Ինչպես արդեն հաղորդել ենք՝ մայիսի 8-ին, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանում հարցազրույց է ունեցել Թեհրանի կովկասագիտության կենտրոնի հիմնադիր տնօրեն, ԻԻՀ մի շարք համալսարանների դասախոս Ջաֆար Խաշեի հետ։
Հարցազրույցի տեքստը՝ ստորև։
***
- Պարոն Խաշե, ողջունում ենք Ձեր այցը Սյունիք և ակնկալում հետաքրքիր ու անկեղծ զրույց։
Ձեզ հիշում ենք 2023 թ. սեպտեմբերի 20-ից, երբ Կապանում՝ Ձեր և գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի ու Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի համագործակցությամբ, կազմակերպվեց հայ–իրանական գիտաժողով՝ «Սյունիքը՝ պատմական, ռազմավարական նշանակության, տնտեսական համագործակցության և ներդրումային հեռանկարի համատեքստում»։
Եվ մեր զրույցը սկսելուց առաջ ուզում ենք հազարավոր սյունեցիների վշտակցությունը փոխանցել Ձեզ ու Ձեր միջոցով Իրանի բարեկամ ժողովրդին՝ օրեր առաջ Բանդար Աբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի առիթով, որը մարդկային բազում կյանքերի կորստյան պատճառ դարձավ:
- Իմ ջերմ ու անկեղծ ողջույններն եմ հղում բարեկամ կապանցիներին և Սյունիքի ամբողջ ժողովրդին։ Մեր անցած յուրաքանչյուր այցելության ժամանակ այստեղից վերադարձել ենք ուրախ հիշողությունով ու բարեկամության զգացումով, և դա երջանկություն է։
Ուզում եմ սիրելի հայերին հայտարարել, որ մենք՝ իրանցիներս, և ինքս՝ որպես հետազոտող, գիտակցում եմ՝ դուք որոշակի մտահոգություններ ունեք ։
Մենք հասկանում ենք ձեր մտահոգությունները, և ձեր կողքին ենք այս սթրեսների ու ցավերի մեջ՝ հիշելով մեր ընդհանուր մշակույթը, պատմությունը, մարդկային սկզբունքները, որոնք ունենք Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ:
Միանշանակ՝ կան խնդիրներ ու խոչընդոտներ, կան վերելքներ ու վայրէջքներ: Իրանը և Սյունիքը կարող են խոհեմությամբ ավելի հանգիստ անցնել այս դժվար ճանապարհը, որպեսզի փոքր-ինչ թեթևացվեն առկա մտահոգությունները։
Շնորհակալ եմ Բանդար Աբբասում տեղի ունեցած միջադեպի առիթով Ձեր ցավակցական խոսքի և այն բարեկամական զգացմունքների ու հույզերի համար, որ առկա են երկու ժողովուրդների միջև։
- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին Ադրբեջան կատարած այցի ընթացքում (Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունների համատեղ հանդիպման ժամանակ) հայտարարեց՝ «Ղարաբաղն ադրբեջանական տարածքի անբաժանելի մասն է, և մենք հարգում ենք այն»։
Իհարկե, դա ԻԻՀ պետական դիրքորոշումն է, որը լսել ենք նաև 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանն Արցախը մաքրում էր իր բնիկ ժողովրդից՝ հայերից։
Բայց այդ ամենից առնվազն սկզբունքային մեկ հարց է առաջանում՝ պատմական, իրավական ի՞նչ հիմքերով է Իրանը Ղարաբաղ–Արցախը համարում Ադրբեջանի տարածք։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Արցախը պատմության ընթացքում երբեք Ադրբեջանի մաս չի կազմել մինչև 1921 թ. հուլիսի 4-ը։ Միայն այդ ժամանակ Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն, չլինելով պետական կառույց և չունենալով նման իրավասություն, Արցախը բռնակցեց Ադրբեջանին։
Իսկ եթե Իրանն այլ հիմքեր ունի, ապա շնորհակալ կլինենք, եթե ներկայացնեիք դրանք։
- Շատ լավ հարց տվեցիք։ Նախ՝ կցանկանայի անդրադառնալ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությանը՝ տարածաշրջանային զարգացումների, հատկապես Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ։
Ինչպես գիտեք, այս տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը, ով մեր երկրի բարձրագույն իշխանության կրողն է, ելույթ ունեցավ և անդրադարձավ խնդրին՝ շեշտելով չորս սկզբունք՝ կապված Ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
Հիշատակված շատ կարևոր սկզբունքներից մեկը Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն էր, բայց, ցավոք, ականատես եղանք, որ ոչ միայն չպահպանվեց Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, այլ ժողովրդին բռնի տեղահանեցին։
