Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35
404

ՇՄՆ նախկին փոխնախարարի խոսքով` ՀՀ–ում տարեկան 20-25 մլն ծառ տնկելու բնական պահանջ կա։

Հայաստանի մի քանի մարզում բռնկված հրդեհի իրական պատճառները պարզելու համար մանրակրկիտ ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Վարդան Մելիքյանը` անդրադառնալով ՀՀ տարբեր մարզերում օրեր առաջ բռնկված հրդեհներին։

Նշենք, որ նոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում:

«Կարծում եմ`դեռ վաղ է վերջնական կարծիք հայտնել։ Կարելի է տարբեր վարկածներ նշել, բայց փաստ է, որ Հայաստանում բուսածածկ տարածքների զգալի մասում հաճախ հրդեհ է բռնկվում մարդու գործունեության հետևանքով։ Խոզանի այրումը, որը Հայաստանում ապօրինի է և կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել, ցավոք, դեռ շարունակվում է»,– ասաց նա։

Մելիքյանն ընդգծեց, որ գյուղացիները հաճախ են իրենց հողատարածքներում այրում խոզանը, և կրակը քամու կամ վերահսկելիությունից դուրս պայմանների պատճառով տարածվում է նաև գյուղատնտեսական հողերից դուրս։

«Ավելին՝ մարդիկ տարբեր նպատակներով գնում են հանդամասեր, խոտ են հավաքում, սուրճ են եփում, կրակ վառում, որը կարող է տարածվել։ Պետք է հասկանալ յուրաքանչյուր դեպքի կոնկրետ պատճառը, գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել»,– առաջարկում է Մելիքյանը։

Նա կարևորեց կանխարգելիչ աշխատանքները՝ ընդգծելով հանքայնացված դաշտերի ու շերտերի ստեղծման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ըստ նրա, պետք է հաշվի առնել նաև կլիմայական գործոնը, որը գնալով ավելի չորային է դառնում։

«Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ մենք հիմա ունենք հրդեհների առաջացման ու տարածման համար ավելի նպաստավոր պայմաններ։ Այս տարի տեղումները քիչ են եղել, ջերմաստիճանը միջինից բարձր է և տեղանքով պայմանավորված՝ չորություն է նկատվում։ Նման պայմաններում անգամ փոքր կրակը կարող է շատ արագ վերածվել մեծ աղետի»,– հավելեց Վարդան Մելիքյանը։

Անտառային հրդեհների օրերին երևանցիներն ահազանգում էին օդի որակի կտրուկ վատացման մասին, Երևանի քաղաքապետարանն էլ մեղադրեց բակերում տերևներ ու աղբ այրող բնակիչներին, իսկ հետո շրջանառվեց վարկած, որ աղտոտվածության պատճառներից է ջեռուցման համակարգերի գործարկումը։ Մելիքյանի կարծիքով՝ բոլոր նշված պատճառները կարող են իրենց դերն ունենալ.

«Պետք է զարգացնել մոնիտորինգի համակարգը, որպեսզի հստակ հասկանանք՝ որ աղբյուրն ինչքան մասնակցություն ունի։ Երևանը կիսանապատային կլիմա ունի, ինչը նպաստում է փոշու բարձր պարունակությանը։ Բացի այդ՝ շինարարական ակտիվությունը մեծ է, ավտոմեքենաների քանակն էլ՝ շատ»։

 

Նախկին փոխնախարարի խոսքով՝ ձմռանը ջեռուցման համակարգերը նույնպես մեծացնում են ազոտի միացությունների մակարդակը, իսկ բեռնատարներն ու ավտոբուսները, որոնցից հաճախ սև ծուխ է դուրս գալիս, մեծ չափաբաժին ունեն օդի աղտոտման մեջ։ Կանաչ տարածքների ճիշտ ընտրությունն ու նպատակային տնկումը, ըստ Մելիքյանի, ևս կարևոր է։

«Պետք է ընտրել այն ծառատեսակները, որոնք դիմացկուն են մեր պայմաններում և կարող են արդյունավետորեն կլանել փոշին։ Իսկ օդի որակը միայն վերջին տարում չէ, որ վատացել է։ Պետք է հասկանանք՝ որն է աղտոտման իրական աղբյուրը։ Թե՛ անտառատնկումը, թե՛ քաղաքային կանաչապատումը կարող են մեղմել խնդիրները, բայց չեն կարող վերացնել պատճառները»,– նշեց Վարդան Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կրկնապատկի անտառածածկը, ինչը լուրջ պլանավորում ու կարողությունների ստեղծում է պահանջում։

«10 միլիոն ծառ տնկելու թեման լայն հնչեղություն ստացավ, բայց իրականում դա պետք է դառնար ընդամենը նախերգանք։ Մեզ տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ»,– ընդգծում է Մելիքյանը։

Նրա խոսքով՝ դա հնարավոր է. քաղաքներում տնկվում են 7–9 տարեկան կամ ավելի հասուն ծառեր, որոնք թանկ են, բայց անտառներում օգտագործվում են 1–2 տարեկան տնկիներ, որոնց արժեքը միջինում մեկ դոլար է կամ ավելի ցածր։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24