Երբեք չպետք է բավարարվել ձեռք բերվածով...

31.01.2014 21:39
2179

Միայն նա է ճշմարտորեն մեծը, որը մեծ զավակն է նախ`
իր ժողովրդի եւ ապա` մարդկության:
Գարեգին Նժդեհ

«Երբեք չպետք է բավարարվել նվաճած հաղթանակով…». սա սկզբունք հայտարարած անհատների կյանքի ընթացքին շատ հաճախ հետեւում ենք անխոս, առանց ավելորդ պերճախոսությունների: Բայց գալիս է մի պահ, երբ կանգ ենք առնում, փորձում արժեւորել նրանց անցած ուղին, դասեր քաղել, նրանց արժանի հետնորդը դառնալ:

Արդեն երկար տարիներ Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, որ, հատելով կյանքի կես ճանապարհը, երբեք չի հեռացել հայրենիքի հզորության ու բարօրության համար մարտնչելու ճշմարիտ ուղուց, իր զինվորներին տվել անփոխարինելի զենք` հրամանատարի անձնական օրինակ` նրանց ներշնչելով համարձակություն, խիզախություն եւ անկոտրում կամք:

20-րդ դարավերջին սկսված հայ-ադրբեջանական ընդհարումները, որոնք վերաճեցին պատերազմի, շատերին ստիպեցին ոտքի կանգնել` հայրենիքի զոհասեղանին դնելով իրենց կյանքը: Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար այդ դժվարին ժամանակների նվիրյալներից է Լեոնիդ Գրիգորյանը, ով, թողնելով Լենինգրադում զինվորական ծառայությունը, ապահով կյանքը, եկավ հայրենի Կապան քաղաք, որպեսզի իր ռազմական գիտելիքներն ու զինվորական պատրաստվածությունը ներդնի Արցախի ազատագրման եւ ազգային բանակի ստեղծման գործում:

1991թ. նոյեմբերի 1-ին ՀՀ մինիստրների խորհրդի որոշմամբ Ներքին գործերի նախարարության Կապանի պահպանության բաժնին կից կազմավորվեց այլընտրանքային հրաձգային գումարտակ՝ 120 զինվորից բաղկացած, որի դասակի հրամանատար նշանակվեց Լեոնիդ Գրիգորյանը:

Գումարտակը ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպեց 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների առաջին զորակոչը: 1993թ. հունիսի 1-ին լեյտենանտ Լեոնիդ Գրիգորյանը տեղափոխվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 1-ին գումարտակի շտաբի պետի տեղակալ, նույն թվականի հոկտեմբերի 1-ից` գումարտակի հրամանատար: Այդ տարիներին գումարտակը կազմավորվեց ու կայացավ, մասնակցեց ՀՀ հարավարեւելյան սահմանների պաշտպանության մարտական գործողություններին:

Անցել են տարիներ, եւ տարիների հեռավորությունից գումարտակի նախկին հրամանատարը հպարտությամբ է հիշում ծառայած տարիների, ընկերների թափած արյան եւ թանկ գնով վաստակած հաղթանակների մասին. «Երբեւէ չեմ մոռացել եւ չեմ մոռանա իմ զոհված ընկերներին ու իմ պարտքը նրանց ծնողների հանդեպ: Ինչ վերաբերում է ողջ մնացած իմ զինակից ընկերներին, իմ հնարավորության սահմաններում մշտապես փորձում եմ արժեւորել նրանց գործը, մեծարել ու պատվոգրերի, մեդալների, շնորհակալագրերի ներկայացնել: Միայն ցավում եմ, որ մեր օրերում խաղաղության մասին պատմողներն ավելի շատ տիտղոսների են արժանացել, քան խաղաղություն բերողները»:

Խոսելով պատերազմական գործողություններից` Լ.Գրիգորյանը հատկապես առանձնակի հպարտությամբ է հիշում 1992թ. Ներքին Հանդի պաշտպանությունը, որտեղից թշնամու հավանական ճեղքում էր սպասվում, եւ որը, սակայն, հրամանատարական վարպետության, արագ կողմնորոշվելու շնորհիվ կասեցվեց` ապահովելով գյուղի լիակատար պաշտպանվածությունը:

1994թ. հունվարից 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակը տեղափոխվեց մարտական գործողությունների գոտի: Լ.Գրիգորյանի որոշմամբ` զինվորները, ովքեր ընդամենը 1-2 ամսվա մարտական փորձ ունեին, ռազմական գործողությունների մեջ պետք է մտնեին միայն կամավորության սկզբունքով: Չեղավ գեթ մեկը, որ առաջին գծում հայտնվելու ցանկություն չհայտներ: Շնորհիվ մարտական ոգու, հայրենիքին անմնացորդ նվիրվելու պատրաստակամության՝ գումարտակը տրված մարտական առաջադրանքը կատարեց փառքով` այս պատերազմում հաղթանակ ձեռք բերելու գործում ունենալով նշանակալի ներդրում:

Հերթական մարտական առաջադրանքը կատարելիս թշնամու ականի պայթյունը խլացրեց Լ.Գրիգորյանի հրամանը, ով այդ անակնկալ պահին իրեն մոտ կանգնած զինվորներին սեփական մարմնով ծածկելով փրկեց: Չարաբաստիկ ականը պայթեց Լ.Գրիգորյանից մոտ 1-1.5մ հեռավորության վրա: Հրամանատարը պայթած արկից ծանր վիրավորվեց` ստանալով բեկորային բազմաթիվ վնասվածքներ եւ կոնտուզիա: Լ.Գրիգորյանին արնաշաղախ վիճակում զինվորական բաճկոնի մեջ փաթաթած` մարտի դաշտից դուրս բերեցին այն զինվորները, որոնց կյանքը փրկել էր: Գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը պատմում է, որ մարտից հետո բուժկետ հերթական այցելության ժամանակ, երբ մոտեցավ վիրավոր զինվորներից մեկին, վերջինս պատասխանեց, որ ինքը կդիմանա, բայց իր հրամանատարի վիճակն ավելի ծանր է, եւ առաջին հերթին նրան է բուժօգնություն հարկավոր: Ազատամարտիկ, ավագ լեյտենանտ Մելանյա Գեւորգյանը պատմում է. «Լ.Գրիգորյանի հետ վիրավորված զինվորները բարձրաձայն գոչում էին. «Մենք` ոչի˜նչ, հրամանատարի կյանքը փրկեք»: Իսկ անգիտակից վիճակից մի պահ դուրս գալով` հրամանատարն էլ պահանջում էր, որ իրեն տանեն դիրքեր, քանի որ չի կարող զինվորներին մենակ թողնել»: Բայց վերքերը խորն էին, եւ երկարատեւ բուժում էր հարկավոր: Երկու ամիս բուժվելուց հետո Լ.Գրիգորյանը հենակներով նորից վերադարձավ մարտի դաշտ` շարունակելու իր սրբազան գործը:

Ճիշտ է, պատերազմը խլում է ամեն ինչ, բայց փոխարենը տալիս է միայն հաղթողի հպարտության զգացում եւ ազգիդ պիտանի լինելու հաճելի զգացողություն, եթե, իհարկե, բախտը ժպտում է: Թերեւս, զինվորական հմտության շնորհիվ էր, որ գումարտակը, որտեղ մեծ մասամբ ծառայում էին 18 տարին նոր բոլորած զինվորներ, քիչ կորուստներ տվեց: Հպարտության զգացումն առավել քան բարձր է, քանզի նա հայոց բանակի ակունքներում կանգնած սպաներից մեկն է, որի վառ ապացույցը սպարապետ Վազգեն Սարգսյանի` գումարտակին տված գնահատականն է. «Դեռ հրաման չարձակած` արդեն կայացած բանակ ունենք»:

Գումարտակի կազմավորմանը մեծապես նպաստել է այն, որ հրամանատարը որոշումներ կայացնելիս զերծ է մնացել ավելորդ հուզականությունից, ունեցել սթափ դատողություն, ազնվություն, անկեղծություն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով տարբերակումներ չմտցնելու հատկանիշ, գործունեություն` միտված «Բոլորը մեկի համար, մեկը` բոլորի» սկզբունքին:

Հրամանատարը հարգի է, եթե խիզախություն, համարձակություն կա նրա գործողություններում, արդարացի են նպատակին հասնելու համար կիրառված միջոցները, ունի կամք ու վճռականություն: Այդպիսին լինելու համար պետք է ունենալ ուրույն խառնվածք, համապատասխան զինվորական մկրտություն, մարդկանց խորությամբ ճանաչելու, նրանց ներաշխարհը թափանցելու առանձնահատուկ փորձ: Պարզապես պետք է միաժամանակ լինել պահանջկոտ ու բարի, կարողանալ խրախուսել ու պատժել, տեսնել եւ միաժամանակ չանտեսել ոչ մի մանրուք: Ընդունել զինվորական կանոնադրությունը եւ պահանջկոտ լինել, հասկանալ դրա կարեւորությունը եւ բարեխղճորեն կատարել` չանտեսելով ոչ մի կետ: Թերեւս, այս բոլոր հատկանիշներն են խտացված Լեոնիդ Գրիգորյան անհատի, հրամանատարի էության մեջ: «Փայլուն սպա է, հայոց բանակի սպա, ճշմարիտ է, չի սիրում կեղծավորություն, ազնիվ է եւ նվիրված իր ժողովրդին: Կարեւորն այն է, որ գումարտակի հրամանատարը մինչ օրս պահպանում է մտերմությունն իր գումարտակի զինվորների, զոհված զինվորների ծնողների եւ հարազատների հետ, օգնում բարեկարգել զոհվածների գերեզմանները, անուն առ անուն հիշում բոլորին: Այդպիսին պետք է լինի հայոց բանակի հարգարժան հրամանատարը», - նշում է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

Այդ են վկայում նաեւ նրա հետ մարտական ուղի անցած շատ զորահրամանատարներ: Ահա գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանի գնահատականը. «Լեոնիդ Գրիգորյանը մարդ է, ով իրեն ամբողջապես նվիրեց հայրենիքին, նորաստեղծ անկախ Հայաստանի կայացմանը, ազգային բանակի ստեղծմանը եւ Արցախյան պատերազմը հաղթական ավարտին հասցնելու կարեւոր գործին»:

Որպես զինվորական պաշտոնյա մինչեւ օրս էլ գիտակցում է իր պարտավորությունները հասարակության, պետության առջեւ, աշխատում խղճի մտոք եւ կարողությունների չափով. «Պաշտոնյան առաջին հերթին պետք է լինի ժողովրդի ծառան, առանձնանա մեծահոգի ու հոգատար վերաբերմունքով, ճիշտ գնահատական տա ստեղծված իրավիճակին եւ կայացնի արդարամիտ որոշում: Իմ աշխատանքում ես կարեւորում եմ մարդուն եւ մարդկային գործոնը»:

Դժվար է հավասարապես ուշադիր լինել ընտանիքի, հայրենիքի, շրջապատի մարդկանց հանդեպ:

Հաճելի է, երբ ընտանիքի անդամը գիտակցում է գործի կարեւորությունը, հայրենիքի առջեւ պարտքը կատարելու առաջնայնությունը, դիմանում ու համբերում: Հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես մեծ է եղել կնոջ դերակատարումը, ով գիտակցել է հայրենիքին սպառնացող վտանգը չեզոքացնելու անհրաժեշտությունը եւ նեցուկ դարձել իր կողակցին. «Մենք գիտակցում էինք, որ Լեոնիդն իր սրբազան պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ եւ հպարտանում նրանով. ընտանիքում նա օրինակելի ամուսին է, հոգատար հայր ու սիրելի պապիկ», - անկեղծանում է կինը` տիկին Սիլվան:
Կյանքի կես ճանապարհն անցած զինվորականը մի պատգամ ունի միայն սերունդներին` կարեւոր է կյանքում վաստակել այն, ինչը կբերի պատիվ, արժանապատվություն, սեփական հողի վրա քայլելու իրավունք, ինչպես ասել է Գարեգին Նժդեհը. «Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով` աստղալից երկինքը գլխի վերեւում եւ բարոյական օրենքը սրտում…»:

Վերջերս փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը դարձավ 50 տարեկան: ՄԵնք շնորհավորում ենք նրան եւ ցանկանում հետագա բեղմնավոր գործունեություն` ի փառս Հայաստանի զինված ուժերի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25