Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

13.03.2018 14:50
1277

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Առաջին բանաստեղծություններից՝ «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին»՝ տպագրված 1912 թվականին «Պատանի» ալմանախում մինչեւ եղերական մահը՝ 1937 թվականը, Չարենցը հավատարիմ մնաց իր գրական դավանանքին՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»: Նա հայ գրականություն բերեց բանաստեղծական թարմ մտածողություն, տաղաչափական նոր ձեւեր ու ժանրեր, լեզվական անկրկնելի մշակույթ: Չարենցը նաեւ բանաձեւեց իր ժողովրդի լինելիության գրավականը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Չսահմանափակվեց միայն պոեզիայով: Ընթերցողի սեղանին դրեց «Երկիր Նաիրին», որ անվանել է «պոեմանման վեպ, որում պատկերել է կառուցող հայրենիքի պատկերը, դարասկզբի հայ կյանքը, մասնավորապես 1914-1920թթ. ժամանակահատվածի պատմաքաղաքական իրադարձությւոնները: Գրականագետ Դավիթ Գասպարյանն այն համարել է հայ նոր գրականության վիպագրության հիմնաքարը: 

Այնուամենայնիվ, ընթերցողի մտապատկերում Չարենցը կա որպես անկրկնելի պոետ, եւ մեր ուրախության թե տխրության պահերին պահերին հիշում ու արտասանում ենք նրա սրտամոտ բանաստեղծությունները…

Պատմության քառուղիներով

Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`

Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,

Հին դարերից մինչեւ այս հանճարեղ ներկան,

Որ հուրհուրատում է մեր դեմ գալիքնափայլ:

Այն անգո առավոտից, երբ լեգենդական

Իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը,

Այս Մասիսի հանդեպ, այս անիրական

Արարատյան դաշտում,- որպես զրույց անծայր մի

Տարածվել է ուղին մեր անպատմելի,

Անծայրածիր ձգվել դարերով ձիգ

Եվ գնում է այսօր ու երկարվում էլի

Դեպի ի՜նչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր…

Բայց ուղին մեր եղել է մի՛շտ մթին,

Եղել է անանստգյուտ ու անփառունակ,

Տարածվել է անբոց ու անժպիտ`

Ուրիշների փայլով շարունակ

Շառագունված – որքա՜ն, որքա՜ն աղետավոր…

Որպես անմիտ զրույց` մեզ պատմել են մի օր

Նախնիների մասին մեր փառապանծ,

Բայց օրերի հեռվում ես տեսնում եմ միայն

Ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ

Եվ երկրային ընթացք մի անիմաստ…

 

Եվ ես, ահավասիկ, հին գրերով այս մեր

Իմ տողերը կոփող մի պոետ -

Ի՜նչ խոսքերով երգեմ եւ ինչ տենդով պատմեմ

Մեր անանցյալ անցյալը, մեր ընթացքը, որ էլ

Ո՛չ մի գուսան երգով չոգեկոչի հին փառքը

Ու կարոտով անմիտ ետ չնայի,-

Չպանծանա այլեւս, որ առ անց մեզ աշխարքը

Կլիներ պարտեզ մի ամայի…

Պատմության քառուղիներում առաջնորդել են նախ

Մեզ նախնիներ անստույգ ու ոչնչատեսիլ,

Մռայլ հեռուներում անճանապարհ առկախ,

Որ իրենց մորթի հետ միասին

Տարել են բախտը մեր թավալգլոր

Երկրներից երկիր,- օ, տառապանք երկար,-

Նշել են մեզ համար ուղի աղետավոր,

Եվ տոտեմը եղել է մեր – գայլ…

 

Օ՜, նախնինե՜ր… Տեսնում եմ ահավասիկ.-

Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,

Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս

Քայլում է առասպելյալ մեր գայլը…

Հենց առաջին օրից բզկտված են նրա

Նիհար կողերը – բյուր գազանների կողմից,-

Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա`

Դեմքը տված գալիք փորձանքների հողմին:-

Որտեղի՞ց է եկել նա, այդ գայլը,

Եվ ինչո՞ւ է արդյոք նա առաջին օրից

Սարսափահար հայացքը հառած լուսնի փայլին`

Աղեկտուր ոռնում իր սարսափը խորին:

 

Եվ նա գիտե՞ արդյոք, այդ բզկտված գազանը,

Որ նշված է արդեն նրա ուղին

Ապագայի գրքում,- որ տարիներ հազար

Քայլելու է այդպես անուղի,-

Որ պատմության մռայլ քառուղիներում

Նա բազմաթիվ դարեր պիտի այդպես տանի

Իր բզկտված կողերը – դեպի ի՜նչ անհայտ հեռու,

Ի՜նչ արոտներ կարմիր ու արնանիստ…

Օ, չի եղել մեր գայլը պղնձյա

Եվ ոչ մարմարիոնյա, եւ ոչ անգամ քարե,-

Նիհար, կողերը լերկ, նա անցել է անծայր

Տափաստաններ, մինչեւ նա հանգիստ է առել

Այս Մասիսի հանդեպ անիրական,

Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում,

Եվ` լուսնի դեմ նստած` նա երկար

Ոռնացել է իր վիշտը անկշտում,-

Ոռնացել է անձուկ իր տառապանքը,

Անասնական իր քաղցը,- եւ ոռնոցը նրա

Դարձել է հիմնը մեր անարձագանք -

Ու դարերով հնչել մեր պատմության վրա…

 

Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար

Արքաներ անժողովուրդ եւ գահազուրկ,

Որոնց փառքը` մեր հին մատյաններում երգած`

Եղել է եղկություն ու քծնություն քսու:-

Օ, դո՛ւք, մեր վաղեմի առաջնորդնե՛ր,

Առասպելյալ Հայկեր ու Տրդատներ բազում,

Իշխաններ անփառունակ, սին ըղձերի ճորտեր,

Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ,-

Դո՛ւք, որ դարեր երկար, հազարամյակներ,

Ուրուների նման անկերպարանք

Ապրել եք ու կանգնել օդե ապարանքներ,

Օտար խարույկներից հայցել ոգու կրակ,-

Որ ամբողջ ձեր գոյության հազարամյակներում

Չեք ծնել եւ ո՛չ մի խոհ սերունդների համար -

Ո՞ր, ո՞ր պատմիչը ձեզ պիտի կարդա ներում,

Օ, դո՛ւք, անպտուղ պարտեզներ ու խորաններ ամա…

 

Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար

Ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին,

Հազար երանգներով իրենց դեմքը ներկած,-

Եվ մեր անմահության ակունքները այն ջինջ

Պղտորել են ոխով ու ոչնչությամբ,

Չնչին տենչանքների անխոհությամբ ոսին,

Փաթաթելով վզին մեր մի ճորտային շղթա,

Սերմանելով մեր ողջ ժողովրդի մասին

Ոչնչության սերմեր, անխոհության,

Թշվառ անհողության եւ աղապատանքի,

Եվ դրել են դեմքին մեր կնիքը գերության,

Սնել թշվառ կաթով ապաշնորհ կյանքի…

 

Իսկ նոքա՞, որ եկել են իշխաններից հետո,-

Վերջին ասպետները մեր խեղճության խորին,

Սնված նախնիների անհողության կաթով,-

Օ՛, վարդապետ Մինաս, կամ Իսրայել Օրի,-

Այն ի՜նչ տենչեր են վեհ, ու անխորտակ ու խոր,

Որ սերմանել եք դուք երկրներում օտար,

Եվ ո՞ր, եւ ո՞ր, եւ ո՞ր նպատակի շողով

Ձգտել եք կյանքը մեր անմխիթար

Հանել ափունքներից այն սեւ ու ապերջանիկ,

Նշել սերունդներին ուղի պայծառ,-

Եվ ձե՞զ պիտի արդյոք մենք երգենք հիմն -

Ձեր ո՞ր խոհին, կամ ո՞ր երազանքին անճառ…

 

