Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ․ Վեհափառ

31.05.2026 22:10
404

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքները։

Փառաբանական աղոթքով առ Բարձրյալն Աստված հունիսի 1-ին մուտք ենք գործում Արարատյան տոների շաբաթ, որն առանձնահատուկ կարևորություն ունի ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Հանդիսավոր թափորներով և Սուրբ Պատարագների արարողություններով, երկրպագության նպատակով սրբերի մասունքների դուրս բերմամբ հիշատակելու ենք Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից, Հայոց մեծ դարձը և Տրդատ արքայի հրովարտակով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը։ Արարատյան շաբաթվա ավարտին՝ հունիսի 7-ին, նշելու ենք տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի, որը վեր խոյացավ հայոց հողի վրա 1725 տարի առաջ Աստվածորդու լուսավոր էջքով։

Պատմական այս իրադարձություններով, Սուրբ Էջմիածնով հայոց ազգը արժանացավ Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու երկնային շնորհին, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ ամրակուռ հիմքն ու առանցքը մեր լինելության ու հարատևության՝ համապատասխան սուրբգրային վկայության. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2.9)։ Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր ու հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության՝ հանուն իր խնամքին հանձնված հոտի։ Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է, անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատչյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։ Սուրբ Էջմիածինը, ծանր փորձությունների միջով անցնելով, մնացել է աննկուն ու անխորտակելի՝ մշտապես լինելով անլռելի ու բարձրահունչ կոչնակը ազգի ու հայրենյաց շահերի և մեր ժողովրդի միաբանության։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնակատարումը, սիրելիներ, ամենքիս համար առիթ է վերստին վկայելու մեր սերն ու անդավաճան հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և Քրիստոսահաստատ հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը՝ համաձայն սաղմոսերգուի խոսքի. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)։

Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին, ցավոք, նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասցվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը։ Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են Եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ Եկեղեցին և եկեղեցասեր անձինք։ Այս դժվարին իրադրության մեջ Սուրբ Էջմիածնի լուսեղեն խորհուրդը մշտաբարբառ հրավեր է մեզ՝ ամուր կառչած մնալու քրիստոնեական մեր հավատքին, վերագտնելու ազգային ոգու տոկունությունը, հաղթահարելու ներազգային բաժանումները, բժշկելու վերքերը և վերականգնելու մեր ժողովրդի ներքին խաղաղությունն ու անդորրը։

Հունիսի 7-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ «դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն»,- ինչպես պատգամում է առաքյալը (Ա Պետ. 2.1)։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար։

Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար։ Աղոթում ենք, որ Տիրոջ անբավ ողորմությամբ հայրենաբնակ մեր զավակների նոր ընտրությունը ծառայի միմիայն ի բարին, ի սեր ազգիս ապահով, խաղաղ և առաջընթաց կյանքի։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10