Սեպտեմբերի 4-ին մեր ստեղծագործական խումբն աշխատում էր Բասուտա գետի հովտում (Սամվել Ալեքսանյան, Գայանե Բաղդասարյան, Արմինե Մարգարյան, Մարի Նավասարդյան, Իզա Ասծատրյան)։
Մեզ ընկերակցում էին՝ նախ՝ Վլադիկ Միքայելյանը, ապա՝ Ծավի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանը, որոնց մեր երախտագիտությունն ենք փոխանցում։
Օրվա երկրորդ կեսին, Արմեն Ալեքսանյանի աջակցությամբ և նրա ամենագնաց մեքենայով, ճանապարհ ընկանք Ծավից հարավ գտնվող Նավս լեռնագագաթ։
Անկեղծորեն՝ վաղուց էինք երազել բարձրանալ այդ լեռնագագաթ, որի հետ կապված բազում ավանդազրույցներ կան։
Ծավից՝ անտառամիջյան ճանապարհով՝ մոտ 7-8 կմ բարձրանալուց հետո հասանք գագաթնամերձ Նավսի կալ կոչվող հարթությունը։
Այնտեղից՝ անտառամիջյան թույլ նկատվող արահետներով (մոտ 700 մ երկարություն ունեցող) բարձրացանք լեռնագագաթ։
* * *
Լեռնագագաթը մեր մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Նավսալեռ, Նավսա լեռ, Նավսաքար անուններով։
Այն մտնում է Մեղրու լեռնաշղթայի մեջ, ուղիղ գծով՝ Ծավից 4.5 կմ հարավ։
Բարձրությունը՝ ծովի մակերևույթից 2370 մ է։
Նավս լեռան հարավահայաց լանջին՝ գագաթից քիչ ներքև, դեպի հարավ տարածվող տարածքում Նավս գյուղատեղին է, որը մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Սմավոնա անվամբ։
Ըստ տեղացիների՝ պահպանվել են գյուղի կիսավեր եկեղեցին, գերեզմանները, տների փլատակները (ցավոք, անպատրաստ էինք այդ օրը մտնելու այդ շենատեղ, քանզի այլևս ծածկված է ծառերով ու թփուտներով)։
Նավս գյուղը, ըստ հայագիտության մեջ իշխող կարծիքի, Սյունիքի Մանցրու գավառի Նավոն բնակավայրն է, որը, ըստ նոր հարկացուցակի (18-րդ դար)՝ Տաթևի վանքին վճարում էր 3300 դահեկան պտղի հարկ։
Իսկ Մացրու, Մանցրու, Մացրի գավառակը ժամանակին Արևիք գավառի արևելյան մասն էր ընդգրկում։
Տնտեսապես բավականին զարգացած գավառակ էր․ նոր հարկացուցակի համաձայն՝ Տաթևի վանքին տալիս էր 33 հազար 800 պարսկական շահի հարկ։
Ենթադրվում է, որ Մացրու (Մանցրու, Մացրի) անվանումը ծագում է Ստեփանոս Օրբելյանի (ըստ հին հարկացուցակի՝ 13-րդ դար) Մայրի տեղանունից։
Կարելի է ենթադրել, որ Նավս գյուղը (ինչպես Կապանի ու Մեղրու տարածաշրջանի շատ գյուղեր) պատմության թատերաբեմից հեռացել է 18-րդ դարավերջին։
Նավս գյուղի բնակիչները, ըստ երևույթին, տեղափոխվել են Զմյուռնիա․․․
Այդ մասին իմանում ենք Գրիշա Սմբատյանի «Կապան․ հետապնդող հիշողություններ» գրքից։
Հեղինակը քաղվածք է բերում Մխիթարյան միաբան Հակոբ Քոսյանի գրքից (Հայք ի Զմիւռնիա եւ ի շրջակայս, Հատոր Բ)։
Գրքում հիշատակություն կա 89 ղափանցու վիմագիր տապանաքարի մասին։
Այսպես՝ «Այս է տապան Նավսեցի Թադեոսի դուստր Խանումին»։
«Այս է տապան Նավսեցի Ատոմի որդի Գրիգորին»։
«Այս է տապան Նավսեցի Գրիգորին դստեր Զանազանին»։
«Այս է տապան Նավսեցի Խաչատուրի կողակից Հռիփսիմեային»։
* * *
Ըստ Սերգեյ Ումառյանի՝ «Նավս լեռան անունը խորհրդանշում է naos- տապան բառը։ Ինչպես Նոյան տապանը կապված էր Արարատ լեռան հետ, այնպես էլ առասպելաբանված հին անունը՝ naos–ը կապված էր Նավս լեռան անվան հետ։
Նավ բառը հայերենում կա՝ նավակ, նավարկել և այլ կապակցությունների մեջ։
Այդ արմատական բառը կա և՛ հնդեվրոպական, և՛ ոչ հնդեվրոպական լեզուներում։
Բայց մեր խոսքը պաշտամունքային նշանակություն ունեցող Նավս անվան մասին է։
Նավոն գյուղ կար նաև Արևիքում։
Ստեփանոս Օրբեկյանի ժամանակագրության մեջ Նաւսն է։
Վ․ Գեորգիևը հունական հին լեզուներում naos–ը համարել է ''жилища бога, храм'': Բայց ի՞նչ աստծո, հայտնի չէ»։
* * *
Ըստ Սերո Խանզադյանի՝ «Նավս լեռնագագաթը դեռևս հեռվից է երևում։ Դրան նայելով հիշում եմ Նոյ նահապետի հետ կապված մի առասպել ևս։
Նոյ նահապետը իր նավը շինելու համար հրավիրում է Ներսես անունով մի ճարտարապետի։ Սա տապանի վերևում իր համար սենյակ է շինում և «որովհետև դա աստծո հրամանով չէր, ուստի այնտեղ էլ մեռավ (Ներսեսը) և նրա դիակն էր, որ Նոյի արձակած ագռավն ուտում էր»։ Չակերտներում բերածս Գրիգոր Տաթևացու խոսքերն են։ Անշուշտ, նա էլ է այդ առասպելը լսել այս կողմերում, ինչպես ես» (Հայրենապատում, գիրք Ա, էջ 215)։
Թեև ասում է, թե չակերտներում բերվածը Գրիգոր Տաթևացու խոսքերն են, բայց ոչ։ Չակերտներում բերվածը Հրաչյա Աճառյանի խոսքերն են՝ «Անձնանունների բառարանից»։
Գրիգոր Տաթևացին այդ մասին այլ կերպ է հիշատակում «Գիրք հարցմանցում»․ «․․․Ասում են Ներսես անունով արհեստաւոր տապանի վերին կողմում իր համար տուն էր պատրաստել, եւ քանի որ այն Աստծոյ հրամանով չէր, այնտեղ սատկեց եւ ագռաւն (այնտեղ) նրա դին էր ուտում» (էջ 383)։
Կարևորը, սակայն, Հրաչյա Աճառյանի և Գրիգոր Տաթևացու ասածի տարբերությունը չէ, մանավանդ բովանդակությունը նույնն է։
Կարևորը, որ մտածելու ու տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս, Սերո Խանզադյանի հետևյալ միտքն է՝ «Անշուշտ, նա էլ (Գրիգոր Տաթևացին) այդ առասպելը լսել է այս կողմերում, ինչպես ես»։
Նախ՝ ինչո՞ւ Բասուտա գետի հովտում գտնվելով Շիշկերտ գնալիս, Նավս լեռանը նայելով՝ Սերո Խանզադյանը հիշել է Նոյ նահապետին։
Այնուհետև, հնարավոր է, որ Նոյի տապանին առնչվող Ներսեսի մասին առասպելը Գրիգոր Տաթևացին լսել է Սյունիքի այս կողմերում։
Այնուհետև՝ ի՞նչ կապ կարող են ունենալ Նոյի տապանն ու Նավսը։
Տեսակետը, որ Գրիգոր Տաթևացին այս կողմերում է հիշել կամ Նավսը տեսնելուց հետո է հիշել Նոյի տապանի հետ առնչություն ունեցող Ներսեսի պատմությունը՝ չի բացառվում։
Ի վերջո Գրիգոր Տաթևացին «Գիրք հարցմանցը» 1397 թվականին շարադրում էր Սյունիքի Շահապոնք կամ Ճահուկ գավառում, որ աշխարհագրորեն հեռու չէ Արևիքից։
Մյուս կողմից՝ Գրիգոր Տաթևացին մանրամասն ծանոթ էր Սյունիքին։
Տեղին ենք համարում հիշել նաև, որ Նոյ նահապետը հողին է հանձնվել ներկայիս Նախիջևանի տարածքում, որը պատմական Սյունիքի մաս էր կազմում։
* * *
Նավս տեղանվանը լեզվաբանական հայացք են ձգել նաև ուրիշ հայագետներ։
Այսպես, Կարեն Հովհաննիսյանի աշխատասիրությամբ հրատարակված «Նոյ նահապետը» գրքի առաջաբանում հեղինակը նշում է՝ «Տապանը դեպի Մասիս ընթանալու ժամանակ փորձել է հանգրվանել նաև տվյալ նահանգների կամ դրանց գավառների հայտնի, սրբազան լեռների վրա՝ Գրգուռ, Սիփան, Սուկավետ, Մարաթուք, Նավս, Արտոս, Առնոս և այլն»։
Այդ գրքում մեկ այլ դրվագ ևս Նավս լեռան մասին է՝ «Նոյյան տապանը եկել է բազմել Նավսի վրա, բայց երբ ջուրը բարձրացել է, թողել գնացել է դեպի Մասիս»։
Նավս տեղանվանն ավելի ընդգրկուն լեզվական հայացք է ձգել մեր հայրենակից, բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Գրիգորյանը, որի հոդվածը՝ «Լեզվական դիտողությունների Հայոց լեռնաշխարհում Նոյյան տապանի վկայությունների մասին» հոդվածում, որը կցում ենք մեր սույն հրապարակմանը։
* * *
Նավս լեռնագագաթից մի ուրիշ աշխարհ բացվեց մեր առջև․․․
Նախ՝ Բասուտա գետի հովիտն է՝ գրեթե ամբողջապես։
Լեռնագագաթից հյուսիս–արևմուտք, համեմատաբար ցածր բարձունքում, Աղջկա բերդն է։
Հյուսիս–արևելյան կողմում Ուլլու ամրոցն է։
Հարավային կողմում լեռնային մի երկար լեզվակ է՝ արևելքից արևմուտք ձգվող, որի ամենաբարձր տեղը Վարդանալեռը կամ Վարդանասարն է (2006 մ), որ 2020-ի Արցախյան 3-րդ պատերազմի ժամանակ բռնազավթվել է, որին ադրբեջանցիները Շուքուրաթազ են անվանում։
Վարդանասարի և Նավս լեռան միջև երկու ձոր է, որից հարավայինը մեզ հայտնի Մթնաձորն է։
Ռազմավարական նշանակություն ունեցող Վարդանասարից՝ տարբեր տեղերով, դեպի Ներքին Հանդ կամ դեպի Բասուտա գետի հովիտ ադրբեջանցիները երեք ճանապարհ են բացել, ինչի հետևանքով Ներքին Հանդը հարավային կողմից ամբողջապես շրջափակվել է։
Նավսից դեպի հարավ–արևմուտք Գյուլունավ լեռնագագաթն է, որի անվանման շուրջ (մանավանդ նավ բաղադրիչի վերաբերյալ) տարբեր ենթադրություններ կարելի է անել։ (Գրավոր աղբյուրում այդ տեղանունը չգտանք, միգուցե ուրիշ անվամբ է հիշատակվում):
Նավսի լեռնագագաթից իջանք մեծ ու անմոռանալի տպավորություններով․․․
Մեր երկրամասի հեքիաթային այդ անկյունը կարող է դառնալ զբոսաշրջային բացառիկ երթուղի, եթե, իհարկե, շատ թե քիչ հարմար ճանապարհ կառուցվի։
Սամվել Ալեքսանյան
Լուսանկարները՝ Արմինե Մարգարյանի