…Ահավասիկ ելած մեր լեռներից այն բարձր,

Ուր վառվում էր հույսի մեր խարույկը վերջին,

Շուրջը – խավար գիշեր ու մառախուղ մի թանձր,

Շուրջը – ժայռեր մռայլ ու բարդիներ վերձիգ,-

Ու թանձրացյալ մուժում – ապարանքներ ահա`

Փոքրիկ, ողորմելի, խեղճ -

Իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած,

Եվ ո՛չ մի, ոչ մի մեխ,-

Ո՛չ մի կտոր երկաթ, կամ անագե շաղախ,

Կամ մարմարյա մի սյուն, կամ թեկուզ կիր,

Որ փորձության պահին անձրեւներից մխար

Եվ իր ծուխը խառներ ըմբոստության երգին…

Ապարանքը – այսպես:- Իսկ ներքեւում – խուղեր`

Գետնափոր, ստորերկրյա, ցաքուցրիվ,

Թաղված գանգի պես խուլ, գանգի պես անուղեղ,

Կարծես մի խեղճ նախիր

Արածելու ժամին կայծակնահար` հանկարծ

Կըծկըվել է ահից ու մոխրացել -

Եվ մնացել է տեղը մի մոխրաբույր զանգված`

Դարերով անջրդի ու հողմածեծ…

 

Եվ նոքա – մեր անղեկ առաջնորդները,

Այդ իշխանները եղկ, այդ տերերը վերջին,

Ելել են գիշերով ու մենակ ճամփորդել են

Դեպի հյուսիս, դեպի հյուսիսային որջի

Արջերը սառցասիրտ ու արնաթաթախ,-

Այդպես մեր գա՛յլն էր հին ճանապարհվում որսի`

Հյուծված, կողերը լերկ եւ անատամ…

Ես տեսնում եմ նոցա:- Իմ աչքերի առջեւ

Ահավասիկ իրենց եղկ հասակով ամբողջ`

Իրենց խուլ խուղերից ու լեռներից այն բարձր

Ճանապարհ են ընկնում` անուղի ու անխոհ:-

Ելած որոնելու հորիզոններ, գալիք

Սերունդների համար արահետներ ուղիղ -

Ի՞նչ են տանում նոքա ուրիշներին տալու,

Այն ի՜նչ բերքեր երկրի ու բարիքներ հողի…

Այն ի՜նչ գանձեր արդյոք, ի՜նչ արգասիք ու բեռ,

Ի՜նչ ոսկիներ ոգու ու զորության…

Ո՛չ:- Տանում են նոքա, որպես շնորհ առձեռն,

Կարավաններ ահի ու թշվառության:-

Ելած որոնելու գալիքների շավիղ,

Ապագայի ընթացք ու հորիզոն -

Նոքա կրում են լոկ անանձնական ցավի

Ու հանգուցյալ փառքի մեռելային կավիճ`

Հազարամյա մեր դեմքը երիզող…

 

Եվ անվավեր փառքի առասպելյալ փայլով

Շղարշելով խեղճությունն հազարամյա -

Միջնորդել են նոքա հյուսիսում ու այլուր`

Ներքինատիպ, զազիր ու զառամյալ…

Խոստացել են նոքա իրենց երբեք չեղյալ

Փառապանծ անցյալի անունով -

Առաջնորդել նոցա Երկիրը Ավետյաց`

Հանուն Որդու, Հոգու եւ հանուն Հոր…

Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար

Պատմության քառուղիներով, որպես միրաժ,-

Կտրել ենք երկար մի ճանապարհ

Եվ ճանապարհը մեր այս

Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, օ, ե՞րբ,

Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ,-

Եվ ո՞վ, եւ ո՞վ է մեր ապագային տվել

Անխզելի ընթացք ու գաղափար….

