Ինչպես արդեն հաղորդվել է, ս.թ. հունվարի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերություն, որի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՓԲԸ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը ՀՀ նախագահին է ներկայացրել համառոտ տեղեկատվություն ձեռնարկության գործունեության մասին: Հրաչ Ջաբրայանի ելույթը` ստորեւ:
Մեծարգո պարոն նախագահ
Deno Gold Mining Company-ն կանադական Dundee Precious Metals ընկերության սեփականություն է դարձել 2006 թվականին: Dundee Precious Metals ընկերությունը գտնվում է Կանադայի Տորոնտո քաղաքում: Անցյալ վեց եւ մի քիչ ավելի տարիներին ներդրել ենք 155 մլն դոլար եւ հիմա ուրախ ենք ասելու, որ այս պահի դրությամբ Deno Gold-ը Հայաստանի ստորգետնյա հանքարդյունաբերության առաջատար ընկերությունն է: Մեր վերջնական նպատակն է Deno Gold-ը դարձնել Հայաստանի այն ընկերությունը, որի աշխատանքը հիմնված է բացառապես կանադական, ասել է թե` միջազգային ամենաբարձր չափանիշների վրա: Այդ նպատակին հասնելու համար անցյալ տարի կատարեցինք լուրջ նախապատրաստական աշխատանքներ, որոնցից մի քանիսն առանձնացնում եմ:
– Անվտանգության պարտադիր դասընթացներ 1200-ից ավելի աշխատակցի համար:
– Անգլերենի դասընթացներ բոլոր ցանկացող աշխատողների համար:
– Ընկերության տեղացի աշխատողները միջազգային մակարդակով ճանաչված համալսարաններում մասնակցել են մասնագիտական դասընթացների, այդ թվում` Անգլիայում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում:
– Կազմակերպել ենք յուրահատուկ դասընթացներ մեր շարժակազմի եւ հանքի աշխատավորների համար, իսկ այս տարի կհիմնենք մեր ներքին շարժակազմի եւ հանքի աշխատողների համար նախատեսված մասնագիտացված դպրոց, որտեղ կկազմակերպվեն միջազգային չափորոշիչներով դասընթացներ:
– Deno Goldը 2012թ. կառուցել է ստորգետնյա փրկարարական ապաստարան. այն բացառիկ է եւ համապատասխանում է միջազգային արդի ամենաեզակի չափանիշներին, եզակի ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ անդրկովկասյան տարածաշրջանում, ու դրանով իսկ առավել ապահով է դարձել մեր աշխատողների անվտանգությունը: Նմանատիպ եւս մեկ ապաստարան կկառուցվի 2013-ին:
– Այս ամսում ավարտեցինք ընկերության արտադրական հզորությունների մեծացմանը միտված ծրագիրը, որը թույլ կտա բարելավել հանքաքարի մշակումը` հմտորեն մեծացնելով աշխատանքի արդյունավետությունը:
Թվարկված ծրագրերի համար նախատեսել ենք մեկ տարվա ընթացքում ծախսել մոտ 2.9 մլրդ դրամ:
Իսկ վերջին երեք տարում մեր ակնառու ներդրումները թվերի լեզվով ունեն հետեւյալ պատկերը.
– 6 մլրդ դրամ` բնապահպանական ծրագրերի իրականացման համար,
– 2 մլրդ դրամ` աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման համար,
– 800 մլն դրամ `աշխատողների ուսուցման եւ վերապատրաստման համար:
– 2012թ. աշխատողների աշխատավարձի ֆոնդը մեծացել է 400 միլիոն դրամով, ինչպես նաեւ վճարվել է 320 մլն դրամ պարգեւավճար, որի մեջ ղեկավար աշխատակազմի աշխատավարձը ներառված չէ: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի աշխատավորների միջին աշխատավարձն ամսական կտրվածքով կազմում է 250.000 դրամ, այդ հաշվարկի մեջ չեն մտնում թե հայ ղեկավար աշխատակազմի, թե արտասահմանցի 50 աշխատողի աշխատավարձերը:
Ձեր նախագահության երկրորդ հնգամյակի (ես դա ասում եմ ամենայն համոզվածությամբ, որովհետեւ կասկած չունեմ, որ Դուք կվերընտրվեք, քանզի Ձեր հեղինակությունն այդ առումով կասկածի տեղիք չի տալիս) առաջիկա տարվա ընթացքում Ձեզ կրկին հրավիրում ենք Deno Gold` այս անգամ ներկայացնելու ինչպես վերոհիշյալ աշխատանքների արդյունքները, այնպես էլ զանազան այլ ծրագրեր: Այդ ամենի հետ մեկտեղ շարունակում ենք հանքարդյունաբերության հետախուզական աշխատանքները թե՛ ստորգետնյա եւ թե՛ մակերեսային ուղղվածությամբ: Նպատակն է որոշել մեր հանքավայրի կարողությունները, ըստ այդմ էլ որոշել բաց եղանակով մշակման անցնելու հնարավորությունը: Վերջին տարբերակի իրագործման դեպքում այն կլինի միայն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Համանման մոտեցում ունենք նաեւ ստորգետնյա հանքի ընդլայնման հետախուզական աշխատանքների վերաբերյալ: Ենթադրում ենք, որ ընթացիկ` 2013 տարվա երկրորդ կեսին նախարարություն կներկայացնենք ուսումնասիրությունների վերջնական արդյունքները: Հետախուզական աշխատանքների համար 2012թ. ներդրել ենք մոտ 6 մլրդ 800 մլն դրամ: Նույնքան գումար ենք նախատեսել նաեւ 2013թ. համար: Վերջնական որոշման դեպքում այն, օրենքով նախատեսված կարգով, ներկայացնելու ենք հանրային քննարկման:
Մենք հպարտ ենք եւ ուրախ, որ հաջողություններ ենք արձանագրել հայրենիքում: Բայց մեր ամենամեծ հպարտությունը մեր նվիրվածությունն է մեր քաղաքին, մեր ժողովրդին եւ մեր հայրենի սուրբ հողին: Եվ այդ նվիրվածությունն է, որ մեզ չի թույլատրում անտարբեր մնալ Կապանի սոցիալական ոլորտում առկա հարցերի հանդեպ: Անցյալ երկու տարվա ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել քաղաքի մանկապարտեզները, որտեղ իրականացրել ենք նպատակային ծրագրեր, փորձել բարելավել դրանց սանհանգույցների, խոհանոցների, խմբասենյակների վիճակը: Այդ աշխատանքները կշարունակվեն այս տարի եւս:
Անցած երկու տարվա սոցիալական ծրագրերի մեջ լուրջ տեղ գրավեցին նաեւ դպրոցներն ու քոլեջները, Հայ առաքելական եկեղեցին` իր կիրակնօրյա դպրոցներով, մարզկենտրոնի խաղահրապարակներն ու հիվանդանոցը, կարմիր խաչի մասնաճյուղն ու անապահով ընտանիքները, բուժման կարիքավորները, ուսման վարձավճարի խնդիր ունեցողները, մանուկների ամառային ճամբարները, նոր տարվա տոնակատարությունը, տոնացույցի մյուս օրերը, Կապանի քաղաքապետարանն ու շրջակա համայնքները, քաղաքի թանգարաններն ու Արցախյան սուրբ պայքարում զոհված ազատամարտիկների ընտանիքները, ինչպես նաեւ սոցիալապես անապահով հարյուրավոր քաղաքացիներ, բազմաթիվ մարզական եւ բարեսիրական հասարակական կազմակերպություններ: Այդ ամենի համար վերջին երկու տարվա ընթացքում տրամադրվել է շուրջ 600 մլն դրամ, եւ խոստանում ենք, որ նորանոր ներդրումներով կշարունակենք այդ ծրագրերը: 2012թ. ուշադրությունից դուրս չմնաց նաեւ Ձեր հրամանատարության տակ գտնվող եւ մեր բոլորի սիրելի հայոց բանակը. տարվա ընթացքում սահմանապահ զորամասերից մեկը ստացավ մեր հատուկ շինարարական օգնությունը: Նոր տարվա առթիվ զորամասին տրամադրվեց սնունդ, իսկ 70 սպայի երեխաներ ստացան տոնական նվերներ: Անցյալ տարվա ընթացքում երեք այցելություն կազմակերպեցինք Արցախ` երկու-երեք օր ժամանակով, որոնցից երկուսին մասնակցեցին Արցախում երբեւէ չեղած մեր աշխատողները, իսկ երրորդը կազմակերպվեց քաղաքի ավելի քան 75 պատանու ու աղջկա համար:
Մենք հաջողության ճանապարհին ենք եւ վստահ ենք, որ նորանոր գործեր են մեզ սպասում: Մենք երիտասարդ ենք եւ փորձառու, մեր կամքն ուժեղ է, բայց այս բոլորի կողքին երբեք չենք մոռանում համեստության ու ազնվության մասին: Մենք պատրաստակամ ենք ծառայելու մեր ժողովրդին եւ այս ամենասուրբ հողին` Հայաստան եւ Արցախ աշխարհին:
Թող ձեր շուքն անպակաս լինի հայ ժողովրդի վրայից: Թող Աստված օգնական լինի Ձեզ: