«Հրավիրում է Աշոտ Խաչատրյանը»

01.06.2018 10:34
1365

Մինչ ցածրաճաշակ երաժշտությունը շարունակում է հաղթարշավը, դասական երաժշտության նվիրյալները փորձում են մարդկանց մեջ անմար պահել բարձրակարգ երաժշտության կրակը: Երրորդ տարին անընդմեջ Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն, թավջութակահար Աշոտ Խաչատրյանը կազմակերպում է դասական երաժշտության երեկոներ: «Դեկտեմբերյան երեկոներ» եւ «Աշոտ Խաչատրյանը ներկայացնում է» խորագիրը կրող այդ միջոցառումների ժամանակ հնչում են հայ, ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ընդ որում՝ համերգներում տեղացիների հետ ընդգրկվում են մայրաքաղաքից հրավիրված ծագումով կապանցի երաժիշտներ եւ այլ կատարողներ:

Մայիսի 30-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցած դասական երաժշտության համերգը մեկնարկեց հայ հոգեւոր երաժշտության գանձարանում հաստատուն տեղ գտած մի ստեղծագործությամբ՝ Մակար Եկմալյանի «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի» շարականով՝ փոխադրված լարային քառյակի համար: Այնուհետեւ բեմահարթակում Կապանի արվեստի մանկական դպրոցի դասատուներ Իրինա Մովսիսյանն ու Մարինե Գալստյանն էին, ովքեր դաշնամուրով հնչեցրին Յոհաննես Բրամսի «Հունգարական թիվ 6 պարը»:

Վահագն Ստամբոլցյանի անունը կրող դահլիճում չէր կարող չհնչել երգեհոնն ու Բախի աստվածային երաժշտությունը: Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասատու, դաշնակահար եւ երգեհոնահար Արմեն Աղաջանյանի նվագակցությամբ Աշոտ Խաչատրյանը հանդիսականին հրամցրեց Բախի սի-բեմոլ մինոր «Պրելյուդը» «Լավ տեմպերացված կլավիրից»:

Աշոտ Խաչատրյանի կազմակերպած դասական երաժշտության համերգներին հաճույքով է հանդես գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Վահե Փարսադանյանը, ով կատարեց Օտտոկար Նովաչեկի «Անընդհատ շարժում» ստեղծագործությունը (նվագակցող՝ Արմեն Աղաջանյան):

Ա.Խաչատրյանը, կազմակերպելով դասական երաժշտության երեկոներ, ջանում է, որ դրանց ընթացքում հնչեն երաժշտական տարբեր գործիքներ, որոնք, ցավոք, հուշ են դարձել կապանցիների համար: Դա էր պատճառը, որ այս համերգին հրավիրվել էր Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի հոբոյահար Ռաֆայել Ոսկանյանը, ով հնչեցրեց Բենեդետտո Մարչելլոյի «Ադաջիոն»: Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս, շեփորահար Սամվել Հայրապետյանը կատարեց Ալեքսանդր Հարությունյանի «Սկերցոն» (նվագակցող՝ արվեստի քոլեջի դասախոս Լիաննա Ստեփանյան):

Կոմիտասի «Կռունկը» վարպետությամբ հնչեցրին Վահե Փարսադանյանը, միջազգային մրցույթի դափնեկիր Անի Փարսադանյանը: Համերգի երգացանկում ընդգրկվել էր Մելիք Մավիսակալյանի բոլորի կողմից սիրված «Սյուիտը»: Իսկ համերգի վերջում փոքր նվագախմբային տարբերակով կատարվեց «Ադաջիոն»՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից: Ստեղծագործության կատարմանն ընդգրկված էին արվեստի քոլեջի դասախոս, կլարնետահար Արման Մկրտչյանը, ջութակահար, Կապանի արվեստի պետական քոլեջի շրջանավարտ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Յուրի Բաղդասարյանը, Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դասատու, ալտահար Արփինե Մարկոսյանը:

Համերգի ավարտին Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման հովանավորներին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովին, իր ընկերներին՝ թավջութակահարներ Հովհաննես Հովհաննիսյանին` ԱՄՆ-ից եւ Լեւոն Մուրադյանին՝ Պորտուգալիայից, նաեւ Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանին եւ կրթօջախի աշխատակազմին՝ համերգի կազմակերպման գործում անմիջական աջակցության համար:

- Կապանից միշտ հաճելի տպավորություններով եմ հեռանում, շատ երաժշտասեր քաղաք է, տասը տարուց ավելի է, ինչ լինում եմ այստեղ: Այս կազմով երկրորդ տարին է, ինչ մասնակցում եմ համերգին: Պատեհ առիթը բաց չեմ թողնելու գովեստի խոսքեր հղել Աշոտ Խաչատրյանին, ով կապանցի հանդիսականին հնարավորություն է ընձեռնում հաղորդակցվելու դասական երաժշտության հետ: Մեզ համար հաճելի է ելույթ ունենալ երաժշտության հարգն իմացող հանդիսականի առջեւ, - «Սյունյաց երկրին» փոխանցեց դաշնակահար եւ երգեհոնահար Արմեն Աղաջանյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Իսրաելյանի

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01