Քանի օր է՝ Հայաստանում եւ հատկապես Սյունիքում քննարկումների, առօրյա զրույցների հիմնական թեման Շաքիի արյունոտ իրադարձությունն է․․․
Մարդիկ լրջորեն մտահոգված են, որոշ տեղերում ու որոշ դեպքերում նույնիսկ խուճապի նշաններ են երեւում․․․
Իրավիճակը բազում հարցերի տեղիք է տվել:
Այսպես՝ ի՞նչ համակարգ է գործում Սյունիքի անվտանգության ապահովման ոլորտում, եւ արդյո՞ք նման հուսալի ու երաշխավորված համակարգ է ներդրված։
Ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական ահաբեկչի՝ Բնունիս ներխուժելուց եւ Քաջարանի մերձակայքում կատարած մարդասպանությունից հետո մենք եզրակացության չենք եկել կամ դասեր չենք քաղել։
Եթե ահաբեկիչը կամ «ազնիվ մոլորյալը» մեր տարածք է մտել Փոքր կամ Մեծ Իշխանասարի տարածքով, ապա․․․ Այդ տարածքներին քաջածանոթ յուրաքանչյուր ոք գիտի՝ տեղանքին անծանոթ մարդը (այն էլ՝ միայնակ) չէր կարող անարահետ այդ սարալանջերով, ձորերի մեջ մխրճված ձորերով հաղթահարել ճանապարհը, շրջանցել ավելի մոտ գտնվող գյուղերը եւ բարեհաջող հասնել Շաքի։
Ո՞վ է այն զորամասի հրամանատարը, ում վստահված էր պետական սահմանի այդ հատվածի պաշտպանությունը։
Իսկապե՞ս մեր զորքերին (ըստ մամուլում տարածված տեղեկությունների) տրված է հրաման՝ չկրակել, եթե անգամ թուրքը հատում է Հայաստանի պետական սահմանը։
Վերջին երկու հարցը հույժ կարեւոր է մեկ այլ տեսակետից եւս․ մենք այդպես էլ չիմացանք՝ ո՞վ էր այն հրամանատարը, որի անճարակության կամ թողտվության պատճառով 2021 թ․ մայիսին Սեւ լճի արեւելյան հատվածը եւ Գլուխ Ձագեձորո՝ Գորիսին իշխող բարձունքը նվաճվելուց- հանձնվելուց հետո պատասխանատվության չենթարկվեց։
Ո՞վ էր այն հրամանատարը, ում անճարակության կամ թողտվության հետեւանքով 2022-ի սեպտեմբերին նվաճվեցին-հանձնվեցին Մեծ Իշխանասարի բարձունքները, Որոտանի ակունքներում գտնվող հայրենական մեր տարածքները։
Մենք չգիտենք՝ ժամանակին պաշտպանության նախարար Վաղարշակն ինչո՞ւ պատասխանատվության չենթարկվեց՝ 2020-ի դեկտեմբերի 18-ին Սյունիքի արեւելյան մարտական դիրքերը, Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ռազմավարական ճանապարհները թուրքին հանձնելու համար։
Մենք չգիտենք՝ ո՞վ էր այն հրամանատարը, ում անճարակության կամ թողտվության արդյունքում 2022-ի սեպտեմբերին երեք կողմից շրջափակման մեջ հայտնվեց ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող Ներքին Հանդը։
Մենք առայժմ չենք ստացել վերջին ամիսներին մամուլում տարածված ասեկոսեի վերաբերյալ սպառիչ ու համոզիչ պարզաբանում՝ իսկապե՞ս Սյունիքի հյուսիսային կամ հյուսիս-արեւմտյան ուղղությամբ թուրքն առաջխաղացում է ունեցել եւ նոր մարտական դիրքեր հիմնել։
Մենք չգիտենք՝ ի՞նչ հանգամանքներում է երկու տարի առաջ թուրքը զավթել Տեղ գյուղից արեւելք ընկած մոտ 100 հա-ի հասնող դաշտամասը, ո՞վ էր սահմանի այդ հատվածի պատասխանատուն։
Մեզ սպառիչ պատասխան չտվեցին օրեր առաջ Հագարիի կամրջով՝ դեպի Կորնիձոր թուրքերի «խաղաղ» առաջխաղացման փորձի վերաբերյալ։
Մեզ մինչեւ հիմա չեն ասում՝ Սյունիքի մարզը երբեմնի 4506 քառակուսի կմ-ի փոխարեն որքան տարածք է զբաղեցնում ներկայումս։
Ստեղծված իրավիճակում մեզ հատկապես զարմացնում է այն տգետների ու կիսագրագետների հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետությունը որոշարկված պետական սահման չունի։
Այդ տգետներին ու կիսագրագետ գոյություններին տեղեկացնում ենք՝ Սյունիքի հյուսիսային եւ արեւելյան սահմաններն ամբողջապես ճշտվել-ճշգրտվել են երկու անգամ՝ 1920-ականներին եւ 1980-ականների երկրորդ կեսին։
Ուշագրավ մի հարց էլ․ Շաքիի միջադեպից երեք-չորս օր առաջ Գորիսի դպրոցականներն անգամ պատմում էին, որ Իշխանասարով թուրքեր են մտել Սյունիք...
Մենք լուրջ չհամարեցինք այդ խոսակցությունը։
Նաեւ պատշաճ չհամարեցինք այդ տեղեկատվության հանրայնացումը․ պիտի ասեին խուճապ ենք առաջացնում, չստուգված տեղեկություններ ենք տարածում։
Սակայն, ինչպես օրեր առաջ պարզվեց, խոսակցությունը հիմքեր ուներ եւ այդ մասին գիտեին պետական համապատասխան կառույցները։
Ու զարմանալի է՝ ինչո՞ւ այդ մասին պաշտոնապես չի տեղեկացվել մարզի բնակչությունը՝ զգոն լինելու համար։
Հերթական անգամ սյունեցիների առջեւ մեկ այլ եւ չափազանց կարեւոր հարց է ծառացել Շաքիի ողբերգությունից հետո՝ պետական ո՞ր կառույցը կամ ո՞ր պաշտոնյաններն են Սյունիքի կառավարման պատասխանատուները։
Սյունիքի օրվա մարզպետի, մարզպետարանի մասին չենք խոսում․ կյանքը որերորդ անգամ ցույց տվեց, որ մարզպետն ու մարզպետարանը որեւէ կապ չունեն երկրամասի իրական հոգսերի հետ (ովքեր համաձայն չեն մեր գնահատականին՝ թող մատնանշեն գոնե մեկ դեպք, որ Սյունիքում գտնվելու չորս եւ ավելի տարվա ընթացքում՝ մարզպետի աթոռը զբաղեցնող անձը երկրամասին առնչվող պրոբլեմատիկ որեւէ հարցի վերաբերյալ սեփական կարծիք կամ մտահոգություն է հայտնել)։
Սովորական գաստարբայտերի տպավորություն թողած այդ պարոնին սովորաբար տեսնում ենք միայն ինչ-որ խոհանոցային փառատոներում կամ ֆեստիվառներում…
Բացի, իհարկե, Կապան մարզկենտրոնից, որտեղ այդպես էլ նրան (մեծամասամբ) լուրջ չեն ընդունում։
Եվ, առհասարակ, ժամանակն է, որ Սյունիքում ստեղծվի կառավարման նոր ու հատուկ մարմին՝ ժամանակի մարտահրավերներին համահունչ լիազորություններով։
Չէ, չենք ասում Սյունիքի մարզպետարանը ջնջել հողի երեսից։
Պարզապես պետք է նրա անունը փոխել եւ որդեգրած գործառույթներին համահունչ դարձնել․ օրինակ, բանսարկության, քսության, անդեմության եւ խառնակչության տարածաշրջանային կենտրոն՝ չկրճատելով ո՛չ աշխատակիցներին, ո՛չ էլ նրանց պարգեւավճարները։
Մեզ չի զարմացնում նաեւ ԱԺ-ի սյունեցի իշխանական պատգամավորների ավանդական լռությունը։ Խնդիրն այդ առումով միայն նրանց սեփական դեմքի բացակայության մեջ չէ։ Խնդիրը նաեւ այլ առանձնահատկություն ունի․ ընդունենք Արմեն Խաչատրյանը տեղի ունեցածի վերաբերյալ կարծիք կամ դիրքորոշում է արտահայտում (անգամ վերեւից իջեցված տեքստն անգիր արած)՝ ո՞վ լրջորեն կվերաբերվի նրա խոսքին։
Հիշո՞ւմ եք հայտնի պատմական լուսանկարը՝ Խոզնավարի դեպքերից հետո (մոտ երկու տարի առաջ էր)․ ինքն ու մարզպետը գնացել էին այդ բնակավայր․․․ Ամբողջ Ադրբեջանում տագնապ հայտարարվեց․․․
Այնպես որ՝ մարզպետին ու պատգամավորներին թողնենք մի կողմ, մոռանանք նրանց գոյությունը եւ մտածենք՝ ինչպե՞ս կառավարել Սյունիքը եւ ինչպե՞ս կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը, որպեսզի հերթական անգամ «մոլորված» ադրբեջանցին չմտնի մեր բնակարաններ։
Հենց դրա համար ենք ասում, ամենայն լրջությամբ, եկել է Սյունիքում կառավարման նոր եւ արտակարգ լիազորություններով օժտված պետական մարմին ստեղծելու ժամանակը։
Եկել է Սյունիքի շուրջ անվտանգային արդիական համակարգ ստեղծելու ժամանակը:
Ուստի եւ լրջագույն այդ հարցերի վրա ենք հրավիրում կառավարության ու խորհրդարանական մեծամասնության ուշադրությունը։
Ինչ վերաբերում է խուճապին․․․ Պետք է բացառել խուճապը։ Սա մեր հայրենիքն է եղել հազարամյակներ շարունակ, մեր հայրենիքն է այսօր, այդպես էլ լինելու է ընդմիշտ։
Պարզապես պետք է մեր զգոնությունը նոր աստիճանի բարձրացնենք․․․
Հ․Գ․
Որպեսզի մեզ չմեղադրեն հոռետեսության մեջ, նաեւ դրական ու գոտեպնդող իրողությունների մասին խոսենք...
Ինչպե՞ս կարելի է, օրինակ, չհիանալ ու չհպարտանալ Շաքիի վարչական ղեկավարի բացահայտմամբ, որ սեւ գույնի «ավտոմատը», որով զինված էր ահաբեկիչ ադրբեջանցին, վտանգավոր չէ։ Այլ բան է, եթե «ավտոմատը» ուրիշ գույն ունենար։ Կամ շուն պահելու ռազմավարական խնդիրը, որ առաջադրեց վարչական ղեկավարը։
Ինչպե՞ս կարելի է չգոտեպնդվել սյունեցի փորձյալ գործչի առաջարկած անվտանգային հանճարեղ բանաձեւով՝ Սյունիքին վտանգ սպառնալու դեպքում պատսպարվելու ամենահարմար տեղը մարզում կառուցված եւ կառուցվող «բունկերներն» են…