 

Իսկ նրանցից հետո ահավասիկ իմ դեմ

Մի ձեռք, որ զորություն է տալիս գրչիս -

Մեր պատմության գրքից դարձնում է մի թերթ

Եվ բացում է էջը նախավերջին,-

Եվ հանդես են գալիս – անկերպարանք անդեմ -

Երեկվա մեր տերերը չնչին:-

Օ, վաշխառու ճորտե՛ր, հացկատակնե՛ր, մթին

Սերմանողներ քամու ու մուրացկանության,-

Մեզ ժառանգած գանձի, օ, վատնիչներ հետին,

Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած -

Կերտեցիք դղյակներ ու ապարանքներ,

Մեր անունից մրրիկ սերմանեցիք -

Եվ այսօրվա ձեր խեղճ ոչնչությանն անգետ

Վերջին խարիսխը մեր

Վաճառքի հանեցիք…

 

Եվ կործանվեց ձեր փառքը:- Ապարանքները ձեր

Միրաժների նման անապատի

Անէացան մի օր – եւ ո՛չ մի ձեռք

Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին…

Որպես փոշի – անցաք, որպես քամի,

Եվ ո՛չ մի, ո՛չ մի մատյան

Չի նշելու երբեք ձեր ցնորքը անհիմն

Իր էջերում անջինջ ու անհատյալ…

Անէացավ ձեր փառքը:- Եվ այն, որ դեռ ունեք

Աշխարհի բոլոր հեռուներում

-Կկործանվի մի օր ամենուրեք

Եվ գալիք պայծառ օրերում

Ո՛չ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ

Չի կարդա նզո՛վք անգամ ձեզ,-

Դո՛ւք, որ միայն ոգու խեղճություն եք ցանել

Եվ գալիքում – տխուր մոռացություն հնձել…

 

Իսկ ժողովո՞ւրդը, որ եղել է հանճարեղ,

Եղել է որմնադիր, եղել է կառուցող,

Քաղաքներ է շինել, պարիսպներ է շարել,

Կամուրջներ է գցել կոր գծով,-

Որ դարերի միջով մինչեւ այգն այս հասած`

Կրել է մեջքի վրա իր,

Օ՜, եղկելի տերե՛ր, զազիր ու բազմազան

Ձեր բռնությունը բիրտ…

Ունի՞ արդյոք թեկուզ մի աննշան մասնիկ

Վաստակներում ձեր այս անքանքար -

Ժողովուրդը, որ իր աշխատա՛նքն է ազնիվ

Ձեր սեղանին բերել` արնաքամ:-

Օ, ո՛չ:- Ապրել է նա իր ճորտային կյանքով,

Խոր խավարում` արե՛ւ երազել,-

Եվ երգել է դարեր իր ռամկական հանգով

Իր խոհերը արդար ու վսեմ:

 

Ստեղծել է նա իր հեքիաթները,- եւ իր

Հնամյա վեպում հանճարեղ -

Իր ապագա կյանքի գաղափարը կարմիր

Եվ անմահ խորհուրդն է դրել:

Խոր գերության ներքո, այնուամենայնիվ,

Պատմության քառուղիներում ոլորապտույտ,

Պայքարել է ոգով, մաքառել է նա միշտ,

Եվ չի կորել դաժան տարիներում այն մութ:-

Խո՜ր գերության քարե կամարների ներքո,

Բռնության տակ հայրենի եւ օտար,

Նա մեր անպարտ ոգու ստեղծարար բերքի

Ճանապարհն է հարթել անդադար:

Այդ ճանապարհն է, որ չնչին արքաների

Եվ բոլո՛ր տերերի ոչնչությանն ընդդեմ -

Դարձրել է ոգին մեր – այնքա՜ն բերրի,

Ամե՛ն ճորտության անընտել:

 

Այդ ճանապարհը ձգվում է ահավասիկ

Մեր օրերից մինչեւ միջնադարյան հեռուն,

Մինչեւ դարերը հին, ուր մենք հազի՛վ ենք

Պատմության ընթացքը տարբերում:

Քայլել են քարքարոտ այդ ճանապարհով

Գորշ, անանուն մարդիկ, գեղջուկ ճորտեր,-

Կրել են կրծքերում գաղափարներ գերող,

Ստեղծարար մտքեր, բոցե բառեր, որ դեռ

Չեն խոյացել երկինք, չեն ընդունել դեռ ձեւ,

Բայց կհառնեն մի օր կերպավորված,-

Օ՜, հանճարե՛ղ ոգու դեռ չբացված գանձե՜ր,

Եվ հանճարի հանքե՜ր դեռ չփորված…

Ա՛յս է տվել նրան ոգու անհուն կորով

Եվ ա՛յս է մեզ փառք սահմանել,-

Բայց կարո՞ղ էր արդյոք` կապանքներում գերող`

Իր հուրը անեղծ նա պահել…

 

