Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

25.05.2018 12:23
1633

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. 

«Վեհափառ Տեր,

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Տիկնայք եւ պարոնայք, 

Ուրախ եմ այս հնարավորության համար եւ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ Երեւան մայրաքաղաքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը: Մեր անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր: Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես շատ մեծ էր, որովհետեւ, կարծում եմ՝ «Հայաստան» համահայկական հիմադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության  ցուցիչ: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս եւ այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել: Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, եւ մենք ամեն ինչ պետք է անենք եւ վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք: Այդ առաջնահերթություններից կարեւորագույնը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է,  շարունակելն է եւ նրան մշտական բնույթ տալը:

Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձեւավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, որովհետեւ, կարծում եմ, որ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին եւ ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել: Եվ հետեւաբար, մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որեւէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարեւոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից եւ շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով: Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ եւ ունի հաջողություններ: Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երեւույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում: Եվ ի վերջո, մեր ամենակարեւոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձևակերպումն է: 1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը եւ թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարեւոր հայեցակարգային բացթողում: Մենք հստակ չձեւակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության բոլոր փոփոխությունների արդյունքում որեւէ փոփոխություն չի կրել: Այսինքն, Սահմանադրության նախաբանը մնացել է նույնը, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության շահառուն հայ ժողովուրդն է, եւ մենք պետք է պատասխանենք մի կարեւոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետեւյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը եւ այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը եւ այս հայեցակարգային հենքն է, որ մեզ պետք է առաջնորդի դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան: Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետևյալը. հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի եւ ետ պտտվի, ու հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, հայ ժողովուրդը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բնականոն զարգացումը:

Եվ ուրեմն, մենք շարժվում ենք այդ ճանապարհով, մենք շարժվում ենք դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան, եւ մենք համոզված ենք, որ արդեն իսկ կարեւոր  անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին: Մենք համոզված ենք, որ այս գործընթացն անշրջելի է եւ որ այս նպատակի ճանապարհին հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է: Այդ հաղթանակն անշրջելի է եւ այն դառնալու է շարունակական: Շնորհակալ եմ»:

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56