Այս տարվա աշունը առանձնացավ Հայաստանում գրանցված ջրի որակի հետ կապված խնդիրներով։ Տարբեր համայնքներից քաղաքացիները հերթով ահազանգում էին աղիքային վարակների, ջրի մեջ սնդիկի առկայության, ջրի պղտորության, տհաճ հոտի և համի մասին։
Թիրախում էին հայտնվել հիմնականում Բյուրեղավան և Ծավ համայնքները։ Այդ բնակավայրերի ջրից վերցված նմուշները ուղարկվել էին տարբեր փորձաքննությունների՝ թե Հայաստանի անկախ մոնիթորինգային շրջանակներում և պաշտոնական տեսչական մարմիններում, թե միջազգային տարբեր լաբորատորիաներում։
Բյուրեղավանում այս տարի գրանցվեց աղիքային վարակների մի քանի ալիք, որոնցից վերջինը սեպտեմբերի սկզբին էր։ Հուլիսին տարածված աղիքային վարակների ահազանգներից հետո Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը(ՀՎԿԱԿ) իրականացրեց լաբարատոր փորձաքննություն, որի արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել էին ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Սա արդեն վկայում է համայնքում ջրի կենսաբանական աղտոտվածության խնդրի մասին։