Այլեւս մեզ հետ չէ Սիսական տան արժանավոր զավակ Աղասի Հակոբջանյանը

28.07.2020 12:58
39121

 2020 թ. հուլիսի 27-ի ուշ երեկոյան երկրային կյանքին հրաժեշտ տվեց Աղասի Մամիկոնի Հակոբջանյանը:
Տեղի ունեցածն անսպասելի էր, քանզի մշտական կապի մեջ էինք, եւ թվում էր, թե այսօր կամ վաղը, մոտ մեկամսյա բուժումից հետո, դուրս է գրվելու Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ու իր հպարտ, երկրաշեն ներկայությամբ կրկին լիցք է հաղորդելու սյունիքյան մեր ընթացքին…
Սակայն տեղի ունեցավ այն, ինչ որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնում…
Աղասի Հակոբջանյանը ծնվել է 1958 թ. հունվարի 1-ին Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում:
1964-72 թթ. սովորել է Տոլորսի ութամյա դպրոցում, այնուհետեւ՝ Սիսիանի N 1 միջնակարգ դպրոցում:
1974-75 թթ. աշխատել է Սիսիանի N 6 գյուղշինտրեստում՝ բանվոր: 
1975-80 թթ.սովորել է Երեանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, ավարտել ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ:
1980-82 թթ. աշխատել է «Հայգյուղտեխնիկայի» Սիսիանի արտադրական միավորման ինժեներ:
Այնուհետեւ՝ 1982-83 թթ. եղել է տեղամասի պետ Սիսիանի մելիորատիվ կայանում, 1983-84 թթ.՝ դարձյալ «Հայգյուղտեխնիկայում»՝ բրիգադավար:
1984-86 թթ. աշխատել է էներգահսկողության Սիսիանի տեղամասի պետ:
1986-92 թթ. եղել է Սիսիանի էլցանցի, 1992-96 թթ.՝ «Արմենտել» ՓԲԸ Սիսիանի տարածքային բաժնի պետը:
Ութ տարի՝ 2008-16 թվականներին, Սիսիան համայնքի ընտրյալ ղեկավարն էր:
Հրաշալի ընտանիք էր ստեղծել, ունի մեկ որդի, երեք դուստր:
Աղասի Հակոբջանյանի հասարակական-քաղաքական եւ պետական գործունեությունը մեծ մասշտաբով դրսեւորվեց հատկապես 2008-2016 թվականներին, երբ գլխավորում էր Սիսիան քաղաքային համայնքը:
Հենց նրա պաշտոնավարման ժամանակ Սիսիան քաղաքը հանրապետությունում ճանաչվեց սպորտի եւ երիտասարդության առաջին մայրաքաղաք:
Նրա բարի կամքով ու նախաձեռնությամբ էր, որ Սիսիանը յոթ տարի շարունակ՝ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 12-ին, դարձել է սպորտային, մշակութային տոնախմբությունների վայր, որտեղ օջախի կանչով հավաքվում էին աշխարհի տարբեր ծայրերում սովորող եւ բնակվող սիսիանցիները, ուրախանում, հաղորդվում հայրենյաց արմատներին:
Նրա նախաձեռնությամբ էր, որ Սիսիանում եւ մայրաքաղաք Երեւանում պետական ամենաբարձր մակարդակով նշվեց մեծ քնարերգու Համո Սահյանի 100-ամյակը:
Նրա նախաձեռնությամբ պատշաճորեն մեծարվեց համաշխարհային հռչակ ունեցող, Սիսիանի զավակ Նիկողայոս Ադոնցը, որի գիտական ժառանգությունը նորովի ամփոփվեց Սիսիանում կազմակերպված հայագիտական աննախադեպ կոնֆերանսում:
Նրա պաշտոնավարման օրերում Սիսիանում կազմակերպվեցին բազմաթիվ փառատոններ, լուծվեցին բնակչությանը մտահոգող, քաղաքի առջեւ ծառացած շատ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը խոսակցության առանձին նյութ կարող է լինել:
Նա կարողացավ Սիսիանն ու  նրա մեծատաղանդ զավակներին նորովի ճանաչելի դարձնել ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս:
Վերջին 10-13 տարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր եւ այդ կուսակցության սիսիանյան կառույցի ղեկավարը: Սակայն իր էությամբ ու գործունեությամբ վերկուսակցական անձնավորություն էր, եւ նրա կուսակցությունը, առանց չափազանցության, Սիսիանն էր, Սյունիքն էր, Հայաստան աշխարհը:
Ապրում էր երկրի հոգսով. 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին նրան հանդիպեցինք Մատաղիսում՝ Սիսիան համայնքի օգնությունն էր բերել կրակագծում գտնվող «Սիսական» փառա պանծ ջոկատի մարտիկներին, նաեւ փորձում էր բարոյական աջակցությամբ նեցուկ լինել նրանց:
Աղասի Հակոբջանյանը, հիրավի, վայելում էր սիսիանցիների (եւ ոչ միայն) անկեղծ սերն ու հարգանքը: Եվ դա պատահական չէր. ամեն մի սիսիանցու հոգս իրենն էր համարում, յուրաքանչյուր սիսիանցու ցավին բալասան էր փորձում գտնել:
Բացառիկ էր ընկերական հարաբերություններում. դրա դրսեւորումն էր այն մեծ շրջապատը, որ ուներ ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս:
Մեր ցավակցությունն ենք հղում Աղասի Հակոբջանյանի ընտանիքին եւ հատկապես նրա՝ այլեւս  ու ընդմիշտ սրտամորմոք Եվգենյա մայրիկին, նրա կյանքի հավատարիմ ընկերուհուն՝ տիկին Կարինեին, Բենիկ Հակոբջանյանին, զավակներին՝ ծանր եւ անդառնալի կորստի կապակցությամբ:
Ցավակցում ենք Սիսիանի տարածաշրջանի ամբողջ բնակչությանը: 
Մեր ցավակցությունն ենք հղում նրա աշխարհասփյուռ բոլոր ընկերներին, ովքեր, համաճարակային ներկա իրավիճակում չեն կարողանալու նույնիսկ վերջին հրաժեշտը տալ իրենց անզուգական ընկերոջը:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

«Սյունյաց երկիր»

Հ.Գ.
Աղասի Հակոբջանյանի աճյունը Երեւանից Սիսիան կտեղափոխվի հուլիսի 29-ին:
Ժամը 11—ից 13-ը նրան հրաժեշտ կտրվի Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցում :
Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 13-ին:
Աղասի Հակոբջանյանի աճյունը հողին կհանձնվի Սիսիանի քաղաքային գերեզմանատանը:

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11