Ձախողում եւ փախուստ

08.09.2014 16:26
4791

ՌԵՔՎԻԵՄ


Միամյա գործունեության ընթացքում նա կարողացավ կասկածի տակ դնել մարզպետական ինստիտուտի լրջությունը ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ Հայաստանում

Սյունիքի մարզպետի աթոռը մեկ տարի առաջ` 2013թ. հուլիսի 10-ին, Վահե Հակոբյանին նվիրելը Հայաստանի երրորդ հանրապետության կադրային քաղաքականության ամենացցուն վրիպակներից մեկն էր, եթե ոչ ամենամեծը: Այդ նշանակումը մեծագույն ծաղր էր Սյունիքի եւ սյունեցու հանդեպ: Բայց, փա՜ռք Աստծո, երկրի ղեկավարությունն ուժ գտավ իր մեջ եւ շտկեց սխալը:

Մեկ տարվա ընթացքում Վահե Հակոբյանն այդպես էլ չդարձավ Սյունիքի ու սյունեցիների մարզպետը, այլ մնաց իբրեւ գործիք կամ խաղալիք մի քանի անբարո գոյության ապականված ձեռքերում: Այդպես էլ չմոտեցավ իր պարտականություններին, գրեթե ոչ մի օր ժամանակին աշխատանքի չհաճախեց, օրերով մարզպետարան չայցելեց: Այդպես էլ չհասկացավ, թե որ մարզի մարզպետն է, չխորացավ տարածաշրջանի խնդիրների ու սյունեցիների մտահոգությունների մեջ, չփորձեց ձեռք զարկել սյունիքյան գոնե մեկ խնդրի լուծմանը: Օտարված մնաց մարզի համայնքներից, հիմնարկ-ձեռնարկություններից, հասարակությունից: Մեծ հարված հասցրեց քաղաքացիական` առանց այդ էլ ճաք տված համերաշխությանը, ինչպես եւ մարզի կրթական ու առողջապահական համակարգերին, լիովին տապալեց հանրակրթական դպրոցների կառավարումը:

Պաշտոնավարման առաջին իսկ օրերից Սյունիքի մարզպետի լիազորությունները` պետականորեն սահմանված, մաս-մաս շաբաշ տվեց պալատական ներքինիներին ու նաժիշտներին` թվով չորս-հինգ հոգու, ովքեր բանսարկությամբ, անբարո գործելակերպով հայոց մերօրյա արեւելքում համբավ ունեցող անձինք էին: Տարածքային կառավարման մեջ առաջին անգամ ներդրեց «ստուկաչի» ինստիտուտը: Եվ պալատական ներքինիներն ու նաժիշտները դիմեցին աներեւակայելի քայլերի` իր լիազորություններից ինքնամեկուսացված մարզպետին մինչեւ վերջ ծաղրելու, նրա դերը զրոյացնելու համար: Հենց նրանք էին, որ ողջ գիշերը մարզպետի հետ անցկացնելուց հետո հաջորդ օրն իսկ տարածում էին զավեշտապատումներ Վահե Հակոբյանի մասին, հայտարարում` «Մենք մարզպետ չունենք», «Մարզպետը ես եմ» եւ այլն:

Սյունիքի մարզպետի ու մարզպետարանի վարկաբեկումն այդքան հաջողությամբ գուցե եւ տեղի չունենար, եթե մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Վաչագան Գրիգորյանն ու Աշոտ Մարդյանը չգնային ինքնանվաստացման ու ինքնաոչնչացման ճանապարհով, չդառնային կույր գործիք մարզպետարանը ներսից զավթած ներքինիների ձեռքում:

Մեկ տարվա ընթացքում, քինախնդրությամբ հարազատ հորը գերազանցած զավակը, փորձեց մարզպետական ինստիտուտի զորությամբ վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր երբեւէ ու ինչ-որ հարցում անհամաձայնություն էին հայտնել Մաքսիմ Հակոբյանի հետ: Եվ նրանց վնասելու համար քանիցս խցկվեց անգամ երկրի ու ԼՂՀ-ի ամենաբարձր ղեկավարների աշխատասենյակներ` զրպարտելու իր կերպարը մերժող սյունեցիներին: Երեւի Հայաստանի միակ մարզպետն էր, որ իր պաշտոնն ու անվաստակ փողերը ծառայեցնում էր իր ղեկավարած մարզի մարդկանց վարկաբեկման անբարո գործին:

Մարզպետի աթոռին բազմելուց հետո նրա առաջին գործը եղավ «Սյունյաց երկիր» թերթի բաժանորդագրությունն ու ընթերցումն իր ենթակաների շրջանում արգելելը: «Սյունյաց երկրին» իբր հակակշիռ ստեղծելու համար նախաձեռնեց նոր պարբերականի հիմնադրում` այդպես էլ չհասկանալով, որ այդ թերթը (եթե, իհարկե, ծնվեր) տեղ չէր ունենա «Սյունյաց երկրի» դավանած արժեհամակարգում, ասել է թե` մենք մրցակիցներ չէինք կարող լինել, ավելին` մենք կողջունեինք այդ լրատվամիջոցի ծնունդը: Միաժամանակ` պարբերաբար ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոցի` իրեն չքննադատելու, Սյունիքի հիմնախնդիրները հանրությունից եւ կառավարությունից թաքցնելու համար:

Բանահյուսական անզուգական երեւույթ էին Վահե Հակոբյանի ելույթներն ու ուղերձները: Սկզբից դրանք բանավոր էին, որոնցից մի քանիսը հրապարակեցինք «Ինձ բաց թողեք, ես գնամ» խորագրով, որոնցից որեւէ բան հասկանալն անհնար էր: Հետո նրա համար ելույթներ էին գրում, որոնք, սակայն, հայերենի հետ ավելի քիչ աղերսներ ունեին, քան մարզպետի բանավոր ելույթները:

2014 թվականին Վահե Հակոբյանի ձախողումները նոր ոլորտներ ընդգրկեցին: Շատ ցանկացավ ընդգրկվել ՀՀԿ տեղական խորհրդի կազմում, բայց չկարողացավ: Շատ ցանկացավ Գորիսում քաղաքապետ դարձնել իր բիզնես ընկերոջը, բայց ամոթալի իրավիճակում հայտնվեց: Դեռ 2013թ. հուլիսին կամեցավ նույն այդ ընկերոջը փոխմարզպետ դարձնել (պրոֆիլակտորիումի գիշերային հավաքներից մեկում նույնիսկ շնորհավորեցին «ապագա» փոխմարզպետին), բայց տապալվեց: Եվ նման բազում օրինակներ…

Վահե Հակոբյան մարզպետին հանդուրժելն ի սկզբանե խնդիր է եղել Սյունիքում: Բուժհաստատությունների եւ հանրակրթական դպրոցների ղեկավարները, բնականաբար, չէին կարող նրան նվիրվածության տեսիլքներ չբեմադրել. վախենում էին ստուգումներից, աթոռը կորցնելուց, ֆինանսական բնույթի դժվարություններից: Այլ էր համայնքների ղեկավարների պահվածքը. մինչեւ վերջ էլ ակնկալում էին Քաջարանի կոմբինատի ֆինանսական աջակցությունը` Վահեի գոյությունը հանդուրժելու դիմաց: Մի քիչ այլ էր Սիսիանի քաղաքապետի վարքը. փողից բացի` նա ակնկալում էր նաեւ զորակցություն` դատական լաբիրինթոսից դուրս գալու համար, բայց ավա՜ղ… Մարզպետի ժպիտին արժանանալու համար Աղասի Հակոբջանյանը նույնիսկ տարօրինակ (եթե ոչ ողորմելի) քայլեր կատարեց: Մեկ օրինակ. բանտարկեց «Սյունյաց երկիր» թերթի` Համո Սահյանին նվիրված բացառիկ համարի` քաղաքապետարանին հասանելիք քառասուն օրինակը: Միայն բանաստեղծի որդու ահազանգից հետո թերթի համարը կալանքից ազատվեց: Ի դեպ, դա «Սյունյաց երկրի» տպաքանակի մի մասը բանտարկելու երկրորդ դեպքն էր: Առաջին անգամ Մաքսիմ Հակոբյանն էր դիմել այդ քայլին` բանտարկելով Քաջարան քաղաքին նվիրված համարի տպաքանակի մի մասը (Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանն էլ քաղաքապետարանի հասանելիքն էր թաքցրել եւ միայն հիմա` վեց տարի անց, հանում է թաքստոցից):

Ինչեւէ, հուլիսի 1-ից հետո, երբ Մաքսիմ Հակոբյանը հեռացվեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնից, մեր համայնքների ղեկավարները սկսեցին ակնհայտորեն հեռանալ Վահե Հակոբյանից: Վերջինիս սկսեցին ընկալել իբրեւ բեղից ընկած բրինձ:

Ստեղծված նոր իրավիճակում նրան մնում էր մեկ ելք` օր առաջ փախչել Սյունիքից` դրա համար չխնայելով ոչինչ: Եվ 2014թ. սեպտեմբերի 4-ին նրա փախուստը հաջողվեց…

Իսկ 2013թ. հուլիսի 10-ից մինչեւ 2014թ. սեպտեմբերի 4-ը Սյունիքի համար դարձավ կորուսյալ ժամանակաշրջան. այդպես էլ կարձանագրվի մեր երկրամասի բազմադարյան պատմության մեջ:

Վահե Հակոբյանին, այդուհանդերձ, հաջողություն ենք ցանկանում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Թող նա չձախողվի այնպես, ինչպես ձախողվեց Ազգային ժողովում ու Սյունիքի մարզպետարանում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25