Հստակ ուղերձներ, սպառնալիքներ, իրականության ու պատմության խեղաթյուրում և «հաղթողը մենք ենք, թելադրողը՝ ևս» հռետորաբանություն․ Ալիևի վերջին հայտարարությունները․ վերլուծություն

12.08.2026 17:07
142

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակում ադրբեջանական հեռուստատեսության հետ զրույցում մի շարք հայտարարություններ է արել։ Դրանք պարունակոմ էին ՀՀ-ին առնչվող հստակ ուղերձներ, սպառնալիքներ, իրականության, պատմության և տերմինաբանության խեղաթյուրում և «հաղթողը մենք ենք, թելադրողը՝ ևս» հռետորաբանություն։

Ալիևի հայտարարությունը ոչ թե պարզապես հերթական քաղաքական ելույթ էր, այլ Ադրբեջանի հետպատերազմյան ռազմավարության շատ հստակ ծրագրային հայտարարություն։ Ամենակարևորն այն է, որ նա միաժամանակ խոսում է 3 տարբեր մակարդակներում՝ ռազմական, իրավաքաղաքական և ենթակառուցվածքային/էներգետիկ։

Ալիևը բացահայտորեն ռազմական հարձակմամբ չի սպառնում ՀՀ-ին, սակայն փորձում է ձևավորել ճնշման և հնարավոր ապագա հարկադրանքի համար ռազմավարական միջավայր։

1․ Ամենակարևոր փոփոխությունը․ «միջանցքը» վերածվում է համակարգի

Ուշագրավ է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ներկայացվում է ոչ միայն որպես ճանապարհ կամ երկաթուղի։ Դրան զուգահեռ այն ավելի ընդգրկուն է դառնում՝

 երկաթուղի,
ավտոմայրուղի,
էլեկտրահաղորդման գծեր,
 օպտիկամանրաթելային մալուխ,
ապագայում՝ նավթագազային խողովակաշարեր։
Սա արդեն տրանսպորտային նախագծից դեպի ռազմավարական միջանցք անցում է։ Ադրբեջանի տեսանկյունից նպատակը շատ ավելի մեծ է՝ ստեղծել Ադրբեջանի հիմնական տարածք-Նախիջևան-Թուրքիա կապ, որը միաժամանակ կլինի տրանսպորտային, էներգետիկ, թվային և տնտեսական ենթակառուցվածք։

Ադրբեջանը փորձում է ձևավորել այնպիսի իրականություն, որտեղ Հայաստանի տարածքով անցնող կապուղին դառնում է այնքան կարևոր և բազմաշերտ, որ դրա ցանկացած խոչընդոտում հետագայում կարող է ներկայացվել որպես ոչ միայն Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի, Թուրքիայի, ԵՄ-ի և տարածաշրջանային տնտեսական շահերի դեմ քայլ։

2․ Ալիևը վերաիմաստավորում է 2020-ի հայտարարությունը։ 

Նա փաստացի հայտարարում է. «Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել»։ Ադրբեջանի ղեկավարը փորձում է այդ կապիտուլյացիոն տրամաբանությունից բխեցնել 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի փաստաթղթի 9-րդ կետի մեկնաբանությունը։

Սա շատ կարևոր է, քանի որ 2020 թվականի հայտարարության 9-րդ կետը չի օգտագործում «միջանցք» բառը։ Այն խոսում է տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անարգել տեղաշարժի ապահովման մասին։ Նույն կետում նշվում էր նաև, որ տրանսպորտային բոլոր կապերի վերահսկողությունն իրականացնելու էին ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները։
Ավելին՝ նոր տրանսպորտային կապերի կառուցումը փաստաթղթում կապվում է կողմերի համաձայնության հետ։ Այսինքն՝ Ալիևը խեղաթյուրում է փաստաթուղթը և հրամցնում իրեն հաճո տարբերակը։
Նա փորձում է 2020-ի փաստաթղթից վերցնել այն, ինչ իրականում այնտեղ կա՝ հաղորդակցությունների ապաշրջափակում, և դրան ավելացնել այն, ինչ Ադրբեջանն այսօր քաղաքականորեն ցանկանում է՝ «միջանցքային» տրամաբանություն։

3․ Այդուհանդերձ, 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հայտարարությունն արդեն ստեղծել է նոր քաղաքական իրողություն, այն է՝ TRIPP նախագիծը։

Միաժամանակ փաստաթուղթը հստակ կապում է գործընթացը միջազգային սահմանների անքակտելիության և ուժի կիրառմամբ տարածքի ձեռքբերման անթույլատրելիության հետ։

4․ Ալիևը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեղքը բարդելով ՀՀ-ի վրա․ «Հայաստանն ամեն կերպ փորձել է հետաձգել գործընթացը»։ Այստեղ նա կառուցում է մեղավորության զգացողության քաղաքական նարատիվ։

5․ Նախիջևանի բանակի վերաբերյալ հայտարարությունները ևս ունեն ակնհայտ ենթատեքստ։ 

Սա ուղղակիորեն կապված է Հայաստանի Սյունիքի մարզի հետ։ Հզոր բանակի առկայությունը Սյունիքի մատույցներում կարող է դառնալ ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու ևս մի լծակ։ Եթե քաղաքական բանակցությունները հաջող են՝ ռազմական ուժը դառնում է զսպման գործիք։ Եթե բանակցությունները ձախողվում են՝ նույն ուժը կարող է դառնալ հարկադրանքի գործիք։

Բացի այդ՝ սա նաև ուղերձ էր Իրանին։ 2026 թվականի մարտի 5-ին, երբ ընթանում էր ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունն Իրանի դեմ, Իրանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հարվածել են Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանին։

6․ Ալիևը բացահայտորեն ներխուժում է Հայաստանի էներգետիկ անվտանգության դաշտ։

Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կախված է ատոմակայանից, որը հին է և անվտանգային խնդիր է առաջացնում տարածաշրջանի համար։ Եթե այն փակվի, Հայաստանը կարող է հայտնվել էներգետիկ ճգնաժամի մեջ։ Այդ ժամանակ կհայտնվի «փրկիչ» Ադրբեջանը՝ ՀՀ-ին դնելով էներգետիկ կախվածության մեջ։

7․ Ալիևի հռետորաբանությունը տվյալ հարցազրույցում երկու զուգահեռ տերմինաբանությամբ է ընթանում․

Նա մի կողմից ասում է՝ «խաղաղություն, տրանսպորտ, ներդրումներ, էլեկտրաէներգիա, երկաթուղի, տարածաշրջանային զարգացում»։ Մյուս կողմից՝ «կապիտուլյացիա», «մենք ստիպեցինք», «կորստի սպառնալիք», «զորքերի ոչնչացում հնարավոր էր», «անհրաժեշտության դեպքում», «ռազմական ներուժի ամրապնդում»։ Սա դասական հարկադրական դիվանագիտության կառուցվածք է։
Ուղերձը մոտավորապես սա է. «Մենք խաղաղություն ենք առաջարկում, բայց դուք գիտեք, թե ինչ կարող ենք անել, եթե չհամաձայնեք»։

8․ «Կապիտուլյացիա» բառի կրկնակի օգտագործումը նույնպես ունի ռազմավարական նպատակ

Այստեղ Ալիևը փորձում է ստեղծել ուժային հիերարխիա։
Տեքստում Հայաստանը ներկայացվում է որպես կողմ, որը պարտվել է, ստիպված է եղել համաձայնել, այլընտրանք չի ունեցել, հետաձգում է տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։
Ադրբեջանը, հակառակ դրան, ներկայացվում է որպես կողմ, որը հաղթել է, պահանջել է, բարեսրտորեն սպասել է, միջազգային աջակցություն է ստացել, հիմա իրականացնում է նախագիծը։

Այդպիսի հռետորաբանությունը միջազգային լսարանի համար կարող է աստիճանաբար նորմալացնել այն գաղափարը, որ Ադրբեջանի ցանկացած պահանջ պարզապես «պարտված կողմի պարտավորության» շարունակությունն է, իսկ ՀՀ-ն չի կատարում իր «պարտավորությունները»։

Ալիևի խոսում է խաղաղության մասին, բայց շարունակում է օգտագործել. «կապիտուլյացիա», «մենք ստիպեցինք», «ձեր կորուստները շատ ավելի մեծ կլինեին» «զորքերի ոչնչացումը հնարավոր էր»։ Սա խաղաղության հաշտեցման հռետորաբանություն չէ։  Սա խաղաղության պայմաններում շարունակվող հաղթողի և սպառնացողի հռետորաբանություն է։ Եվ սա կարևոր է, որովհետև կայուն խաղաղությունը սովորաբար պահանջում է ոչ միայն փաստաթղթերի ստորագրում, այլ նաև հակառակ կողմի նկատմամբ ուժային նվաստացման լեզվի նվազեցում։

9․ Իսկ ինչո՞ւ հենց հիմա

2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գործընթացի մեկամյակի շրջանում TRIPP-ն արդեն անցել է քաղաքական գաղափարից դեպի ինստիտուցիոնալացման փուլ։ 2026-ի հուլիսին Հայաստանի կառավարությունը սկսել է ԱՄՆ-ՀՀ TRIPP շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս պայմաններում Ալիևի ուղերձի նպատակն իրականացման փուլի արագացումն է։ Այսինքն՝ նա փորձում է բարձրացնել քաղաքական գինը ցանկացած ուշացման համար։

Ադրբեջանի համար TRIPP-ն անհրաժեշտություն է։ Այսինքն՝ Հայաստանն ունի բանակցային ակտիվ։ Ոչ թե այն պատճառով, որ կարող է «փակել ճանապարհը», այլ որովհետև ճանապարհի աշխարհագրական անհրաժեշտ հատվածը գտնվում է ՀՀ տարածքում։

Այստեղ ՀՀ-ն ունի մանևրելու հնարավորություն՝ շեշտադրելով, որ պետք է գործի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձ շահի սկզբունքներով։ Այս առումով հատկանշական է, որ թե՛ Ալիևը, թե՛ այլ բարձաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ TRIPP-ը շարունակում են անվանել «Զանգեզուրի միջանցք», որը ենթադրում է արտատարածքային բնույթ և ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։

Եվս մեկ կարևոր կետ Ալիևի ելույթում․ այս անգամ Ադրբեջանի ղեկավարը չխոսեց ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Նա չառաջադրեց դա՝ որպես վերջնական խաղաղության նախապայման, ինչպես սովորաբար։ Այս առումով հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր․ «Շուտով Հայաստանում կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»։ Հարց է առաջանում․ արդյոք այս հարցն արդեն «լուծվե՞լ» է ետնաբեմում՝ հայ հասարակությունից գաղտնի։

 
 

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

12.08.2026 17:23

ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնել են երկարաձգել 60-օրյա հրադադարը․ լրատվամիջոցներ

12.08.2026 17:11

Հստակ ուղերձներ, սպառնալիքներ, իրականության ու պատմության խեղաթյուրում և «հաղթողը մենք ենք, թելադրողը՝ ևս» հռետորաբանություն․ Ալիևի վերջին հայտարարությունները․ վերլուծություն

12.08.2026 17:07

Շրջանառության հարկն ընդհանուր մուտքերի մեջ կազմում է 2.7%, կարելի է ուղղակի այդ գումարը չգանձել․ Ֆարմանյան

12.08.2026 15:35

Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև

12.08.2026 14:58

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:10

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:06

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2026 11:05

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

12.08.2026 11:04

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 10:59

Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև

12.08.2026 10:45

Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին․ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են․ Ալիև

12.08.2026 00:56