Ինչպես ռուս և հայ ժողովուրդների տնտեսական-կուլտուրական, այնպես էլ ռազմական կապերը սկիզբ են առնում արևելյան սլավոնական հնագույն Կիևյան պետության ժամանակներից:
Կան սակավ, բայց որոշակի փաստեր, որոնք հաստատում են, որ հայերը Կիևի իշխանների զինված դրուժինաներին ցույց են տվել ռազմական օգնություն՝ կռվելու Կիևյան Ռուսիային սպառնացող արտաքին ուժերի դեմ: Կիևի իշխանները առաջին անգամ 1009 թվականին են հայ զորայիններ հրավիրում Կիև՝ ռազմական օգնություն ստանալու համար1: Այդ մասին Հ. Քուշներյանը նույնպես վկայում է, որ Բոլեսլավ Խրոխտի դեմ մղվող պատերազմում՝ 1009 թվականին առաջին անգամ ռուս իշխանները Կիև են հրավիրել հայերի՝ իրենց օգնելու համար2։
XI դարի երկրորդ կեսին, երբ Կիևյան պետության սահմաններն էին ներխուժում և մեծ ավերածություններ կատարում օտար, վաչկատուն ցեղերը, հատկապես պոլովցիների հորդաները, Կիևյան Ռուսիայի պաշտպանությանը օգնության էին հասնում նաև հայերը3:
Ըստ գրավոր աղբյուրների վկայության՝ 1062 թվականին Կիևի մեծ իշխանը հատուկ շնորհագրով հրավիրում է հայ զորայիններին՝ օգնելու իրեն պոլովցիների դեմ մղվող պայքարում4։ Ըստ որում, նա խոստանում է հայ զորայիններին՝ երեք տարի ծառայելուց հետո, իրավունք տալ մշտական բնակություն հաստատելու Կիևում և նրա շրջակայքում: Այդ պայմանագրի համաձայն, բազմաթիվ հայ զորայիններ, հատկապես Անիից, գալով Կիև՝ ակտիվ մասնակցություն ունեցան պոլովցիների դեմ մղվող պայքարում5։ Պատերազմի ավարտումից հետո այդ հայ զորայինները Կիևի իշխաններից իրոք ստացան մի շարք արտոնություններ. ցանկացողներին հատկապես իրավունք տրվեց մշտական բնակություն հաստատելու Կիև քաղաքում և նրա շրջակայքում: Նրանց մի մասը մշտական բնակություն հաստատեց նաև Լվով և Լուցկ քաղաքներում ու նրանց շրջակայքում6: XI դարի վերջերին Կիևում հայերի թիվն այնքան էր աճել, որ նրանց նույնիսկ իրավունք տրվեց այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու: Այդ եկեղեցին երկար ժամանակ պահպանվել է և միայն XVI դարում վեր է ածվել ավերակների7։
1280 թվականին Գալիցիայի Լև Դանիլովիչ իշխանն իր աշխարհազորայինների շարքերում կռվելու համար նույնպես հրավիրել էր հայ զորայինների8, որոնց իրավունք տրվեց մշտական բնակություն հաստատելու Գալիցիայում ու Վոլինում և օգտվելու բնիկներին համահավասար իրավունքներից: Նրանց նույնպես իրավունք տրվեց ունենալու հայկական եկեղեցիներ և ժամերգությունը կատարելու հայերեն լեզվով: Այսպիսով, XI—XIII դարերում մեծ թվով հայեր մշտական բնակություն են հաստատում Կիև, Լվով ու Լուցկ քաղաքներում և դրանց շրջակայքի բերրի հողերում: 1350 թվականին լեհական թագավոր Կազիմիր III-ը, Լվովը գրավելուց հետո, այնտեղի հայերի վրա տարածեց Մագդեբուրգյան իրավունքը9:
Այս և նման մի շարք այլ փաստեր վկայում են, որ իրոք հայերի և ռուսների միջև ռազմական սերտ կապեր սկսվել են դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանից: Եվ իրավացի է պրոֆ. Լ. Մ. Մելիքսեթ-Բեկը, որ իր «Հին Ռուսիան և Հայաստանը» հոդվածում գալիս է այն եզրակացության, թե դեռևս XI դարի սկզբից ռուս և հայ ժողովուրդների միջև եղել է մարտական համագործակցություն10:
Ռուս և հայ ժողովուրդների մարտական համագործակցությունը հետագայում ավելի քան ընդարձակվեց ու ամրապնդվեց:
XV դարի սկզբներին տևտոնական օրդենի ասպետները ձգտում էին հրի և սրի միջոցով իրենց տիրապետությունը տարածել դեպի Արևելք: Մեծ վտանգ է ստեղծվում լեհերի, չեխերի, ուկրաինացիների, բելոռուսների, ռուսների, ինչպես նաև լիտվական իշխանության համար: Ընդհանուր թշնամու՝ Տևտոնական օրդենի, ագրեսիվ պլանները ձախողելու նպատակով սլավոնական և լիտվական ժողովուրդները համախմբվում են և իրենց ուժերը միավորելով՝ կործանիչ հարված են հասցնում թշնամուն: Տևտոնական ասպետների դեմ մղվող այդ պատերազմում ամենաարյունալի և ամենավճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1410 թվականի հունիսի 15-ին, Գրյունվալդի տակ:
Գրյունվալդի ճակատամարտն ավարտվեց տևտոնական ասպետների պարտությամբ, որից հետո նրանք երկար ժամանակ ուշքի գալ չէին կարողանում:
Գրյունվալդի ճակատամարտում դաշնակիցների զինված ուժերի կազմում Սմոլենսկի գնդերի հետ մարտական սերտ համագործակցությամբ տևտոնական հորդաների դեմ կռվում էին նաև երկու հայկական գնդեր11, որոնք կազմվել էին Եվրոպայի հայկական գաղութների ազգաբնակությունից: Հայ զինվորներն այդ ճակատամարտում աչքի ընկան իրենց հերոսությամբ և քաջությամբ:
Ռուս և հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը իր հետագա զարգացումն ապրեց XVIII դարում: Դա հայ ժողովրդի պատմության համար մի ժամանակաշրջան էր, երբ զգալիորեն ուժեղացել էր նրա ազատագրական պայքարը, սակայն հակամարտ ուժերը խիստ անհավասար էին: Միանգամայն ակնբախ էր այն, որ հայերը, չունենալով ինքնուրույն պետականություն, կազմակերպված կանոնավոր բանակ և մասնատված լինելով պարսկական խանությունների ու թուրքական փաշայությունների միջև, միայն իրենց ուժերով անկարող էին թոթափել պարսիկ խաների, թուրք փաշաների և նրանց ակտիվ օգնություն ցույց տվող անգլիական ու ֆրանսիական գաղութարարների լուծը: Ստեղծված այդ կոնկրետ պատմական պայմաններում միակ ռեալ ուժը Ռուսաստանն էր, որի ռազմական օգնությամբ նրանք կարող էին թոթափել այդ լուծը: Ուստի պատահական չէր, որ դեռևս XVIII դարի սկզբներին հայ ազատագրական շարժման աչքի ընկնող գործիչ Իսրայել Օրին կարևոր նշանակություն էր տալիս ռուս և հայ ժողովուրդների ռազմական համագործակցությանը: Նա թուրքական փաշաների և պարսիկ խաների լծից Հայաստանի ազատագրումը հաստատորեն կապում էր հայերին ռուսական բանակի կողմից ռազմական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ: Ահա թե ինչու Իսրայել Օրու քաղաքական գործունեությունը 1701 թվականից գնաց այն ուղղությամբ, որ ռուսական բանակները օր առաջ մտնեն Անդրկովկաս և անդրկովկասյան ժողովուրդների մարտական ուժերի հետ միասին պայքարեն ընդհանուր թշնամու դեմ: Իսրայել Օրին, կարևոր նշանակություն տալով պարսիկ խաների տիրապետության դեմ մղվող պայքարում ռուս և հայ ժողովուրդների մարտական համագործակցությանը, 1701 թվականի հուլիսի 25-ին Պյոտր Առաջինին ներկայացնում է զեկուցագիր, որտեղ նշում է, որ եթե ռուսները 25000 զորքով շարժվեն դեպի Անդրկովկաս, ապա հայերի և վրացիների ռազմական և նյութական օգնության ու մարտական համագործակցության շնորհիվ հաջողությամբ կավարտվի Անդրկովկասում պարսկական տիրապետության տապալումը12: Դրանից հետո XVIII դարի 20-ական թվականներին, երբ Հայաստանում պարսիկ խաների, ապա և թուրք փաշաների դեմ ծավալվեց լայն ազատագրական շարժում, հայերն իրենց զինված պայքարում մշտական օգնություն էին ստանում ռուսներից: Ռուսական զենքի ուժով Անդրկովկասում պարսիկ խաների տիրապետությունը տապալելու առաջին փորձերից մեկը կատարվեց ռուս- պարսկական 1722—1723 թթ. պատերազմի ժամանակ:
1722 թվականին Պյոտր Առաջինի «պարսկական արշավանքի» շրջանում ռուսական բանակը, որի հետ էր նաև Իսրայել Օրու զինակից Մինաս Տիգրանյան վարդապետը, մտնում է Անդրկովկաս և պարսկական խաների լծից ազատագրում հայկական մի շարք գյուղեր ու բնակավայրեր:
Անդրկովկասյան ժողովուրդները մեծ հրճվանքով են դիմավորում դեպի Անդրկովկաս շարժվող ռուսական բանակներին: Հայերը, վրացիները իրենց նախաձեռնությամբ զորաբանակներ էին կազմում և գնում ռուսական զորքին ընդառաջ՝ նրանց միանալու և միահամուռ ուժերով ընդհանուր թշնամու դեմ կռվելու համար: Դրա լավագույն ապացույցներից մեկը այն է, որ 1722 թվականի օգոստոսին, երբ վրացական մի խոշոր զորաբանակ՝ Վախթանգ թագավորի հրամանատարությամբ (նրա հետ էր նաև հայ նշանավոր զորավար Դավիթ Բեկը) շարժվում է դեպի Գյանջա (այժմ՝ Կիրովաբադ) այստեղ 10000 զորքով նրան են միանում նաև Ղարաբաղի հայ մելիքները՝ նպատակ ունենալով Գյանջայում միանալ ռուսական բանակին և թշնամու դեմ սկսել համատեղ ռազմական գործողություններ13:
Չնայած որ հայ-վրացական միացյալ զորքը մոտ երկու ամիս մնաց Գյանջայում, բայց նրանց միացումը ռուսական բանակին տեղի չունեցավ: Այդ պետք է բացատրել այն բանով, որ պատերազմական գործողությունների այդ պահին Պյոտր Առաջինը Դերբենդից մեկնել էր Աստրախան, և սական զորքն այդ հատվածում ետ էր քաշվել, իսկ 1723 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որի հետևանքով և պատերազմն ավարտվեց:
Չնայած որ հայ-վրացական զորքերի նախատեսված միացումը ռուսական բանակի հետ տեղի չունեցավ, բայց անկախ դրանից, այդ ծրագիրն ուշագրավ է երկու առումով. մի կողմից, անդրկովկասյան եղբայրական ժողովուրդները համախմբվում էին և միավորում իրենց զինված ուժերը ընդհանուր թշնամու դեմ և, մյուս կողմից, ստեղծված պատմական կոնկրետ իրադրության պայմաններում նրանք իրենց ազատությունը տեսնում էին Ռուսաստանի ակտիվ օգնության և ռուս ու անդրկովկասյան ժողովուրդների մարտական համագործակցության մեջ: Բացի դրանից, ինչպես շահական Պարսկաստանի, նույնպես և սուլթանական Թուրքիայի դեմ ցարիզմի մղած պատերազմները, անկախ իրենց ագրեսիվ, գաղութային նպատակներից, թուլացնում էին Արևելքի այդ բռնակալական պետությունների ռազմական հզորությունը, իսկ դա օբյեկտիվորեն նպաստում էր պարսիկ խաների ու թուրք փաշաների լծի տակ ճնշվող ժողովուրդների ազատագրական պայքարին: Այս տեսակետից բնորոշ է 1722—1723 թթ. դեպի Անդրկովկաս ռուսական բանակի կատարած արշավանքի օրինակը: Չնայած որ այդ արշավանքի հետևանքով Անդրկովկասում դեռևս վերջնականապես չտապալվեց պարսկական լուծը, բայց ռուսական բանակի այդ քայլը մեծ չափով թուլացրեց Պարսկաստանի զինված ուժերը, որը օբյեկտիվորեն նպաստեց նաև հայ ազատագրական շարժման ուժեղացմանը: Ղափանում, Զանգեզուրում և Ղարաբաղում ծայր են առնում ժողովրդական զինված ազատագրական շարժումներ շահական Պարսկաստանի, ապա և երկիրը ներխուժած սուլթանական Թուրքիայի հորդաների դեմ:
Գյանջայի տակ ռուսական բանակին միանալու նպատակով հավաքված հայկական զորքը 1722 թվականի աշնանը վերադառնում է Ղարաբաղ, Զանգեզուր և ծավալում զինված պայքար թուրք ու պարսիկ ֆեոդալների դեմ: Այդ մասին Էզովը գրում է. «Պյոտրի Աստրախան վերադառնալուց հետո հայկական զորագունդը, որ նրան սպասում էր Գյանջայի մոտ, հեռացավ և ամրացավ Ղարաբաղի ու Ղափանի լեռնային մարզերում: Թուրքերի դեմ սկիզբ առավ պարտիզանական պատերազմը»14:
Այդ շրջանում ռուս և հայ ժողովուրդների մարտական համագործակցության օրինակներից է նաև այն, որ ռուսական բանակի 1722—1723 թվականների «Պարսկական արշավանք»–ի ժամանակ նրա շարքերում, Կասպից ծովի հարավային ափերին, ռուսական զորամասերի հետ սերտ ռազմական համագործակցությամբ թշնամու դեմ կռվում էր նաև հայկական մի հեծյալ զորամիավոր, որը կոչվում էր «Հայկական էսկադրոն»։
Այս էսկադրոնի հրամանատարն էր Պետրոս Դի Սարգիսը, որի սպանվելուց հետո (1724 թ.) հրամանատար է դառնում Աղազար Դի Խաչիկը15 (ռուսական աղբյուրներում հայտնի է՝ Լազար Խրիստաֆորով), որը քաջ զինվորի անուն հանեց և 1734 թվականի դեկտեմբերի 9-ին ստացավ գեներալ- մայորի զինվորական աստիճան16: Լազար Խրիստաֆորովի հրամանատարության շրջանում հայկական էսկադրոնի անձնակազմը 600 մարդուց ավելի էր17: Ռուսական զորքի կազմում հայկական էսկադրոնի հետ գործում էր նաև վրացական էսկադրոնը: «Բացի Ղարաբաղում և Ղափանում թուրքերի և պարսիկների դեմ կռվող հայկական զորքից,— գրում է Էզովը,— Մերձկասպյան մարզերում ռուսական զորքի կազմում գտնվում էին հայկական ու վրացական էսկադրոններ: Պարսկական գավառների վերադարձնելուց հետո, հայկական ու վրացական էսկադրոններում ծառայողներին փոխադրեցին Ռուսաստան»18:
Հայկական այդ էսկադրոնը, որպես ինքնուրույն զորային միավոր, գոյություն ունեցավ մինչև 1764 թվականը: Այդ թվականին նա արձակվեց, իսկ հայ զորայիններին իրավունք տրվեց իրենց ցանկությամբ ծառայության մտնելու ռուսական գումարտակներում19:
Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության անհրաժեշտությունն զգալու հետևանքով էր, որ Ղարաբաղի հայ մելիքները 1725 թվականի մարտի 10-ին և 1725 թվականի հուլիսի 25-ին20 հատուկ նամակներով դիմում են Պյոտր Առաջինին և նրանից ռազմական օգնություն խնդրում՝ Ղարաբաղ ներխուժած սուլթանական հորդաների դեմ կռվելու համար21:
Այդ նույն ժամանակ Ղափանի և Զանգեզուրի հայ ազատագրական շարժման ղեկավարները նույնպես ռուսական արքունիքի հետ գրագրություն սկսեցին՝ պարսիկ խաների և թուրք փաշաների դեմ իրենց մղած պայքարում Ռուսաստանից ռազմական օգնություն ստանալու նպատակով: Հայտնի է, որ Դավիթ Բեկի զորակայանում նրան օգնում էին ռուս զինվորական խորհրդատուները:
XVIII դարի վերջին հայ ազատագրական շարժման ուժեղացմանը զուգահեռ աճում էր հայերի ձգտումը՝ ավելի սերտ ու գործնական ռազմական համագործակցություն ունենալ Ռուսաստանի հետ։ Այդ նպատակով Ղարաբաղի մելիքները XVIII դարի 80-ական թվականներին հատուկ դիմումով խնդրում են Եկատերինա Երկրորդին՝ իրենց օգնության հասնել ռուսական զորքով: «Քանզի նրանք,–գրում են Ղարաբաղի մելիքները Եկատերինա Երկրորդին, —միացնելով իրենց ուժերը ռուսական զորքին, որի միայն անունից այնտեղ սարսափում են, կարող են հաղթահարել պարսիկների ուժը...»22:
Սակայն Ռուսաստանն այդ շրջանում Անդրկովկասում Պարսկաստանի դեմ ակտիվ ռազմական գործողություններ սկսել չէր կարող, որովհետև մեծ չափով սրվել էին ռուս-թուրքական հարաբերությունները և խիստ մոտալուտ էր դարձել նրանց միջև նոր պատերազմի ծագման վտանգը: Իսկ 1787 թվականին, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, ռուսական կառավարությունը նույնիսկ հարկադրված եղավ 1783 թվականին Վրաստանի հետ Գեորգևսկում կնքած պայմանագրի համաձայն Վրաստանում գտնվող ռուսական զորագունդը ետ քաշել ռուսական սահմանագիծը:
Չնայած սրան, XVIII դարի վերջերին գնալով ավելի քան ուժեղանում էր անդրկովկասյան ժողովուրդների՝ հայերի, վրացիների ռուսական օրիենտացիան, որը մեծապես նպաստում է նաև նրանց ռազմական համագործակցության ուժեղացմանը:
Ռուս և հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը հաստատող փաստեր կան նաև 1796 թվականին գեներալ Վ. Զուբովի հրամանատարությամբ ռուսական բանակի Անդրկովկաս կատարած «Պարսկական արշավանք»-ի շրջանից: Այդ արշավանքի ժամանակ հայերը ռուսական զորաբանակներին ցույց տվեցին ինչպես ռազմական, այնպես և նյութական օգնություն23:
Գեներալ Զուբովի զորաբանակին ակտիվ օգնություն էին ցույց տալիս ոչ միայն հայերը, այլև վրացիները24: Այդ մասին արխիվային փաստաթղթերից մեկում ասվում է. «Եթե այդ կամպանիան շարունակվեր, ապա Պարսկաստանը անկասկած կստանար ուժեղ հարվածներ... քանի որ նրա հպատակների մեծ մասը սահմանագծում ձգտում էր ամեն տեսակ օգնություն ցույց տալ ռուսական զենքին»25:
Ռուս և հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը դրսևորվեց նաև 1812 թվականին՝ նապոլեոնյան զավթիչների դեմ ռուս ժողովրդի մղած Հայրենական պատերազմում։
Ռուսաստանի հայկական բոլոր գաղութների հայերը ակտիվ մարտական մասնակցություն ունեցան երկրի պաշտպանության և թշնամու դեմ մղվող համաժողովրդական մեծ պայքարի գործում26:
Բազմաթիվ հայեր մտան ռուսական բանակի ու աշխարհազորի շարքերը և զենքը ձեռքերին կռվում էին նապոլեոնյան օկուպանտների դեմ:
1812 թվականի Հայրենական պատերազմում ռուսական բանակում աչքի ընկնող ծառայություն էին կատարում հետագայում ռուս-պարսկական պատերազմի ակտիվ մասնակից գեներալ-լեյտենանտ Մադաթովը, գեներալ-մայոր Դավիթ-Դելյանովը, գնդապետ Դ. Ս. Աբամելիքը, շտաբս-կապիտան Մելիքովը և ուրիշներ27:
Հայրենական պատերազմի վճռական մարտերին մասնակցել են նաև Դ. Ս. Աբամելիքի երկու տղաները, Իվան, Արտյոմ, Խրիստաֆոր, Լազար Լազարյանները, Վ. Բեբուտովը, Ի. Ախշարումովը, Ա․ Թումանովը և ուրիշներ28:
1812 թվականի Հայրենական պատերազմում և ռուսական բանակի 1813—1814 թթ. արտասահմանյան արշավանքների ժամանակ անձնազոհ ու քաջ զինվորի անուն հանեցին և պատերազմի դաշտում հերոսի մահով ընկան նաև շատ հայեր: Այդ զոհված հերոսների թվում էին լեյբ-գվարդիայի հուսարական գնդի շտաբս-ռոտմիստր Լազարևը, ռոտմիստր Դելանովը և ուրիշներ29:
Պատերազմին մասնակցելու համար Դոնի հայկական գաղութում կազմակերպվեց հայկական աշխարհազորային ջոկատ: Կան որոշակի փաստեր նաև այն մասին, որ Ռուսաստանի հայկական գաղութներում ապրող հայերը` պատերազմին օգնել են նաև դրամական-նյութական նվիրատվություններով30:
Հարյուրավոր հայեր 1812 թվականի Հայրենական պատերազմում իրենց ցուցաբերած քաջության և արիության համար պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով: Ռուսական բանակին հայերի ցույց տված օգնությունն այնքան ակնբախ էր, որ Ալեքսանդր Առաջինը 1812 թվականի Հայրենական պատերազմի կապակցությամբ հատուկ հրովարտակով շնորհակալություն հայտնեց Ռուսաստանում ապրող հայերին:
