ՀՅԴ ՄՈՀ գրասենյակի տեսակետը ՀՀ ԱԺ-ում 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերաբերյալ

18.06.2019 21:30
721

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող` Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հայտնի հայտարարությանը հաջորդեց համապատասխան հանձնաժողովի կազմավորումը:

Ուսումնասիրելով հանձնաժողովի կազմավորմանը նախորդող և հաջորդող գործընթացները` հարկ ենք համարում արձանագրել.

1)  2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ամբողջական վերլուծությունը և պատճառահետևանքային կապերի բացահայտումն արդիական է և պահանջված: Հարկ է նկատի առնել այդ իրադարձություններին հաջորդած ժամանակահատվածում երկրի պատասխանատուների կողմից կատարված բոլոր ուսումնասիրությունները, քննարկումները, ծառայողական քննությունները, մարտունակ բանակ ունենալուն խանգարող, բացահայտված և վերացված թերությունները, կիրառված պատասխանատվության միջոցները: Ակնհայտ է, որ տվյալ աշխատանքների կազմակերպման հիմնական պատասխանատուն զինված ուժերը ղեկավարելու սահմանադրական պարտականություն ունեցող գործադիր իշխանությունն է, որը նաև, ըստ նախապես հաստատված ներքին ընթացակարգերի, պետք է մշակի և գործադրի անվտանգության  հայեցակարգ, իրականացնի ծառայողական քննություններ:

2) Չափազանց կարևոր է համոզումը, որ այս աշխատանքն իրականացվում է զինված ուժերն առավել հզորացնելու, հանրության կողմից բանակին ցուցաբերվող աջակցությունը և վստահությունը բազմապատկելու, հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած կամ մատուցող անձանց  հեղինակությունը բարձրացնելու, նրանց սոցիալական պաշտպանությունը և կարգավիճակը ուժեղացնելու, ազգ-բանակ ռազմավարական նախագիծը կյանքի կոչելու նպատակադրումով:

3) Այս խնդրում քաղաքական տարբեր ճամբարներում լինելը չի կարող դերակատարություն ունենալ, չի կարող «քաղաքական հաշիվներ մաքրելու» միջոց դառնալ, մասնագիտական մոտեցմամբ բանակի մարտունակության բարձրացումը չի կարող այլընտրանք ունենալ, պատերազմով անցած՝ զոհված, վիրավոր կամ ողջ մարտիկների հերոսությունը չի կարող կասկածի տակ դրվել: Այն պետք է իրականացվի հանրային համերաշխության և ազգային միասնականության լիակատար մթնոլորտ ձևավորելուն զուգահեռ՝ գործադիր իշխանության անմիջական ղեկավարմամբ:

4) Անբացատրելի է այսպիսի հանձնաժողովի ստեղծման` գործադիր իշխանության առաջարկն ու Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության հապշտապ նախաձեռնությունը: Ինչո՞ւ է գործադիր իշխանությունը խուսափում պատասխանատվությունից՝ մասնագիտական մոտեցում և անհրաժեշտ կարողականություն պահանջող  իր պարտականությունը փոխանցելով օրենսդիր մարմնին: Ո՞րն է քաղաքական, իրավական, ռազմագիտական և բարոյական հիմնավորումը: Եթե նպատակը նախորդ կետերում նշվածն է, ապա դա գտնվում է գործադիր իշխանության լիազորությունների ներքո, ընդ որում` իրականացվող գործընթացը անհամատեղելի է Ազգային ժողովին բնորոշ հրապարակայնության սկզբունքի հետ: Մինչև նման առաջարկ ներկայացնելը իշխանությունն առնվազն պետք է ծանոթանար ապրիլյան ռազմական գործողություններին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում ձեռնարկված բազմաթիվ ներքին ծառայողական քննություններին, ձեռնարկված քայլերին, գնահատեր կատարված աշխատանքները, վեր հաներ բացթողումները, փաստարկեր, թե ինչու գործադիրի իրավասությունները չեն բավարարում այդ մանրամասնությունները պարզելու և/կամ վիճակն առավել բարելավելու համար:

