Սերոբ Խաչատրյան. «Սահմանամերձ գյուղերի դպրոցների հանդեպ անհրաժեշտ է պետական լուրջ հոգածություն»

02.03.2023 17:29
1578

Հանրակրթության առջև բազում խնդիրներ են ծառացել, նաև բարեփոխումներ են կատարվում ոլորտում: Առանձնակի ուշադրություն են պահանջում սահմանամերձ գյուղերի դպրոցները, որոնց վերաբերյալ զրույց ունեցանք կրթության ճանաչված փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, սահմանամերձ գյուղերի մասին ընդհանրական պատկերացում ունենք, իսկ մարդկանց հետաքրքրում է աշխատող ուսուցիչների արտոնությունների հարցը: Խնդրում ենք մանրամասնել, թե սահմանամերձի կարգավիճակ ունեցող գյուղի դպրոցի ուսուցիչն ի՞նչ արտոնություն ունի:

- Սահմանամերձ գյուղերի ուսուցիչներն ունեն աշխատավարձի որոշակի հավելավճար: Բայց այժմ նախարարությունը կարևորում է ոչ միայն սահմանամերձ գյուղերը, այլև ընդհանրապես գյուղերը, որովհետև ուսուցիչների պակաս կա բոլոր գյուղերում: Եվ կարծում եմ՝ սահմանամերձ գյուղերում ուսուցիչների պակասը լուրջ մտահոգության տեղիք պիտի տա: Կարծում եմ նաև՝ սահմանամերձ գյուղերին շատ ավելի մեծ արտոնություններ պետք է տրվեն, նույնիսկ կողմնակից եմ, որ իրենց աշխատավարձի դրույքաչափն ուրիշ լինի, որովհետև խնդիր ունենք այդ գյուղերում մարդկանց պահելու: Այդ իմաստով նպաստավոր պայմաններ պիտի առաջարկենք, որ, օրինակ, Կապանում, Գորիսում ապրող ուսուցիչը թողնի Կապանի դպրոցը և գնա սահմանամերձ գյուղի դպրոցում դասավանդի: Ի դեպ, այդպիսի փորձ աշխարհում կա. այն դպրոցները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար, դասավանդող ուսուցիչները բարձր սանդղակով են վարձատրվում մյուս դպրոցների համեմատ: Ճիշտ է, դա առաջին հայացքից խտրականություն է թվում, բայց պետական քաղաքականության կարևոր դրսևորում կլինի, որպեսզի այդ գյուղերի դպրոցներում կարողանանք ապահովել կրթության բարձր որակ, և մարդիկ ցանկանան այդ գյուղերում ապրել ու սովորել:

- Սյունիքի գյուղերի մեծ մասը սակավամարդ է, դպրոցները քիչ աշակերտներ ունեն: Այդ պարագայում ուսուցչի աշխատավարձի խնդիրը որքանո՞վ է դրական լուծում ստանում:

- Այո, այդ խնդիրն առկա է, երբ հատկապես Սյունիքի մարզի 115 դպրոցից մոտ 75-ը ունի մինչև 100 աշակերտ: Այսինքն՝ Սյունիքի դպրոցների ճնշող մեծամասնությունը 100 աշակերտ էլ չունի: Դա ստեղծում է որոշ ֆինանսական խնդիրներ, որովհետև ստիպված ենք լինում մեկ-երկու աշակերտի համար մի ամբողջ դպրոց պահել: Միգուցե փորձենք դպրոցները միավորել, բայց պայմանով, որ այդ դպրոցները չփակվեն սահմանամերձ հատվածներում: Դեռ ավելին, կուզեի, որ խոշորացնենք դպրոցները, այսինքն՝ երեխան, ում գյուղը գտնվում է ոչ սահմանամերձ վայրում, գնա այն գյուղում սովորի, որը սահմանամերձ է, որովհետև այսօր շատ կարևոր է նման գյուղերը պահելը: Հասկանալի է, որ շատ ծախսեր է պահանջվում երկու-երեք աշակերտի համար պահել մի ամբողջ շենք, տնօրեն, հաշվապահ, պահակ և այլն: Դրա համար փորձենք խելամիտ ձևով, այդ բառակապակցությունն ուզում եմ հստակ ընդգծել՝ խելամիտ ձևով միավորումներ անել, որպեսզի մեզ համար կարևոր գյուղերը հանկարծ չդատարկվեն: Եթե դա տեղի ունենա, տխուր պատկեր կունենանք: Բայց այս ձևով պիտի ձգտենք մի փոքր խոշորացնել դպրոցները, այնպես անել, որ ուսուցիչները ոչ մի դեպքում աշխատանքը չկորցնեն և փորձեն դասավանդման լավ պայմաններ առաջարկել երեխաներին:

- Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից ուսուցիչները պետք է ունենան մանկավարժական ստաժ, ատեստավորված լինեն, մանկավարժական կրթություն ստացած լինեն: Արդյո՞ք այդ լուծումը վերջնական է, և արդյո՞ք այդ հանգամանքը սահմանամերձ գյուղերում խնդիրներ չի առաջացնի. Դուք նշեցինք, որ հիմա նույնիսկ մի կերպ են ուսուցիչները սահմանամերձ գյուղեր աշխատանքի մեկնում:

- Ճշմարիտն ասած՝ այդ որոշմանը դեմ եմ, որովհետև դա կայացվել է այն ժամանակ, երբ Հայաստանում նույնիսկ ուսուցիչների թվի ավելցուկ կար. տասը-տասնհինգ տարի առաջ մենք շատ ուսուցիչներ ունեինք: Կրթական ցենզը բարձրացնելու համար որոշեցին, որ դպրոցներում պիտի դասավանդեն բարձրագույն մանկավարժական կրթությամբ անձինք: Բայց խնդիրն այն է, որ դպրոցներում ունենք ուսուցիչներ, որոնց մեծ մասը դասվար է և դասավանդում են արվեստի, տեխնոլոգիական բլոկի առարկաները: Թեպետ նրանք բարձրագույն կրթություն չունեն, բավականին լավ ուսուցիչներ են: Եթե մարդն արվեստի գծով ավարտել է քոլեջը և ունի բնատուր տաղանդ, դա լիարժեքորեն բավարար է, որ ինքը դպրոցում դասավանդի նկարչություն, երաժշտություն, տեխնոլոգիա և այլն: Նույնը՝ դասվարների առումով: Եթե մարդու մեջ կա մանկավարժական ձիրք, քոլեջն ավարտելը երբեմն բավարար կարող է լինել: Եվ այսօր, իրոք, ունենք դասվարներ միջին մասնագիտական կրթությամբ, ովքեր տարիների աշխատանքով արդարացրել են իրենց:

Այս խնդիրը 2018 թվականին պիտի լուծվեր, բայց ժամանակ որոշվեց ուսուցիչներին ևս հինգ տարի ժամանակ տալ:

Ամբողջ խնդիրն այն է, որ մանկավարժական կրթություն ստանալը շատ ուսուցիչների համար թանկ հաճույք է: Քանզի պետությունը ոչ մի բանով չի օգնում այդ ուսուցչին, ով ունի միջին մասնագիտական կրթություն և պետք է բարձրագույն կրթություն ստանա: Գուցե դա լիներ անվճար կամ զեղչով, որովհետև բազմաթիվ ուսուցիչներ հսկայական գումար ծախսեցին, որ բարձրագույն մանկավարժական կրթություն ստանան: Մյուս խնդիրն էլ այն է, որ եթե մարդը տարիքով է, ասենք՝ 60 տարեկան, մտածում է՝ մի քանի տարի հետո անցնելու եմ թոշակի, այս տարիքում ի՞նչ իմաստ ունի՝ գնամ, համալսարանում սովորեմ: Սա էլ է խելամիտ հարց, որովհետև մի բան է, երբ քառասուն տարեկանն է դա ասում, այլ բան, երբ մարդուն մնացել է մի քանի տարի աշխատելու:

Այդ իմաստով, կարծում եմ, երբ Հայաստանն ուսուցիչների պակաս ունի, հատկապես գյուղերում, այդ որոշման կատարումը կամ պիտի հետաձգեն կամ պիտի հիմնարար ձևով ասեն՝ այս պահին Հայաստանին դա ձեռնտու չէ, որովհետև վստահ չենք, եթե միջին-մասնագիտական կրթությամբ նկարչին աշխատանքից հանենք, կարողանալո՞ւ ենք արժանի փոխարինող գտնել, կարողանալո՞ւ ենք լավ մասնագետ գտնել: Հիմա կարող է՝ այսօրվա բարձրագույն կրթություն ունեցողն ավելի ցածր մակարդակ ունենա, քան նախկին միջին մասնագիտական կրթություն ունեցողը:

- Արդյո՞ք դպրոցները ֆինանսավորվում են աշակերտ-տող սկզբունքով:

- Դեռևս այո, այս պահին ֆինանսավորումն ըստ աշակերտի է, նոր ուսումնական տարվանից ցանկանում են անցնել նոր համակարգի:

- Գյուղական դպրոցի դասարանում երբեմն մեկ կամ երկու աշակերտ է լինում, ուսուցիչը 45 րոպե դաս է պարապում՝ նույն այն ձևով ու չափով, եթե դասարանում լինի, ասենք, 20-25 աշակերտ, բայց վարձատրությունն ավելի ցածր է. արդյոք չի՞ տուժում ուսուցիչը:

- Այո, նախկինում ունեինք այն նախադեպը, որ ավելի ցածր էր վճարվում, երկկոմպլեկտ դասարանների մասին է խոսքը, երբ այդպիսի դասարանում դասավանդող ուսուցիչն ավելի ցածր է վարձատրվում, քան սովորական դասարանում դասավանդողը, հիմա նախարարությունը մի փոքր բարելավել է այդ ցուցանիշը: Ինչ խոսք, շատ աշակերտով դասարանում աշխատելն ավելի դժվար է, ավելի շատ տետրեր պիտի ստուգես, ավելի շատ լարված լինես, բայց այնպես չէ, որ քիչ աշակերտով դասարանում հեշտ է դասավանդելը: Դա էլ իր դժվարություններն ունի, հաճախ ձանձրալի է լինում, պիտի գտնել աշակերտներին մոտիվացնելու ձևեր, ստեղծագործական մոտեցում պիտի ցուցաբերվի: Ուստի կարծում եմ՝ քիչ աշակերտ ունեցող դասարաններում դասավանդողների աշխատավարձը բարձրացնելը ճիշտ էր, և կարծում եմ՝ դա ուսուցիչներին մի փոքր կբավարարի:

- Երբ քաղաքում դպրոցները միավորում են, դա, թերևս, հասկանալ կարելի է, բայց երբ գյուղական բնակավայրերի դպրոցներն են միավորում, դժվար է հասկանալ, մանավանդ այդ գյուղերի միջև անբարեկարգ ճանապարհների պայմաններում: Երեխան 7-8 կիլոմետր ճանապարհ անցնելուց հետո հոգնած, փոշոտ նստում է դպրոցական նստարանին և դաս լսում: Կարո՞ղ է նման վիճակում դասը յուրացնել ըստ պատշաճի:

- Ինչ խոսք, եթե ճանապարհը բարեկարգ չէ, գյուղն էլ հեռու է, միավորումը (միանշանակ) տեղին չէ, ճիշտ չէ դպրոցականին  անբարեկարգ ճանապարհով հեռու տեղ տանելը և, անշուշտ, դա կրթության որակի վրա բացասաբար կանդրադառնա: Բայց եթե գյուղերը մոտիկ են, և ճանապարհները բարվոք են, կարելի է դպրոցները միավորել: Նաև նշեմ` երբ դասարանում երկու-երեք աշակերտ է սովորում` դա կրթության որակի վրա բացասաբար է անդրադառնում, որովհետև երեխայի մոտ մեկը չկա, ում հետ կարող է շփվել: Իսկ դա ուսուցման գործընթացում շատ կարևոր է, որովհետև երեխաները նաև իրարից են սովորում, ոչ միայն ուսուցչից: Եթե դասարանում չորս աշակերտ կա, մեկը  կարող է մյուս երեքից սովորել, եթե դասարանում ունենք 20-ը, մեկը կարող է մյուս 19-ից սովորել: Շատ աշակերտ ունեցող դասարանում սովորող դպրոցականի սոցիալական փորձն ավելի մեծ է, ինչը, իմ կարծիքով, նույնպես կարևոր հանգամանք է:

- Պարոն Խաչատրյան, սահմանամերձ և լեռնային գյուղերի հետ կապված Ձեր դիտարկումներին ի՞նչ կարող եք ավելացնել, ի՞նչ կարևոր բան դուրս մնաց մեր զրույցից:

- Ըստ իս, ամենակարևորն այն է, որ այդ դպրոցների հանդեպ պետք է լինի պետական լուրջ հոգածություն, որովհետև տեսնում ենք՝ որքան խարխուլ են Հայաստանի սահմանները: Իսկ այն մարդիկ, ովքեր այդտեղ ապրում են, իրոք հերոսներ են, այսինքն՝ այսօր իրենք շատ մեծ գործ են անում Հայաստանի համար, և իրենց երեխաներն արժանի են բարձորակ կրթություն ստանալու: Իսկ սահմանամերձ բնակավայրի դպրոցների ուսուցիչներն արժանի են ստանալ ամենաբարձր աշխատավարձը: Եթե Հայաստանում որոշում կայացվի եռապատկել սահմանամերձ գյուղերի ուսուցիչների աշխատավարձը, իմ կարծիքով, դրա դեմ ոչ մեկը չի ընդդիմանա, որովհետև այդ մարդիկ, իրոք, արժանի են: Դա պետք է մենք գնահատենք: Այսօր, ցավոք սրտի, ավելի շատ Երևանն է կարևորվում:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34