Երփնագրի վարպետը․ Մարտուն Զաքարյան

17.02.2025 10:55
595

Ցրտաշունչ ձմեռը մեկեն պայծառացավ, սառնաշունչ օդը ջերմացավ արվեստի շնչով՝ վարակելով նաև մեծ ու փոքր սիսիանցիներին, ովքեր, իրազեկ լինելով օրվա կարեւոր իրադարձությանը, առանց հապաղելու շտապում էին րոպե առաջ ըմբոշխնել գեղեցիկը՝ երաժշտության  ու գույնի տեսքով․․․

Անշուշտ, սիսիանցին սիրում, արժևորում, կարևորում է արվեստն իր բոլոր դրսևորումներով, ուստի  պատեհ առիթ էր գեղանկարչության սիրահարների համար՝ մեկ անգամ ևս  լինել խազի ու գույնի  հանդիպման «խաչմերուկում», վայելել  զարմանահրաշ կտավների  գունախաղը, տեսնել այն անակնկալը, որը պետք է մատուցվեր ․․․

Եվս  մի քանի ակնթարթ և արվեստամեծար սիսիանցին հայտնվեց գեղանկարչական մի հրաշալի ցուցահանդեսում՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։

Արվեստագետին հատուկ կեցվածքով պատկերասրահ մտավ նա՝ օրվա հերոսը՝ գեղանկարիչ Մարտուն Զաքարյանը, արվեստագետ, ում  ջերմ ու հոգեպարար  խոսքեր հղեց ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակն ու կազմակերպիչը՝ «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական հիմնադրամի  գործադիր տնօրեն Արամ  Մուսախանյանը, ով նաև ցուցահանդեսի աշխատանքներին  աջակցելու համար շնորհակալագրեր հանձնեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին, ՀԱՊ-ի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղի տնօրեն Անուշ Մուրադյանին․․․

Ներկայացնելով տաղանդաշատ նկարչին՝ բանախոսները ներկայացրին նրա բեղուն գործունեությունը՝ հավելելով, որ Մարտուն Զաքարյանի արվեստով հիացել են ոչ միայն հայրենիքում, այլ նաև արտերկրում։

Արվեստագետին հատուկ անկեղծությամբ իր խոհերն ու նկատառումները ներկաներին պահ տվեց նաև Մարտուն Զաքարյանը՝ բարձր գնահատանքի արժանացնելով իր ներշնչանքների աղբյուրներին՝ համաշխարհային երաժիշտներին,  կերպարվեստի երախտավորներին, ովքեր էլ ցայսօր  իրեն ուժ են տալիս, մղում ստեղծագործելու․․․․

Հնչում է հոգեհմա «Լա Բոհեմա»-ն, ու դու, կախարդվելով նրա ելևէջներով, մնում ես  գորիսեցի գեղանկարիչ-մանկավարժ Մարտուն Զաքարյանի կտավներին դեմ-հանդիման։

Անհնար է դիմակայել քեզ հետ զրուցել պատրաստվող կտավների հետ, չկախարդվել զաքարյանական ուրույն գեղանկարչական ձեռագրով, գրավչությամբ, գունաշխարհի խայտանքներով, չհայտնվել մաքրությամբ, ազնվությամբ շնչող արարումների «որոգայթում»։

Անժխտելի փաստ եմ արձանագրելու՝ կինը մարմնավորում է կյանքը, հանդիսանում մաքրության,մայրության խորհրդանիշ։

Հետաքրքիր ու չկրկնվող է  գեղանակարչի՝ կանացի գեղեցկությունն ու կատարելությունն ընդգծող նկարաշարը։  Երբ փորձեցի ինձ համար առանձնացնել «ամենա»-ն, ինձ բռնացրի այն մտքին, որ բոլորն էլ անթերի են, քանզի արված են մեծագույն ճաշակով, վարպետորեն ընդգծված գունախաղով, հատու վրձնահարվածներով, երփնագրի վարպետի մտքի գույներով։

Այդուհանդերձ, մտովի զրույց սկսեցի գեղանի կանանց հետ, որոնցից ճառագում էր գեղեցկություն, էլեգանտություն, լույս, քանի որ  զարդարված   են հոգու գույներով, աչքի են ընկնում գեղարվեստական գրավչությամբ, թեմատիկ բազմազանությամբ, ուրույն ու ինքնատիպ արվեստով։

Մարտուն Զաքարյանն ունի կնոջ կերպարի պատկերման իր գեղարվեստական մոտեցումը, պատկերացումները, իդեալը, արվետագետիս վարպետության չափանիշը․․․

Խոստովանենք՝ գեղանկարչի վրձնած կանացի կերպարները խոսում են, ժպտում, մենախոսում․․․

Թվում է՝ բավական է անիմացիոն մի փոքր հնար, և կինը կդառնա իրական, կսկսի երկխոսել, երկար, շա՜տ երկար զրուցել Ֆրանսիայի, Փարիզի, սիրո, վայելքի մասին՝ մեզ փոխանցելով կանացի ներաշխարհի գաղտնիքները՝ յուրովի, առանձնակի քանքարով․․․

Հարուստ են զաքարյանական արվեստի ներկապնակի գույները, որոնք երկնել են բնապատկերների մի ամբողջ համաստեղություն, ու այդ ամենն ուրույն ձեռագրով, նուրբ գույներով, ինքնատիպ գունախաղով, որոնք, անշուշտ, հրապուրում են Մարտուն Զաքարյանի արվեստաշխարհի երկրպագուներին։

Համոզված ասենք՝ սիսիանցին սիրեց տաղանդաշատ հայրենակցի՝ Մարտուն Զաքարյանի վրձնած գեղաշուք աշխատանքները, սիրեց ու գնահատեց հարազատի, արվեստագետի սիրով՝ նոր ցուցահանդեսի, նոր հանդիպման, նոր ու անկրկնելի արարումների ակնկալիքով, վկան՝ այս ցուցահանդեսը, այցելուների գոհունակ ժպիտներն ու անկեղծ ծափերը․․․

Ասում են՝ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ՄԱՐԴՈՒՆ։

Թերևս սույն ճշմարտությունը վերաբերվում է տաղանդաշատ գեղանակարիչ-մանկավարժ Մարտուն Զաքարյանին, արվեստագետ, ով իրավամբ կարող է համարվել մերօրյա երփնագրի վարպետը, գունախաղի, գունաշխարհի թարգմանը։

 

Էվելինա Թադևոսյան

ՍԻՍԻԱՆ

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24