Մեր շարադրած փաստերը վկայում են, որ դեռևս մինչև XIX դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմները, ռուս և հայ ժողովուրդների միջև հաստատվել էր ռազմական սերտ համագործակցություն:
Այդ ռազմական համագործակցությունը լայն ծավալ ստացավ և զարգացման մի նոր աստիճանի հասավ XIX դարի սկզբին։
Անկախ այն բանից, որ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ ռուսական ցարիզմը հետապնդում էր որոշակի ռազմա-ստրատեգիական ու գաղութային նպատակներ, այնուամենայնիվ, XIX դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմները և մասնավորապես՝ այդ պատերազմների շրջանում դեպի Անդրկովկաս ռուսական բանակների կատարած արշավանքները իրենց արդյունքով օբյեկտիվորեն նպաստեցին Հայաստանը պարսիկ խաների դարավոր լծից ազատագրելուն: Մյուս կողմից, այդ պատերազմների շրջանում ընդհանուր թշնամու դեմ մղված կռիվներում ռուս և հայ զորայինների մարտական սերտ համագործակցությունը վառ կերպով դրսևորեց ռուս և հայ ժողովուրդների հաստատ բարեկամությունը:
Ծանոթագրություններ
1. Е[пископ] К[ирион], Колонизация армян Юго-Западной России. стр. 1, Каменец-Подольск, 1903.
2. Տե՛ս Հ. Քուշներեան, Պատմութիւն գաղթականութեան Խրիմու հայոց, էջ 187, Վենետիկ, 1895:
3. Е[пископ] К[ирион], Указ. Соч., стр. 1-2.
4. Տե՛ս Հ. Քուշներեան, Պատմութիւն գաղթականութեան Խրիմու հայոց , էջ 187, Վենետիկ, 1895:
5. Տե՛ս նույն տեղը:
6. Е[пископ] К[ирион], Указ. Соч., стр. 2.
7. Собрание актов относящихся к обозрению истории Армянского народа, ч. ІІ. Москва, 1838, стр. 283.
8. Е[пископ] К[ирион], Указ. Соч., стр. 2. Նույնը տե'ս նաև՝ Հ. Քուշներևան, նույն աշխ., էջ 188:
9. Собрание актов... ч. ІІ, стр. 285.
10. Տե՛ս Л. М. Меликсет-Бек, Древняя Русь и Армения, сборник трудов Института языка АН Арм. ССР, т. 1, 1946 г., стр. 138.
11. Տե՛ս Е. Разин, История военного искусства, ч. ІІ, стр. 167, Москва, 1940.
12. Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, стр. 85-91, СПБ, 1898.
13. Գ. Էզով, նշված աշխ., էջ LIV-LV:
14. Գ. Էզով, նշված աշխ., էջ LXI:
15. Տե՛ս П. Т. Арутюнян, Освободительное движение армянского народа в первой четверти XVIII века, стр. 212, Москва, 1955.
16. Собрание актов... ч. II, стр. 295-296.
17. П. Т. Арутюнян, Указ. Соч., стр. 213.
18. Գ. Էզով, նշված աշխ., էջ LXIV:
19. Նույն տեղը:
20.. Պյոտր Առաջինը մահացել է 1725 թվականի հունվարի 28-ին, ըստ երևույթին Ղարաբաղի հայերն այդ մասին դեռ չէին լսել:
21. Գ. Էզով, նշված աշխ., էջ 418—423:
22. Собрание актов... ч. II, стр. 64.
23. Գ. Էզով, նշված աշխ., էջ CVII:
24. ЦГВИА, ф. ВУА, д. 4338, лл. 19-20.
25. Տե՛ս М. Нерсисян, Из истории Русско-армянских отношений, книга первая, Ереван, 1956, гл. «Участие армян в Отечественной войне 1812 года».
26. Центральный государственный военно-исторический архив, фонд Военно-ученого архива (հետագայում կօգտագործենք՝ ЦГBИA, ф. ВУА), д. 4338, лл. 19-20 соб. д. 894, лл. 40-42.
27. Собрание актов... ч. ІІ, стр. 306.
28. Տե՛ս Մ. Ներսիսյան, նշված աշխ.։
29. Собрание актов... ч. II, стр. 306.
30.. Տե՛ս Մ. Ներսիսյան, նշված աշխ.։
Զավեն Գրիգորյան,
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր