Բլեֆ եւ աճպարարություն. փորձեց լվանալ անմաքուր ձեռքերն ու երեսը, բայց ավելի ցեխոտվեց

16.10.2017 10:13
1893

Հոկտեմբերի 9-ին, ինչպես ասվել է, մայրաքաղաքային մի շարք հեռուստալրատվամիջոցներ տասը րոպե տեւողությամբ փառաբանության հանդես կազմակերպեցին Սյունիքի մարզպետի պաշտոնավարման տարելիցի (եւ ոչ տարեդարձի) առիթով:


Հանդեսը կազմակերպել էին Վահե Հակոբյանի վարձակալությամբ նախօրեին Կապան ժամանած մոտ քսան լրագրող:


Լրագրողների հետ հանդիպելն ու զրուցելը, ինքնըստինքյան, դրական երեւույթ է, իսկ այս դեպքում ենթադրելի էր, որ նա պետք է գոնե համառոտ տեղեկատվություն տա, թե մարզպետի գործառույթների սահմաններում ի՞նչ է արել անցած մեկ տարում, ինչպե՞ս են գործերը մարզպետարանի ենթակա կազմակերպություններում, ի՞նչ խնդիրներ ու դժվարություններ կան մարզի համայնքներում եւ ինչպե՞ս է պատկերացնում դրանց հաղթահարումը կամ լուծումը:


Սակայն ասուլիսը, ինչպես հետո պարզվեց, կազմակերպվել էր բոլորովին այլ նպատակով:


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ իր սպասավորների մասնակցությամբ պատրաստված տեսանյութում հնչեցին նոր խոստումներ ու ծրագրեր, որոնք, չնայած որեւէ աղերս չունեն մարզպետի պաշտոնական պարտականությունների հետ, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում եւ վերստին պարզորոշ դարձնում, թե ով է Հայաստանի ամենառազմավարական երկրամասի՝ Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը, ինչ գիտելիքների ու աշխարհայեցողության կրող է եւ ինչով է զբաղված իրականում:


Ի՞նչ ասաց մարզպետը լրագրողներին. ասվածի արձանագրումը շատ կարեւոր է նաեւ հանրային վերահսկողության ապահովման առումով, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս անցած մեկ տարին, այդ մարդու խոսքի եւ գործի միջեւ որեւէ կապ չկա:


Եվ ահա, թե ինչ ասաց:


- Սյունիքի մարզը ՀՀ կառավարություն է ներկայացրել 12.2 մլրդ դրամի ութ ներդրումային ծրագիր, որից երկուսը՝ գյուղոլորտին վերաբերվող, արժանացել են հավանության (մեկը վերաբերում է սառնարանային տնտեսությանը, մյուսը՝ մեքենատրակտորային կենտրոն ստեղծելուն):


- Կապանում պիցցայի գործարան է հիմնվելու իտալացի Նիկոլա Դի Մաուրոյի կողմից, ով Երեւանում է նախապես ցանկացել հիմնել այն, սակայն մտքափոխվել եւ կառուցում է այստեղ:


Սառեցված կիսաֆաբրիկատ պիցցան հիմնականում կարտահանվի Ռուսաստան եւ Իրան:


Գործարանում կաշխատի 30-ից 100 մարդ, իսկ ներդրումների ծավալը 300 հազար դոլար է:


- «Կապան մոլ» առեւտրի կենտրոնում գործելու է խանութ, ուր ներկայացված է լինելու «Zara», «Bershka», «Stradivarius», «Pull and Beart», «Oysho», «Topshop», «New look» եւ այլ հանրահայտ բրենդների արտադրանքը (խանութի բացումը՝ հոկտեմբերի երկրորդ կեսին):


- Կյանքի է կոչվելու «Զանգի» կրթական նախագիծը, որի հիմնական նպատակն է նպաստել մարզի բնակիչների եւ հատկապես երեխաների ու երիտասարդների բնապահպանական, գյուղատնտեսական եւ տուրիստական ոլորտներում գիտելիքների զարգացմանը:


Սիսիան, Գորիս, Կապան եւ Մեղրի քաղաքներում (դպրոցների բազայի վրա) հիմնվելու է մեկական դասարան, որոնց կից կառուցվելու են ակվապոնիկայի սկզբունքով գործող ջերմոցներ:


- Կապանում գործելու է կինոթատրոն. տեղակայված է լինելու «Կապան մոլ» առեւտրի կենտրոնում (կգործարկվի մինչեւ Ամանոր):


- Մեղրիում խաղատուն (կազինո) է կառուցվելու:


Դրսի ներդրողներին առաջարկվելու է 22 հարկանի շինություն, որը կլինի Մեղրիից դուրս՝ 102 սենյակով եւ ռեստորանով:


- Կապանի օդակայանի վերանորոգման արժեքը 2 մլն դոլար է:


Չեխական ավիաընկերությունից կգնվի L-410 մակնիշի ինքնաթիռ:


5.5 մլն եվրո արժողությամբ 19 տեղանոց ինքնաթիռը թռիչքներ է կատարելու Կապանից-Երեւան եւ հակառակ ուղղությամբ (տոմսի նախնական արժեքը՝ 30-40 հազար դրամ):


                                                                     ***


Մարզպետ Վահեի նոր խոստումների էությանն ու կատարմանը ժամանակի ընթացքում անպայման կանդրադառնանք, իսկ հիմա՝ մի քանի դիտարկում ե՛ւ խոստումների, ե՛ւ հեռուստաշոուի վերաբերյալ:


Նախ՝ մեզ չզարմացրեց մայրաքաղաքից ժամանած լրագրողների անզուսպ հաճկատարությունը:


Սյունիքի հետ որեւէ կապ չունեցող, մարզի մասին նվազագույն պատկերացում չունեցող լրագրողները չէին էլ կարող մեր երկրամասի բնակչությանը մտահոգող գոնե մեկ հարց արծարծել: Դա նույնիսկ անհետաքրքիր էր նրանց, ինչի համար էլ ասելիքը մատուցելիս ընտրվել էր շոու ասվածը եւ վարձակալին ամեն գնով հաճոյանալու, հանրությանը մոլորության մեջ գցելու մոլուցքը:


Բայց եւ փա՜ռք Աստծո, որ Սյունիքում մայրաքաղաքային լրատվամիջոցների նման շոուներին քմծիծաղով են վերաբերվում: Եվ նման շոուները շատ վաղուց աննշան անդրադարձ անգամ չեն  ունենում հանրային տրամադրությունների վրա, մանավանդ որ շոուի «հերոսին» քիչումիչ արդեն ճանաչում են մարզում: Այնպես որ՝ մարզպետը փորձեց լվանալ անմաքուր ձեռքերն ու երեսը, բայց ավելի ցեխոտվեց. բլեֆն ու աճպարարությունը չէին էլ կարող փրկել նրա վարկաբեկված եւ ծանծաղ էությունը:


Մեզ չզարմացրեց մարզպետի ցոփակեցության հերթական հրավառությունը՝ պաշտոնավարման տարին նշանավորելու համար այդքան մարդ մայրաքաղաքից հրավիրելով, երեւանյան մի քանի հետուստալրատվամիջոցով տեսանյութ (վճարովի) սփռելով:


Նման իրավիճակների համար է ասված՝ խրախճանք ժանտախտի ժամանակ:


Սյունիքի ունեցվածքով շվայտությանն անձնատուր եղած մարզպետը չէր կարող խնայել միջոցներ՝ իր նվաստությունը թաքցնելու, չեղած գոյությունը հիշեցնելու, մերժված սֆաթն ի ցույց դնելու համար:


Հեռուստաշոուի համար ներդրված գումարով հնարավոր կլիներ (մասնագետներն են հուշում) հոգեվարքից դուրս բերել առնվազն մեկ լեռնային գյուղ, ինչպես որ հնարավոր կլիներ ուղղաթիռային ամեն մի թռիչքի համար ծախսվող գումարով լեռնային որեւէ գյուղում առաջնահերթ մի քանի խնդիր լուծել:


Որքանով հասկացանք, հեռուստաշոուն հիստերիայի մեջ հայտնված եւ հանրային մերժումի արժանացած տղայի ճիչն էր՝ ի պատասխան երեք տասնյակի հասնող քննադատական հոդվածների, որ վերջին երեք-չորս ամսում դրվել են ընթերցողի սեղանին, որոնց օգնությամբ դիմակազերծ է արվել ինքը, որոնց մեջ տեղ գտած փաստերի ուժով եւ Հայաստանի Հանրապետության օրենքների զորությամբ ինքը պատասխանատվության առաջ է կանգնելու երբեւէ:


Հեռուստաշոուն մի քանի տասնյակ մարդու՝ մոտ տասը մլն դրամ արժեցող ճիգն էր՝ ցույց տալու, որ Վահե Հակոբյան չինովնիկը դեռ չի մեռել, որ նրա հուղարկավորության մասին խոսակցությունները չափազանցված են:


Հեռուստաշոուն վերստին հավաստեց, որ ի դեմս մարզպետ Վահե մարզպետի, գործ ունենք մեծագույն աճպարարի հետ, ով մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի հասկացել, թե որ մարզի ղեկավարն է, թե ինչ ասել է Սյունիք:


Հեռուստաշոուն նորից հավաստեց, որ Սյունիքի եւ սյունեցու ճանապարհը ոչ մի դեպքում չի կարող մեկտեղվել այդ տղայի ու նրա հովանավորների բռնած հակասյունիքյան եւ հակաազգային ճանապարհի հետ:


Հեռուստաշոուն երիցս հավաստեց, որ իրականում գործ ունենք Սյունիքի հանդեպ ատելությամբ լցված մի անցավորի, մի ասպատակի հետ:


Մեզ ապշեցրեց նրա ցինիզմը, թե ինչպես է փորձում իր անձնական կամ իր տանիքներից մեկի անձնական բիզնեսը (Սյունիքում կազմակերպվող) ներկայացնել իբրեւ պետական գործ, սյունիքանպաստ գործ, իբրեւ մեծահոգության, բարեհոգության եւ կամեցողության դրսեւորում:


