ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների

24.09.2018 19:32
1212

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները պատրաստ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցի և պայմանների վերաբերյալ բանակցությունների: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին խմբակցությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Ես, անկեղծ ասած, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմքեր չեմ տեսնում, բայց ցանկացած բանակցությունների մենք պատրաստ ենք: Խորհրդարանն աշխատում է իր բնականոն հունով, ընդառաջում է կառավարության բոլոր օրենքներին և ծրագրերին: Մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծում՝ առավել ևս ներդրումների հետ կապված, ողջունում և օժանդակում ենք: Նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մենք «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները պետք է ավարտին հասցնենք»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու հավելեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ քաղաքական խնդիրները կարգավորելու մոտեցում չեն:

Բաղդասարյանը, այնուամենայնիվ նշեց, որ ցանկացած տիպի բանակցությունների առաջարկ չեն մերժում: Հարցին՝ հնարավո՞ր է բանակցությունների արդյունքում փոխեն իրենց տեսակետը, նշեց՝ բանակցությունները հենց նրա համար են, որ հասկանան, թե ինչ իմաստ ունի նշված նյութը: «Այս հարցը միանձնյա որոշման ենթակա չէ, բայց քննարկման առարկա է: Մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- նշեց Բաղդասարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ իրենք ևս կողմնակից են, որ ձևավորվի քննարկումների ձևաչափ, և կարողանան համակողմանի որոշում կայացնել: Խորհրդարանական ընտրությունների ժամկետ դեռ չի կարող նշել, քանի դեռ բանակցությունները չեն կայացել: Զերծ մնաց այլ մանրամասներ ասելուց, պարզապես նշեց՝ իրենց խմբակցությունը պատրաստ է այդ բանակցություններին:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխական ուժն է, որն էլ և առաջ է բերել արտահերթ ընտրությունների օրակարգն ու անհրաժեշտությունը: Ժամկետների մասին հստակ դեռ ոչինչ ասել չկարողացավ: Վարչապետի հետ բանակցությունների ընթացքում կհստակեցվի դա: «Կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններն իսկապես անհրաժեշտություն են մի քանի պատճառներով: Նախկինում նշում էինք մասնավորապես այն, որ կառավարության ծրագրում է գրված մինչ մեկ տարի ժամկետը: Խոսում էինք նաև այն մասին, որ հանրության տրամադրությունները արտացոլված չեն ԱԺ-ում: Հիմա, փաստորեն, Երևանի ավագանու ընտրություններից հետո ունենք հետևյալ պատկերը՝ ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը, որոնք ներկայացված են նաև Ազգային ժողովում, շատ քիչ ներկայացվածություն ունեն ավագանիում: Դա նշանակում է, որ մարդկանց վերաբերմունքը նաև փոխվել է  քաղաքական ուժերի հանդեպ: Եվ հիմա առավել արտացոլված և ակնհայտ է, որ ԱԺ-ն չի արտացոլում մարդկանց տրամադրություններն ու կամքը»,- հիմնավորեց Նազարյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը արձանագրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում: Դրան կողմ են քվեարկել նաև իրենք: «Եվ մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել, հետևաբար, որևէ անպատեհություն չենք տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դրա ժամանակացույցի, ճանապարհային քարտեզի շուրջ քննարկում ունենալու համար»,- ընդգծեց Համբարձումյանը:

Նա նշեց՝ իրենք ի սկզբանե առիթ են ունցել ասելու, որ արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետներ ասելը ճիշտ չէ, պետք է նկատի ունենալ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ քայլերի և գործողությունների տրամաբանական ժամկետները, օրենսդրաիրավական կարգավորումները, մրցակցային պայմանների ապահովումը: Շեշտեց՝ պատրաստ են քննարկել ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը, դրանից հետո իրենց որոշման մասին կտեղեկացնեն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսեն տնտեսության վերականգնման ընթացքը:

Աննա Գրիգորյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40