Երբ քանդակագործությունը գեներով է անցնում

18.07.2025 14:40
690

Քանդակագործների գերդաստանի զավակ է Արմեն Առաքելյանը․ երրորդ, թե չորրորդ սերնդի ներկայացուցիչներից է։ Քանդակագործ է եղել պապը՝ Արամայիս Առաքելյանը (Արմո Տաթևացի)։ Հայրը՝ Լևոն Առաքելյանը, մասնագիտությամբ քանդակագործ-մանկավարժ է, մասնակցել է միջազգային սիմպոզիումների, հիմնականում՝ Ֆրանսիայում։ Հայրն ու պապն Արցախյան շարժման տարիներին ֆիդայիների արձաններ են կերտել, որոնք տեղադրվել են Գորիսի կենտրոնում։ Ապուպապերն էլ քարագործ վարպետներ են եղել։ Երկու կարծիք լինել չէր կարող, որ քարին հոգի ու շունչ տալու ձիրքը գեներով են անցել իրեն, ինչն անվերապահորեն ինքն է նաև խոստովանում։ Մուրճն ու հատիչը իրենց ազգի «բրենդն» են եղել։

Այցեքարտ․ Արմեն Առաքելյան։ Ծնվել է 1987 թ․ սեպտեմբերի 12-ին։ Միջնակարգ կրթություն է ստացել Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Կերպարվեստ-գծագրություն» բաժինը։ Ուսանողության տարիները՝ 2003-2008 թվականներ։ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի քանդակի դասախոս է 2009 թվականից մինչև այժմ։ 2010 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Սուրբ Սարգսի տոնին նվիրված հանրապետական առաջին մրցույթ-ցուցահանդեսին (2009 թ․) քանդակի անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի։ Մրցույթին մասնակցել է «Մայրություն» քանդակով։ Ցուցահանդեսների է մասնակցել նաև արտերկրում՝ Ֆրանսիայի Ռոման քաղաքում և Սան-Ֆրանցիսկոյում (ԱՄՆ)։

«Արդյոք դասախոսական աշխատանքը չի՞ խանգարում ստեղծագործելուն», - հարցին պատասխանում է, որ, իրոք մանկավարժությունը շատ ժամանակ է խլում, բայց ձգտում է այնպես անել, որ ոչ մեկը տուժի, ոչ՝ մյուսը։ Ի դեպ, երբ զանգահարեցի Երևան՝ անհրաժեշտ տեղեկություններ վերցնելու, ասաց, որ ձուլարանում է։ Հերթական քանդակներն էին «միս ու արյուն» ստանում, չէր կարող գործից կտրվել։ Պայմանավորվեցինք ավելի ուշ ժամի հեռախոսազրույց ունենալ։ Բալետի պարուհիներ էր քանդակել, նաև փոքրիկ գաղտնիք է բացում, իր քանդակների մեծամասնությունը կանայք են, սիրում է նաև ընտանեկան միջավայրը ներկայացնել, մայրը զավակի հետ և այլն։  Երբեմն տուրք է տալիս անիմալիստական ժանրին, կերպարվեստի տեսակ, որի հիմնական օբյեկտը կենդանիներն են։ Կենդանիների մի շարք է քանդակել։

Յուրաքանչյուր մարդ, նախևառաջ, երախտապարտ է լինում իր ուսուցիչներին։ Զրուցակիցս հիշատակեց բուհի իր դասախոսներին, նախ՝ Արտաշես Քեշիշյանին (ով իր դիպլոմային աշխատանքի ղեկավարն է եղել), այնուհետև՝ Ազատ Հարությունյան, Հովհաննես Մուրադյան, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, հանրաճանաչ մանկավարժ և քանդակագործ Ղուկաս Չուբարյան, ով մեկ տարի դասավանդել է իրեն։ Կարոտով է հիշում ուսանողական տարիները։

Մեր զրուցակցից փորձեցինք որոշ հարցեր ճշտել՝ քանդակագործության ոլորտին առնչվող։ Ասենք՝ փայտափորագրությունը, խեցեգործությունը կարելի՞ է մի հարթության վրա դիտարկել քանդակագործության հետ։ Պատասխանեց, թե արվեստում հստակորեն տարանջատված են՝ գեղանկար, գծանկար, քանդակ և  դեկորատիվ կիրառական արվեստ։ Իմ նշածներն ավելի շատ կիրառական արվեստի մեջ են մտնում։

Յուրաքանչյուր ոլորտում սերնդափոխությունը պարտադիր պայման է։ Վաղ թե ուշ հներն իրենց տեղը զիջում են նորերին։ Արդյոք երիտասարդությանը ձգում է քանդակագործությունը, հեռանկարային սաներ ունի՞։ Ա․ Առաքելյանն ընդամենը մի անուն հիշատակեց, ով իր մեջ հույսեր է ներշնչում։

Արմեն Առաքելյանը քանդակագործությունից զատ՝ նաև այլ նախասիրություններ ունի․ զբաղվում է գեղանկարչությամբ, սիրում է բնության գրկում բնապատկերներ անել, մեծապես հետաքրքրված է արվեստի պատմությամբ։ Իսկ հոբբին ճանապարհորդությունն է, լինում է եվրոպական տարբեր երկրներում, անպատճառ արվեստի թանգարաններ է այցելում, որտեղ հանրաճանաչ քանդակագործների աշխատանքներ են ցուցադրվում։ Անուններ է տալիս՝ հայտնի և անհայտ։ Իսկ ահա հայ քանդակագործներից տպավորված է Հակոբ Գյուրջյանի, Բենիկ Պետրոսյանի ստեղծագործություններով։

Քանդակ ստեղծելու համար ինքը ո՞ր նյութն է նախընտրում. էական նշանակություն ունի՞, թե որն ես նախընտրում՝ տո՞ւֆ, մարմա՞ր, բազա՞լտ... Պատասխանում է՝ իհարկե ունի, բայց ինքը բրոնզն է նախընտրում...

Վահրամ Օրբելյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08