Մեզ ապշեցրեց նրա ախմախության աստիճանը. մեռնող գյուղերով եւ մեռնող դպրոցներով Հայաստանում առաջին տեղը զբաղեցնող Սյունիքի մարզը, գործազրկության եւ աղքատության, ինչպես եւ չմշակվող հողերի ծավալով, ամեն օր փակվող դռներով ամենաբարձր նիշ ունեցող երկրամասն ուզում է «փրկել» Մեղրիում կազինո կառուցելով, Կապանում պիցցայի արտադրություն դնելով, մարզկենտրոնում բրենդային ապրանքներ վաճառելով, ուղղաթիռային թռիչքներով, թանկարժեք մեքենաներով, աշխատանքից ամեն շաբաթ փախչելով…


Իսկ անկեղծության լիակատար բացակայությունը հեռուստաշոուի ամբողջ ընթացքում ուղղակի պսպղում էր:


Խոսում է կազինոյի, պիցցայի գործարանի, բրենդային ապրանքների խանութի, կինոթատրոնի մասին, բայց վախենում է ասել, թե կոնկրետ ում բիզնեսն են դրանք:


Կուրծք է ծեծում, թե այսքան-այսքան աշխատատեղ ենք բացելու, բայց չի ասում, որ իր եւ հնամաշ բուտաֆոր Մհերի ջանքերով վերջին երեք տարում մոտ հազար աշխատատեղ է փակվել Սյունիքում:


Ասում է՝ սիրում եմ Սյունիքը, բայց վախենում է բարձրաձայնել, որ իր նոր խոստումներից ու ծրագրերից, կազմակերպվող բիզնեսներից որեւէ մեկի հետ որեւէ սյունեցի կապ չունի (չհաշված էժան աշխատուժը):


Այնքան է կտրված իրականությունից, այնքան է օտարված Սյունիքից, որ մարզի հիմնախնդիրների մասին խոսելիս կարեւորում է երկու «խնդիր» (եթե, իհարկե, դրանք խնդիր կարելի է համարել). 1)մարզում մասնագետ կադրերի սով է, 2) կրթության ոլորտում «մայր-աղջիկ-տղա-բարեկամ-խնամի-քավոր-սանիկ կապն է», որ արմատախիլ պիտի արվի:


Ուրիշ խնդիր, ուրիշ մտահոգություն Սյունիքում, ըստ մարզպետի, չկա:


Այնքան է տրվել ստին, որ մեր երկրամասում կատարված եւ կատարվող ամեն դրականը (նաեւ նախկինում կատարվածը) փորձում է վերագրել իրեն: Անգամ Կապանի ակնաբուժական կենտրոնի հիմնումն է կապում իր հետ:


Խոսակցության առանձին նյութ է Կապանի օդակայանի ոդիսականը:


Կերպարի ողորմելիությունն ու նեղմտությունն ամբողջանում են, երբ իմանում ենք, թե որոնք են, ըստ մարզպետի, անցած մեկ տարվա առավել ուշագրավ նվաճումները Սյունիքում՝ 1)մարզի դպրոցներին տրամադրվել է օդամղիչ զենք, 2)մարզի դպրոցները վերազինվել են համակարգիչներով, 3)բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար սահմանվել է կրթաթոշակ:


Մի դիտարկում էլ բժիշկ-հոգեբաններն են անում՝ ինչու է մարզպետը մարդկանց հետ, անգամ լրագրողների հետ՝ ասուլիսի ժամանակ, շփվում արեւային ակնոցներով: Ըստ մասնագետների՝ ակնոցներն այս դեպքում իր աչքերն ու հայացքը, կեղծավոր ու վախվորիկ էությունը զրուցակիցներից թաքցնելու ընդունված ձեւ է, քանի որ աչքերը մարդու ներաշխարհի, մարդու անկեղծության, ազնվության ճշգրիտ արտահայտիչն են ու հայելին:


Իսկ գուցե նրան հավատացրել են, որ հույժ կարճահասակության պարագայում ակնոցները լրջություն եւ խորհրդավորություն կարող են հաղորդել իր կերպարին:


Շատ հետաքրքիր էր մարզպետի միջոցներով մի քանի ժամով Կապան այցելած եւ մարզպետի նոր խոստումներին ու ծրագրերին ունկնդիր եղած երեւանցի լրագրող կոչվածի եզրակացությունը՝ «Այդ ամենից հետո Սյունիքում ապրելն ավելի գրավիչ ու դյուրին կլինի, կյանքն ավելի հետաքրքիր կդառնա»:


Եվ, այդ բոլորով հանդերձ, ցանկանում ենք, որ մարզպետի հերթական խոստումներն ու ծրագրերը գոնե այս անգամ ի կատար ածվեն, այլապես անհնար կլինի նրանից հեռացնել սուտլիկ մարզպետ հորջորջում-պատվանունը՝ մեկ տարվա «քրտնաջան գործունեությամբ» վաստակած:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41