ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՊԱՍՎԱԾ ԽՈՍՔ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանի «Գրականագիտական ուսումնասիրություններ. Ա» գրքի մասին

30.03.2022 10:48
1545

    Գրականագետ Թեհմինա Մարությանի անունը մասնագիտական աշխարհում հայտնի է ոչ միայն գիտական մամուլից, այլև սևակագիտության մեջ ունեցած արժեքավոր ներդրմամբ` մասնավորապես 2006 թ. տպագրված «Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական անդրադարձները» մենագրությամբ:

    Վերջին տարիներին սթափ դատողություն ու վերլուծական միտք ունեցող գրականագետը մամուլում հանդես է գալիս ուշագրավ հոդվածներով, որոնք ամփոփվել են գրախոսվող գիտական հոդվածների ժողովածուում` «Գրականագիտական ուսումնասիրություններ. Ա» խորագրով:

    Գիրքը կազմված է երկու մասից` գիտական հոդվածներից և «Հրապարակումներ ու գրախոսություններ» բաժիններից:

    Թեհմինա Մարությանի ուսումնասիրությունները նվիրված են ինչպես սփյուռքահայ գրողներին` Սիմոն Սիմոնյանի գրական ու հրապարակախոսական ժառանգությանը, Կոստան Զարյանին, Հակոբ Օշականին, այնպես էլ ծնունդով սյունեցի գրողների` Սերո Խանզադյանի ստեղծագործությանը` մասնավորապես Արցախին նվիրված գործերին, Արկադի Ծատուրյանի՝ արցախյան թեմայով գործերին, Ալբերտ Իսաջանյանի քնարերգությանը, Գուսան Աշոտի ժառանգությանը և այլն:

    «Հայրենակորույս սասունցիների կերպարները Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուում», «Արցախյան հիմնահարցը Սիմոն Սիմոնյանի խմբագրած «Սփիւռք» շաբաթաթերթում (1958-1978)», «Ցեղասպանության արտացոլումը Սիմոն Սիմոնյանի ստեղծագործություններում», «Հայոց պատմության երգիծական պատկերման փորձը Սիմոն Սիմոնյանի «Կը խնդրուիխաչաձեւել» ստեղծագործության մեջ» հոդվածներում գրականագետը մասնագիտական աշխարհի առաջ բացում է լիբանանահայ մեծանուն արձակագիր ու հրապարակախոս, մեզանում խորհրդային տարիներին արգելված հեղինակ Սիմոն Սիմոնյանի ստեղծագործության գաղափարական ու գեղարվեստական գաղտնիքները: Սիմոնյանի ազգային մտածողության, գրական ըմբռնումների բացահայտման առումով ուշագրավ է նաև «Նորահայտ դրվագներ Սիմոն Սիմոնյանի և Համո Սահյանի լիբանանյան առնչություններից» հրապարակումը: Քանի որ «Սփիւռք» շաբաթաթերթի «որդեգրած ազգային-ազատական ուղղությունը անհամատեղելի էր խորհրդային մտակաղապարների հետ, ուստի և «Սփիւռք»-յան միջավայրը մեծ հաշվով անծանոթ մնաց հայրենի ընթերցողին» (էջ 249): Ահա այդ արգելքը տարիների հեռվից փորձում է հատել Թեհմինա Մարությանը` մասնագիտորեն արժևորելով Սիմոն Սիմոնյանի գրական դիմանկարը: Որքան էլ Սիմոնյանի խմբագրած շաբաթաթերթը հասու չի եղել խորհրդահայ ընթերցողին, միևնույնն է, այն դարձել է հայ գրողներին սփյուռքում ներկայացնելու լավագույն գրական հարթակը: «Սփիւռք»-ում հաճախ են տպագրվել Դերենիկ Դերմիրճյանի, Գուրգեն Մահարու, Խաչիկ Դաշտենցի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի ստեղծագործությունները, նաև նամակներն ու ազգային խնդիրների շուրջ բանավեճերը, ինչը խնամքով ուսումնասիրել և շրջահայաց դատողություններով ու վերլուծական մտքով ընթերցողին է ներկայացրել Թեհմինա Մարությանը:

     Ազգային խնդիրների շուրջ մշտապես արդիական հարցադրումներ են բարձրացվել Սիմոն Սիմոնյանի կողմից ոչ միայն իր գեղարվեստական երկերում, այլ նաև «Սփիւռք» շաբաթաթերթի էջերում: Արցախի, Նախիջևանի, Ախալքալաքի` Խորհրդային Հայաստանին միացնելու, ինչպես նաև Եղեռնի ճանաչման ու դատապարտման պահանջները եղել են Սիմոնյանի սկզբունքային հարցադրումները` որպես պատմական արդարության պահանջ, որոնք պարբերաբար արտահայտվել են նաև շաբաթաթերթի ծրագրային բնույթի խմբագրականներում: Ազգային այս հարցերի քննության համապատկերում ուշագրավ են նաև Աղասի Խանջյանի, Արշակ Չոպանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Վազգեն Ա Կաթողիկոսի արտահայտած դիրքորոշումները: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում 1960թ. օգոստոսի 13-ի համարում հրապարակված Սիմոնյանի բաց նամակը` ուղղված Ադրբեջանի Հանրապետության նախագահին, որն առաջին նմանօրինակ բաց նամակն է, որում պարզորոշ կոչ է արվել Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակի առթիվ մայր հայրենիքին վերադարձնել Արցախը և Նախիջևանը: «Դառնալով հողային պահանջի բարձրացման նախանձախնդիրն ու առաջամարտիկը Սփյուռքում և գրեթե երկու տասնամյակ քննարկելով ներքին հողային հարցերը` Սիմոնյանը աստիճանաբար հանգեց սեփական ուժերին ապավինելու, ազգային ինքնագիտակցությունից սկսելու  համոզմունքին: Սիմոնյանի գաղափարաբանությունը ամբողջովին սփյուռքահայ իրականության ծնունդ էր` կուսակցական թելադրանքներից զերծ, անկաշկանդ, անկողմնակալ, հայաշունչ ու հայանպաստ»,- եզրահանգում է գրականագետը:

    Սիմոն Սիմոնյանը իր գաղափարները տարածում էր նաև գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով, որոնց գրականագիտական քննությունը Թեհմինա Մարությանը կատարել է ինչպես թեմատիկ հարցադրումների զուգահեռմամբ, այնպես էլ գեղարվեստական երկերի խորքային մեկնաբանմամբ:

    Արցախյան հարցի առումով կարևոր մի ուսումնասիրություն է նաև «Շուշիի հայերի 1920 թվականի կոտորածների անդրադարձը «Մշակ» թերթում» հոդվածը, որն ունի ոչ թե գրականագիտական, այլ հայ մամուլի պատմության ուսումնասիրման խնդրադրություն, և այս առումով միակ հոդվածն է, որ հեռացել է գրականագիտական ուսումնասիրությունների ծիրից:

    Սերո Խանզադյանի ստեղծագործության ուսումնասիրման հարցերը ևս դարձել են Թեհմինա Մարությանի ուշադրության առարկան, և Խանզադյանին նվիրված երեք հոդվածները կարևոր ներդրումներ են խանզադյանագիտության մեջ, մասնավորապես «Շուշի» պատմավեպի և «Ղարաբաղը կրակների մեջ» գեղարվեստական վավերագրության պատմաճանաչողական արժեքի ներկայացմամբ:

    Չափազանց ուշագրավ ու հետաքրքրական է «Կանայք Ակսել Բակունցի կյանքում և իբրև նախակերպարներ` ստեղծագործություններում» կենսագրական մեթոդով գրված հոդվածը, որ բացում է Ակսել Բակունցի հոգու գաղտնիքները և նոր լույս սփռում նրա ստեղծագործության մեկնաբանման վրա:

    Բակունցագիտության մեջ նոր ու թարմ խոսք է այս հոդվածը, որում մասնավորապես բացահայտվում են Բակունցի պատանեկան զգայուն ներաշխարհն առաջինն ալեկոծող Հերդայի` Թագուհի Սաֆրազբեկյանի ինքնությունը և նրանց հետագա շփումների պատմությունը:

    Հուզիչ ու դրամատիկ մի դրվագ է «Խոնարհ աղջիկը» պատմվածքի գրական նախատիպի` լորեցի Սուքիաս Առուստամյանի երրորդ դստեր` Խոնարհի ինքնության և ողբերգական կյանքի մանրամասների բացահայտումը

    Բակունցի հոգու կենսագրության մի մասնիկն է նաև գյումրեցի մեծահամբավ նկարչուհի Մարիամ Ասլամազյանը, որը «Ակսել Բակունցը մոր հետ» բակունցյան թանգարանում պահվող կտավի հեղինակն է:

    Բակունցի կյանքի սրտահույզ դիպվածներից մեկն էլ ալպիական գեղեցկուհի Ժենյա Գյուզալյանն է, որին Բակունցը հանդիպել է 1926 թ. Հանրային գրադարանում, և նրանց մեջ սկսվել է մտերմիկ հարաբերություն: Փաստ է, որ «Ալպիական մանուշակ» պատմվածքի ձեռագիրը Բակունցն առաջինը կարդացել է հենց Ժենյա Գյուզալյանին: Թեհմինա Մարությանն իրավացիորեն նկատում է. «Չնայած խորհրդանշական ընծայագրումին` Արփենիկ Չարենցը նախակերպարային որևէ առնչություն չունի ստեղծագործության հետ» (էջ 241): Պատմվածքը, ինչպես նկատում է գրականագետը, նվիրված է հենց Ժենյա Գյուզալյանին: Վերջինս, ցավոք, 38 տարեկան հասակում ստալինյան ողբերգական բռնությունների զոհ է դարձել, ինչպես Բակունցը:

    Խարկովում ուսանելու տարիներին Ակսելին հանդիպած գաղթական մի աղջկա` Աստղիկի նկատմամբ համակրանքը ևս չի վրիպել գրականագետի տեսադաշտից, սակայն Բակունցի ճակատագրական կինը դարձել է Խարկովում հանդիպած նորնախիջևանցի Վարվառա (Վարյա) Չիվիջյանը, որի հետ Բակունցը ծանոթացել է 1923թ.–ին: Մեկ տարի անց նրանք ամուսանցել են և 1924 թ. մարտի 9-ին` Վարյայի ծննդյան օրը, Բակունցը նրան է նվիրել «Միրհավ» պատմվածքը, թեև այն չի ընծայագրված, ինչպես շեշտում է ուսումնասիրողը:

    Բակունցագիտությունն անցել է երկար ճանապարհ, թվում է` ամեն ինչ ասված է, սակայն Թեհմինա Մարությանն այսօր էլ շարունակում է անակնալներ մատուցել Ակսել Բակունցի կյանքի ու ստեղծագործության նորահայտ փաստերի բացահայտմամբ: Մասնավորապես օրերս Թեհմինա Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Բակունցի առաջին տպագիր նորահայտ ոչ պակաս արժեքավոր մի պատմվածքը, որը դուրս է մնացել ակադեմիական քառահատորյակից, ինչն արժանի է հատուկ գրականագիտական անդրադարձի

    Արժեքավոր հոդվածներ են նաև Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» երկի պատմագեղարվեստական արժեքը», ինչպես նաև գրական-տեսական ուղղվածություն ունեցող «Գեղարվեստական ստեղծագործության տարածաժամանակային վերլուծության մի քանի հարցեր» հոդվածները:

    Համո Սահյանի և Սիմոն Սիմոնյանի լիբանանյան առնչությունների, Պարույր Սևակի և Ալբերտ Իսաջանյանի գրական ու մարդկային առնչությունների մասին հրապարակումները նորույթ են գիտական հանրության համար:

    Գրախոսականի ժանրը ևս գրականագիտության կարևոր ժանրատեսակներից մեկն է, ինչի արտահայտությունն են «Սյունյաց երկրի» հատուկ համարը՝ նվիրված Գուսան Աշոտին» և «Արժեքավոր ավանդ սևակագիտության մեջ» գրախոսականները:

    Գրականագիտական ուսումնասիրությունների սույն ժողովածուի մեջ Արցախի թեման կարևորագույն խնդիրներից մեկն է, որ գրականագետ-հեղինակի ոչ միայն գիտական, այլև մարդկային նկարագրով է պայմանավորված. պատահական չէ Արցախի երիտասարդ գիտնականների գիտական աշխատությունների խմբագրական դժվարին աշխատանքը, որին լծված է Թեհմինա Մարությանը: Փոքր Սյունիքի` Արցախի նկատմամբ Թեհմինա Մարությանի նվիրումն ակնհայտ է ողջ գրքում: Սյունյաց աշխարհից ծնունդ առած պատվախնդիր գրականագետը պակաս հոգատար չէ նաև բնիկ սյունեցի գրողների նկատմամբ, որը ևս ակնհայտ է: Սակայն գրականագետի նրա պրպտող միտքը չի սահմանափակվում տեղային հայրենասիրության մակարդակում. Թեհմինա Մարությանը մասնագիտական աշխարհում առավել հայտնի է սևակագիտության մեջ ունեցած ներդրմամբ, իսկ վերջերս նաև սփյուռքահայ գրականության նկատմամբ հատուկ հոգածությամբ, մասնավորապես Սիմոն Սիմոնյանի ժառանգության ուսումնասիրություններով:

    Գրականագիտական ուսումնասիրությունների սույն ժողովածուն, որ հեղինակը նվիրել է ամուսնու` Վրույր Ստեփանյանի պայծառ հիշատակին, լի է գրականագիտական նորահայտ անակնկալներով, իսկ Թեհմինա Մարությանի խոսքը մշտապես թարմ է ու սպասված մասնագիտական աշխարհում:

     

    ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

    Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Կրեմլ

    27.04.2025 16:10

    Իրանում պայթյունից առնվազն 8 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 700-ի

    27.04.2025 09:39

    Մեծ հայրենականում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված գիտաժողով Կապանում

    27.04.2025 01:28

    Սյունիքում մահացած զինվորը Սիսիան համայնքի Աշոտավան գյուղից էր

    27.04.2025 00:54

    Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ

    26.04.2025 17:20

    Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

    26.04.2025 13:09

    Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ

    25.04.2025 21:01

    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ապրիլի 29-ին

    25.04.2025 20:57

    Հաղորդագրություն

    25.04.2025 20:27

    Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

    25.04.2025 20:20

    ԶՊՄԿ-ն պարզաբանում է տարածել

    25.04.2025 20:13

    Հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ավանդական տարեկան զեկույցը

    25.04.2025 20:06