Դպրոցաշինություն, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, ԲՈւՀ-երի միավորման հնարավորություն. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը

08.03.2019 10:49
742

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին նախատեսում է մի շարք գերակա խնդիրներ լուծել և գնալ 2018 թվականին սկսված բարեփոխումների իրագործման: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2019 թվականին գերատեսչության առջև դրված գերակա խնդիրները, խոսեց առաջիկա ծրագրերից, բարձրագույն, միջին մասնագիտական և  մասնագիտական ոլորտներից և մի շարք այլ հարցերից:

-Ինչպիսի՞ գերակա խնդիրներ է դրել իր առջև նախարարությունը 2019 թվականին: Ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում դրանք իրականացնել: Ինչպիսի՞ մարտահրավերների է առնչվում գերատեսչությունը:

-Բոլոր ուղղություններով էլ անելիքներ ունենք: Հանրակրթական համակարգում պետք է ավարտենք ոլորտի գույքագրումը և արդեն ավարտենք չափորոշիչների և ծրագրի մշակումը: Կարծում եմ, որ ամենամեծ բողոքներն ու խնդիրները գալիս են հենց այստեղից:

Հանրակրթության ոլորտում ևս մեկ առաջնահերթություն ունենք՝ կառավարման մոդելների առաջարկն է: Մշակել ենք մի մոդել, որը շրջանառության մեջ է և ենթադրում է դպրոցների խորհուրդների ձևաչափի փոփոխություն և նոր մեթոդով տնօրենների ընտրության մրցույթի կազմակերպում: 12-ամյա կրթության վերաբերյալ բողոքներ կան և հիմնականում վերաբերում են ավագ դպրոցներին: Ներկայում մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում բովանդակային առումով: Խնդիրներ կան նաև ավագ դպրոցների ֆիզիկական պայմանների հետ կապված:  2008 թվականից սկսած, երբ մենք անցում կատարեցինք 12-ամյա կրթության՝ ֆիզիկական պայմաններով ամենավատ հաստատությունները բաժին ընկան ավագ դպրոցներին: Այժմ մենք իրականացնում ենք և շարունակում ենք դպրոցաշինության ծրագիրը: Անցյալ տարի շահագործման է հանձնվել 5 ավագ դպրոց, այս տարի սկսվում է 7 ավագ դպրոցի հիմնակառուցում: Կան դպրոցներ, որոնք զրոյից են կառուցվելու: Առաջին հերթին ուշադրություն է դարձվում ֆիզիկական պայմաններին, լսարանին և սեյսմիկ անվտանգությանը: Հայաստանի դպրոցների զգալի հատվածը սեյսմիկ առումով անվտանգ չէ, և կան տարբեր աստիճանի խնդիրներ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ծրագրով հաստատվել է ավելի քան 40 դպրոցի ծրագիր: Անցյալ տարի շահագործման հանձնված 5 ավագ դպրոցն էլ մարզերում են եղել, այս տարվա 7 դպրոցից 4-ը նույնպես կլինեն տարբեր մարզերում, իսկ մյուս 3-ը՝ Երևանում:

Բովանդակության վրա ազդելու առումով այս տարի նախատեսում ենք ավագ դպրոցները հագեցնել ժամանակակից լաբորատորիաներով՝ շուրջ 100 ավագ դպրոց կստանա մոտ 300 լաբորատորիա՝ հիմնականում բնագիտական ոլորտից՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության:  Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք: Մասնավորապես, նոր նախակրթարանների բացում, նոր մոդելների առաջարկում մանկապարտեզներին և դրանց իրագործում, նախադպրոցական կրթության մասին օրենքի ընդունում: Շուտով այդ օրենքի նախագիծը, որը կարգավորելու է նախադպրոցական կրթական հաստատությունների աշխատանքներն ու մեր քաղաքականությունն այդ ոլորտում, կդրվի շրջանառության մեջ և կքննարկվի:

