Հայաստանի ղեկավարը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին․ Հարութ Սասունյան

11.02.2026 10:48
349

Օրեցօր Թուրքիան և Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) դրա լավագույն ապացույցն է։ Թրամփը չի հոգում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա շահերի մասին։ Նա մտածում է միայն իր անձնական շահերի մասին՝ հուսահատորեն փնտրելով անարժան Նոբելյան խաղաղության մրցանակ։ TRIPP-ը պարզապես այլ անուն է  Թուրանի ճանապարհի համար, որը Թուրքիան և Ադրբեջանը կապում է Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ՝ վաղեմի պանթյուրքական երազանք, որը լուրջ սպառնալիք է Հայաստանի գոյության համար։

Որքան էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե ինքը խաղաղություն է բերել Հայաստան՝ ինչպես պնդում է, որ ժողովրդավարություն է հաստատել, իրականությունը մնում է այն, որ ոչ միայն խաղաղություն չկա, այլև նույնիսկ անարժեք «Խաղաղության պայմանագիրը» ստորագրված չէ։

Մտահոգիչ է, որ Հայաստանի ղեկավարը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին։ Այս երկու երկրները՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, անում են ամեն ինչ, որպեսզի այս հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը մնա իշխանության ղեկին։ Վերջին բանը, որ նրանք ցանկանում են՝ նրան փոխարինող հայ ազգայնականի գալն է, որը կջնջի վերջին ութ տարիների ընթացքում նրանց բոլոր ձեռքբերումները։ Ահա թե ինչու ենք մշտապես լսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և նրա մերձավորներից, որ նրանք խնդիր չունեն Փաշինյանի հետ, սակայն խիստ մտահոգված են «արմատական» Սփյուռքով։

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեանոց տեսանյութն է՝ «Նրանք թուրքերեն են դասավանդում [Հայաստանի] դպրոցներում» վերնագրով։ Տեսանյութը, որը պատրաստել է թուրք բլոգեր Էրենջան Ալգյունը, վերջին 11 օրվա ընթացքում դիտվել է 86,562 անգամ և ունի 638 մեկնաբանություն։

Ալգյունը, որն ունի մոտ 200 հազար հետևորդ, հայտարարել է. «Ինչո՞ւ է Հայաստանը բարեկամանում Թուրքիայի հետ։ Դպրոցներում թուրքերեն են դասավանդում։ Մի՞գուցե Հայաստանն աստիճանաբար ազատվում է Թուրքիայի նկատմամբ իր թշնամանքից։ Եկեք այս հարցին նայենք Փաշինյանի հայտարարությունների միջոցով։ Անցած ամռանը նա ասաց. «Մեր միակ տարբերակը Թուրքիայի հետ հաշտվելն է։ Պատերազմե՞լ Թուրքիայի նման երկրի հետ։ Նրանք չգիտեն՝ ինչի մասին են խոսում»։ Բացի այդ՝ «Թուրքիան և Հայաստանը միմյանց համար սպառնալիք չեն։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը խոչընդոտ չէ Թուրանի ճանապարհի համար։ Եթե ջրուղի կա, բոլորս այդ ջրից կարող ենք միասին խմել», հայտարարել է նա։ Այս հայտարարություններից կարճ ժամանակ անց Թրամփը միջամտեց՝ վերանվանելով հայտնի Զանգեզուրի միջանցքը Թրամփի միջանցք և տրամադրելով ԱՄՆ-ին 100-ամյա վարձակալության իրավունք տարածաշրջանում… Ինչպե՞ս են Փաշինյանի խաղաղասիրական խոսքերը ազդում հասարակության վրա, և ինչպե՞ս է Հայաստանը առաջ տանում այս գործընթացը»։

Իրոք, Հայաստանի կրթության նախարարը հայտարարել է, որ Հայաստանում շուրջ 400 ավագ դպրոց հետաքրքրություն է ցուցաբերել ադրբեջաներեն և թուրքերեն լեզուների ուսուցման նկատմամբ: Սակայն նախարարն ընդունել է, որ այս լեզուների որակյալ ուսուցիչների պակաս կա: Հաջորդ քայլը կարող է լինել հարյուրավոր ադրբեջանցի և թուրք ուսուցիչների տեղափոխումը Հայաստան, ինչը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել ապագա լրտեսների համար: Ես ավելի քիչ կմտահոգվեի, եթե այս լեզուները դասավանդվեին համալսարաններում, այլ ոչ թե ավագ դպրոցներում:

Ալգյունը շարունակեց. «Հայաստանի քաղաքական առանցքն սկսել է փոխվել, և այն ընտրել է համագործակցության ուղի թուրքերի հետ… Հայաստանում «թուրք», «Թուրքիա» և «թուրքական» բառերը դեռևս հուզականություն առաջացնող բառեր են: Թուրքերենի առկայությունը որպես ընտրովի առարկա Հայաստանում դեռևս չի նշանակում, որ երկու հասարակությունները մոտենում են միմյանց: Սակայն դա նշան է, որ երկու երկրները դադարել են անտեսել միմյանց, և Փաշինյանի հայտարարությունները հաստատում են սա»:

Մեկնաբանելով TRIPP-ը, որը ադրբեջանցիները և թուրքերը անվանում են միջանցք, Ալգյուն նշեց. «Զանգեզուրը ոչ միայն տրանսպորտային ուղի է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլև ռազմավարական գիծ է, որը կապում է Թուրքիան և Կենտրոնական Ասիան: Երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, մինչ այդ անջատված թվացող թյուրքական պետություններն առաջին անգամ կկապվեն անխափան ցամաքային ճանապարհով: Սա պարզապես խորհրդանշական միավորում չէ: Այս ճանապարհով կարող են անցկացվել բնական գազի և նավթի խողովակաշարեր: Կտեղադրվեն օպտիկամանրաթելային ինտերնետային մալուխներ: Կստեղծվի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն: Պատկերացրեք, որ մեկը դուրս է գալիս Ստամբուլից ավտոբուսով և ճանապարհորդում Իգդիրով, Նախիջևանով, Զանգեզուրով, Ղարաբաղով, Գյանջայով և Բաքվով՝ մինչև Կասպից ծովի ափ: Այնտեղից նա կարող է նավով հասնել Ղազախստան, ապա ավտոբուսով՝ Բիշքեկ, կամ գուցե Ուրումչի [Չինաստան]…. Սա պարզապես ճանապարհ չէ։ Սա քաղաքակրթությունների վերամիավորման նման մի բան է: Այս տեսլականը կոչվում է նաև Թուրանի ճանապարհ, բայց քանի որ այդ եզրույթն անհանգստացնում է որոշ [հայ] շրջանակների, դիվանագիտորեն օգտագործվում է «միջին միջանցք» եզրույթը: Իսկ ի՞նչ դեր է ունենալու Հայաստանն այս գործընթացում։ Իրականությունն այն է, որ Հայաստանը կարող է օգտվել այս միջանցքից։ Եթե նա գործի խելամտորեն, նրա տնտեսությունը կարող է վերակենդանանալ այս ճանապարհի միջոցով, քանի որ այստեղով անցնող յուրաքանչյուր բեռնատար փաստացի կանցնի Հայաստանի սահմաններով։ Կբացվեն նոր եկամտի աղբյուրներ՝ լոգիստիկ եկամուտներ, ծառայությունների ոլորտի շահույթ և մաքսային վճարներ, և նույնիսկ հնարավոր է ներգրավել նոր արտասահմանյան ներդրումներ»։

Այնուամենայնիվ, Ալգյունը խոստովանեց. «Անցյալի բեռն այնքան ծանր է, որ նրանք [հայերը] չեն կարող հաղթահարել որոշ զգացմունքներ: Այսօր Հայաստանի քաղաքական հռետորաբանությունը դեռևս կենտրոնանում է ցեղասպանության, Ղարաբաղի կորստի և Թուրքիայի՝ որպես թշնամու գաղափարի շուրջ: Բնական է, որ այս հռետորաբանությամբ մեծացած հասարակության համար միասնության ուղուն աջակցելը հեշտ չի թվում: Տեսնենք՝ ժամանակը ինչ ցույց կտա: Սպասենք և տեսնենք»:

Ալգյունը եզրափակելով ընդգծեց, որ Թրամփի ճանապարհը «օգտակար կլինի մեր երկրի [Թուրքիայի] և Ադրբեջանի համար։ Իմ կարծիքով, այն ոչ միայն տրանսպորտային նշանակություն կունենա, այլև կհանգեցնի աշխարհաքաղաքական ընդլայնման։ Սա ձեռք է բերում ռազմավարական նշանակություն՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Եվ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն այն վայրն է, որտեղ Թուրքիայի զինված ուժերն ակտիվորեն ներկայություն ունեն։ Եթե այս միջանցքը բացվի, Թուրքիայի զինված ուժերի ազդեցությունը արևելքում էլ ավելի կուժեղանա։ Հետևաբար, Թուրքիան այս սցենարում առնացքային դեր է խաղում։ Պետք է պարզապես իմանալ, թե ինչպես ճիշտ խաղարկել մեր քարտերը»։

Հարութ Սասունյան 
www.ThealiforniaCourier.com

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46