Հայե՛ր, միացե՛ք, Արցախն է մեզ կանչում, օգնության հասնենք

20.05.2023 20:29
1441

Մայիսի 20-ին Կոռնիձորի մերձակայքում՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու Տեղ-Կոռնիձոր-Հագարի կամուրջ հատվածում տեղի ունեցավ հանրահավաք՝ ի պաշտպանություն մոտ վեց ամիս ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի:

Կոռնիձոր գյուղի մուտքի մոտ գտնվող պուրակում հավաքվելուց հետո՝ միտինգավորները ոտքով անցան մոտ մեկ կմ ճանապարհ եւ կանգ առան այն վայրում, որտեղ պիտի տեղի ունենար հանրահավաքը: Այդտեղ, ի դեպ, առավոտվանից հնչում էին հայրենասիրական երգեր:

Շրջափակված Արցախի սահմանին նման հանրահավաքի կազմակերպումը, կարելի է ասել, նոր երեւույթ էր ե՛ւ բովանդակությամբ, ե՛ւ ոգով, ե՛ւ բարձրացված հարցերի հրատապությամբ: Դա, իսկապես, քաջերի հավաք էր, անվախների հավաք…

Հանրահավաքի մասնակիցներին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնության խոսքը փոխանցեցին Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Տիգրան քահանա Հակոբյանը եւ Վահանավանքի հոգեւոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը:

Հանրահավաքին ելույթ ունեցան «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Գոռ Սարգսյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մոտ հինգ հազար հայորդի իրենց համերաշխությունը հայտնեցին շրջափակման մեջ գտնվող արցախցիներին ու երիցս ի լուր աշխարհի հայտարարեցին՝ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջան կոչվող ահաբեկչական պետության կազմում:

Ելույթ ունեցողներն անթույլատրելի համարեցին Ադրբեջանի հետ խաղաղության որեւէ փաստաթղթի ստորագրում, քանի դեռ հայոց Շուշին եւ Հադրութը բռնազավթված են, քանի դեռ Սյունիքի տարբեր վայրեր օկուպացված են թշնամու կողմից:

Բանախոսները դատապարտեցին միջազգային կազմակերպությունների, նաեւ աշխարհի առաջատար պետությունների պահվածքը, որոնք բացի մերկապարանոց եւ հաճախ անհասցե հայտարարություններից այն կողմ չեն անցնում ու որեւէ գործնական քայլ չեն ձեռնարկում Ադրբեջանի ղեկավարների սանձարձակությունները կասեցնելու, Արցախի մոտ 120 հազար բնակչության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Հանրահավաքին ակտիվ մասնակցություն էին ունեցել սյունեցիները: Այնտեղ էին ե՛ւ բազմաթիվ կապանցիներ ու սիսիանցիներ, ե՛ւ Գորիս քաղաքի ու Գորիսի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերի ներկայացուցիչները:

Հանրահավաքը նախաձեռնել էր «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը եւ վարում էր Արթուր Մկրտչյանը, ով էլ վերջում ներկայացրեց հանրահավաքի մասնակիցների ուղերձը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Մենք՝ Արցախի եւ արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ՝
- հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները եւ բեկում մտցնելու վիճակի մեջ.
- հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.
- Արցախի ազատության եւ ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.
- Արցախի ինքնիշխանության եւ արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված  ռազմավարական ծրագրի մշակումը եւ գործադրումը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պարտավորությունն է.
- Հայաստանի որեւէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռչակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.
- Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում.
- Իրական եւ երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.
- Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.
- Որպես արժանապատիվ եւ հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք եւ ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։
Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։
Կեցցե Արցախը, կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»։

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

09.10.2026 16:39

«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականության մասին

09.10.2026 15:36

Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

09.10.2026 15:14

Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆերա»

09.10.2026 14:45

ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք

09.10.2026 14:37

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

09.10.2026 14:30

Մեղրի, ՏԻՄ ընտրություններ. Սյունիքի մարզպետը և Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ-ի քարոզչական թիմում

09.10.2026 14:23

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17