Ֆրանսիացի 31 խորհրդարանականներ կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին

10.10.2025 21:44
469

Ֆրանսիացի 31 սենատորներ ու պատգամավորներ, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ, կոչ-հայտարարություն են հրապարակել՝ ընդգծելով էթնիկ զտումն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների ազատ արձակման և այլ քայլերի անհրաժեշտությունը, հայտնում են «Արցախ միությունից»։

Ֆրանսիացի խորհրդարանականների հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը արդարացում չունեցող հուժկու ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ՝ վերջ դնելով այս հողում հայերի բազմադարյա ներկայությանը։ Հարձակումը տեղի ունեցավ այն պահին, երբ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որի համանախագահներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հանձն էր առել հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով սեփական ապագան ինքնուրույն որոշելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը ։ Չնայած այդ հանձնառությանը՝ Բաքուն ընտրեց պատերազմի ուղին։

Մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերջին 120 000 հայերը՝ երկրի ողջ բնակչությունը, հարկադրված եղան արտագաղթել Հայաստան։ Այս զանգվածային տեղահանմանը նախորդել էր իննամսյա շրջափակումը, որի նպատակը հայ բնակչության կյանքն անհնար դարձնելն էր՝ ստիպելով նրանց վերջնականապես լքել իրենց տները։ Իրականում շրջափակումը էթնիկ զտման քաղաքականության ծրագրավորված մի փուլ էր, որի հետևանքը եղավ հայ բնակչության լիակատար արտաքսումը։

Հարկ է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, տեղի բնակչության կողմից կազմակերպված ժողովրդավարական հանրաքվեի արդյունքում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի համաձայն։

Ներկայումս, երկու տարի անց, բռնի տեղահանվածների մեծ մասը շարունակում է ապրել անորոշության և աղքատության մեջ ։ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման կամ խեղաթյուրման։ Հայ գերիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, շարունակում են պահվել Բաքվի բանտերում ՝ առանց արդար դատավարության երաշխիքների։ Բաքվի ռեժիմը անպատժելիորեն շարունակում է իր քաղաքականությունը՝ տարածաշրջանից ջնջելով հայկական յուրաքանչյուր հետք։

Մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը և եվրոպական կազմակերպություններին՝ չտրվել դիվանագիտական անտարբերության։ Մենք վերահաստատում ենք հետևյալ սկզբունքները՝

1․ Լաչինի միջանցքի շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերի 19-ի հարձակման և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումների հստակ ու միանշանակ դատապարտում,

2․ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական պատասխանատուների անհապաղ ազատ արձակում,

3․ Միջազգային հարթակի ստեղծում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի, անվտանգության և հիմնարար իրավունքների երաշխավորման պայմանները գնահատելու համար,

4․ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության անօտարելի իրավունքի վերահաստատում՝ ապահով, արժանապատիվ և անխոչընդոտ վերադարձ իրենց տներ՝ համաձայն Միջազգային դատարանի որոշումների, մասնավորապես՝ 2023 թ․ նոյեմբերի 17-ի,

5․ Հասցեական եվրոպական պատժամիջոցներ՝ պատերազմի հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների պատասխանատուների նկատմամբ,

6․ Միջազգային հետաքննությունների աջակցում՝ Լեռնային Ղարաբաղում կատարված խախտումները փաստագրելու և, Հռոմի Ստատուտի 14-րդ հոդվածի համաձայն, Դատական վարույթներ մեկնարկելու համար,

7․ Հայաստանին աջակցելու ջանքերի ուժեղացում՝ հումանիտար, անվտանգության և մշակութային համագործակցության ոլորտներում։

Այս տխուր տարելիցի կապակցությամբ մենք վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը ճակատագիր չէ։ Նրանց վերադարձի իրավունքը պետք է մնա ժողովրդավարական երկրների օրակարգի կենտրոնում։ Եվրոպական միությունը չի կարող իր արժեքները պաշտպանել փոփոխական չափանիշներով․ արդարությունն ու մարդու իրավունքները պետք է լինեն համընդհանուր, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Ստորագրողներ՝

ԱԺ Պատգամավոր Ժոել Ավիրանյե՝ Սոցիալիստական կուսակցություն

Սենատոր Կատրին Բելրիտի՝ Հանրապետականներ

Սենատոր Գի Բենարոշ՝ Էկոլոգներ

Պատգամավոր Վերոնիկ Բեսս՝ Անկախ

Սենատոր Էթիեն Բլան՝ Հանրապետականներ

Սենատոր Ֆրանսուա Բոննո՝ Կենտրոնամետ միություն

Սենատոր Վալերի Բուայե՝ Հանրապետականներ

Պատգամավոր Քսավիե Բրետոն՝ Հանրապետականներ

Սենատոր Բերնար Բյուի՝ Միասին

Սենատոր Գիսլեն Կամբիե՝ Կենտրոնամետ միություն

Սենատոր Մարի-Առլետ Կառլոտտի՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Պոլ Քրիստոֆըլ՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Պիերիկ Կուրբոն՝ Սոցիալիստական կուսակցություն

Սենատոր Ժիլբերտ-Լյուկ Դըվինազ՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Ֆիլիպ Գոսսելեն Հանրապետականներ

Սենատոր Բեատրիս Գոսսելեն՝ Հանրապետականներ

Պատգամավոր Էմանուել Գրեգուար՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Միշել Հերբիլիոն Հանրապետականներ

Սենատոր Անիկ Ժակեմե՝ Կենտրոնամետ միություն

Սենատոր Յանիկ Ժադո՝ Էկոլոգներ

Պատգամավոր Լորան Լարդի՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Էմանուել Մանդոն՝ Միասին

Պատգամավոր Ալեքսանդրա Մարտին՝ Հանրապետականներ

Սենատոր Տիերի Մենյեն՝ Հանրապետականներ

Պատգամավոր Ժան-Ֆրանսուա Պորտարիե՝ Հորիզոններ

Պատգամավոր Ռիշար Ռամոս՝ Դեմոկրատներ

Պատգամավոր Իզաբել Սանտյագո՝ Սոցիալիստական կուսակցություն

Սենատոր Մարկ Սենե՝ Հանրապետականներ

Սենատոր Անն Սույրիս՝ Էկոլոգներ

Պատգամավոր Օրելյեն Տաշե՝ Անհնազանդ Ֆրանսիա

Սենատոր Ռաշին Տեմալ՝ Սոցիալիստական կուսակցություն

24news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40