Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի պաշտոնանկությունից հետո, որ կատարվեց դեկտեմբերի 2-ին, նոր զարգացումներ են տեղի ունենում։
Ստեղծված իրավիճակի, ինչպես և նախորդած իրադարձությունների մասին է զրույցը նրա հետ։
— Պարոն Լազարյան, նախ՝ ի՞նչ վիճակ է հիմա քոլեջում։
— Կարծում եմ՝ տեղյակ եք, որ նախարարի դեկտեմբերի 2-ի ապօրինի հրամանից հետո (ինձ պաշտոնանկ անելու մասին)՝ քոլեջի 30-ից ավելի աշխատակից հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ այդկերպ մերժելով Ժաննա Անդրեասյանի կամայական ու չհիմնավորված, չփաստարկված որոշումը։
Բայց ես հրապարակավ (նաև աշխատակիցներին հանդիպելով) խնդրանք ու հորդոր եմ հղել բոլորին՝ հետ կանչել դիմումները, որի հնարավորությունը տալիս է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։
Այդքանով հանդերձ՝ դեկտեմբերի 4-ին դասապրոցեսը չի վերսկսվել, իսկ այսօրվա վերաբերյալ ամբողջական տեղեկատվության չեմ տիրապետում։
– Եվ ինչո՞ւ։
– Նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 4-ից քոլեջի տնօրենի պաշտոնակատար՝ վեց ամիս ժամանակով, նշանակել է Արմինե Կոլյանին։
Նախարարի այդ հրամանից հետո իրավիճակը կրկին լարվել է, և մարդիկ չեն մտել լսարան՝ ԿԳՄՍ նախարարից պահանջելով բացատրություն կամ պարզաբանում մի քանի հարցի վերաբերյալ։
– Ի՞նչ պարզաբանումների մասին է խոսքը։
– Դրանք հրապարակված են, բայց պահանջներից երկուսը կարող եմ հիշեցնել՝
ա) պարզաբանել, թե Կարեն Լազարյանը ՀՀ ո՞ր օրենքի և օրենքի ո՞ր հոդվածի համաձայն է պաշտոնանկ արվել,
բ) տրամադրել նորանշանակ տնօրենի՝ ս.թ. սեպտեմբերի 16-ի հավաստագրման քննության հիմքերը՝ հարցազրույցի արձանագրությունը, ձայնագրությունը, գնահատման թերթիկները և հանձնաժողովի որոշումը, քանզի Գորիսում այդ քննության վերաբերյալ բազմաթիվ տարակույսներ են շրջանառվում՝ հարցականի տակ դնելով հավաստագրի արժանահավատությունը։
Ի դեպ, նախարարը երեք անգամ՝ անհիմն պատճառներով, մերժել է այդ փաստաթղթերի տրամադրումը։ Եվ ստիպված կլինենք դատարանի միջոցով պարտադրել նախարարին՝ չթաքցնել որևէ գաղտնիք կամ անձնական տվյալ չպարունակող այդ նյութերը և դրանք տրամադրել կողմին՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները։
– Այդքանով հանդերձ՝ տնօրենի պաշտոնակատարը՝ ոստիկանական ուժերի աջակցությամբ, դեկտեմբերի 4-ին մտավ քոլեջ։ Անշուշտ, Սյունիքի պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ էր դա, բայց կա՞ր ոստիկանական ուժերի միջամտության կարիք։
— Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների ներկայությունը, ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ, ինքնիրավչության ցցուն դրսևորում էր։ Նրանց գործողությունները, ինչի պահանջը և անհրաժեշտությունը չի եղել, ապօրինության մի ամբողջ շարք են։
Ոստիկանության Գորիսի բաժինը քոլեջի համար ոչ լիազոր մարմին է, ոչ հիմնադիր է... Եվ որևէ գործառույթ չունենալով ստեղծված իրավիճակում՝ իր պետի միջոցով սպառնում էր՝ տնօրենի աշխատասենյակի դուռը կկոտրենք, մարդկանց քոլեջի բակից կհեռացնենք...
Ոստիկանների ներկայությունը և գործունեությունը գնահատել ենք իբրև սադրանք ու պահանջել՝ անհապաղ հեռանալ քոլեջից։ Եվ ակնկալում ենք, որ պետական մակարդակով նույնպես գնահատական կտրվի:
- Իսկ ո՞րն է քոլեջի գույքը հանձնել–ընդունելու խնդիրը և արդյո՞ք նման խնդիր գոյություն ունի։
- Նման խնդիր չի եղել և չի կարող լինել։ Գույքի տերը ԿԳՄՍ նախարարությունն է, բայց (ըստ պայմանագրի) հանձնված է ինձ։ Եվ որպեսզի մի քանի հարյուր միլիոն արժեցող գույքը հանձնեմ նորանշանակին՝ պետք է դա կատարվի նախարարի նշանակած հանձնաժողովի միջոցով, ինչպես որ ինձ են հանձնել գույքը։
Գույքի հանձնման–ընդունման օրինական ու պետական այլ ճանապարհ գոյություն չունի։ Առավել ևս, որքան էլ կամենան ոմանք, դրանում որևէ անելիք կամ գործառույթ չունի և չի կարող ունենալ ոստիկանության Գորիսի բաժինը։
Կգա նախարարության հանձնաժողովը և գույքը կհանձնվի:
– Ո՞նց եք պատկերացնում Գորիսի պետական քոլեջի հետագա գործունեությունը։
– Տարիների ընթացքում քոլեջում ստեղծվել է այնպիսի կոլեկտիվ, որը պատիվ կբերի հանրապետության ցանակցած ուսումնական հաստատության, այդ թվում բարձրագույն ուսումնական հաստատություններին։
Մեր դասախոսները և մյուս աշխատակիցները կրթական գործի իսկական նվիրյալներ են, սակայն...
Կա կառավարության 2025 թ. ապրիլի 17-ի որոշումը՝ Գորիսի երկու քոլեջը միաձուլելու մասին, և որոշ ժամանակ անց միաձուլումը տեղի կունենա։
Իհարկե, ափսոսում եմ, որ հարյուրամյա քոլեջը, մեծահամբավ այդ կրթօջախը վերանում է, ափսոսում եմ, որ որոշ աշխատակիցների ճակատագիր՝ այդ ամենի հետևանքով, անորոշության մեջ կհայտնվի։
Իհարկե, կառավարության որոշումը (գոնե այս կառավարության օրերում) պիտի կյանքի կոչվի, բայց (անկեղծ լինենք) որոշման հեղինակները չեն կարողացել գոնե մեկ նախադասությամբ հիմնավորել, թե ինչո՞ւ են վերացնում հանրապետության՝ հիրավի ամենակայացած երկու քոլեջը։
Նախարարն էլ ութ ամսվա ընթացքում չկարողացավ պարզաբանել, հիմնավորել՝ ինչո՞ւ են վերացվում Գորիսի քոլեջները։
Եվ երբ ասում ենք, որ տեղի ունեցածը հակասյունիքյան, հակագորիսյան ձեռնարկում է՝ համեմված անձնական վրեժխնդրությամբ, քինախնդրությամբ և կրթական համակարգին ուղղակիորեն վնասող բաղադրիչներով՝ այդ ամենն էինք հիմք ընդունում:
– Կառավարության 2025 թ. ապրիլի 17-ի որոշումը կյանքի պիտի կոչվեր մինչև ս.թ. հուլիսի 1-ը, բայց ձգձգվեց, չիրագործվեց, ինչո՞ւ։
– Կառավարության որոշման կատարմանը խոչընդոտել է միայն ու միայն Ժաննա Անդրեասյանը։ Ոչ թե դեմ է եղել տվյալ որոշմանը, այլ անկարող է եղել սեփական հայեցողությամբ, քոլեջների շահերին համապատասխանող տնօրենի պաշտոնակատարներ նշանակվել, քանի որ ինքն այս պարագայում պատվեր կատարողի ամոթալի կարգավիճակում էր, իսկ պատվիրատուները մի փոքր ուշացումով իրենց պարտադրանքը ներկայացրին։
– Գորիսյան (և ոչ միայն) հանրությունը գրեթե համոզված է, որ քոլեջների միաձուլմամբ Ձեզ պաշտոնից հեռացնելու խնդիր էր դրվել նախ և առաջ։ Եվ գրոհը Ձեր հանդեպ սկսվեց կամ գործնական հուն մտավ 2025 թ. մարտի 5-ին, երբ հերթական անգամ ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ստանալու քննություն հանձնեցիք։ Այդ մասին...
