- Պարոն Խաչատուրեան, ուրախ ենք Ձեզ տեսնել Սյունիքում։
Եվ, իհարկե, շնորհակալություն մեզ հետ զրուցելու կամեցողության համար։
Բայց մեր զրույցը սկսելու համար ցանկալի է, որ ներկայանայիք մեր ընթերցողին։
– Ես ծնունդով ֆրանսահայ եմ, ծնվել և մեծացել եմ Մարսելում։ Հետագայում տեղափոխվել եմ Փարիզ՝ համալսարանում ուսումս շարունակելու։ Մայրս ծնունդով Մարսելից է, հայրս՝ Ալէկսանդրետից։ Մայրական կողմս Սիվրիհիսարից է՝ Անկարայի մոտակայքի գյուղերից էր, հիմա ահագին մեծացել է, իսկ հայրական կողմս Այնթափցի էր՝ Կիլիկիայից:
Մասնագիտությամբ ճարտարագետ եմ, այստեղ ուրիշ ձև են ընկալում, այսինքն` ինժեներ եմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում (software engineering)։ Արդեն մոտ 30 տարի է՝ հետաքրքրվում եմ մեր մշակութային ժառանգությամբ, մասնավորապես՝ հոգևոր ժառանգությամբ։
Կատարած աշխատանքիս արդյունքն այս պահին երեք գիրք է։ Առաջին գիրքը` «Խաչքարի արվեստը - Համատեքստ և կառուցվածքային քննություն - Սպահան և Երուսաղեմ», 2014 թվականին լույս է տեսել ֆրանսերեն, այնուհետև թարգմանվել է հայերեն, 2019-ին «էդիթ պրինտ»-ը հրատարակեց:
Երկրորդ գիրքը վերաբերում է Թուրքիայի հայկական հուշարձաններին։ Այն հիմնված է Կոստանդնուպոլիսի Հայոց պատրիարքարանի 1913-1915 թվականի ցուցակի վրա։ Մենք այդ ցուցակում ճշտումներ և լրացումներ ենք կատարել, ավելացրել լուսանկարներ և այլ տվյալներ։ Միայն ֆրանսերեն հրատարակվեց:
Երրորդ գիրքը համահեղինակներ ունի, հրատարակվել է «Brill» նիդերլանդական հրատարակչության կողմից՝ անգլերեն լեզվով։ Հուշարձաններ եվ ինքնություններ Կովկասում. Ղարաբաղը, Նախիջեվանը եվ Ադրբեջանը ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտում: Հատորի խմբագիրներ՝ Իգոր Դորֆման-Լազարև և Յարութիւն Խաչատուրեան, Բրիլ, 2023
– Դժվարություններ չե՞ն եղել, երբ Թուրքիայում հայկական սրբավայրերի և խաչքարերի հետքերով եք գնացել։
– Դժվարություններ միշտ եղել են։ Երկրորդ գրքի համար մենք անձամբ Թուրքիա չենք գնացել, հիմնականում աշխատել ենք գրասենյակային նյութերի հետ և օգտագործել մեր ընկերների կողմից Թուրքիայում արված լուսանկարները։
Ես անձամբ երկու անգամ եղել եմ Արևմտյան Հայաստանում՝ 1984 և 1985 թվականներին։ Այն ժամանակ էլ դժվար էր, իսկ հիմա ավելի է դժվարացել։ Երբ այնտեղ գնում ես չափագրական սարքավորումներով, խնդիրներ են առաջանում։ Այդ աշխատանքով զբաղվող մարդիկ, օրինակ՝ Սամվել Կարապետյանի նման մասնագետները, իրականում մեծ դժվարությունների են հանդիպել։
– Դուք նաև երկար տարիներ աշխատանք եք կատարել Հայաստանի տարբեր մարզերում։ Այդ մասին կուզենայինք իմանալ․․․
– Մոտ 15 տարի առաջ ես և ընկերս՝ լուսանկարիչ Միշէլ Պասմաճեանը, սկսեցինք խաչքարերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով կազմել տվյալների հավաքածու և փաստագրել դրանք, ինչպես արել էինք Երուսաղեմի և Նոր Ջուղայի դեպքում։
