Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը. նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

05.10.2018 15:40
1142

Երևանում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հոկտեմբերի 4-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման վայրում՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու փորձնական արարողություն, որում ներգրավված էին ոստիկանության և անվտանգության աշխատակիցներ, ՊՆ պատվո պահակախումբը, պաշտոնական պատվիրակություններին ուղեկցող վարորդները, ԱԳՆ աշխատակիցները:

Փորձին ներկա էին նաև ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության թղթակիցների հետ զրույցում ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրը պաշտոնական պատվիրակությունների դիմավորման արարողության մանրամասները: Բոլոր պատվիրակությունները գագաթնաժողովի անցկացման վայր են ժամանելու իրենց հատկացված ավտոմեքենաներով, բոլոր ավտոմեքենաներում լինելու են անվտանգության աշխատակիցներ: Պատվիրակությունների անդամները իրենց հյուրանոցներից Մարզահամերգային համալիր կշարժվեն ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, այդ ընթացքում փակ կլինեն բոլոր ճանապարհները, որոնցով անցնելու են տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչները: Պատվիրակություններին տրամադրված ավտոմեքենաները հերթով, առանց միմյանց խանգարելու կանգնելու են Մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ նրանց դիմավորելու է պատվո պահակախումբը: Ավտոմեքենայից իջնելուց հետո պատվիրակությունների անդամները կանցնեն կարմիր գորգի վրայով, ներս կմտնեն, որտեղ էլ նրանց կդիմավորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն ու նրա ամուսինը: Երբ բոլոր պատվիրակությունները ժամանած կլինեն Մարզահամերգային համալիր, տեղի կունենա ընտանեկան լուսանկարի արարողություն, ինչից հետո պատվիրակությունները կուղևորվեն դահլիճ, որտեղ էլ կկայանա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությունը:

«Պատվիրակություններին դիմավորելու արարողությունը պետք է լինի ներդաշնակ: Հիմա այստեղ մենք այդ փորձն ենք կատարում: Երբ պատվիրակությունների անդամները կիջնեն ավտոմեքենայից, այն անմիջապես դուրս կգա տարածքից, որից հետո հաջորդ ավտոմեքենան կգա, և այդպես շարունակ: Այդ ամբողջը կատարվում է կապի միջոցով:  Մենք քաղաքի տարբեր կետերում ունենալու ենք աշխատակիցներ: Շարասյունը հենց անցավ, աշխատակիցները տեղեկատվությունը փոխանցում են կենտրոնական արարողակարգին: Այսինքն, բոլոր ծառայությունները՝ արարողակարգը, ոստիկանությունն ու անվտանգությունը միաժամանակ պետք է կապի մեջ լինեն»,- մանրամասնեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ղեկավարում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը    «Արմենպրես»-ի  և Հանրային հեռուստաընկերության թղթակիցների հետ զրույցում նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրականացվել է բավականին մեծ ծավալի աշխատանք: «Ես ցանկանում եմ անկեղծ գոհունակություն և շնորհակալություն հայտնեմ մեր շտաբի թիմին: Հիմա արդեն վերջնական փորձերն ենք իրականացնում հյուրերի դիմավորման: Որոշ շտկումների կարիք կա, բայց ընդհանուր առմամբ շատ բարձր մակարդակի միջոցառումներ են սպասվում»,- նշեց փոխվարչապետը:

Նա ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է աննախադեպ միջոցառում, որի շատ նյուանսներ չի ցանկանում հրապարակել, որպեսզի հետաքրքրությունն ավելի մեծ լինի: «Արդեն գիտեք, որ 40-ից ավել երկրների ղեկավարների մակարդակով ընդունելություն ենք ունենալու: Բոլոր բաժանումները իրականացված են, ժամերը ֆիքսված են, բոլոր փողոցները,որոնցով հյուրերը պետք է տեղաշարժվեն, փակվելու են: Ես ցանկանում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը խնդրել դրա համար: Եվ այդ իսկ պատճառով մենք հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր ենք հայտարարել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Երևանում փայլուն միջոցառում է սպասվում: Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ, ընդհանուր առմամբ հպարտ ենք լինելու նրա համար, ինչ տեղի է ունենալու մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին:

Փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: «Հայաստանը միշտ պատրաստ է նման միջոցառումների: Եվ ես կարծում եմ, որ կազմակերպչական առումով թիմը իրապես շատ պատրաստված է, և ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, որը իրապես շատ բարձր և պրոֆեսիոնալ մակարդակի է արել ամեն ինչ»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները Երևանում կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից, իսկ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-ին և 12-ին: Գագաթնաժողովի օրերը ՀՀ-ում կլինեն ոչ աշխատանքային:

 

Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան

06.10.2026 21:33

Սուրբ Թարգմանչաց տոնը և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու 25-ամյակը

06.10.2026 20:02

Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

06.10.2026 18:56

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

06.10.2026 17:10

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

06.10.2026 16:45

Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ

06.10.2026 16:25

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

06.10.2026 16:05

Ջեյհուն Բայրամովը քննարկել է TRIPP-ն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ

06.10.2026 16:01

Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք

06.10.2026 15:18

Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին

06.10.2026 15:12

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը

06.10.2026 15:04

Ճակատենի ութ սրբավայրերը, որոնցից մեկը գերության մեջ է, երկուսը՝ հայ–ադրբեջանական շփման գծում

06.10.2026 11:51