Բարձրագույն կրթության ոլորտում ունենք մի օրենքի նախագիծ, որը միավորվել է գիտության մասին և գիտահետազոտական գործունեության մասին օրենքներին: Սրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ ակնհայտ է դարձել, որ ԲՈւՀ-երը և հետազոտությունը միմյանցից անջատ են, և դրա պատճառով գիտությունը դուրս է մնացել ԲՈւՀ-ական համակարգից: Նման իրավիճակում մենք ունենում ենք խնդիրներ. այս համակարգում ընկնում է կրթական մակարդակը, որովհետև հետազոտական և նորարարական կոմպոնենտն այնտեղ բացակայում է: Ուսուցիչների վերապատրաստման համակարգը փոփոխություն կկրի: Այժմ մի քանի մոդել ենք քննարկում: Ներկա պահին վերապատրաստումները դադարեցված են, որպեսզի մենք նախորդ համակարգի անարդյունավետ վերապատրաստումների պրակտիկան չշարունակենք, և գումարները հատկացվեն ավելի նպատակային ու արդյունավետ ծրագրերի: Մենք բավականին մեծ բյուջե ունենք՝ վերապատրաստումների միջոցով աշխատավարձերի բարձրացման համար: Այս տարի, տարվա երկրորդ կեսին կսկսենք «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում հաջողությամբ վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը շուրջ 50 տոկոսով կբարձրանա: Այստեղ շատ ուղիղ կապ է դրած որակ-վարձատրություն հասկացությունների միջև: Կարծում ենք, որ սա հանրակրթության ոլորտում դրական առումով ազդեցություն կունենա կրթության որակի վրա:

-Կառավարության ծրագրում hանրակրթության ոլորտում մի քանի նպատակ կա, որոնք վերաբերում են փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներին, մարզերում տարրական դասարանների աշակերտների կայուն դպրոցական սննդին և այլն: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այս ամենն իրագործելու համար և ի՞նչ ժամկետներում ավարտին կհասցվեն:

-Այժմ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը փոխանցվում է ՀՀ կառավարությանը, այսինքն՝ անցում է կատարվում ազգային ծրագրի: Գործադիրն ազգային ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է 5 մարզում՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի և Շիրակի. վերջինն ընդգրկվել է 2018 թվականին: Այս տարի կներառվի նաև Արագածոտնի մարզը: Մինչև 2023 թվականը ազգային ծրագիրն ամբողջությամբ կիրականացնի կառավարությունը՝ ողջ երկրի տարածքում:

Ներկայում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դեռևս դպրոցական սնունդ է ապահովում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում:

Կարծում եմ սա ամենակարևոր ծրագրերից է, որ իրականացվում է հանրակրթության ոլորտում: Երեխաների ճիշտ և ժամանակին սնվելու ու կրթական որակի միջև անմիջական կապ կա: Մենք այս ծրագիրը շարունակելու ենք և վերջերս էլ հանդիպում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնավորապես Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ, որոնք ֆինանսավորում և կազմակերպում են այս ծրագիրը: Մեր գործընկերներն արձանագրում են, որ Հայաստանում այս ծրագիրը բավականին հաջող է իրականացվում, և մեր երկիրը կարող է դառնալ առաջինը, որտեղ ամբողջությամբ ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Իրականացման ընթացքում կան խնդիրներ և բարդություններ, որոնք պետք է հաղթահարենք, մասնավորապես վերապատրասման, տեղում սննդի կազմակերպման, սննդի մատակարարման, ծնողական համայնքների ներգրավման հետ կապված:

Ինչ վերաբերում է մարզերում փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներին, ասեմ, որ մի քանի օր առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, որտեղ հավաքվել էին ՀՀ բոլոր մարզպետները, քննարկել ենք կրթական ոլորտի տարբեր խնդիրներ, այդ թվում բարձրացրել ենք հենց այդ հարցը: Մենք չենք փակելու այդ դպրոցներն ու վերջ, այլ նպատակ ունենք դպրոցները վերածել կրթամշակութային կենտրոնների: Պետությունը պետք է հնարավորություն ստեղծի նման կենտրոնների միջոցով կրթական մակարդակն ավելի բարձրացնելու ոչ միայն աշակերտների, այլև մեծահասակների շրջանում:

Քննարկում ենք շատ մոդելներ՝ բազմահամակազմ դասարաններից (բազմահամակազմ դասարանը տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ է) խուսափելու համար, որպեսզի կրթական պրոցեսն ավելի արդյունավետ իրականացվի: Այս պահին դպրոցների փակման հարց չի քննարկվում՝ բացառությամբ մեկի կամ երկուսի, որտեղ մեկ կամ երկու երեխա է սովորում: Դպրոցների փակումը մեզ համար ամենևին էլ ինքնանպատակ չէ, մենք հասկանում ենք դպրոցի առկայությունը գյուղի կամ համայնքի գոյության կարևոր գրավականներից մեկն է: Եթե որոշ դպրոցներ փակվեն, գործողները բավականին մոտ կլինեն դրանց և դժվարություն չի առաջանա կողքի դպրոց գնալու: Այնուամենայնիվ, մենք նախատեսում ենք նաև լուծել տրանսպորտային հարցը: Առաջիկայում մարզպետների հետ պետք է հանդիպում ունենանք միայն կրթական ծրագրերի վերաբերյալ, որը կլինի բովանդակային և հիմնարար:

-Դուք եղել եք Հայաստանի տարբեր մարզերում և մի շարք դպրոցներում, որտեղ բախվել եք շատ կարևոր մի խնդրի ու բարձրացրել այդ հարցը: Շատ համայնքներում հաշմանդամություն ունեցող աշակերտների համար կառուցված չեն համապատասխան թեքահարթակներ՝ ինքնուրույն դպրոց մուտք գործելու համար կամ դրանք այնքան էլ հարմարավետ ու մատչելի չեն: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ խնդրին լուծում տալու համար:

-Այս տարի Երևան քաղաքում և 2 մարզում մենք անցում ենք կատարում ներառական կրթության համակարգին: Մատչելիության հետ կապված մի շարք խնդիրներ ունենք,  և այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Նորակառույց և վերանորոգվող ուսումնական հաստատություններում պարտադիր պայման է դրվում՝ ապահովել դպրոց մուտք գործելու և ներսում տեղաշարժվելու մատչելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, այս պահին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ ծրագիր ենք իրականացնում Սյունիքի մարզում և շարունակությունը կլինի ևս մեկ մարզում, որտեղ հիմնանորոգումներ են իրականացվում հենց դպրոցների մատչելիության ուղղությամբ: Նախատեսում ենք նաև ռեսուրս կենտրոններ ունենալ այդ դպրոցներում ներառական կրթության համար: Նոր ուսումնական հաստատություններին հիմնական պահանջը դրանց մատչելիության բարձրացումն է, և տարբեր ծրագրերի միջոցով վերանորոգման աշխատանքներն իրականացվում են հենց այս ուղղությամբ: Այստեղ նաև լուրջ կրթական բաղադրիչ կա, որովհետև շատ հաճախ կրթական գործընթացը կազմակերպողները համապատասխան գիտելիք չունենալու պատճառով իրենց ուսումնական հաստատություններում չեն նկատում այդ խոչընդոտները: Տարբեր վերապատրաստումների միջոցով պետք է սա իրականացնենք:

 

-Ինչի՞ն են միտված լինելու մասնագիտական, միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