5) Այսուհանդերձ, ներքաղաքական ներկայիս լարված իրավիճակում` սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների արհեստական բաժանարարների, ներքին «դավադիր պայմանավորվածությամբ» պատերազմ հրահրելու` հրապարակված անպատասխանատու հայտարարությունների համատեքստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խնդրո առարկա հանձնաժողովի ստեղծումը լի է առարկայական և ենթակայական վտանգներով: Հանձնաժողովի ստեղծմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում իշխանության տարբեր ներկայացուցիչների և իշխանությանը աջակցող անձանց ու խմբերի կողմից բազմաթիվ հրապարակային հայտարարությունները, անզգույշ քայլերն ու հապշտապ քաղաքական գնահատականները հեղինակազրկում են մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորի՝ հայոց բանակի բարձրագույն հրամանատարական կազմը, ստվերում ապրիլյան քառօրյայում զինված ուժերի հերոսական և անձնուրաց գործողությունները, կասկածի տակ դնում ՀՀ զինված ուժերի հեղինակությունն ու մարտունակությունը։

6) Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության սահմանադրական հնարավորությունը թե' միջազգային լավագույն փորձում, թե' ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հիմնավորումներում հիմնականում վերապահված է քաղաքական ընդդիմությանը: Խորհրդարանական քաղաքական փոքրամասնությանն այս իրավունքը երաշխավորված է Սահմանադրության 108-րդ հոդվածով, որի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է ԱԺ քննիչ հանձնաժողով: Ընդ որում` պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Մինչդեռ տվյալ դեպքում խորհրդարանական ընդդիմությանը վերապահված այս իրավունքն իրացնում է քաղաքական մեծամասնությունը:

7) Բացի այդ` անհասականալի է, թե ինչու է գործող իշխանությունն իրականացնում քննիչ հանձնաժողով ունենալու նախաձեռնությունը՝ չքննարկելով գաղափարը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության հետ: Հետևաբար, հարց է առաջանում` եթե քննարկվող հարցերը գտնվում են Ազգային ժողովի իրավասության շրջանակներում և ունեն հանրային լայն հնչեղություն, ինչո՞ւ, առանց քննիչ հանձնաժողով ստեղծելու, այդ հարցերը քննարկման առարկա չեն դառնում նույն իշխանության ղեկավարմամբ և մեծամասնություն կազմող` պաշտպանության բնագավառի մշտական հանձնաժողովում, այլ դրա փոխարեն արհեստականորեն ձևավորվում է քննիչ հանձնաժողով ունենալու պահանջ: Փաստորեն, քաղաքական նպատակադրմամբ ստեղծվել է մի միջոց, որի գործունեության արդյունքը օրվա պատասխանատուներին դատապարտելն է, ինչը չի կարող նպաստել բանակն ուժեղացնելու հիմնական նպատակին: Այս փաստարկի հավելյալ ճշմարտացիությունը հաստատվում է նաև հանգամանքով, որ քննիչ հանձնաժողովի նախագահը բազմիցս է հայտնել իր վերաբերմունքը ապրիլյան քառօրյայում բանակի և դրա անձնակազմի առանձին անձանց վերաբերյալ, հետևաբար` նրա կանխակալ գնահատականների պայմաններում նրա ղեկավարած հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ գնահատական տալ: Այսպիսի պայմաններում տարակուսելի է նաև թե ինչ գնահատականներ են հնչեցվելու այն անձանց գործողությունների մասին, որոնք թեև տվյալ ժամանակահատվածում զբաղեցրել են պաշտոններ, սակայն ներկայումս պաշտոնատար անձ չեն և, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածով, չեն ցանկանում ներկայանալ հանձնաժողով, բացատրություններ տալ հանձնաժողովի նիստում կամ պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին: Հարցն արդիական է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի գործունեությամբ զբաղվող պաշտոնատար անձանց մասով:

8) Վիճարկելի է քննիչ հանձնաժողովի համաչափությունը՝ ներկայացված քննության առարկայի համատեքստում: Նախ` քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը՝ «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրությունը», ամբողջությամբ չի համապատասխանում քննության առարկային և հանձնաժողովի իրավասությանը (օրինակ՝ ռազմական գործողություններ նախաձեռնող և/կամ հրահրող կողմի բացահայտումը): Երկրորդ՝ ձևակերպված քննության առարկան և հանձնաժողովի իրավասությունն անհամատեղելի են քննիչ հանձնաժողովի սահմանադրական կարգավիճակին, լիազորություններին և մասնագիտական կարողություններին: Այսպես՝ հանձնաժողովի քննության առարկա է  «զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կատարման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրությունը, ինչպես նաև հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության համարժեքության գնահատումը, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության և օրինականության գնահատումը»: Որպես հանձնաժողովի իրավասության ոլորտ` ամրագրված է «պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվություններ, փաստաթղթեր, զեկուցագրեր և այլն (այդ թվում` գաղտնիության ռեժիմ ունեցող): Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին»:

Ինչպես նշվեց, Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք ԱԺ ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է քննիչ հանձնաժողով: Ուստի անբացատրելի է, թե Ազգային ժողովի որ իրավասությունից է բխեցվել նշված խնդիրը: Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, իրականացնում է օրենսդիր իշխանությունը, վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ընդ որում` հատուկ ընդգծված է, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Եթե հանձնաժողովի քննության առարկան  բխեցվել է ժողովրդի ներկայացուցչականության կարգավիճակից, ապա առնվազն պետք է այս հարցերը ձևակերպվեն և փոխանցվեն իրավասու մարմիններին, այլ ոչ թե ԱԺ-ն ինքն իրացնի պետական այլ մարմինների գործառույթները: Եթե այն բխեցվել է օրենսդիր իշխանության կարգավիճակից, ապա լուծումները պետք է ունենան կոնկրետ օրենքի կամ որոշման նախագծի տեսք: Եթե այն բխեցվել է Ազգային ժողովի՝ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողական գործառույթ իրականացնելու կարգավիճակից, ապա նվազագույնը գործադիրից պետք է պահանջի ընդունված օրենքների կատարման վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, այլ ոչ թե փոխարինի գործադիր իշխանությանը (ՀՀ պաշտպանության նախարարություն, ԶՈւ գլխավոր շտաբ, ռազմական ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն և այլ մարմիններ)՝ պահանջելով ընդունված իրավական ակտերը, կատարված ծառայողական քննությունների արձանագրությունները կամ կազմակերպելով, ըստ էության, հարցաքննություն:

9)  Բացի այդ` ապրիլյան քառօրյայի ռազմական գործողությունները հիմնականում ծավալվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հակամարտության շփման գծում, ուստի հանձնաժողովի քննության առարկան այդ տարածքներում ծավալված գործողություններն են: Այս պարագայում ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հրապարակային գործունեությունը միջազգային ընկալումներում խոցելի կդարձնի կատարվող աշխատանքը՝ ստեղծելով Արցախի հարցում հավելյալ բարդություններ,  մինչդեռ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական դաշինքը կնքված չէ: 

10) Հստակ ձևակերպված չէ, թե ինչ փաստեր պետք է պարզի քննիչ հանձնաժողովը և ներկայացնի Ազգային ժողովին: Եզրակացնելով Ազգային ժողովի նախագահին 47 պատգամավորների ներկայացրած առաջարկությունից, հանձնաժողովի նախագահի հարցազրույցներից և հաղորդագրություններից` բանակին վերաբերող բոլոր մանրամասները` ներառյալ առանձին միջադեպերը կամ արձանագրված մասնավոր դեպքերը, քննության առարկա են դառնալու: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ նման անորոշ ձևակերպումներով վտանգի տակ է դրվում բանակի հեղինակությունը: Առկա թերի կարգավորումներն առնչվում են նաև քննության առարկայի շրջանակներում պետական գաղտնիքի հարցերին:  Մի կողմից Սահմանադրության  108-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովը կարող է ստանալ անհրաժեշտ այնպիսի տեղեկություններ, որոնց տրամադրումն օրենքով արգելված չէ, մյուս կողմից, համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, նման տեղեկատվության փոխանցումը, առանց պատշաճ հավաստիացումների, խնդրո առարկայի շրջանակում արգելված է: Բացի այդ` հանձնաժողովի աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ենթադրում է պետական գաղտնիքի տարբեր աստիճաններ և գաղտնիության տարբեր ռեժիմներ ունեցող փաստաթղթեր, որոնք հասու չեն կարող լինել հանձնաժողովի բոլոր անդամների համար: Բացատրելի չէ նաև, թե  «Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի գործունեության արդյունքում պատրաստվող և հրապարակվող զեկույցում ու կից  փաստաթղթերում ինչ մանրամասնության տեղեկատվություն է ներառվելու, որը մի կողմից կսահմանափակի պետական գաղտնիքի ուղղակի կամ անուղղակի հրապարակումը, մյուս կողմից՝ կբացառի զինված ուժերը հեղինակազրկելու հնարավոր դեպքերը:

11) Առանձին քննարկման հարց է հանձնաժողովի մասնագիտացումը: Քաղաքական մարմին համարվող Ազգային ժողովի պատգամավորի և հանձնաժողովի կարգավիճակը, ըստ էության, անհամատեղելի է այնպիսի նուրբ մասնագիտական հարցերի քննարկմանը, որոնք պահանջում են ռազմագիտական խորը գիտելիքներ: Անշուշտ, դրա համար հանձնաժողովը կարող է օգտվել փորձագիտական ծառայություններից, որն էլ անբացատրելի է դարձնում օրենսդիր մարմնի այդպիսի հանձնաժողովում հարցի քննարկման անհրաժեշտությունը:

12) Ըստ այդմ` տարակուսելի է, որ գործադիր իշխանության ղեկավարն է կոչ անում Ազգային ժողովին՝ սկսելու մի քննություն, որն իրականացնելու իրավական, ինստիտուցիոնալ և մասնագիտական ամբողջ կարողականությունը կենտրոնացած է հենց գործադիր իշխանության համակարգում: Հետևապես, մեծ է խնդրո առարկա նուրբ հարցի ապագա քաղաքական շահարկումների վտանգը: Չավարտված պատերազմի պայմաններում, չկշռադատված նման քայլը սպառնում է առավել խորացնել ներհասարակական անհամերաշխությունը, հանիրավի խարխլել բանակի հանդեպ մեր ժողովրդի հավաքական  նվիրումը, բազմաթիվ ուժերի համար պարարտ հող ստեղծելով՝ հեղինակազրկել և վարկաբեկել հաղթանակած բանակը: Այս նուրբ հարցում ցանկացած անզգույշ քայլ կամ հայտարարություն կարող է ներհասարակական պառակտման, անկանխատեսելի զարգացումների վտանգավոր ուղի բացել:

Հաշվի առնելով երկրում ստեղծված բարոյահոգեբանական խնդիրներն ու պետության կառավարելիության ընդհանուր վիճակը, պետության դիմագրավող ներքին ու արտաքին սպառնալիքները՝ իշխանությունը սեփական քաղաքական դիրքերի ամրապնդումը չպետք է իրականացնի այնպիսի կառույցի հաշվին, ինչպիսին բանակն է: Դա կարող է անկանխատեսելի հետևանքներ առաջացնել:

Ուստի, իշխանությունները պարտավոր են չեզոքացնել վերը նշված ռիսկերը, զերծ մնալ ոչ կոմպետենտ մարմիններում հասարակության համար նուրբ և ցավոտ հարցերի քննարկումից, մեկնարկած գործընթացը հունավորել այնպես, որ այն նոր հուսախաբությունների, մեր հավաքական ներուժի պարպման պատճառի չվերաճի:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25