Հասարակության մեջ շարունակվում են բուռն քննարկումները գազի գնի սպասվող բարձրացման շուրջ: Ակնհայտ են դառնում նորանոր իրողություններ` կապված ոչ միայն գազամատակարարման, այլեւ ամբողջ էներգահամակարգի ու կառավարության տնտեսական եւ սոցիալական քաղաքականության հետ, ի հայտ են գալիս հարցեր, որոնց պատասխանը, այնուամենայնիվ, չի տրվում (չտրվեց նաեւ մայիսի 24-ին ԱԺ-ում անցկացված լսումների ժամանակ): Մասնավորապես` հանրությանն այդպես էլ հայտնի չեն գազի գնի բարձրացման իրական մոտիվները. ավելի շատ շրջանառվում է քաղաքական շարժառիթը` իբր Ռուսաստանը հերթական անգամ դաս է տալիս իր «ռազմավարական ընկերոջը»` հայացքը Եվրոպային հառելու, Եվրասիական ու մաքսային ստեղծվող միությունների հարցում պարզորոշ դիրքորոշում չհայտնելու համար:
Գազի գինը Ռուսաստանը բարձրացրել է 2013թ. ապրիլի 1-ից, իսկ կառավարությունն այդ մասին հանրությանն ասաց երկու ամիս անց` հավանաբար մայրաքաղաքի ավագանու ընտրության օրերին ներքաղաքական հավելյալ լարվածությունից խուսափելու համար: Այդ ժամանակաշրջանի համար գազի (ավելացված) գինը վճարելու հարցը` մի կողմ, թեեւ դա ամենեւին էլ մանրուք չէ: Սակայն հանրությունից իրականությունը թաքցնելու հանգամանքը վկայում է, որ «Հայռուսգազարդը» մեզանում նաեւ քաղաքականությամբ է զբաղվում ու մասնակցում իշխանության մարմինների ձեւավորմանը, ինչը դատապարտելի է:
Առհասարակ երկրում խորհրդավորության մշուշով է պատված գազամատակարարման հարցը: Հայտնի չէ գազի գնի ձեւավորման սկզբունքը (ո՛չ գործող, ո՛չ էլ սպասվող): Եթե հստակ է սահմանի վրա մեզ վաճառվող գազի գինը, ապա անհայտ են սահմանից մինչեւ սպառող ընկած ճանապարհին ու համակարգի պահպանման համար կատարվող ծախսերի ծավալն ու գինը: Իրականում, մինչդեռ, ոչ միայն Հայաստանին վաճառվող գազի գինն է բարձրանում, այլեւ «Հայռուսգազարդի» ներհայաստանյան ծախսերի գինը:
Հանրությունն այլեւս չի հավատում անընդհատ հրամցվող այն խոսքի լրջությանն ու հավաստիությանը, թե իբր Ռուսաստանը գազը մեզ ավելի մատչելի գներով է վաճառում, քան մյուս պետություններին: Պարզվում է նաեւ, որ մեզ վաճառվող գազի սակագինը ցածր չէ նույնիսկ այն երկրներին առաքվող գազի գնից, ում հետ Ռուսաստանը տարիներ շարունակ «գազային պատերազմի» մեջ է:
Ամեն ինչ չէ հասկանալի հայ-իրանական գազամուղի հարցում: Որքանո՞վ էր խելամիտ այդ գազատարը փոքր տրամաչափով կառուցելն ու Ռուսաստանին հանձնելը, ինչի արդյունքում Հայաստանի գազամատակարարման ոլորտում հաստատվեց ռուսական բացարձակ մենաշնորհ:
Արդյո՞ք ձեւական չէ Հայաստանի` «Հայռուսգազարդում» 20% բաժնեմաս ունենալը: Ո՞վ է Հայաստանում հսկում «Հայռուսգազարդ» մոնոպոլիստի ծախսերը (եւ արդյո՞ք Հայաստանում տեղյակ են այդ ծախսերից): Տպավորություն կա, որ Հայաստանում գործող այդ ընկերությունը դուրս է մեր օրենսդրական-իրավական դաշտից: Տպավորություն կա, որ այդ ընկերության կառավարումն այնքան էլ արդյունավետ չէ:
Հայաստանի իշխանություններն էլ, կարծեք, Ռուսաստանի հետ երկխոսելու, բանակցելու, ինչ-որ զիջում կորզելու ռեսուրս այլեւս չունեն: Գոնե երկրի ներսում (սահմանից մինչեւ սպառող) մեր կառավարությունը կարգավորեր խնդիրը:
Կա՞ Հայաստանում մի մարդ, որ չի հասկանում, թե ինչ հետեւանքներ է ունենալու գազը 24 դրամով, էլէներգիան 8 դրամով թանկացնելն աղքատության նման ցուցանիշ (մոտ 30%) ունեցող հանրապետությունում: Հետո ի՞նչ, որ մեր հասարակությունն այլեւս ընդունակ չէ սոցիալական բունտի, ընդվզման, դիմադրության:
Այդ ինչպե՞ս ձեւավորվեց էլէներգիայի սակագինն ավելացնելու չափը` 8 դրամը, միգուցե չորս դրա՞մն էլ բավարար է:
Արդյո՞ք պետք է «Հայռուսգազարդի» շահութաբերությունը պահպանվի (նախկին չափով)` հայ հասարակության հետագա աղքատացման ու նվաստացման հաշվին:
Ի՞նչ է անում կառավարությունը գազի գնի բարձրացման արդեն իսկ տեսանելի հետեւանքները մեղմելու համար: Արդյո՞ք գազի գնի 30%-ի (սահմանի վրա) սուբսիդավորումը հարցի լուծում է, մանավանդ որ հստակ չէ, թե ինչ աղբյուրներից եւ որքան ժամանակով է իրականացվելու սուբսիդավորումը, մանավանդ որ հստակ չէ սուբսիդավորման մեխանիզմը (նախորդ դեպքերը վկայում են, որ սուբսիդիան մեծամասամբ արդարացի չի բաշխվում եւ հասցեական չի լինում ):
156 դրամ մեկ խորանարդ մետր գազի համար. որքա՞ն ժամանակի համար է սահմանվում այդ գինը, արդյո՞ք մի քանի ամիս հետո նոր գին չի պարտադրվի:
Գազի եւ էլէներգիայի սակագների բարձրացումից հետո որքանո՞վ կվերահսկվի լայն սպառման ապրանքների եւ կենսական նշանակության ծառայությունների գների բարձրացումը: Ի դեպ, արդեն իսկ սկսվել է գների բարձրացման շքերթը, թեեւ գազի ու էլէներգիայի գների բարձրացումը կմեկնարկի ս.թ. հուլիսի 10-ից ոչ շուտ:
Որքանո՞վ է մեզանում արդյունավետ իրականացվում (եւ իրականացվո՞ւմ է արդյոք) այլընտրանքային էներգետիկ աղբյուրների փնտրտուքը:
Գազի գնի շուրջ զարգացումները բացահայտեցին նաեւ, որ էներգետիկ անվտանգությունը մեզանում ապահովված չէ ըստ պատշաճի, որ էներգետիկ քաղաքականության ոլորտում մեր երկրի անկախությունն այլեւս կորցրել ենք, որ Հայաստանն այլեւս (այդ առումով հատկապես) սովորական մի պլացդարմ է Ռուսաստանի համար կամ Ռուսաստանի սովորական մի սատելիտ: Իսկ վերջին օրերի` այսպես կոչված հակառուսական դեմարշների շքերթը ներքաղաքական դաշտում անգամ ուշացած է համարվում եւ լրջությամբ չի ընդունվում: Տպավորություն ունենք նաեւ, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային ինչ-որ տեղաշարժեր են կատարվում, եւ հանրապետությունը կանգնած է երկընտրանքի (կողմնորոշումների վերանայման) առջեւ` եւրաինտեգրո՞ւմ, թե՞ Եվրասիական ու մաքսային միություններ:
Բոլոր այս եւ նման բազմաթիվ հարցերի պատասխանը, անշուշտ, ակնկալում ենք ստանալ երկրի վարիչներից (թեեւ նրանք հազվադեպ են պատասխանում հանրությանն իրականում մտահոգող հարցերին): Այդ բոլորով հանդերձ` կան թեմային առնչվող հարցեր (մի մասը` տեղական նշանակության), որ կարելի է պարզաբանել այստեղ` մարզում, ինչի համար էլ զրույցի ենք հրավիրել «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ տնօրեն Արթուր Խաչատրյանին (էջ 3):
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