-Մասնագիտական և միջին մասնագիտական կրթության վերաբերյալ ասեմ, որ նախորդ տարի մի շարք ընկերությունների հետ երկկողմ պայմանագրեր են կնքվել որոնք, ըստ էության, այս ոլորտում ամրապնդում են բիզնեսը: Մենք մեզ համար ֆիքսել ենք, որ ոլորտի առողջացման ամենակարևոր գրավականներից մեկը գործատուների հետ համագործակցությունն է: Այլ կերպ մենք չենք կարող հասկանալ ոլորտում մեր առաջնահերթությունները, հետևաբար չենք կարող ապահովել այդ ոլորտի զարգացումը:

Նախորդ տարի 6 պայմանագիր արդեն ստորագրվել է, նմանատիպ 6 պայմանագիր նախատեսվում է ստորագրել նաև այս տարի:   Շուտով համագործակցության հուշագիր ենք ստորագրելու գերմանական Knauf ընկերության հետ: Կարծում եմ, որ մասնագիտական և միջին մասնագիտական կրթության համակարգի հիմքում պետք է դրվի դուալ  կրթությունը: Այս առումով մենք համագործակցում ենք մեր եվրոպացի մի շարք գործընկերների հետ, որովհետև այնտեղ նրանք ունեն կայացած համակարգեր: Նրանց լավագույն փորձը Հայաստանում ներդնելը շատ կարևոր է: Բարձրագույն կրթության ոլորտում մի շարք առաջնահերթություններ ունենք:

Մենք խնդիրներ ունենք տարբեր ԲՈւՀ-երում կրկնվող մասնագիտությունների համար պետպատվերով հատկացվող գումարների հետ կապված: Պետությունը լրացուցիչ մեծ ռեսուրսներ է ծախսում նմանատիպ կրթություն մատուցող տարբեր հաստատություններում և անհրաժեշտություն կա լուծելու արդյունավետության խնդիրը:

Մի շարք կարգավորումների անհրաժեշտություն կա հատկապես մասնավոր բժշկական ԲՈւՀ-երի հետ կապված: Անցյալ տարի մեծ աղմուկ եղավ՝ կապված Իսրայելում հայտնաբերված կեղծ բժշկական դիպլոմների հետ: Ցավոք սրտի, մեր օրենսդրությունն այս պահին հնարավորություն չի տալիս համարժեք արձագանք տալ նման գործունեություն իրականացնող ԲՈւՀ-երին: Օրենսդրական կարգավորումներով մենք կկարողանանք ավելի լուրջ գործիքներ ունենալ՝ ֆիքսելու այն ապօրինությունները, որոնք, հնարավոր է, կատարվում են մեր համալսարաններում: Իսրայելցիներից մենք խնդրել ենք ուղարկել ապացույցներ, որպեսզի Հայաստանում կարողանանք ավելի հեշտ աշխատանք տանել այդ ուղղությամբ:

ԲՈւՀ-երի հոգաբարձուների խորհուրդները նոր են ձևավորվել և դրանց տրամաբանությունը փոխվել է ու ըստ էության ամբողջությամբ կամ հիմնականում ապաքաղաքական են: Խորհուրդների ղեկավարներ ընտրվել են մարդիկ, ովքեր հասարակական տարբեր հատվածներում լուրջ աջակցություն ունեն և դրական առումով կարող են ազդեցություն ունենալ ԲՈւՀ-երի հոգաբարձուների խորհուրդներում աշխատանքի կազմակերպման և որոշումներ կայացման վրա: Այս ուղղությամբ 2019 թվականին գնալու ենք  2018 թվականին սկսված բարեփոխումների իմպլեմենտացիայի:

-Տարբեր ԲՈւՀ-երում կրկնվող մասնագիտությունների համար պետպատվերով հատկացվող գումարների հետ կապված խնդիրն ինչպե՞ս եք պատրաստվում լուծել:

-Մենք արհեստական այդ ամենը չենք հրահրելու և արհեստական որոշումներ չենք կայացնելու: Քննարկելու ենք ԲՈւՀ-երի միավորման հնարավորությունը, ապա ստեղծելու ենք մեխանիզմ: Մի շարք զարգացած երկրներում, որտեղ փոքրաթիվ բնակչություն է, հետևյալ պրակտիկան է գործում՝ գոյություն ունեն պետության կողմից հիմնադրված մեծ ԲՈւՀ-եր, 5-6 հիմնական ուղղությամբ: Կարծում եմ, որ սա այն օպտիմալ թիվն է, որ կարող է քննարկվել մեզանում: Այս միավորումների արդյունքում այդ խնդիրը կլուծվի: Բացի այդ, ԲՈւՀ-երի միջև ցանց ենք ստեղծելու, որտեղ ուսանողը հնարավորություն կունենա սովորելով, օրինակ, Պոլիտեխնիկական համալսարանում, հայոց լեզվի համար անհրաժեշտ կրեդիտները ստանալ Երևանի պետական համալսարանից: Այս ամենը կհանգեցնի մրցակցության, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ ավելի ոչ արդյունավետ և կրթական առումով ցածր մակարդակ ունեցող ԲՈւՀ-ական ստորաբաժանումները կամ ստիպված կլինեն լուրջ քայլեր ձեռնարկել բարեփոխվելու համար, կամ այս մրցակցության ֆոնին կփակվեն:

-Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կրթական ծրագրերի բովանդակության մեջ:  Դպրոցական դասագրքերի, ինչպես նաև առարկայացանկի փոփոխություն նախատեսվո՞ւմ է: Խնդրում եմ դասագրքերի խնդրին անդրադառնալ նաև պայուսակների ծանրության թեմայի կտրվածքով: Առարկայացանկի մասով էլ խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ ընթացք ունեցան «Շախմատ», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների շուրջ քննարկումները:

-Առանձին առարկաների մասին այս պահին չեմ խոսի, որովհետև դրանց քննարկումը կապված կլինի այն չափորոշիչներից և ծրագրերից, որոնք կմշակվեն ու այն վերջնարդյունքներից, որ կցանկանանք ստանալ: Միանշանակ ծրագրերը պետք է բեռնաթափել և առարկայացանկը փոփոխել: Այս պահին մասնագետները քննարկում են և դեռևս պատասխան չունեմ, թե որ առարկաները դուրս կմնան ու որոնք ունեն բարեփոխման անհրաժեշտություն: Ինչ վերաբերում է դասագրքերին, բովանդակային և կառուցվածքային առումով այստեղ նույնպես խնդիրներ կան: Մեր ծնողները շատ են բողոքում պայուսակների ծանրությունից: Մենք այժմ մի որոշում ունենք, համաձայն որի՝ մեկ դասագիրքը կդառնա երկու հատորով: Տարվա մի հատվածում աշակերտը կսովորի առաջին հատորով, իսկ մյուս հատվածում՝ երկրորդ: Այս դեպքում ըստ էության յուրաքանչյուր դասագիրք կթեթևանա մոտ 2 անգամ: Կան որոշ դասագրքեր, որոնք ծավալով փոքր են և բովանդակային առումով կիսելը նպատակահարմար չէ, բայց դասագրքերի հիմնական խմբաքանակը կփոփոխվի: Սա ռադիկալ փոփոխություն կլինի պայուսակները թեթևացնելու առումով, ինչն ուղղակի և անուղղակի ազդում է թե՛ կրթության որակի և թե՛ երեխաների առողջության վրա:

 

-Ներդրումային ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսվում իրականացնել:

-Ներդրումային ամենամեծ ծրագրերը, որոնք այս տարի նույնպես շարունակվելու են՝ «Քո արվեստը դպրոցում» և «ԴասA» նախագծերն են: Դրանց մի մասն իրականացնում ենք Մշակույթի նախարարության հետ, իհարկե, առաջիկայում միավորումից հետո մեկ գերատեսչության ներքո կլինի: Կարծում եմ, որ սա ամենամեծ ձեռքբերումներից է և՛ որակական, և՛ բովանդակային, և՛ մշակութային առումներով:

-Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակվելո՞ւ է (Սեյվ դը չիլդրեն, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակ, ԵՄ, Միջազգային զարգացման ընկերակցություն):

-Մենք շատ սերտ համագործակցում ենք Եվրոպական միության հետ և «Եվրամիություն ինովացիայի համար» ծրագրի շրջանակներում այս տարի կսկսենք տարբեր ծրագրեր իրականացնել: Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում (CEPA) նույնպես կրթական ոլորտին աջակցություն կլինի: Նախատեսում եմ նաև այցեր կատարել մի շարք գործընկեր պետություններ: Արդեն իսկ եղել եմ Բրյուսելում, որտեղ հանդիպել եմ ոլորտի պատասխանատուների հետ: Պաշտոնական այց է լինելու Վրաստան, որտեղ մեր վրացի գործընկերների հետ քննարկելու ենք կրթական ոլորտում համագործակցությունը, մասնավորապես հայոց լեզվի դասավանդման խնդիրները: Բացի այդ, պատրաստվում եմ մեկնել Ռուսաստան, որտեղ նույնպես այս ամիսներին կուտակվել են որոշ հարցեր և մեր գործընկերների հետ կքննարկենք ու կփորձենք լուծումներ գտնել:

Տարվա ընթացքում մի շարք հրավերներ եմ ունեցել և 2019-ին դրանք կիրականանան: 2018 թվականից հրավեր ունեմ Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կարծում եմ համագործակցության մեծ ներուժ ունենք: Իրանում կրթական համակարգը բավականին լավ է զարգացած և որոշ, օրինակ, նանոտեխնոլոգիայի, բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող ենք լուրջ համագործակցություն ունենալ: Բացի այդ, մենք շատ լուրջ աշխատում ենք հայկական կրթական բրենդների հանրահռչակման և դրանց արտահանման ուղղությամբ: Առաջիկայում պատրաստվում ենք հայկական կրթական բրենդների փաթեթ ստեղծել և ներկայացնել մեր միջազգային գործընկերներին:

-Գիտության ոլորտում ինչպիսի՞ բարեփոխումներ են նախատեսվում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գիտության ոլորտը միջազգայնորեն ավելի մրցունակ դարձնելու համար:

-Գիտության ոլորտում նույնպես փոփոխություններ են սպասվում: Ստեղծվում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որն անմիջական պատվիրողն է լինելու գիտության ոլորտում: Վերջերս մենք վարչապետի մոտ քննարկում ենք ունեցել ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման և մեր տեխնոլոգիական ու գիտական ներուժի ներգրավման առումով: Բացի այդ, մենք պատրաստվում ենք թեմատիկ ծրագրերի մեջ ներառել պետության շահերից բխող ծրագրերը: Եթե պետությունը պետպատվեր է տալիս այս կամ այն հետազոտությունն իրականացնելու, ապա այն պետք է կիրառական նշանակություն ունենա տնտեսության համար: Բացի այդ, Կառավարության ներկայացուցիչները և մեր նախարարությունը խոսում են տարբեր ոլորտներում ծրագրերի իրագործման ընթացքում ԲՈւՀ-երի գիտական և գիտահետազոտական կենտրոնների ներգրավման անհրաժեշտության մասին: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի փորձագիտական եզրակացությունները ստանալու համար ներգրավենք տեղի ռեսուրսները: Այդպիսով, մենք կհասկանանք, թե ինչ ներուժ ունենք և այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են արտասահմանյան փորձագիտական կարծիք ստանալու համար՝ ծախսվեն այստեղ և լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ ստեղծեն մեր գիտահետազոտական կենտրոնների համար: Ներկայում մենք տարբեր գերատեսչությունների հետ աշխատում ենք ասպիրանտական և կիրառական թեմաների ներգրավման ուղղությամբ: Այսինքն` ամբողջությամբ փոխվում է պետպատվեր տալու տրամաբանությունը:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25