– Մարտի 5-ին տեղի ունեցածի վերաբերյալ հայցադիմում ենք ներկայացրել, որը հիմա քննվում է Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում։
Շուտով կմտնենք դատաքննության փուլ։ Բայց արդեն իսկ ի հայտ են եկել բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են՝ դեռևս քննությունից առաջ է որոշվել, որ Կարեն Լազարյանին չպիտի հավաստագիր տրվի՝ անկախ նրա պատասխաններից:
Եվ չզարմանաք, եթե ասեմ՝ ինձ հետ հարցազրույցն անցել է ակնհայտ կեղծիքներով։ Արաքսիա Սվաջյանի գլխավորած հանձնաժողովը մի կողմ է դրել պետականորեն հաստատված կարգը և կեղծել փաստաթղթերը։
Հանձնաժողովի ամբողջ կազմը՝ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, կդատականչվի և կհարցաքննվի. արդեն կա դատարանի որոշում։
— Մենք հնարավորություն ենք ունեցել Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվի՝ վերջին ամիսների դիմումներին, նաև տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մամուլի հրապարակումներին ծանոթանալ։ Ու քանիցս այն միտքն է արծարծվել ու արծարծվում, թե Գորիսի երկու կայացած քոլեջը քանդելու գաղափարի հեղինակներից է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Կարո՞ղ եք փոքր ինչ բացել փակագծերը։
– Հիշո՞ւմ եք Հերոստրատի պատմությունը. աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Արտեմիսի տաճարը հրդեհի մատնեց, որ իր անունն անմահանա։
Հիշո՞ւմ եք Պյուռոսի պատմությունը. բոլորին զոհաբերում էր, բայց ինքն իրեն հաղթող համարում։
Ռոբերտ Ղուկասյանն էլ՝ Սյունիքում 47 դպրոց է փակվում՝ համարում է հաղթանակ:
Սյունիքից մի քանի հազար հա հողատարածք՝ իր պաշտոնավարման ընթացքում, հանձնվում է թուրքին՝ համարում է հաղթանակ։
Սյունիքի բնակչությունը մի քանի տարում պակասում է հազարներով՝ համարում է հաղթանակ։
Հարյուրամյա երկու քոլեջ է փակվում Գորիսում՝ համարում է հաղթանակ...
Հավանաբար առաջիկա օրերին կայցելի քոլեջ և, իր բնավորության համաձայն, բոլոր հանդիպողներին կպաչպչի (կապ չունի՝ ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ), սելֆիներ կանի և նոր պատրանք կստեղծի, թե իբր ինքը կա... Իսկ հանրակրթական դպրոցների տնօրենները՝ իջեցված պլանի համաձայն, «լայքեր» կդնեն...
Օտարականի սովորական վարքագիծ...
Եվ ինչո՞ւ պիտի հանդուրժեր, որ սահմանապահ Գորիսում կայացած և վաստակ ունեցող երկու քոլեջ գործեն։
– Հասկացանք, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյա՞նը...
– Հատկապես վերջին շրջանում Դուք չեք կարող հիշել մեկ օր, որ համացանցում կամ այլ լրատվամիջոցներով Ժաննա Անդրեասյանի ապօրինությունների և կամայականությունների մասին հոդվածներ չհրապարակվեն՝ անթիվ, անհամար փաստերով։ Այլ հարց է, թե ինչու են հանդուրժում նրան նախարարի պաշտոնում:
Առնվազն մեզ առնչվող հրամաններից երևում է միաժամանակ, որ տիկինը նաև գրագիտության լուրջ խնդիր ունի։ Եվ գիտելիքների երաշտի մեջ տառապող տիկինն իր աթոռը պահում է, ինչպես տեսնում ենք, պատվերներ կատարելու շնորհիվ:
– Հավանաբար դրա համա՞ր եք նախարարի 2025 թ. դեկտեմբերի 2-ի հրամանը՝ Ձեզ պաշտոնանկ անելու մասին, դատարանում վիճարկելու քայլ անում։
– Հազար անգամ ընթերցեք նախարարի այդ հրամանը. ոչ մի հիմնավորում կամ պատճառաբանություն՝ գործող օրենքներից բխող, չկա։ Եթե ամբողջ նախարարությունում չեն գտել մեկին՝ գրագետ հրաման գրելու համար, գոնե դրսից մարդ հրավիրեին։
Հասկանում եմ՝ Գորիսի պետական քոլեջն ավելի շուտ կլուծարվի, քան կավարտվի մեր հայցի դատաքննությունը: Բայց կապ չունի, ճշմարտությունը և օրինականությունը պետք է վերականգնվեն:
– Ինչո՞վ եք մտադիր զբաղվել հետայսու։
– Նախ՝ ավելի կընդգրկվեմ մեր իսկ հայցերի դատաքննությանը, ի վերջո մի քանի հայց ունենք արդեն, որոնց պատասխանողի ներկայացուցիչը Ժաննա Անդրեասյանն է։
Բնականաբար, կմասնակցեմ բազմագործառութային քոլեջի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, նաև ուրիշներին կհորդորեմ, որ մասնակցեն։ Բազմագործառութային քոլեջը պետք է ունենա արժանավոր տնօրեն՝ տեղական որևէ իշխանավորի կողմից գործիք չհանդիսացող, դրածոյի համբավ չունեցող, զուտ կրթության շահերով առաջնորդվող։
Բազմաթիվ արժանապատիվ գորիսեցիներ պատրաստվում են մոտ ապագայում ՀՀ նոր կառավարության և Սյունիքի նոր մարզպետի օգնությամբ չեղարկել ՀՀ կառավարության 2025 թ. ապրիլի 17-ի որոշումը և վերականգնել Գորիսի երկու քոլեջը՝ նկատի ունենալով, որ դրանք ոչ միայն Գորիսի 100-ամյա փառքի խորհրդանիշն են, այլև լուրջ գործոն են սահմանապահ Գորիսի դիմադրողականության բարձրացման գործում։ Ինքս էլ կփորձեմ աջակցել նրանց՝ ազնիվ ու հայրենասիրական այդ ձգտումների մեջ։
Նաև կհամակարգեմ «Գորիսի պետական քոլեջ» ֆեյսբուքյան էջի գործունեությունը, որը մեր սեփականությունն է և ամենասպասված ու պահանջված հարթակը Գորիսի տարածաշրջանում։ Հատկապես ուշադրություն կդարձնենք Գորիսի կրթական ոլորտի լուսաբանմանը՝ սկսած Գորիսի պետական համալսարանից։
Հիմնական աշխատանքի առայժմ չեմ անցնի, թեև արդեն իսկ կան ուշագրավ առաջարկներ։
Մի խոսքով՝ ամեն ինչ ոչ թե ավարտվում է, այլ նոր–նոր է մեկնարկում։
– Ձեր խոսքը քոլեջի դասախոսներին, ուսանողներին, մյուս աշխատակիցներին։
– Անպայման տեր կանգնել Գորիսի պետական քոլեջի հրաշալի ավանդույթներին։
Անպայման թիվ 1 խնդիրը համարել ուսանողների ուսուցման գործը, ինչպես մինչև հիմա է եղել։ Տարածաշրջանում ոչ մի քոլեջ մեր հաստատության չափ դիմորդ չի ունեցել վերջին տարիներին, այսինքն՝ եկել են մեզ հավատալով ու վստահելով։ Եվ ուրեմն՝ շարունակել արդարացնել ուսանողների, ծնողների հույսերը, ինչպես մինչև հիմա է եղել։
Եվ, իհարկե, թույլ չտալ, որ քաղաքականությունը մտնի լսարան, միայն կրթական գործ...
Անել հնարավորը, որ Գորիսի պետական քոլեջի շրջանավարտը, ինչպես մինչև հիմա, լինի ամենապահանջվածը տարածաշրջանի աշխատաշուկայում։
– Շնորհակալություն, պարոն Լազարյան, հետաքրքիր զրույցի համար, Ձեզ՝ հաջողություններ։
– Ես եմ շնորհակալ։
Հարցազրույցը՝
Մարի Նավասարդյանի