համար, անվճար, 12 վճարովի), մետալուրգիա (4 անվճար տեղ, 8 վճարովի)։ Առկա ուսուցումն այս չորս մասնագիտությունով են. հեռակա ուսուցմամբ նախատեսված են արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն, ինչպես նաեւ օգտակար հանածոների հարստացում մասնագիտությունները։ Հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների մասին փոքր-ինչ վաղ է խոսելը, ամեն ինչ պարզ կլինի օգոստոսին։

- Որքանով տեղյակ ենք, Ձեր մասնաճյուղում ավանդական են դարձել «Բաց դռների օրերը», որ միտված են դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը։ Ընդունելության քննությունների շեմին ե՞րբ անցկացրիք այդ ակցիան։

- Այս անգամ մանսնաճյուղում «Բաց դռների օրերը» կազմակերպվել են ապրիլի 17-19-ը։ Այդ օրերին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ այցելեցին Կապանի, Քաջարանի ավագ եւ միջնակարգ դպրոցների, ինչպես նաեւ Ձագեձորի, Աճանանի, Գեղանուշի, Դավիթբեկի միջնակարգ դպրոցների մոտ 100 դպրոցական։ Մասնաճյուղի ուսխորհրդի ակտիվ մասնակցությամբ մեր հավանական դիմորդները ծանոթացան մասնաճյուղի պատմությանը, ուսուցանվող կրթական ծրագրերին, մասնագիտություններին, բուհի ընդունելության կարգին, ուսումնական գործընթացին, լաբորատորիաներին, պրոֆեսորադասախոսական կազմին։ Մասնաճյուղի մասնագիտական ամբիոնների վարիչներն աշակերտների համար վարեցին դասախոսություններ, որի ընթացքում ներկայացրեցին նաեւ մասնագիտությունների դերն ու նշանակությունը տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման գործում։ 

- Քանի՞ ուսանող է սովորում մասնաճյուղում եւ ովքե՞ր են նրանց դասավանդում։ 

- Մասնաճյուղի ուսանողների թիվը մոտ 400 է, որից` 294-ը` տղա, 106 աղջիկ, նրանց մեծ մասը սովորում է «Լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում», «Օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում», «Օգտակար հանածոների հարստացում» (119 ուսանող), «Տնտեսագիտություն», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (Լ.Ճ)» (118 ուսանող) եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,  «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» (84 ուսանող), «Մետալուրգիա եւ նյութագիտություն», «Մետալուրգիա» (60 ուսանող) մասնագիտություններով: Նրանց դասավանդում են չորս գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տասնվեց գիտության թեկնածու, դոցենտ, հինգ գիտությունների թեկնածու, ասիստենտ եւ քսանինը դասախոս։ Դասախոսական կազմը պարբերաբար մասնակցում է վերապատրաստման դասընթացների։ Ընդհանրապես գիտական աստիճան ունեցող դասախոսները մասնաճյուղում 44 տոկոս են կազմում, եւ այդ ցուցանիշը բարելավելու ռեալ հիմքեր կան։ Առաջիկայում երեք դասախոս պատրաստվում է պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։

- Պարոն Կոստանդյան, ուսումնասիրություն արվո՞ւմ է, թե՞ մասնաճյուղի շրջանավարտների ո՞ր տոկոսն է աշխատում ստացած մասնագիտությամբ, այլ կերպ ասած` ձեր շրջանավարտը պահանջարկ ունի՞ աշխատաշուկայում։

- Խնդրի առնչությամբ երկու բան կարելի է առանձնացնել։ Իրողությունն այն է, որ Քաջարանի եւ Կապանի կոմբինատներում աշխատում են մասնաճյուղն ավարտած մեծ թվով մեր շրջանավարտներից, ոմանք զբաղեցնում են նաեւ ղեկավար ու պատասխանատու պաշտոններ։ Ամեն տարի իրականացնում ենք շրջանավարտի հարցում` կրթական ծրագրից բավարարվածության առումով, ինչն անանուն հարցում է, տվյալներն ուղարկվում են Երեւան ու կենտրոնացված կարգով մշակվում, եւ արդյունքը հրապարակվում է։ Որի արդյունքում մեր մասնաճյուղը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանակում բարձր ցուցանիշ է ունենում Նաեւ ասեմ` մեր մասնաճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտները Երեւանում` մագիստրատուրայում, անվճար տեղեր են զբաղեցնում։

- Ինչպես տեղեկացանք, բուհի մասին պատմող տեղեկատվական թերթիկից, մասնաճյուղում գործում է ուսման վարձերի զեղչերի ճկուն համակարգ. մի քիչ մասնրամասն` այդ մասին։

- Այո այդպես է, բարձր առաջադիմություն դրսեւորելու դեպքում ուսանողներն օգտվում են շրջափոխման իրավունքից։ Այս կիսամյակում զեղչերից օգտվել է մոտ 50 ուսանող, այսինքն` գրեթե չորսից մեկն օգտվում է զեղչման համակարգից։ Եթե սրան էլ հավելենք, որ 400 ուսանողից 50-ը անվճար է սովորում, կստացվի շոշափելի մի թիվ. առկա ուսուցմամբ «Տնտեսագիտություն» եւ «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունների վարձավճարը 450 հազար դրամ է, «Լեռնային գործ ու օգտակար հանածոների արդյունահանում» եւ  «Մետալուրգիա» մասնագիտություններինը` 390 հազար դրամ. հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների վարձավճարը եւս անփոփոխ է` 360 եւ 312 հազար դրամ։

- Իսկ կրթամակարդակի առումով ի՞նչ կասեք, մասնաճյուղի համեմատությունը մայրաքաղաքի բուհերի հետ, մասնավորապես` մայր բուհի։ Այդ հարցն էլ երբեմն շահարկման առարկա է դառնում։

- Մենք ուսուցումն իրականացնում ենք մայր բուհի ծրագրով եւ պլաններով, նաեւ դասախոսներ ենք հրավիրում մայրաքաղաքից, որոնց կողմից ուսանողներին նշանակված գնահատականները մեր դասախոսների նշանակած գնահատականներից չեն տարբերվում, միջինացված ցուցանիշները նույնն են, այսինքն` մեր ուսանողների ստացած գնահատականների արժանահավատությանը չի կարելի կասկածել։ Կարելի է փաստել, որ առաջադիմությամբ գրեթե չենք զիջում։ Այն էլ ասեմ, որ ավարտական քննությունների հանձնաժողովի անդամների մի զգալի մասը դրսից է լինում։ Եվ այն մասնագիտություննեի գծով, որով մեր ուսանողները ցանկանում են խորանալ մայր բուհում, ամբիոնների ներկայացուցիչ է լինում մայր բուհից, որպեսզի նաեւ հավասար պայմաններ ապահովվեն։ Նաեւ հայտնեմ, որ աշխատանքներ են տարվում ուսումնագիտական լաբորատոր բազայի արդիականացման, ուսումնական պայմանների էլ ավելի բարելավման ուղղությամբ։ Այս տարվա գնումների պլանով նախատեսված է քիմիական լաբորատորիաների համար նյութեր եւ սարքավորումներ ձեռք բերել։ Մտածում ենք մասնաճյուղում «Մետալուրգիա» մասնագիտությամբ մագիստրոսական կրթության կազմակերպման մասին, այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ հուսով ենք որ այդ կրթության ներդրումը տարածաշրջանում մասնաճյուղի հեղինակության բարձրացման խթան կդառնա։

- Այս համատեքստում ուզում ենք մի հարց ուղղել, որ իր արդիականությունը երբեք չի կորցնում, ի՞նչ պատրաստականությամբ է դիմորդը ոտք դնում ձեր մասնաճյուղի շեմին, բավարար գիտելիքներ ավանդո՞ւմ են հանրակրթական դպրոցում։ Նաեւ նկատվում է, որ ավելի պատրաստված դիմորդները նախընտրում են մայրաքաղաքի բուհերը։ Գուցե սխալվո՞ւմ եմ։

- Բնականաբար, հույժ ցանկալի է, որ  դիմորդները պատրաստված գան մասնաճյուղ։ Երեւույթը  բացատրելը մի քիչ դժվար է։ Ըստ իս` ավարտական դասարաններում դպրոցականները կենտրոնանում են այն առարկաների վրա, որից ընդունելության քննություն պիտի հանձնեն, ինչից մեծապես տուժում է դիմորդների ընդհանուր պատրաստվածությունը։ Այդ պատրաստվածության բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում մասնաճյուղում ուսանելիս։ Երկրորդ` կարծում եմ, որ հանրակրթական դպրոցներում ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բարձրակարգ ուսուցիչների պահանջարկ կա։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի բուհերին նախապատվություն տալուն, կրթական ծրագրերից բավարարվածության վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ մեր մասնաճյուղը կրթության որակով չի զիջում մայր բուհին։ Մի հանգամանք էլ կա. մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստացող երիտասարդների զգալի մասը ծննդավայր չի վերադառնում, ասել է թե` խախտվում է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը։ Մարզում գործող բուհական մասնաճյուղերն ինչ -որ չափով մեղմում են այդ իրավիճակը։ Խորհրդային տարիներին շրջաններում բնակվող պատանիները եւ աղջիկները կարողանում էին մայրաքաղաքում անվճար կրթություն ստանալ, ուսանողական հանրակացարաններում բնակվել, կրթաթոշակ ստանալ, որը մեծապես տարբերվում է այժմյան ուսանողի ստացած կրթաթոշակից։ Իսկ հիմա սոցիալապես նվազ ապահովված ընտանիքի զավակի համար չափազանց դժվարացել է մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալը, ուստի այդ խնդրում այլընտրանք են մնում մարզերում գործող մասնաճյուղերը։ Ամփոփեմ ասածս. սովորելով մեր մասնաճյուղում` դպրոցների շրջանավարտները ոչ միայն կստանան որակյալ կրթություն, այլ նաեւ կլուծեն սոցիալական խնդիրներ, որոնց անպատճառ կառնչվեն այլ քաղաքներում սովորելու ժամանակ։

- Ինչպիսի՞ն է մասնաճյուղի փոխհարաբերությունը մարզի լեռնահանքային ձեռնարկությունների հետ, մանավանդ որ ձեր շրջանավարտների համար աշխատատեղ են ապահովում այդ կոմբինատները։

- Փոխհարաբերությունը երեքի` Քաջարանի, Կապանի, Ագարակի կոմբինատների հետ էլ սահուն է ընթանում։ Ագարակի կոմբինատի դեպքում խնդիրը զուտ հեռավորությունն է։ Կապանի կոմբինատի նոր ղեկավարության հետ 10-15 օր առաջ քննարկումներ եղան, թե ինչպես ակտիվացնենք մեր հարաբերությունները։ Կուզեի ոչ թե մեր ուսանողների արտադրական պրակտիկայի պարագայում, այլ ավելի գործնական մակարդակով հարաբերվենք։ Ինչեւէ, բավարարում է առկա փոխհարաբերությունը։ Կուզեի մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, դա այն է` մասնաճյուղի հեռակա ուսուցման ուսանողների զգալի մասն աշխատում է Կապանի եւ Քաջարանի կոմբինատներում, կարելի է ասել հեռակա ուսուցումը մեր տարածաշրջանում իր բուն դերը կատարում է, ինչի համար ի սկզբանե ստեղծված է եղել, այն է` արտադրությունում աշխատողը հնարավորություն պիտի ունենա նաեւ  ստանալ մասնագիտական կրթություն։

- Իրո՞ք ձեր մասնաճյուղի շրջանավարտների այդքան պահանջարկ կա մարզի լեռնահանքային ձեռնարկություններում։

- Ասեմ, որ պահանջարկի տեղաշարժ է եղել։ «Մետալուրգիա» մասնագիտությամբ վերջին տարիներին ուսանողները հիմնականում ընդունվում են միայն անվճար համակարգ, թափուր են մնում վճարովի համակարգի տեղերը։ Դա իր հերթին խնդիր է առաջացնում, երբ մի ուսանող պարտք է ունենում կամ դուրս է մնում, մասնաճյուղն անվճար տեղը կորցնում է, որը մասնաճյուղի համար խնդիրներ է առաջացնում:

Գործատուների հետ այս տարվա հարցումների արդյունքներով հանգել ենք եզրակացության, որ «Օգտակար հանծոների հարստացում» մասնագիտությամբ լիցենզիայով թույլատրված տեղերը պետք է ավելացնենք։ Նշենք, որ «Լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում» մասնագիտության տեղերն առավելագույնս լրացվել են (առկա եւ հեռակա)։

Ընդերքօգտագործման եւ հարակից մասնագիտություններով ամեն տարի կատարում ենք մոնիտորինգ. գործատուներին ուղարկում ենք հարցաշար, խնդրում ենք նշել իրենց առաջարկ- պահանջարկները, գնահատել մեր շրջանավարտին, նաեւ, թե ինչ լրացուցիչ առաջարկներ ունեն, որպեսզի մենք հաշվի առնենք մեր առաջիկա գործունեության մեջ։ Մենք նրանց ոչ մի կերպ չենք կողմնորոշում կամ ուղղորդում, ազատ գործելու հնարավորություն ենք տալիս։ Միայն կցանկանայինք, որ գործատուն մի քիչ ավելի լուրջ եւ սրտացավ մոտենա խնդրին։

- Ի՞նչ կավելացնեիք ասվածին, որպես զրույցի վերջաբան, ի՞նչն է ձեզ առավել մտահոգում։

- Ստացվել է այնպես, որ ծնողը երեխայի` դպրոցում սովորելիս հետեւում է նրա ուսման առաջադիմությանը։ Նույնը չի կարելի ասել բուհում սովորելու ժանանակ։ Ուսանողն էլ իր վերաբերմունքը պիտի փոխի ուսման հանդեպ` դեպի դրականը։ Եթե ուսանողը պահանջկոտ չէ ինքն իր հանդեպ, դասախոսը չի կարող նրան ստիպելով սովորեցնել։ Այնուամենայնիվ, այս խնդրում կարեւորվում է ծնողի դերը, միշտ մի օրինակ եմ բերում. երբ ծնողն իր երեխային ուղարկում է պարի խմբակ` 3 հազար դրամ վարձ վճարելով եւ երեք ամիս հետո նկատում է, որ երեխան բան չի սովորել, անհանգստանում է, իսկ ինչ է` կարելի է 450 հազար դրամ ուսման վճար մուծել, հետո խոսել «վատ մատուցված կրթության» մասի՞ն։ Սա աբսուրդ է եւ առատ նյութ խորհրդածության համար։

Զրույցը` Վահրամ Օրբելյանի

 

 

 

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբան

16.07.2024 19:15

Երևանում և մարզերում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

16.07.2024 16:58

Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

16.07.2024 16:54

Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

16.07.2024 16:52

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել

16.07.2024 14:19

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

16.07.2024 14:13

Լավրովը ժամանել է Նյու Յորք

16.07.2024 12:08

Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան

16.07.2024 11:46

Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

16.07.2024 10:41