Հիսուն տարի առաջ Գորիսում մեծ դժվարությամբ ստեղծված բուհը կարող է եւ փակվել, եթե...

27.07.2018 20:56
1908

Հուլիսի 26-ին Գորիսի պետական համալսարան էր այցելել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ: Նպատակը, ինչպես նշեց նախարարը, համալսարանում ստեղծված իրավիճակին ծանոթանալն էր:

 -Ինձ անընդհատ նամակներ, դիմումներ են գրում. մի կողմը մեկ կարծիք է հայտնում, մյուս կողմը՝ այլ կարծիք, եւ որոշեցի լինել տեղում ու լսել կողմերին,- ասաց նախարարը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ԳՊՀ ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը, ով ողջունեց նախարարի անդրանիկ այցը կրթօջախ, ապա համառոտ տեղեկություններ ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում (2016թ. փետրվարից) բուհում կյանքի կոչված բարեփոխումների մասին: Ռեկտորը մասնավորապես նշեց, որ կոլեկտիվի աշխատակիցների հիմնական մասը (մեկ-երկու բացառությամբ) իր գործով է զբաղված՝ բնականոն աշխատանքով:

Արտյուշա Ղուկասյանը, սակայն, մտահոգություն արտահայտեց մի շարք հարցերի առնչությամբ: Առաջինը, անշուշտ, ուսանողական համակազմի կրճատումն է՝ պայմանավորված մի շարք հայտնի գործոններով: Առաջիկա տարիներին, հավանաբար, ուսանողների թիվը չի ավելանա 1000-ից: Այս տարի ուսուցման առկա համակարգում Գորիսի պետական համալսարան է ընդունվել 55 հոգի: Ուսանողական համակազմի կրճատումը հանգեցնում է դասախոսական անձնակազմի եւ օժանդակ աշխատողների կրճատմանը, ֆինանսական խնդիրների առաջացմանը, որը ցանկալի չէ: 

-ԳՊՀ որոշ աշխատողներ անընդհատ տարածում են անանուն նյութեր. դրանց միջոցով, նաեւ ֆեյսբուքյան կեղծ էջերով արատավորում կրթօջախի՝ տասնամյակներով ձեւավորված բարի համբավը,- ասաց Արտյուշա Ղուկասյանը: -Կան հարցեր, որոնք կարելի է լուծել առանց իրավապահ մարմինների միջամտության, առանց լարված վիճակ ստեղծելու, սակայն մի քանի հոգի բռնել են աղմկարարության ճանապարհը եւ փորձում են կրթօջախը ներքաշել կրթության հետ կապ չունեցող խնդիրների, ինչ-որ մարդկանց անձնական շահերի տիրույթ: 

Վերջին շրջանում բուհում ստեղծված վիճակի պատճառների վերաբերյալ ուշագրավ բացահայտումներ հնչեցին մի քանի ելույթներում. նկատի ունենք ԳՊՀ գիտքարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանի, ԳՊՀ շրջանավարտ Նարե Հովհաննիսյանի, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արփինե Դինունցի ելույթները (վերջինիս հնարավորություն չտրվեց մինչեւ վերջ ներկայացնել ասելիքը): Մասնավորապես՝ հնչեցին այն դասախոսների անունները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ուսանողին գնահատականներ էին նշանակել եւ հիմա խոսում են օրինականության պակասից, հերքվեցին ոմանց պնդումները, թե համազգային վերջին շարժման օրերին Գորիսում ակտիվ դերակատարություն են ունեցել, նշվեցին դեպքեր, երբ տեղական իշխանություններն ապօրինի միջամտություններ են կատարել բուհի առօրյային:

Հանդիպումը, կարելի է ասել, ի սկզբանե կառուցված էր մեկ ուղղվածությամբ եւ մեկ բանաձեւով. ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը նշանակվեց «մեղավոր», ով էլ պետք է պատասխան տար տեւական ժամանակ բողոքող գործընկերների հարցերին, որոնց մեծագույն մասն անձնական էին եւ բուհական կրթության հետ որեւէ աղերս չունեին: 

Կարելի է պատկերացնել, թե ինչ ընթացք եւ ավարտ կունենար հանդիպումը, եթե չլինեին ներկաների մեծ մասի ողջամիտ պահվածքը, ռեկտորի համբերատար ու բարեկիրթ վարքը, եթե չլինեին իրերն իրենց անունով կոչելուն միտված ելույթները:

Երկու մասի բաժանված լսարանը եւ իրարամերժ հարցերը չէին կարող չմտահոգել նախարարին, ով էլ ասաց. «Մթնոլորտը, որ ձեզ մոտ կա, ակադեմիական չէ, գործընկերային չէ. բուհի տպավորություն չեմ ստանում: Եվ հարցեր առաջադրելիս շատ հաճախ ելնում եք անձնական շահերից… Շատ եմ ցավում, որ փաստարկների փոխարեն անձնական հարցեր եք առաջադրում: Ձեր անձնական խնդիրները մի կողմ թողեք: Եթե այսպես շարունակվի, ապա պետք է լուծարել Գորիսի պետական համալսարանը եւ նոր բուհ ստեղծել Գորիսում: Այս մթնոլորտում աշխատել հնարավոր չէ»: 

Ավելի ուշ, ըստ երեւույթին, նախարարը մի փոքր նահանջեց արմատական այս  դիրքորոշումից, ինչը, խոստովանենք, պայմանավորված էր Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի առաջարկությամբ, ով մասնավորապես ասաց. «Ինձ համար տհաճ է այս վիճակը: Կողմերի միջեւ մեծ անդունդ է ստեղծվել: Ես ցավում եմ, չէի ցանկանա այդ ամենը տեսնել: Այս վիճակը պատիվ չի բերում Գորիսի պետական համալսարանին, նաեւ ամբողջ Սյունիքին: Ինչ եմ հորդորում… Տանք հնարավորություն ե՛ւ ԳՊՀ ղեկավարությանը, ե՛ւ կոլեկտիվին՝ մինչեւ օգոստոսի 25-ը շտկել իրավիճակը: Այս մթնոլորտում բացառվում է ուսումնական նորմալ պրոցեսի կազմակերպումը: Փորձենք ամեն ինչ հարթել եւ թողնել անցյալում ու նոր եւ մաքուր էջից սկսել»: 

Նախարարը հավանություն տվեց մարզպետի դիտարկմանը եւ ավելացրեց. «Կան ակնհայտ թերություններ, որ պետք է վերացվեն անմիջապես: Կան հարցեր, որ մեր իրավաբանները կգան եւ տեղում կուսումնասիրեն ու ընթացք կտան: Իսկ եթե արդյունքում իրավիճակը փոխվի, ապա ես ուրախ կլինեմ»:

Իհարկե, դժվար է հավատալ, որ մեկ ամսում էական ինչ-որ բան կփոխվի համալսարանում, սակայն համերաշխության վերականգնումը, փոխադարձ նեղացածության եւ վիրավորվածության հաղթահարումը հնարավոր է՝ մանավանդ որ նախարարն անթաքույց ակնարկ արեց բուհը փակելու առկա սպառնալիքի մասին, ինչը պետք է մտահոգի յուրաքանչյուրին: 

Գորիսում բարձրագույն ուսումնական հաստատությունը ժամանակին ստեղծվել է մեծ ջանքերով՝ Սյունիքի եւ մասնավորապես Գորիսի ռազմավարական դիրքը նկատի ունենալով, ուստի եւ որեւէ մեկն իրավունք չունի իր անձնական խնդիրներով վտանգի տակ դնել բուհի ճակատագիրը: 

Գորիսում պետական բուհի ճակատագիրը հարցականի տակ դնողները նաեւ պիտի հիշեն, որ իրենց գործելակերպով, իրենց՝ իբր սկզբունքային պահվածքի պատճառով պատասխանատու են ամբողջ Գորիսի, ինչպես եւ ներկա ու գալիք սերունդների առջեւ:

ԳՊՀ-ում ստեղծված վիճակի գլխավոր պատճառը, ըստ շրջանավարտ Նարե Հովհաննիսյանի, որոշ դասախոսների անձնական հարցերն են ու ամբիցիաները, շահերի բախումը: Տարիների ընթացքում այդ կոլեկտիվում բնավորվել են ընտանիքներ՝ ամեն ընտանիքից մի քանի հոգի՝ առանց պատշաճ գիտելիքներ ունենալու, առանց թափուր տեղերի համար պատշաճ մրցույթներ անցկացնելու: Եվ հիմա բոլոր բանավեճերի հիմքում բարեկամական-ազգակցական կապերն են ու նրանց շահերը, կրթական որեւէ խնդիր կամ մտահոգություն չկա  ներկա առճակատման հիմքում:

-Երբ որեւէ մեկը Գորիսի պետհամալսարանից հարց է բարձրացնում, ապա խորքում անպայման փնտրեք ազգակցական-բարեկամական, մասնավոր հետաքրքրություններ եւ ոչ կրթական շահեր, -այդպիսի խորհուրդ մեկնեց Նարե Հովհաննիսյանը նախարար Արայիկ Հարությունյանին: 

Հետաքրքիր մեկ այլ դիտարկում եւս արեց շրջանավարտը՝ խոսքը դարձյալ ուղղելով նախարարին. «Հետաքրքրվեք եւ կտեսնեք՝ այստեղ աղմկարարությամբ զբաղվողներն արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դռներն են բախում՝ փորձելով այդկերպ ԳՊՀ-ում իրենց ուզած դիրքը զբաղեցնել: Նույն մարդիկ նույն կերպ էլ ժամանակին ՀՀԿ-ի դռներն էին բախել»: 

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեց ԳՊՀ ղեկավարություն եւ բուհի արհկոմի նախագահ հարաբերությունների հարցը:

Մի քանի ուսանողի էլ հետաքրքրում էր ուսման վճարի հարցում կիրառվող զեղչերի հարցը, որը երբեմն անարդար հիմքերի վրա է:

Հանգամանալից քննարկում եղավ համալսարանի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների վերջին ընտրությունների, նաեւ համալսարանի ներքին իրավական ակտերի, որոշ դասախոսների՝ համալսարանից հեռանալու կամ հեռացվելու պատճառների շուրջ: Դասախոսներից մի քանի հոգի քննադատական խոսք հնչեցրին նախորդ մարզպետ Վահե Հակոբյանի հասցեին՝ նրա գործելակերպը (իբրեւ բուհի կառավարման խորհրդի նախագահ) համարելով ստեղծված անառողջ մթնոլորտի պատճառներից մեկը:

Նա էր, ըստ բանախոսների, որ միջամտում էր կադրերի ընտրությանն ու տեղաբաշխմանը՝ ձգտելով իր անձի նվիրյալներին տեղավորել բարձր պաշտոններում:

Նա էր, որ ֆակուլտետի դեկաններից մեկին ազատելու հրահանգ իջեցրեց՝ նկատի ունենալով, որ դեկանը քանիցս հոդվածներ է հրապարակել «Սյունյաց երկրում»:

Նա էր, որ մի խումբ դասախոսների մեղադրում էր ՀՀԿ նախընտրական գործերին չօժանդակելու մեջ: 

Նա էր, որ մի քանի հոգու խոստացել էր նշանակել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր՝ գործող ռեկտորին պաշտոնանկ անելու խոստումով, գործող ռեկտորի ճանապարհին որոգայթներ պատրաստելու քաջալերանքով: 

Նա էր, որ բուհը ներքաշեց խարդավանքերի, քաղաքական մանր խաղերի մեջ՝ հետին պլան մղելով կրթության եւ գիտության հարցերը: 

Գորիսի պետական համալսարանը կրթական առաքելությունից օտարելու եւ ներմարզային խաղերի սուբյեկտ դարձնելու նրա մոլուցքը, որ սկիզբ առավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, նորանոր դրսեւորումներ ունեցավ Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքում:

Եվ ահա բուհը բախվել է ամոթալի այդ ժառանգության հետ, որը չկարողացավ վերացնել ՀՀ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը՝ երեք անգամ այցելելով Գորիսի պետական համալսարան: Իսկ թե ինչ արդյունք կտան նոր նախարար Արայիկ Հարությունյանի, նոր մարզպետ Կարեն Համբարձումյանի եւ ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի ջանքերը՝ ժամանակը ցույց կտա:

Տեսնենք… 

Ուշագրավ մի դիպվածի էլ ականատես եղանք. «Զանգեզուր TV» կոչվածն էր եկել (առանց հրավերի ու առանց հավատարմագրման) լուսաբանելու նախարարի հանդիպումը, ինչը բուհի ղեկավարության կողմից առարկության արժանացավ. պահանջում էին հեռուսատահաղորդման իրավունքը հավաստող լիցենզիա, որը դարձյալ չներկայացվեց: Համալսարանի՝ լրատվության պատասխանատուն հայտարարեց նաեւ, թե նախկին մարզպետի ընտանիքին սպասարկող այդ «լրատվամիջոցը» քանիցս ապատեղեկատվություն է տարածել Գորիսի պետհամալսարանի մասին, ինչի համար էլ նրա ներկայացուցիչները ԳՊՀ մտնելու բարոյական իրավունք չունեն: Սակայն, նախարարության առաջարկով, ի վերջո, թույլատրվեց այդ «հեռուստալրատվամիջոցի» լրագրողների մասնակցությունը, բայց ռեկտորն ու առանձին դասախոսներ այդպես էլ չհամաձայնեցին պատասխանել «լրատվամիջոցի» հարցերին՝ համոզված լինելով, որ նրանք, անկախ քննարկման ընթացքից, միայն ու միայն հերթական ապատեղեկատվությունն են սփռելու: 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


 

 

 

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53