Հարգանքի տուրք Փարաջանովի եւ նրա թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հիշատակին

04.05.2024 12:00
2009

Կապանի արվեստի պետական քոլեջում մայիսի 3-ի երեկոն «Նվիրյալը» խորագիրն էր կրում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանին: Կրթօջախի նախասրահը պատշաճ ձևավորում է ստացել նաև Զավեն Սարգսյանի արած լուսանկարների շնորհիվ: Ըստ ամենայնի միջոցառումը նախևառաջ պատեհ առիթ էր հարգանքի տուրք մատուցելու կինոյում նոր մտածողության և գեղագիտության հիմնադիր, կինոռեժիսոր, սցենարիստ, մի շարք միջազգային փառատոների դափնեկիր Փարաջանովին, ում 100-ամյա հոբելյանը լրանում է այս տարի: Պարզապես հանճար, նաև այլախոհ, ում նկատմամբ բռնությունների ու հալածանքների պակաս չէր զգացվում:

1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում բերեցին, սակայն տարօրինակն այն էր, որ երբ հայտնի դարձավ, սկսվեցին նրա դժբախտությունները: Պատճառը նրա արվեստը և սուր, խոցող լեզուն էին:

1965-ին հրավիրեցին Հայաստան, շրջեց երկրով մեկ, ծանոթացավ ճարտարապետությանը և արվեստին, ձեռնամուխ եղավ Սայաթ-Նովայի մասին ֆիլմ նկարահանելուն, ինչը մեծ ոգևորությամբ էր անում, որը դարձավ նրա նկարահանած լավագույն ֆիլմը և մեծ դժվարությամբ էկրան բարձրացավ՝ «Նռան գույնը» խորագրով: Հետո 15 տարի վտարվեց կինոյից, ավելին՝ երկու անգամ բանտ նետվեց: Երբ զրկված էր ֆիլմ նկարահանելուց, ստեղծագործական ողջ ավյունն ուղղեց նկարների, կոլաժների, տիկնիկների, գծանկարների և այլ արվեստի գործերի ստեղծմանը:

Կյանքի վերջում «Վրացֆիլմ»-ում նկարահանեց ևս երկու կինոնկար՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ Ղարիբ»: «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսեց աշխատանքները « Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրա: Նոր-նոր սկսած նկարահանումներն ընդհատվեցին՝ Փարաջանովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Կինոյի լեգենդը վախճանվեց 1990-ին և թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Դեռևս նրա կենդանության օրոք (սա էլ եզակի դեպքերից է) ձեռնամուխ եղան կինոռեժիսորի թանգարանի ստեղծմանը: Ավաղ, այն բացվեց նրա մահվանից հետո՝ 1991-ին, որի տնօրենը դարձավ Զավեն Սարգսյանը մինչև իր կյանքի վերջը:

Նա (ի դեպ, արմատներով Կապանի Կավարտ գյուղից է) մտերիմ է եղել Փարաջանովի հետ (ծանոթացել է 1978-ին), իսկ 12 տարի կինոռեժիսոր հանճարին լուսանկարել է: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին հատվածներ տեսաֆիլմերից, հնչեց Փարաջանովի կենդանի խոսքը, ավելի ստույգ՝ նրա որոշ մեկնաբանություններ իր նկարահանածների առնչությամբ, Զավեն Սարգսյանի հուշերը Փարաջանովի հիվանդության և նրա ապրած վերջին օրերի մասին: Ներկայացրեցին կարծիքներ նաև Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի մասին, նրա նվիրումի՝ կինոռեժիսորի թանգարանի պահպանման և նրա կինոարվեստի պրոպագանդման վերաբերյալ: Զավեն Սարգսյանը Փարաջանովի կինոարվեստը ճանաչելի դարձրեց աշխարհին: Համենայն դեպս, Փարաջանովի թանգարանի պատվավոր հյուրեր են եղել համաշխարհային ճանաչում ունեցող շատ ու շատ դեմքեր:

Երեկոյի ավարտին քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ, քոլեջի դասախոս Հասմիկ Գրիգորյանին և շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց: Նախորդ օրը Կապանի համայնքապետի որոշմամբ՝ Հասմիկ Գրիգորյանը նշանակվել է Կապանի գեղարվեստի դպրոցի տնօրեն:

Վահրամ Օրբելյան

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58