Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41
442

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների և Ջրային կոմիտեի վերակազմավորման հեռանկարները:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխման ճանապարհային քարտեզը, որը ներառում է 2026-2035 թթ. ընթացքում ջրային համակարգերի կառավարման ռազմավարական ծրագրի մշակում, օրենսդրության և գործող նորմերի վերանայում, արդիականացում, ոռոգման համակարգերի և հողատարածքների գույքագրում, ջրային ռեսուրսների արդյունավետ, կլիմակայուն և ջրախնայող կառավարում, ոռոգման համակարգերի կառավարման կատարելագործում, մշտադիտարկում, հողերի խոշորացում, ջրախնայող գյուղատնտեսության տեսակարար կշռի ավելացում, ջրամբարների կառուցմանն ուղղված աշխատանքներ և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև 2026-2031թթ. Ջրային կոմիտեի միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ ջրի կառավարման ոլորտում ռազմավարական նպատակները պետք է հստակ արձանագրել՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու նպատակով. «Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողեր, բազմամյա տնկարկներ և խոտհարքներ, դարձնել 100 տոկոսով ոռոգելի»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ջրային ոլորտում ներդրումները պետք է էականորեն ուղղված լինեն ոռոգման տեխնոլոգիաների զարգացմանը։

Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև գյուղատնտեսական նշանակության հողերն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: «Դա արդեն մասնագիտական վերլուծության հարց է, և սա նույնպես շատ կարևոր ուղղություն է, այսինքն՝ ես կարծում եմ, որ մենք ջրային ոլորտում այսպիսի ռազմավարական խնդիր պետք է դնենք և այդ ռազմավարական խնդիրը հնարավորինս ձևակերպենք»,-ասել է վարչապետը։

Անդրադառնալով հողերի խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու շատ ուղիղ և կոնկրետ գործիք է: Վարչապետն առաջարկել է հանրային կառավարման բարեփոխումների տրամաբանության շրջանակում դիտարկել այս երկու խնդիրների փոխկապակցված լինելու հարցը:

«Մեր հաջորդ ռազմավարական խնդիրը ջրի ոլորտում հետևյալն է, որ հանրապետության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Այսինքն՝ առանց բացառության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Մենք մեր երկարաժամկետ ծրագրերը պետք է կառուցենք այս տրամաբանությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս բոլոր հարցերի լուծումը հնարավոր չէ առանց ջրի նկատմամբ գիտակցության փոփոխության:

Շարունակելով թեման՝ վարչապետն արձանագրել է. «Հաջորդ կարևոր խնդիրը, որն իմ կարծիքով, մեր տեսադաշտից շատ հաճախ բաց ենք թողնում, մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների գեներացիան և մատակարարումն է, որովհետև տեխնիկական ջուրը և խմելու ջուրը խառնում ենք իրար, և ըստ էության, կորցնում ենք նաև տեսադաշտից մի շատ կարևոր հարց, որ ի վերջո տնտեսության բազմաթիվ ճյուղեր ունեն տեխնիկական ջրի անհրաժեշտություն: Ես հիմա ինչքան հասկանում եմ, նաև տեղ-տեղ խմելու ջուր է օգտագործվում որպես տեխնիկական ջուր, որը նույնպես ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այսինքն, այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ ի վերջո, նախորդող շրջանում տարեկան 7% տնտեսական աճ միջինում ապահովեցինք, հիմա հաջորդ շրջանում դնում ենք տարեկան 6% տնտեսական աճ, բայց չունենք հաշվարկ, այդ աճող տնտեսությունը ջրային ի՞նչ լրացուցիչ ռեսուրսների կարիք է ունենալու, որովհետև գնում ենք արդյունաբերական արտադրանքի շատ հավակնոտ աճի, ցուցանիշներ ենք դնում, սակայն մոռանում ենք, որ առանց ջրի հնարավոր չէ արդյունք: Արդյունաբերություն և արդյունաբերության աճ հնարավոր չէ: Եթե կա արդյունաբերության աճ, նշանակում է կա նաև ջրի սպառման աճ, տեխնիկական ջրի սպառման աճ»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տեխնիկական ջրի հետ կապված խնդիրների կարգավորումը:

Անդրադառնալով ռազմավարական հաջորդ խնդրին՝ երկրի ղեկավարը կարևորել է, որ հանրապետությունում առանց մաքրման ջուր բաց չթողնվի բնություն: «Էական չէ՝ ինչ նպատակով է այդ ջուրն օգտագործվել: Այսինքն՝ ջուրն օգտագործվեց, բնություն բաց թողնվելուց առաջ պետք է մաքրվի: Սա շատ կարևոր ռազմավարական խնդիր է, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանման և զարգացման տրամաբանությամբ։ Եվ իհարկե, մշտական թեման, որն ունենք, դա Սևանա լճի պահպանությունը և զարգացումն է: Հաջորդը՝ սրանից բխող գետերի և լճերի սպասարկումը, խնամքը»:

Մտքերի փոխանակություն և շահագրգիռ քննարկում է ծավալվել ջրային ռեսուրսների և համակարգերի կոնսոլիդացման ու արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքային քննարկում կազմակերպել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ և զեկուցել արդյունքների մասին:

 

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21