ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Մեր մամուլն ու իր ընթերցողը /

11.08.2018 21:01
1806
Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից։
Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի։
Տարիներով կարդացել է՛ ժողովուրդ, ժողովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:
Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա… Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը։
Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից և դրսից։ Երբե՛ք։ Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով։
Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առջև բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգևորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ։ Երբե՛ք։ Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչո՛ւ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչո՛ւ է նրա փեշիցը բռնել։ Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ։
Սակայն գուցե թե հայ լրագրի ընթերցողը մի որևէ ճաշակավոր ու անաչառ խոսք է լսել իր թատրոնի կամ իր գրականության մասին։ Կրկին նույն պատասխանը շատ քիչ դեպքերի բացառությամբ։ Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միևնույն է, չես ազատվելու ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ։ Գալով գրականությանը, գրողներ կան, որ ամբողջ ժողովրդի հարգանքն ու համակրանքն են վայելում, հոբելյաններ են տոնում, բայց դեռ ոչ մի մարդավարի խոսք չեն լսել այդ թերթերից։ Հաճախ միայն հայհոյել են և ամեն կերպ աշխատել են խեղդել կամ թույլ չտալ, որ անունը դուրս գա հրապարակ։ Շատ է տարօրինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է։ Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել։ Գուցե թե այդ մամուլը անկողմնապահ ու բազմակողմանի քննության է ենթարկել այդ երևույթները։ Դարձյալ նույնը, միշտ նույնը. կամ օվսաննա կամ հայհոյանք։ Գնա ինչ կուզես դրանից հասկացիր։
Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի։ Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ։
Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը — հայ թերթն է։
Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել։
Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողը — նա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով։ Այդ օրը կլինի վախճանը աղմկարար ու անբովանդակ հնի և սկիզբը բովանդակալի, անաչառ և ազնիվ մի նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40