Կոտրվի էն ձեռքը, որ փորձել է պղծել Արցախյան գոյամարտի հերոս Աղվան Մինասյանի հիշատակը

10.03.2021 12:16
5572

Այն օրվանից, երբ Աղվան Մինասյանը նահատակվեց Արցախյան առաջին գոյամարտում, Հրանտ Մինասյանի Լծենի բնակարանը, ինքնըստինքյան, թանգարան դարձավ՝ տուն-թանգարան։ Դա 1993թ․ օգոստոսի 30-ին էր․․․

Աղվան Մինասյան բանաստեղծն ու մարտիրոսը, որ 1970-ին ծնվել էր այդ տանն ու ապրել այդտեղ, այդտեղից էլ վերջին անգամ մեկնեց ռազմաճակատ․․․

Այդ տանն Աղվան Մինասյանն ուներ իր առանձնասենյակը։

Երկու տարի առաջ մեզ բախտ էր վիճակվել լինել պաշտելի այդ բնակարանում ու Աղվանի սենյակում, որտեղից ստացած տպավորությունն անջնջելի է մինչեւ հիմա։ Անձնական գրադարանը, իր հեղինակած բանաստեղծությունները՝ տպագիր եւ անտիպ, կենցաղային պարագաներն ու անձնական մյուս իրերը կամա-ակամա պատկերացում էին տալիս վաղամեռիկ բանաստեղծի, հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած քաջորդու մարդկային, քաղաքացիական կերպարի մասին․․․

Աղվան Մինասյանը մեր այն հերոսներից է, ում օրինակը եւ կերպարը վկայակոչելով կամ ի ցույց դնելով՝ 27 տարի շարունակ ոչ միայն Սիսիանի, այլեւ Սյունիքի մարզի ու ամբողջ հանրապետության կրթօջախներում ուսուցիչներն արիության դասեր էին վարում՝ հայրենապաշտություն ներարկելով մեր երեխաներին․․․

Սակայն մի քանի օր առաջ տեղի է ունեցել անհավատալին․ ինչ-որ սրբապիղծ արարածներ ձեռք են բարձրացրել Աղվան Մինասյանի տան վրա՝ պղծելով հատկապես թանգարան դարձած նրա սենյակը։

Մարտի 9-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Լծեն գյուղում էր...

Ելուզակները տակնուվրա էին արել ամեն ինչ․ հատակին թափված իրեր, շուռ տված աթոռներ, մոտ 20 շիշ  օղի՝ բացված եւ տարբեր տեղերում շաղ տված...

Կարելի է ենթադրել, որ այդ ամենից հետո տունը հրո ճարակ դարձնելու նպատակ է հետապնդվել․ որոշ վարագույրներ վառել էին, բայց կրակը շատ չէր բարձրացել։ Գուցե չորս կողմը շաղ տված օղին պիտի նպաստեր կրակի տարածմանը, բայց չի ստացվել բարեբախտաբար։

Հանցագործներն իրենց հետ տարել էին միայն Աղվանի մեդալները․․․

Այդ առանձնատանը հիմա ոչ ոք չի բնակվում․ Հրանտ Մինասյանի եւ Աշոտ Մինասյանի ընտանիքները բնակվում են Սիսիանում։ Վերջին անգամ այդ տանը եղել էին օրեր առաջ՝ փետրվարի 12-ին։

Տեղի ունեցածի մասին մարտի 8-ին իմացել են հարեւանները՝ տեսնելով տան բացված պատուհանները, որտեղով, ըստ երեւույթին, մտել էին ելուզակները։

***

Ոստիկանության Սիսիանի բաժինը տեղի ունեցածին արձագանքել է անմիջապես։

Մարտի 9-ին հանցագործության վայրում էին բաժնի գրեթե բոլոր պատասխանատուները։

Նրանց պահվածքում վճռականություն տեսանք՝ ամեն գնով բացահայտելու հանցագործությունը։

Իսկ թե նախնական ինչ նկատառումներ ունի հետաքննող մարմինը՝ ոստիկանության բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը եւ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Պետրոս Ալեքսանյանը նպատակահարմար չգտան մեկնաբանել՝ ելնելով քննության շահերից։

-Վարկածներ շատ կան, բայց առայժմ որեւէ վարկածի առաջնայնություն չենք տալիս, քանի որ ուսումնասիրվում են, - ասաց Ավետ Հովհաննիսյանը։

Կատարվածի հնարավոր շարժառիթների վերաբերյալ կոնկրետ նկատառում չարտահայտեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ նշելով միայն. «Ես որեւէ թշնամի չունեմ, ուստի եւ ոչինչ չեմ կարող ասել առայժմ․․․»

Սիսիանում եւ Լծենում հանդիպեցինք տասնյակ մարդկանց․ բոլորը ոչ միայն դատապարտում էին տեղի ունեցածը, այլեւ նզովում թուրքաբարո այդ հանցագործներին։

Իսկ Լծեն գյուղի վարչական ղեկավար Դերենիկ Հովհաննիսյանն ապշած էր․ « Մեր գյուղում բնակարանային գողություն կամ ոտնձգություն որեւէ մեկի տան վրա, ունեցվածքի վրա՝ երբեք չի եղել։ Մարդիկ մինչեւ հիմա իրենց տների դարպասներն ու անասնաշենքերի դռները չեն կողպում․․․»:

***

Անշուշտ, մենք հակված չենք տեղի ունեցածի վերաբերյալ կոնկրետ վարկած առաջ քաշել, բայց մի հանգամանք ակնհայտ է ՝ փորձել են պղծել կամ պղծել են Արցախյան գոյամարտի հերոս Աղվան Մինասյանի հիշատակը։

Ուստի եւ ստիպված ենք բարձրաձայնել՝ Աղվան Մինասյանի հիշատակի վրա ձեռք բարձրացնելով՝ ոտնձգություն է կատարվել բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր իրենց կյանքի գնով Արցախյան երեք պատերազմում տեր են կանգնել հայոց արժանապատվությանը, ովքեր իրենց արյամբ սրբագործել են մեր հայրենական տունը։

Ստիպված ենք բարձրաձայնել երիցս՝ բնության մեջ չկա ու չի կարող լինել մի ուժ, որ կարողանա փոքր-ինչ անգամ սասանել մեր խոնարհումն ու պատկառանքն Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակի հանդեպ։

Արցախյան հերոսամարտում մարտիրոսված քաջորդիները հայոց հիշողության մեջ կան եւ մնալու են ընդմիշտ, ինչպես Ավարայրի եւ Սարդարապատի նահատակները։

***

Օրվա երկրորդ կեսին, երբ Լծենից Կապան էինք վերադառնում, մեզ հետ հեռախոսազրույց ունեցավ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նա իր զայրույթն արտահայտեց տեղի ունեցածի առիթով եւ սրբապղծություն համարեց Արցախյան պատերազմների նահատակների հիշատակի դեմ ցանկացած ոտնձգություն։ Մարզպետը հավաստիացրեց նաեւ, որ իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ կանի, որ հանցագործությունը բացահայտվի։

Սամվել Ալեքսանյան

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:10

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:06

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2026 11:05

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

12.08.2026 11:04

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 10:59

Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև

12.08.2026 10:45

Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին․ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են․ Ալիև

12.08.2026 00:56

Տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում․ ԱԳՆ

11.08.2026 23:01

Իշխանությունը փոխվում է, և ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք․ Նարեկ Կարապետյան

11.08.2026 17:46

Վթար Կապանում. 7 անձ տեղափոխվել է ԲԿ

11.08.2026 16:17

«Հայաստան» տաղավարը՝ Մոսկվայի ՎԴՆԽ-ի ամենապահանջված եռյակում

11.08.2026 16:05

Էներգաարդյունավետ ծրագիր՝ Գեղանուշ և Գոմարան գյուղերի բնակիչների համար

11.08.2026 15:25