Իսկ հիմա, փաստորեն, հայերի Ղարաբաղ վերադառնալու իրավունքի մասին խոսում են միայն ԻԻՀ պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը։ Բայց և չեմ տեսնում, որ (Իրանից բացի) տարածաշրջանային կամ անդրտարածաշրջանային որեւէ երկրի ներկայացուցիչ կարևորի այս հարցի լուծումը։
Չեմ կարծում, որ այսօր մենք քննարկում ենք Ղարաբաղի հարցի իրավական ու պատմական պատճառները։ Դա խնդիր է, որը պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների քննարկման առարկա, թեև շատերը կարծում են, թե հարցը փակված է: Իմ կարծիքով բանավեճը չի ավարտվել, խնդիրը չի կարգավորվել: Սա ցավոտ հարց է, որ գոյություն ունի, և հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը հակամարտությանն օրինական և արդարացի լուծում կտան:
Ինչ վերաբերում է պարոն Փեզեշքիանի Ադրբեջան կատարած այցին, ես՝ փորձագետս, և Դուք, որպես ձեր ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետ, պիտի միտումները դիտարկենք մակրո և աշխարհաքաղաքական առումով, ուսումնասիրենք դրանք իրական կողմերով, այլ ոչ թե մի կետ առանձնացնենք ու թույլ տանք, որ այն գերիշխի բոլոր քննարկումների ժամանակ։ Դա կարող է մեզ հնարավորություն ընձեռել՝ օբյեկտիվ պատկերացում կազմելու այն մասին, թե ինչ է իրականում կատարվում տարածաշրջանում։
Որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացում կազմել տեղի ունեցող իրադարձությունների մասին, պետք է միավորենք մակրո միտումները և կարողանանք իրականության վրա հիմնված ու օբյեկտիվ պատկեր ներկայացնել մեր ժողովուրդներին: Մարդիկ հետևում են լուրերին… Եվ մեր պարտքն է դիպուկ, ճիշտ ու համապարփակ հայացք նետել խնդիրներին՝ տարածաշրջանի հանրային տրամադրությունների տիրույթում խաղաղություն սերմանելով։
Այդ պատմության մեջ մտնելը մի տեսակ աղ է լցնում հայ ժողովրդի վերքերին: Դա իրականում անհրաժեշտ չէ, թեև տեղյակ ենք Իրանի արտաքին քաղաքականությանն ու նրա ընդհանուր տեսլականին, և դա այն հարցն է, որի շուրջ մտածել ու սկզբունքներ են որդեգրվել: Սակայն, եթե անընդհատ անդրադառնանք այդ խնդրին, կարծում եմ, դա կարող է օգտակար չլինել հայ հասարակական կարծիքի ու հանրային տրամադրությունների համար:
Մանրամասների վրա հիմնված մտածողության մեկ այլ վնասն էլ այն է, որ մեր բարեկամությունն ունի թշնամիներ, և նրանք փորձում են խաթարել մեր բարեկամությունն ու հնարավորինս հեռացնել մեզ միմյանցից: Բայց երբ մենք ունենում ենք ամբողջական տեսակետ, ապա նրանք չեն կարող հասնել իրենց նպատակին։
Իմ առաքելությունն է՝ որպես հետազոտող, և Դուք՝ որպես մեդիա ոլորտի ներկայացուցիչ, հեռու մնանք վնասներ պարունակող գործելակերպից և ձգտենք մեր բարեկամությունը տեսնել տասնամյակների, դարերի և հազարամյակների գործընթացներում: Փորձենք, օրինակ, հայացք ձգել պատմական մի դրվագի՝ 1918-1919 թվականներին ո՞վ օգնեց Գարեգին Նեժդեհին՝ պահպանելու Սյունիքը։ Դա Իրանն էր և Իրանի ժողովուրդը։
Իրանի ժողովուրդը և Իրանի կառավարությունը ջատագով են արդարության, ճշմարտության ու բարեկամության, և դրանք մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից են:
- Շարունակենք Արցախի թեման...
2023 թ. սեպտեմբեր–հոկտեմբերից Արցախի հայ բնակչությունը բռնությամբ դուրս է բերվել հազարամյակներ շարունակ իր բնօրրան հանդիսացող երկրամասից։
Եվ մոտ 150 հազար արցախահայ այսօր հնարավորություն չունի վերադառնալու իր պապենական օջախներ...
Այնուհետև՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվում է Բաքվում՝ շինծու մեղադրանքներով, կեղծ դատավարությամբ, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, ակնհայտ խոշտանգումներով...
Այնուհետև՝ 21-րդ դարում, քաղաքակիրթ կոչվող աշխարհի աչքի առջև, պղծվում են Արցախի քրիստոնեական սրբավայրերը, մեր գերեզմանները...
Հազարամյակներ շարունակ հայ և իրանական ժողովուրդների միջև իսկական բարեկամություն է եղել ու կա։ Ուստի և բարոյական իրավունք ունենք սպասելու, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ և ոչ երկիմաստ դիրքորոշում կհայտնի վերոնշյալ խնդիրների առնչությամբ, բայց...
- Ես դիվանագետ չեմ և չեմ կարող մեկնաբանել, թե ինչու այդ հարցերի հանդեպ քաղաքական դիրքորոշում չկա։ Կարող եք հարցնել պարոն Աբեդին Վարամինին, ով Սյունիքում մեր դիվանագետն է, և նա կարող է պաշտոնական կարծիք հայտնել։ Բայց, որպես փորձագետ, երբ նայում եմ այդ իրադարձություններին, որ տեղի ունեցան 2023 թվականին, երբ Ղարաբաղի գրեթե 120 հազար բնակիչ վտարվեց իրենց տներից՝ ամենասարսափելի և ցավալի իրավիճակում, շատ մեծ ողբերգություն եմ համարում թե՛ քաղաքական և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից ։
Բայց, ցավոք, ականատես ենք միջազգային լռության, որևէ վճռական և ազդեցիկ դիրքորոշում չենք տեսնում միջազգային ասպարեզում՝ այդ ողբերգության առնչությամբ, հայերի սրբատեղիներն ավերելու առնչությամբ: Այն, ինչ տեղի է ունենում՝ քաղաքակիրթ որևէ մարդու համար ընդունելի չէ։ Անկախ կրոնից, պետք է հարգել ուրիշների հավատքը և համոզմունքները, հատկապես, եթե փաստերը վերաբերում են այն վայրերին, որոնք, բացի կրոնական և սուրբ լինելուց, կապված են տարածաշրջանի պատմության և ինքնության հետ: Նման արարքները դատապարտելի են...
Մյուս կողմից՝ Ղարաբաղի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ այժմ գտնվում են Իլհամ Ալիեւի բանտերում։ Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ և չգիտեմ, թե այդ ամենը որքանով է համահունչ միջազգային իրավունքին: Բայց միակ սուբյեկտը, որն ունի իրավասություն՝ հետամուտ լինելու այդ հարցերի լուծմանը, Հայաստանի կառավարությունն է, մինչդեռ հայկական լրատվամիջոցներում ոչինչ չեմ տեսնում այն մասին, որ Հայաստանի իշխանությունը հետամուտ է տվյալ խնդրի լուծմանը: Մենք գիտենք, թե ինչ վիճակում են այդ բանտարկյալները, հատկապես պարոն Ռուբեն Վարդանյանը։
Սրանք դիտարկումներ են, որ առկա են փորձագիտական միջավայրում, որոնք չեն կարող լինել ճշգրիտ։ Մի բան սակայն ակնհայտ է՝ այդ հարցերի լուծմանը պետք է պաշտոնապես հետամուտ լինի Հայաստանի կառավարությունը:
- Այս տարվա հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ, ստորագրվեց ռուս–իրանական ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր...
Ենթադրում ենք՝ այդ պայմանագրով նաև Հարավային Կովկասին առնչվող հարցեր են արծարծվել։
Ու երբ ռուս–իրանական համագործակցության մասին է խոսվում, ապա մենք նախևառաջ կենտրոնանում ենք մի կոնկրետ խնդրի վրա՝ Հայաստանին և մասնավորապես Սյունիքին առնչվող հարցերում դիրքորոշումների ի՞նչ նույնություն և ի՞նչ տարաձայնություններ կան։
Գուցե Դո՞ւք լույս սփռեք խնդրո առարկայի վրա։
- Եթե Իրանի և Ռուսաստանի միջև քննարկումներ լինեն Հարավային Կովկասի վերաբերյալ, ապա այդ քննարկումներն անպայման կանցկացվեն միջազգայնորեն ընդունված սահմանները պահպանելու, տարածաշրջանի ժողովուրդների շահերը պաշտպանելու և միջազգային իրավունքի նորմերը հարգելու սկզբունքներին համահունչ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ բանակցություններում չի քննարկվել որևէ բան, որը կխանգարեր տարածաշրջանի երկրների իրավունքներին և ինքնիշխանությանը։
Բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են պարոն Փեզեշքիանի և պարոն Պուտինի միջև՝ տվյալ այցի ընթացքում։ Դա հարց է, որին կարող են պատասխան տալ դիվանագետները։ Այդ մասին լրատվամիջոցներում ոչինչ չի նշվում, իսկ Ռուսաստանն ու Իրանը Կովկասի հարցում ունեն ընդհանուր և տարբեր դիրքորոշումներ։ Այդ առումով կցանկանայի նշել մի հանգամանք՝ Ռուսաստանը որոշ ժամանակ եղել է Հարավային Կովկասում գլխավոր դերակատարը և մենաշնորհային հայացք ուներ տարածաշրջանի նկատմամբ ու չէր ցանկանում, որ տարածաշրջանում այլ դերակատարներ լինեն:
Բայց ուկրաինական զարգացումների ընթացքում Ռուսաստանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ նվազեց։ Հաշվի առնելով այն ակնկալիքները, որ Ռուսաստանն ուներ ուկրաինական պատերազմում՝ կապված Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումների հետ, մենք ականատես եղանք Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությանը, ու նա իր դիրքորոշումը՝ Հայաստանին աջակցելուց փոխեց Ադրբեջանին աջակցելու ուղղությամբ:
Իսկ Իրանը փոխզիջումների մտադրություն չունի: Թեև Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր ենք միջազգային հարաբերությունների և մակրո մակարդակում, սակայն տարածաշրջանային հարցերում և տարածաշրջանի բնակչության շահերի հաշվին որևէ մեկի հետ փոխզիջումների գնալու մտադրություն չունենք։
Դուք ականատես եղաք, երբ երկու տարի առաջ Պուտինն Էրդողանի հետ այցելեց Թեհրան... Իրանի առաջնորդը երկուսին էլ հիշեցրեց՝ մեր սահմանների անսասանությունն ԻԻՀ կարմիր գիծն է…
Դուք ոչ մի դեպքում չպետք է անհանգստանաք, որ Իրանը կարող է Հայաստանի և Հայաստանի շահերի շուրջ կուլիսներում բանակցել ինչ-որ մեկի հետ։ Նման բան երբեք չի լինի ու նախադեպ չունի Իրանի պատմության մեջ: Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները հանրահայտ են ու մարդասիրական, և Դուք կարող եք տեսնել դրա դրսևորումները վերջին տարիներին: Օրինակ, ինչ դիրքորոշում ենք ունեցել Ռուսաստանի և Վրաստանի պատերազմում, ինչ դիրք ենք գրավել Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմի հանդեպ և ինչ դիրք ենք զբաղեցնում Զանգեզուրի կեղծ միջանցքի ստեղծման նախագծի հարցում:
Իրանի տեսանկյունից կարող եմ ասել՝ այն սկզբունքները, որոնք գործում էին տարածաշրջանում վերջին մի քանի տարիներին, այն շեշտադրումները, որոնք դրվել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում՝ արդիական են նույն ինտենսիվությամբ և կարևորությամբ:
Դրա օրինակը կարող են լինել վերջերս իրականացված Իրան-Հայաստան համատեղ զորավարժությունները։ Ուշադրություն դարձրեք և տեսեք՝ այդ զորավարժությունները եղել են ԱՄՆ-ի հետ Իրանի լարվածության գագաթնակետին, և Իրանի գլխավոր առաջնահերթությունն այսօր ԱՄՆ-ի հետ լարվածության կառավարումն է։ Սակայն դա նույնիսկ չի հանգեցնում Կովկասի նկատմամբ Իրանի ուշադրության թուլացմանը։ Իրանն ուշադիր է այս տարածաշրջանի նկատմամբ և համատեղ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի հետ, ու այն կարմիր գծերը, որ դրվել է երկրի արտաքին քաղաքականության հիմքում, որևէ կերպ հնարավոր չէ փոխել։
- Եվ, այդուհանդերձ, ռուս–իրանական հարաբերություններում, որքան տեսնում ենք, անհամաձայնություն կա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի շուրջ, որում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»։
Արդյո՞ք մեր ունեցած տեղեկությունը՝ տվյալ հարցում ռուս-իրանական անհամաձայնության մասին, ոչ հավաստի է։
- Ինչ վերաբերում է 9-րդ կետին՝ տրանսպորտային ուղիներին առնչվող, ես չեմ նկատել, որ Իրանն ու Ռուսաստանը տարաձայնություններ ունենան։ Այն աջակցությունը, որը վերջերս բացահայտորեն արտահայտվեց ՌԴ ԱԳ նախարարի, իսկ ավելի ուշ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի կողմից՝ ի պաշտպանություն տվյալ երթուղու վերաբացման, չի անտեսում մեր մոտեցումները: Լավ է, որ ենթադրյալ ճանապարհ կգործի Հայաստանի իշխանության ներքո, և որ դրա տրամաբանությունը կլինի տնտեսական։ Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է, և ոչ ոք չի կարող ընդդիմանալ դրան ու փաստացի միջամտել այդ խնդրին։ Եթե երթուղին, որը նախատեսված է Հայաստանի հարավից՝ Հայաստանի բացարձակ ու ամբողջական ինքնիշխանության ներքո, իրականություն դառնա՝ զուտ տնտեսական տրամաբանությամբ, մենք չենք կարող միջամտել Հայաստանի որոշմանը, և դա բացարձակապես ընդունված չէ միջազգային իրավունքի առումով։ Սակայն կարծում եմ՝ հաշվի առնելով Հայաստանի հանդեպ երկու տերության հնարավոր էքսպանսիոնիզմը, եթե դա տեղի ունենա, ապա կարող է ապագայում Հայաստանի համար անախորժություններ առաջացնել: Մանավանդ, եթե բացվելիք երթուղու վրա՝ Հայաստանի տարածքում, ծախսեր կատարած լինեն այդ երկրները:
Մենք տեսնում ենք, որ Չինաստանի նման երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունն է, բայց դա ունի տնտեսական տրամաբանություն: Ուրեմն և շատ կարևոր է, որ միջանցքներից որևէ մեկը չխախտի ընդունող երկրի ինքնիշխանությունը. դա մեր կարմիր գիծն է։ Մենք ընդդիմանալու ենք հակառակ դիրքորոշում ունեցող ցանկացած կողմի՝ լինի դա Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ամերիկան, թե որևէ այլ երկիր։
- Եվս մեկ հարց՝ ռուս–իրանական հարաբերություններին առնչվող, որը հետաքրքրում է ոչ միայն մեզ...
Երբ 2025-ի հունվարի 17-ին Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության պայմանագիր էր ստորագրվում՝ շրջանառվում էին (նաև մամուլում) ամենատարբեր բնույթի ոչ պաշտոնական խոսակցություններ։
Դրանցից մեկը՝ իբր Իրանի Իսլամական Հանրապետությունը քննարկման առարկա է դարձրել 1813 թ. Գյուլիստանի և 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրերը վերանայելու հարցը։ Դրանք, ինչպես հայտնի է, այն պայմանագրերն են, որոնց համաձայն Ադրբեջանի, Հայաստանի, Նախիջևանի, Ղարաբաղ–Արցախի տարածքներն Իրանից անցել են Ռուսաստանին։
Կարո՞ղ եք արձագանքել նման խոսակցություններին։
- Ես դա իրականում չեմ լսել և տեղեկություն չունեմ այդ մասին: Նման հարց Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա չէ, և չգիտեմ, թե որ լրատվամիջոցն է նման տեղեկատվություն տարածել:
- Մենք ժամանակ առ ժամանակ լսում ենք Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, թե տարածաշրջանում անընդունելի է երկրների գործող սահմանների որևէ խախտում։
Անշուշտ, նման դիրքորոշումը գնահատելի է, և մենք, անկեղծ լինեմ, այստեղ ավելի ապահով ենք զգում՝ Իրանի նման դիրքորոշումը հաշվի առնելով։
Բայց փորձենք իրերը կոչել իրենց անուններով...
2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանը բռնազավթել է Սյունիքի մարզի մի շարք տարածքներ։
Բռնազավթված տարածքների ստույգ չափը պաշտոնապես մեզ չեն հայտնում, բայց դրա մասշտաբները պատկերացնելու համար մեկ օրինակ հիշենք՝ միայն Կապանի տարածաշրջանում Ադրբեջանը բռնազավթել է մոտ 2700 հա տարածք։
Եվ բոլորս լռում ենք, կարծեք ոչինչ չի պատահել։
Մեր եղբայրական Իրանն էլ լուռ է այդ հարցում։
- Դա շատ կարևոր հարց է և էական ազդեցություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Բայց նայեք, Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ արտահայտել է մեր դիրքորոշումը և աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը: Ուրեմն ի՞նչ պետք է անի Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմա։ Եկեք յուրաքանչյուր միջադեպի պարագայում դիրքորոշում ընդունենք և գործնական քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ դիվանագիտական, գործնական և քաղաքական կարողություններ ու գործիքներ ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եթե այս հարցը քննարկվի միջազգային որևէ կազմակերպությունում կամ ֆորումում, Իրանը կարող է քվեարկել Հայաստանի օգտին: Սակայն նման նախաձեռնություն չի իրականացվում Հայաստանի կառավարության կողմից։
Իրականում, ի՞նչ գործիքներ ունի Իրանն այդ հարցում դիրքորոշում հայտնելու համար։ Այս պատմության մեկնարկային կետը հենց Հայաստանի կառավարության նախաձեռնությունը պետք է լինի: Վերջապես, իրավական և միջազգային առումով, Հայաստանի կառավարությունն ինքը պետք է միջոցներ ձեռնարկի, այդ ժամանակ տարածաշրջանի ընկերները կարող են իրենց օգնությունը ցուցաբերել։ Առանց նման նախաձեռնության Իրանը չի կարող օրինականորեն մասնակցել խնդրի կարգավորմանը: Հակառակ ուղին միջազգայնորեն ընդունված չէ, և Իրանի կառավարությունն իրականում չի կարող միջամտել որևէ հարցի, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են, և մեր սկզբունքները՝ հարևանների հետ ունեցած հարաբերություններում, հստակ են:
- Հիմա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին...
Իրանի դիրքորոշումը մեզ հայտնի է և մենք բարձր ենք գնահատում...
Անցած տարի Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս պարոն Վարամինի օգնությամբ հնարավորություն ունեցանք անմիջականորեն ծանոթանալ Արազի միջանցքին, որը հետխորհրդային շրջանում միշտ էլ տրանսպորտային կապ է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև։ Ներկայումս էլ այդ ճանապարհն ավելի բարեհարմար է դարձվում։
Հետևաբար՝ ինչո՞ւ են այդքան համառորեն Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում Ադրբեջան–Նախիջևան հաղորդակցությունն իրականացնել հենց մեր տարածքով։
Սյունիքում մեզ երբեմն հարցնում են՝ հնարավո՞ր է օրերից մի օր Իրանն ընկրկի և ինչ–ինչ փոխզիջումների արդյունքում հետ կանգնի իր դիրքորոշումից՝ կապված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։
- Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այդ նպատակը հետապնդելու պատճառը տվյալ կառավարությունների ագրեսիվ և ծավալապաշտական ոգին է, նրանց նպատակը տնտեսական չէ, այդ նախագիծը չունի տնտեսական տրամաբանություն։ Ադրբեջանն ու Թուրքիան միացված են Վրաստանի տարածքով, այնտեղ էլ՝ ենթակառուցվածքներում, ներդրումներ են կատարում, և տնտեսական առումով տվյալ երթուղին շահավետ է: Չնայած ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է՝ եթե դուք իսկապես ուզում եք տնտեսական միջանցք, ապա ՀՀ կառավարությունը պատրաստ է ապահովել նման երթուղի: Բայց քանի որ նրանց մտադրությունն ուրիշ է, նրանք համաձայն չեն բացվելիք երթուղու նկատմամբ ՀՀ վերահսկողությանը։ Նրանք ձգտում են անջատել հայկական տարածքի այդ մասը և վերցնել այն իրենց համար՝ համապատասխանեցնելով Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներին։ Ահա թե ինչու կտրականապես դեմ ենք այդ տրամաբանությանը: Ոչ թե տնտեսական տրամաբանությանն ենք դեմ, այլ այն էքսպանսիոնիստական տրամաբանությանը, որն ունեն այդ երկրները, և նրանք միայնակ չեն։ Այդ ծրագրերն ունեն տարածաշրջանից դուրս աջակիցներ։ Մենք ոչ մի կերպ չենք համաձայնի այդ տրամաբանությանը։ Մենք մեր կապը Սև ծովի և Եվրոպայի հետ կախվածության մեջ չենք դնի Թուրքիայից։ Դա Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է, և այդպիսին է եղել տարիներ շարունակ։ Խնդիրը նոր չէ, այդ հարցում առաջին քայլը կատարվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Մոսկվայի ու Կարսի համաձայնագրերից և հետագայում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Իրականում դա մեծ ծրագիր է, որը նրանք հետապնդում են և ցանկանում ավարտին հասցնել։ Իրանի Իսլամական Հանրապետությունն անպայման կհակադրվի նման տրամաբանությանը՝ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ մշակութային, քաղաքական և տնտեսական նկատառումներով։ Իրանի Իսլամական Հանրապետությունում այդ հարցի վերաբերյալ դիրքորոշման որևէ փոփոխություն չի եղել և չի լինի, քանի որ խնդիրը շատ կարևոր է։ Այդ նախագիծը, եթե կյանքի կոչվի, կխաթարվի ամբողջ տարածաշրջանային կարգը և աշխարհաքաղաքական կարգը՝ ի վնաս Իրանի և Հայաստանի։ Իրանը չի ընդունի այդ մոտեցումը ոչ մի պարագայում: Ինչպես տեսաք՝ պարոն Փեզեշքիանի Ադրբեջան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ ընդգծվեց՝ դա մեր կարմիր գիծն է, և այն չենք հատելու ոչ մի պարագայում
- Ապրիլի 9-10-ը Հայաստանն ու Իրանն անցկացրին համատեղ զորավարժություններ։
Ըստ մամուլի հրապարակումների՝ երկու երկրների սահմանին անցկացված զորավարժությունների ընթացքում մշակվել են Հայաստան–Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։
Դարձյալ ըստ մամուլի՝ կողմերից յուրաքանչյուրի ստորաբաժանումները զորավարժությունն անցկացրել են իրենց տարածքում (հայկական ստորաբաժանումը՝ Հայաստանի, իրանականը՝ Իրանի տարածքում), և գործի են դրվել թեթև ու ծանր սպառազինություններ, մշակվել դիպուկահարների գործողություններ։
Ի՞նչ կավելացնեք մամուլի հրապարակումներին։
Ինչո՞վ էր պայմանավորված այդ զորավարժությունը։
Գործնականում ի՞նչ կտա այդ զորավարժությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման տեսակետից։
- Դա կարևոր իրադարձություն էր Իրանի և Հայաստանի հարաբերություններում։ Այն համագործակցությունը, որը մեր երկու երկրները կարող են ունենալ ընդհանուր սպառնալիքների դեմ՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով, կարող է լավ արդյունքներ ունենալ։ Քաղաքական առումով դա ուղերձ էր այն մասին, որ մենք միասին ենք սպառնալիքների դեմ, երկու կողմում էլ կան համագործակցության վճռականություն և կամք։ Գիտե՞ք, երբ պատերազմ է տեղի ունենում, պատճառներից մեկը ռազմավարական հավասարակշռության խախտումն է լինում։ Ռազմավարական հավասարակշռությունը ներառում է ինչպես ռազմական բաղադրիչ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության դրսևորումներ։ Երկիրը չի կարող ունենալ էքսպանսիոնիստական ձգտումներ միայն այն պատճառով, որ ունի գերազանց ռազմական հզորություն։ Այն պետք է ստեղծի տարածաշրջանային կոալիցիա իր սեփական նպատակների շուրջ, որը կարող է նպաստել իր նպատակների իրագործմանը։ Այս առումով տեղի ունեցած զորավարժությունը ցույց է տալիս, որ Հայաստանը, բացի իր ներքին հնարավորություններից, կարող է հույսը դնել նաև հարևանի վրա՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։
- Մի հարց, որ առաջին հայացքից գուցե և տարօրինակ, նույնիսկ պարզունակ թվա, բայց Սյունիքում հաճախ ենք այդ հարցն ինքներս մեզ ուղղում...
Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, այն էլ՝ Սյունիքի ուղղությամբ։
Աստված մի արասցե՝ եթե Ադրբեջանը հերթական անգամ նման սանձարձակություն դրսևորի՝ գործնական ինչպիսի՞ քայլերի կդիմի եղբայրական Իրանը։
- Այդ սպառնալիքները գոյություն են ունեցել և այսօր էլ կան: Եվ եթե ուզում եք իմանալ, թե ապագայում՝ նման իրավիճակում, ինչ կանի Իրանը, ապա կասեմ՝ Իրանի դիրքորոշումը կլինի հստակ և ակնհայտ։
Ինչ է արել Իրանն անցյալում՝ նման սպառնալիքներին դիմակայելու համար։
Իրանի մոտեցումը համակողմանի է՝ տնտեսական, քաղաքական, ռազմական և դիվանագիտական։ Մենք տեսնում ենք՝ ամենաբարձր մակարդակներից մինչև փորձագիտական մակարդակներ, իրանցիները միշտ շեշտը դրել են Հայաստանի տարածքային ամբողջականության և այս տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման վրա: Քաղաքական առումով ականատես ենք, որ հենց այս շենքը, որտեղ հիմա նստած ենք՝ Կապանում գտնվող Իրանի գլխավոր հյուպատոսությունը, դրա արդյունքն է։ Այնուհետև զորավարժություններ են անցկացվում՝ համագործակցությունն ու սիներգիան մեծացնելու համար։ Տնտեսական առումով ականատես ենք, որ Իրանը ներդրումներ է կատարում սահմանից մինչև Երևան տանող երթուղու կառուցման գործում։
Դրանք բոլորն Իրանի մոտեցումների գործնական դրսևորումներն են՝ հնարավոր ագրեսիան կանխելու համար։
Արդյո՞ք Ադրբեջանի Հանրապետությունը կգործի իր հռետորաբանությանը համահունչ և կձեռնարկի ագրեսիա… Իրանի Իսլամական Հանրապետությունը տարբեր մոտեցումներ կդրսևորի այդ դեպքում։ Մեր երկիրը բազմիցս հայտարարել է, որ կաջակցի ճնշվածներին՝ ճնշման դեմ պայքարում, սակայն դա այն պայմանով, որ ճնշվածներն իրավական խնդրանքով դիմեն Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Սիրիայում աջակցել ենք սիրիացի ժողովրդին և Սիրիայի տարածքային ամբողջականությանը՝ այդ երկրի պաշտոնական խնդրանքով, քանի դեռ Բաշար ալ-Ասադն ինքն ուժեղ կամք ուներ:
Շատ կարևոր հարց է՝ նման իրավիճակում ինչպիսի՞ն կլինի Հայաստանի կառավարության դիրքորոշումը։
Բացի դրանից, կան իրավական տարբերակներ, այդ թվում՝ փաստը, որ այս հյուպատոսության շենքը, որտեղ հիմա գտնվում ենք, համարվում է Իրանի տարածք։ Եթե մեկն այս տարածքին նայում է բացասական հայացքով, դա նույնն է, թե նա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին է այդպես վերաբերվում։ Մենք անտարբեր չենք կարող լինել այդ դեպքում։
- Ի՞նչն է, ըստ Ձեզ, խանգարում հայ–իրանական հարաբերություններին ռազմավարական համագործակցության բնույթ տալուն։
Կողքից նայելով՝ ինչ–որ չափավորություն և զսպվածություն ենք նկատում, մանավանդ, երբ խոսքը գնում է անվտանգային ոլորտում համագործակցության մասին։
- Իրանն ունի հստակ դիրքորոշում՝ տարածաշրջանի հարցերն ու խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։
Այս տարածաշրջան մուտք գործող ցանկացած օտարերկրյա մասնակից ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլ նաև կավելացնի խնդիրները։ Սակայն, թե ինչ որոշում կկայացնի Հայաստանը՝ դա իր իրավունքն է, և մենք չենք կարող միջամտել դրան։
Երևանում կայացված որոշումները կարող են Իրանի Իսլամական Հանրապետությանը դրդել ավելի մեծ համագործակցության կամ հակառակը՝ միմյանցից հեռանալուն։
- Դուք տեղյակ եք, որ Հայաստանի իշխանությունները Եվրամիություն գնալու կոնկրետ քայլեր են ձեռնարկում՝ հիմա արդեն օրենքի ուժով։
Ինչպե՞ս են հարևան ու բարեկամ Իրանում վերաբերվում մեր իշխանությունների այդ նախաձեռնությանը։
Եվ, ըստ Ձեզ, ո՞րն է այն առավելագույն սահմանը կամ կարմիր գիծը Եվրոպայի հետ մեր մերձեցման ճանապարհին, որը հիմնովին կանդրադառնար հայ–իրանական հարաբերություններին՝ բացասական առումով:
- Որպես փորձագետ կարող եմ գնահատել ԵՄ դիտորդների ներկայությունը տարածաշրջանում. նրանց գործողություններում դրական ցուցանիշներ չեմ նկատում ։
Դիտորդների ներկայության ընթացքում Ադրբեջանից բազմիցս կրակոցներ են արձակվել Հայաստանի տարածքի ուղղությամբ։
Արդյո՞ք դիտորդների ներկայությունը որևէ ազդեցություն ունեցավ նման ոտնձգությունները կանխելու վրա։
ԵՄ դիտորդների ներկայությունը ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել և չի ունենա Հայաստանի շահերի վրա կամ տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Ընդհակառակը՝ նրանց ներկայությունը կարող է և բացասաբար անդրադառնալ Իրան-Հայաստան հարաբերություններին...
- ԱՄՆ նոր նախագահն Իրանին սպառնում է պատերազմով՝ առաջադրելով ինչ–ինչ նախապայմաններ…
Իրան–ԱՄՆ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ըստ Ձեզ։
Եվ ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ տարածաշրջանում՝ այդ հարաբերություններից բխող։
Հավատացեք, այդ հարցը մեզ լրջորեն մտահոգում է, քանզի խոսքը մեր հարևան ու բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության մասին է, ինչից կախված է նաև մեր երկրի անվտանգությունը:
- Իրան-ԱՄՆ հարաբերությունների վերլուծաբան չեմ, իմ ուսումնասիրությունները վերաբերում են Կովկասին։
Բայց, որպես շարքային իրանցի, կարող եմ արտահայտել կարծիքս. Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմ չի լինի, քանզի նրանք գիտեն, թե ինչ կարժենա այդ պատերազմն իրենց համար, և այդ պատճառով նրանք երբեք չեն համարձակվի պատերազմ սանձազերծել։
Դուք ականատեսն եք, որ ԱՄՆ-ն արդեն մեկ ամիս է՝ չի կարողանում կանգնեցնել Եմենին, որը մի քանի տարի գտնվում է պաշարման մեջ և չունի որևէ հատուկ ներուժ։ Եվ ԱՄՆ-ն ստիպված եղավ հայտարարել հնարավոր համաձայնագրի մասին՝ առանց հաշվի առնելու սկզբնապես հայտարարած նպատակները, և ասել՝ համաձայնվել ենք այլևս չհարձակվել միմյանց վրա՝ առանց հիշատակելու Իսրայելին, որը եմենցիների թիրախներից է։
Դուք տեսնում եք, որ ԱՄՆ-ն ձախողվել է Եմենում, որը շատ ավելի թույլ է, քան Իրանը:
Այսօր Ամերիկայի գլխավոր առաջնահերթությունը Չինաստանն է, և ցանկանում է կառավարել իր խնդիրները Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, Ուկրաինայում ու անցնել համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակի, որպեսզի կարողանա կենտրոնանալ Չինաստանի վրա։ Հետևաբար՝ Ամերիկան այս առումով նոր պատերազմ չի կարող փնտրել Մերձավոր Արևելքում:
Կարծում եմ նաև, Իրանն ու Ամերիկան, հավանաբար, ի վերջո կհասնեն համաձայնության, չնայած այդ ճանապարհին կան խոչընդոտներ, որոնք կարող են ձգձգել կարգավորման հարցը:
Այդուհանդերձ՝ հորիզոնը տեսնում եմ համաձայնության, այլ ոչ թե լարվածության աճի մեջ։
Եվ եթե նույնիսկ համաձայնություն տեղի չունենա, ապա դա ազդեցություն չի ունենա տարածաշրջանի վրա։ Այս լարվածության գագաթնակետին դուք տեսնում եք, որ մենք համատեղ զորավարժություն ենք անցկացնում Հայաստանի հետ, ինչը նշանակում է՝ մենք չենք զոհաբերի այս տարածաշրջանը մեր որևէ առաջնահերթության համար, ու այս տարածաշրջանում մեր կողմից հայտարարված կարմիր գծերը շարունակաբար կպահպանվեն։ Դուք՝ կապանցիներդ, սյունեցիներդ և հայաստանցիներդ, կարող եք վստահ լինել դրանում։
Հարցազրույցը՝
Սամվել Ալեքսանյանի