Սկզբում նույնակացրեցինք Գեղարքունիքի մարզի խաչքարերը գյուղ առ գյուղ գնալով և լուսանկարելով։ Հետագայում սկսեցինք համագործակցել Երևանի պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի (ամբիոնի վարիչ՝ Համլետ Պետրոսյան) և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եվ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ:
Աշխատանքը կազմակերպեցինք մարզ առ մարզ։ Գեղարքունիքից հետո անցանք Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի, իսկ վերջին երկու տարիներին՝ Սյունիքում։
Այս աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն հրատարակվել։ Հույս ունենք առաջիկայում սկսել առնվազն Արմավիրի և Արագածոտնի մարզերի խաչքարերի վերաբերյալ նյութերի հրատարակությունը։
– Մոտավորապես քանի՞ խաչքար եք ուսումնասիրել Գեղարքունիքում և Վայոց ձորում, քանի որ պատմական Սյունիքի մաս են։
– Գեղարքունիքում մոտավորապես 2000 ից ավել խաչքար ենք հաշվառել, իսկ Վայոց ձորում՝ շուրջ 700։
– Սյունիքում ե՞րբ սկսեցիք աշխատանքը։
– Սյունիքում աշխատանքը սկսել ենք 2025 թվականին։ Աշխարհագրական առումով շարժվել ենք հյուսիսից՝ Սիսիանի տարածքից, և աստիճանաբար տարածվել դեպի Գորիս, Տաթև, Կապան ու Մեղրի։
Այցելել ենք բազմաթիվ բնակավայրեր Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում։ Աշխատել ենք, օրինակ, Խնածախում, Խնձորեսկում, Շինուհայրում, Հալիձորում, Տաթևում, Վահանավանքում, Լիճքում, Լիճքվազում, Կարճևանում, Ագարակում և այլ վայրերում։
Մինչև հիմա Սյունիքում մոտավորապես 850 խաչքար ենք նույնականացրել։
Գորիս-Սիսիանում, օրինակ, նույնականացրել ենք 548 խաչքար:
– Իսկ Մեղրիի տարածաշրջանում որտե՞ղ եք աշխատել։
– Մեղրիում, Կարճևանում, Լիճքում, Լիճքվազում, Շվանիձորում, Ագարակում և այլ բնակավայրերում։
Իսկ Կապանի շրջանում այցելել ենք Վահանավանք (հատկապես) և Հալիձոր։
- Նախնական ի՞նչ դիտարկումներ ունեք։
- Հայաստանի թանգարաններում կան տարբեր վայրերից տեղափոխված խաչքարեր։ Այդպիսիք կան Սարդարապատում, Գորիսի և Կապանի թանգարաններում, ինչպես նաև Մայր Աթոռի տարածքում։
Հասկանալի է, երբ վտանգված տարածքից խաչքարը տեղափոխում են՝ պահպանելու նպատակով։ Բայց եթե վտանգ չկա, ինչո՞ւ պետք է խաչքարը տեղափոխել իր պատմական միջավայրից։ Օրինակ՝ ինչո՞ւ Գեղարքունիքից կամ Վայոց ձորից հին խաչքարը տեղափոխել Մայր Աթոռ կամ նույնիսկ արտերկրի հայկական եկեղեցի։
Խաչքարի արժեքը միայն նրա զարդաքանդակի մեջ չէ։ Նրա արժեքը կարևորվում է, որ գտնվում է իր պատմական միջավայրում։
Վազգեն առաջին կաթողիկոսի օրոք, երբ Հին Ջուղայից մի քանի խաչքար տեղափոխեցին, քանի որ վտանգված էր, դա հասկանալի էր:
– Դուք խաչքարը հիմնականում արվեստի՞, թե՞ պատմության տեսանկյունից եք ուսումնասիրում։
– Նախևառաջ՝ մենք խաչքարն ուսումնասիրում ենք որպես ժառանգություն։ Ժառանգությունը նշանակում է նաև պատմություն, ինքնություն և, որոշ առումով, քաղաքականություն։
Մեզ հետաքրքրում է և՛ որակական, և՛ քանակական կողմը։ Որակական առումով ուսումնասիրում ենք խաչքարի կառուցվածքը, զարդաքանդակները, արձանագրությունները, վարպետի անունը, թվականը և այլն։
Քանակական առումով մեզ հետաքրքրում է՝ քանի խաչքար կա տվյալ տարածքում, ինչպիսի խաչքարեր են դրանք, ինչ ժամանակաշրջանի են և ինչու է մի տարածքում դրանց թիվն ավելի մեծ կամ փոքր, քան մեկ այլ տարածքում։
Մեզ համար շատ կարևոր է նաև խաչքարի գտնվելու վայրը։ Եթե 1000 կամ 1200 տարվա խաչքարը գտնվում է տվյալ հողի վրա, դա այդ տարածքի պատմության և ինքնության վկայությունն է։
– Այսինքն՝ խաչքարը նաև հայ ինքնության վկայությո՞ւն է։
– Այո՛։ Բայց ինքնությանը կարելի է մոտենալ տարբեր կողմերից՝ զգացական, փիլիսոփայական, մշակութային ու նաև քաղաքական տեսանկյունից։
Խաչքարը, որպես պատմամշակութային արժեք, ցույց է տալիս, թե տվյալ տարածքում ովքեր են ապրել, ինչպիսի համայնքներ են եղել և ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։
– Իսկ ի՞նչ նպատակով էին մեր նախնիները խաչքարեր կանգնեցնում։
– Մի քանի տարբեր նպատակներ են ունեցել։ Առաջինը՝ գերեզմանաքարերի կիրառությունն է։ Խաչքարը կարող էր կապված լինել մարդու հիշատակի հետ։
Բայց խաչքարը նաև հիշատակի քար է։ Այն կարող էր կանգնեցվել մահվան, նվիրատվության, եկեղեցու կամ գյուղի կառուցման, որևէ կարևոր իրադարձության հիշատակին։
Երբեմն խաչքարը կարող էր նաև որոշակի սահմանանշանի նշանակություն ունենալ։
Մենք ուսումնասիրում ենք նաև շատ փոքր խաչքարերը՝ 20-30 սանտիմետր չափերով, ինչպես նաև բեկորները։ Բեկորը նույնպես կարող է պարունակել կարևոր տեղեկություն՝ թվական, անուն, արձանագրություն կամ յուրահատուկ զարդաքանդակ։
– Ո՞րն է Սյունիքում Ձեր տեսած ամենահին խաչքարը։
– Մինչև հիմա մեր տեսած ամենահին խաչքարերից մեկը Վահանավանքում է՝ 970 թվականի թվագրությամբ։
Վայոց ձորում ևս ունենք շատ հին օրինակներ։ Մասնավորապես՝ կա 876 թվականով թվագրված խաչքար Զանգակատուն զյուղում։ Այսինքն՝ Սյունիքում 9-րդ դարից պահպանված խաչքարեր ունենք։
– Խաչքարերի արձանագրությունները պատմագիտության համար նույնպես շատ կարևոր սկզբնաղբյուր են։
– Վիմագրությունները նաև վերլուծում ենք, դրանք կարող են տեղեկություն տալ մարդու անունի, վարպետի, թվականի, նվիրատվության կամ որևէ պատմական իրադարձության մասին։
Այդ առումով շատ կարևոր է Սեդրակ Բարխուդարյանի աշխատանքը։ Մենք օգտվում ենք նրա ուսումնասիրություններից։
– Ձեր ուսումնասիրության մեջ ինչպե՞ս եք նկարագրում խաչքարը։
– Նախ ուսումնասիրում ենք պատմությունը, նկարագրում ենք խաչքարի կառուցվածքը։ Ուսումնասիրում ենք խաչի ձևը, եզրագոտիները, տարբեր կառուցվածքային տարրերը, այնուհետև՝ զարդաքանդակները և արձանագրությունները։
Մեզ համար կարևոր է նաև զարդաքանդակների հավաքածու ստեղծելը։ Օրինակ, կարող ենք առանձնացնել երկրաչափական, գծային, կամարաձև և այլ տեսակի զարդաքանդակներ։
Մենք լուսանկարում և չափագրում ենք նաև պատերի մեջ ագուցված խաչքարերը։ Օրինակ, Հալիձորում կան պատերի և սյուների մեջ տեղադրված խաչքարեր։ Եթե դրանք ամբողջությամբ պահպանված չեն, ուսումնասիրում ենք նաև պահպանված բեկորները։
– Սյունիքի խաչքարերի մասին ի՞նչ տպավորություն ունեք։
– Դեռ վաղ է վերջնական եզրակացություն անել, քանի որ ամբողջական պատկերը չունենք։
Մինչև հիմա տեսածի հիման վրա կարող եմ ասել, որ Սյունիքում համեմատաբար քիչ խաչքարեր ենք հանդիպել, բայց կան շատ հին օրինակներ՝ հատկապես 10-րդ և 11-րդ դարերից։
Սիսիանի, Գորիսի և Տաթևի ուղղությամբ հանդիպում ենք ավելի զարգացած և հարուստ զարդաքանդակներով խաչքարեր։ Մեղրիի և հարակից որոշ շրջաններում խաչքարերը հաճախ ավելի պարզ են՝ երբեմն միայն մեկ խաչով և արձանագրությամբ։
Բայց դեռ պետք է ամբողջ Սյունիքն ուսումնասիրենք։ Չեմ ուզում եզրակացություն անել 50 կամ 100 խաչքարի հիման վրա։ Մեր աշխատանքում քանակական ամբողջականությունը շատ կարևոր է։
– Իսկ Նոր Ջուղայի և Սյունիքի խաչքարերի միջև զուգահեռներ տեսնո՞ւմ եք։
– Այո, որոշ զուգահեռներ կան։ Նոր Ջուղայի խաչքարերը հիմնականում փոքր են և ագուցված են եկեղեցիների պատերում կամ ներսի հատվածներում։ Դրանք ստեղծվել են հիմնականում 17-րդ դարում և ոճական առումով որոշ նմանություններ ունեն Հին Ջուղայի խաչքարերի հետ։
Սյունիքում ևս հանդիպում ենք որոշ զարդաքանդակների և կամարաձև լուծումների, որոնք որոշակիորեն հիշեցնում են պարսկական կամ տեղական ազդեցություններ։
Բայց վերջնական համեմատություն անելու համար դեռ պետք է ամբողջական նյութ ունենանք։
– Ուրիշ ի՞նչ հատկանիշներ են Ձեզ հետաքրքրում խաչքարերն ուսումնասիրելիս։
– Մենք նաև հետաքրքրված ենք խաչքարի երկրաչափական համամասնություններով։ Օրինակ, ինչ հարաբերություն կա խաչի ուղղահայաց և հորիզոնական թևերի միջև, ինչպես են դրանք կառուցվել, ինչպիսի համաչափություններ են օգտագործվել։
Այս թեմայի վերաբերյալ ուսումնասիրությունները շատ քիչ են։ Սովորաբար ուշադրությունը կենտրոնացվում է արձանագրությունների վրա, մինչդեռ խաչքարի մակերեսի մեծ մասը զբաղեցնում են զարդաքանդակները։
– Խաչքարերի տեղադրության հետ կապված որևէ հատուկ կանոն կա՞։
– Ավանդական խաչքարի տեղադրումը կողմնորոշված է։ Դասական մոտեցմամբ խաչքարի քանդակված երեսը պետք է ուղղված լինի դեպի արևմուտք։ Սա կապված է նաև քրիստոնեական խորհրդաբանության հետ․ արևելքը լույսի ուղղությունն է։ Հայկական եկեղեցիների դեպքում ևս խորանն արևելյան կողմում է և աղոթում ենք նայելով արևելքը։
Հետևաբաև խաչքարի տեղադրումը, պատահական հարց չէ և ունի խորհրդանշական նշանակություն։ Ցավոք, այսօր խաչքարերը երբեմն տեղադրվում են առանց այդ սկզբունքը հաշվի առնելու։ Խաչքարը դառնում է սովորական առարկա:
Հանգուցյալին պետք է այնպես հուղարկավորել, որ նայի խաչքարին:
– Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում Սյունիքում։
– Մեր աշխատանքը շարունակվելու է։ Առաջիկայում նախատեսում ենք ուսումնասիրել Գորիսի շրջանի մի շարք բնակավայրեր՝ Խնածախ, Արավուս, Խոզնավար, Հարժիս, Քարահունջ, Խոտ, Բարձրավան և այլ վայրեր։
Շարունակելու ենք նաև Կապանի ու հարակից տարածքների ուսումնասիրությունը։
Յուրաքանչյուր խաչքար լուսանկարում ենք, չափագրում, վերցնում դրա աշխարհագրական կոորդինատները և գրանցում գտնվելու վայրը։ Նշում ենք նաև՝ որտեղ է այն գտնվում՝ դաշտում, եկեղեցու պատի մեջ, ճակատին, խորշում և այլն։
Յուրաքանչյուր խաչքար ստանում է իր դասիչը և փաստաթղթավորվում տվյալների շտեմարանում։
– Այսինքն՝ ստեղծում եք նաև խաչքարերի տվյալների շտեմարան․․․
– Այո՛։ Մենք ստեղծել ենք խաչքարերի գույքագրման տվյալների շտեմարան։ Յուրաքանչյուր խաչքար ունի իր «անձնագիրը»՝ լուսանկարներով, չափերով, տեղադրության տվյալներով, արձանագրությամբ և այլ տեղեկություններով։
Այդ համակարգը հետագայում թույլ կտա ոչ միայն պահպանել տեղեկատվությունը, այլև ուսումնասիրել խաչքարերը քանակական և որակական տեսանկյունից։
- Կա՞ն կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում եք։
- Մեր աշխատանքի կարևոր մասն է նաև ուսանողների ներգրավումը։ Երևանի պետական համալսարանի հետ ունենք համագործակցության համաձայնագիր։ Ամեն տարի մեզ հետ աշխատում են ուսանողներ․ նրանք մասնակցում են չափագրմանը, գրանցմանը, թվականների և արձանագրությունների ուսումնասիրությանը։
– Որքա՞ն ժամանակ կպահանջվի Սյունիքի խաչքարերի ուսումնասիրությունն ավարտելու համար։
– «Ավարտել» բառը հարաբերական է։ Կարծում եմ՝ ևս մոտ երկու տարի, կարող ենք ունենալ բավական վստահելի ու ամբողջական պատկեր Սյունիքի խաչքարերի վերաբերյալ։
Դրանից հետո արդեն հնարավոր կլինի պատրաստել և հրատարակել Սյունիքի խաչքարերին նվիրված գիրքը։
Մեր նպատակն է ոչ թե մի քանի տասնյակ կամ հարյուր խաչքարի հիման վրա եզրակացություն անել, այլ հնարավորինս ամբողջական նյութ հավաքել։
-Իսկ ո՞վ է հովանավորում Ձեր այդ հրաշալի նախաձեռնությունը։
-Ես և Միշէլ Պասմաճյանը
– Ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Հույս ունեմ, որ մի օր կունենանք Սյունիքի խաչքարերին նվիրված ամբողջական կամ հնարավորինս ամբողջական գիրքը։
– Հույս ունեմ, որ այդ աշխատանքը կհասցնեմ ավարտին։
Հարցազրույցը՝
Իզա Ասծատրյանի