Սիրելիներս, դուք որ այդպես հողին եք հավասարեցնում այն, ինչ կար նախկինում, այնքան էլ այդպես չէ։ Լավ բաներ եղել են, կան, կլինեն, պարզապես լավի կողքով անցնելուց՝ մի քիչ զգու՜յշ․․․Ամենավատ բանը ամեն ինչ հավասարեցնելն է՝ լավը, վատը, միջակը, ոչնչությունը․․․
Ձեզ պատմելու եմ հեքիաթ թվացող այս փոքրիկ պատմությունը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր։ Երբ տասնյակ տարիներ են անցել, ու նա չկա և փորձում ես վերհիշել, ամեն ինչ այնքան լուսավոր է թվում։ Ժամանակն իր սևագրությունն արել է ու շատ բան ենք հասկանում։
Բարեկամս գնացել էր Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց։ Ասել էին, որ անհապաղ պիտի վիրահատվի։ Վիրահատությունը շատ թանկ էր։ Գլխիկոր մտել էր գլխավորի մոտ։ Երբ իմացել էր, որ Սյունիքից է, ժպտացել է՝ Սյունիքը Մաքսիմի նման հայր ունի, ինչու՞ եք մտածում։ Այդ ժամանակ ենք իմացել, որ Մաքսիմ Հակոբյանն է ֆինանսական աջակցությամբ բազում սյունեցիների կյանք փրկում։ Լու՜ռ, առանց աղմուկի, առանց թմբկահարության։ Ինչքան գումար էր կազմում վիրահատությունը, վճարում էր՝ հասցեական․․․Ինչքան հիշում եմ, ասում էին՝ պայմանագիր ունի հիվանդանոցի հետ։
Երևի արդեն 15 տարի է անցել այդ ծանր վիրահատությունից, ապրում, արարում է բարեկամս և նրա նման ինչքա՜ն մարդիկ։ Մի զրույցի ժամանակ, երբ Մաքսիմ Հակոբյանին ասացի՝ ո՜նց չենք իմացել, որ դուք․․․ Ասաց՝ Հրայրը (նկատի ուներ վիրաբույժին) «Մաշինի մատոռնա սարքում», ես ի՞նչ եմ անում՝ բենզին եմ լցնում ընդամենը։
Հիմա հիմնադրամներ են ստեղծում, հուզիչ անուններ դնում, պետպատվերներ հորջորջում, բայց մարդը՝ հասցեական մարդը, ով ծանր հիվանդ է, մոլոր է՝ ում դիմի, ոնց դիմի․․․ Աջուձախ խնդրանք- աղաչանքներ են՝ երեխաս մեռնում է, երեխաս ծանր է, օգնե՜ք․․․ Այդքան հիմնադրամների, այդքան գումարների պարագայում մարդն ինչու՞ է դիմում աղքատ ժողովրդին՝ օգնե՜ք․․․ Հիմնադրամների մասին խոսելուց այս հսկա ու բարի մարդուն եմ հիշում․․․ Լու՜ռ, առանց աղմուկի, առանց թմբկահարության։