Արքաների օրով եւ իշխանների

Կքել է ճորտության կապանքներում նա լուռ,

Եվ անգամներ բազում նա քշվել է գերի

Եվ գերությունը իր կրել է համր ու լուռ:-

Եվ գերության գրկում կեղեքող

Յուրաքանչյուր գերին` աչքը ահեղ մահի`

Ծածկել է խեղճության թաղիքով

Իբրեւ անգին մի գանձ, իբրեւ ավանդ վերին`

Իր հանճարեղ ոգու կրակն անշեջ,

Ստեղծարար այն հուրը,- եւ բոլորից թաքուն

Վառել է միայնակ, վախվըխելով, ինչպես

Հանցագործն է վառում իր լապտերը միգում:

Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր

Հավաքական հանճարը զարկիչների հանդեպ,-

Եվ դարձել է ահա ժողովուրդը ե՛ւս,

Իր տերերի նման, անուղի ու անդեմ…

 

Իսկ ապա, երբ փոխվել է ընթացքը դարերի,

Երբ դարերում մարել է թիթեղյա,

Սակայն շլացուցիչ պորփյուրն արքաների -

Եվ արքաների տեղ ա՜յն

Ոսկի՛ն է նվաճել իշխանություն ու փայլ,

Բաժանել արյունոտ դափնիներ,

Պետություններ կանգնել, ուր պճնություն ու փառք

Կարելի է գնել,-

Նա քշվել է կրկին նախիրների նման

Դեպի թիարաններն անհաց աշխատանքի,

Եվ վաստակել այնտեղ մինչեւ ի մահ`

Ընտելացած արդեն անինքնուրույն կյանքի:

Եվ անհաց վաստակի այդ թիարաններում,

Ինչպես առաջ` դաշտերում ճորտության -

Վիճակվել է նրան մի կապարե հեռու

Կրկնակի՛ տառապանքի եւ գերության:

 

Նրա գլխին շաչող այդ նոր խարազանը

Եղել է երկճյուղ, ինչպես քիստ,-

Եվ վաստակը ոգու, որ սրբազան է -

Արգելված է եղել նրան միշտ:

Բայց առաջին անգամ իր գոյության չարքաշ

Հազարամյա ուղու ընթացքում -

Նա այստե՛ղ է տեսել շողշողացող մի այգ,

Որ պայքարով է բացվում…

Եվ այսպես – պատմության քառուղիներով

Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,

Շառագունված անվերջ ուրիշների հրով,-

Եվ մեր ճանապարհը անփայլ

Եղել է ճանապարհ ունայնության, մահի -

Եվ չե՛նք կարող այսօր ձեզ մեծարել

Օ, նախնինե՛ր մեր խեղճ, առաջնորդնե՛ր մեր հին,-

Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ…

 

Ահավասիկ ելած ձեր աներազ քնից

Նզովում ենք մենք ձեր եղկությունը մթար -

Օ՜, կերտողնե՛ր չնչին մեր անհանճար հնի

Եվ հերոսնե՛ր անքանքար մեր պատմության…

Մոլորակի վրա այս խայտաբղետ,

Աշխարհի սկզբից մինչեւ վախճանը

Երեւի առաջին ժողովուրդն ենք մենք,

Որ կամենանք անգամ – դավաճանել

Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,

Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ

Զարմանալի՜ թեթեւ, զարմանալի՜ անդեմ`

Մերկության պես տկլոր ու անանցյալ…

Այդ մե՛նք ենք երեւի այն ուղտը հաստակող,

Որ Հիսուսի առակին հակառակ -

Պիտի մտնենք` անգամ ասեղի նուրբ ծակով`

Ապագայի դրախտը անարատ…

Այդ մե՛նք ենք երեւի այն հարուստը,

Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ -

Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,

Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ…

1933

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53