Հզոր եւ արժանապատիվ հայոց պետականությունն է մեր հետագա ընթացքի հուսալի գրավականը

29.04.2015 17:22
2422

Ապրիլի 23-24-ին մարզկենտրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված արարողությունները կարծես եկել էին ամփոփելու մինչ այդ անցկացված բոլոր միջոցառումները: Ինչպես ողջ հանրապետության տարածքում, այնպես էլ Կապանում այդ օրերին բազմաբովանդակ միջոցառումներ են անցկացվել` ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, թատերական ներկայացում եւ այլն:

Ապրիլի 23-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ պատարագ, որ այսուհետ ոչ թե կկոչվի հոգեհանգստյան, այլ հանուն հայրենիքի եւ Հիսուս Քրիստոսի զոհված սուրբ նահատակների հիշատակության կարգ: Եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը Տերունական աղոթքից հետո այլեւս վերջին անգամ հոգեհանգստի կարգ մատուցեց, որին այս տարի մասնակցեց նաեւ դպրոցականների 100 հոգանոց երգչախումբը (խմբավար` Գայանե Հարությունյան): Եկեղեցու զանգերի 100 ղողանջը, վառվող բազում մոմերի լույսը եկան հանգստություն եւ խաղաղություն բերելու 1.5 մլն նահատակների հոգիներին:

ՀՅԴ ՀԵՄ-ի Կապանի «Ռոստոմ» խմբի եւ ՀՅԴ Կապանի Արամ Մանուկյան կոմիտեության կազմակերպած ավանդական ջահերով երթին միացել էին քաղաքային իշխանության ներկայացուցիչները, բազում կապանցիներ: Այն մեկնարկեց Հունան Ավետիսյան փողոցից` հասնելով մինչեւ Բաղաբուրջի հուշահամալիրի Հայոց ցեղասպանության հուշակոթող: Չնայած անձրեւային եղանակին` մասնակիցները կարողացան իրականացնել իրենց երթը` ջահերով լուսավորելով ողջ ճանապարհը:

Դեպի երկինք բարձրացող 100 կանթեղի լույսն ի հիշատակ եւ ոգեկոչում եղեռնի զոհերի ու ի նշան մեր վերապրելու կամքի եւ կյանքի շարունակականության խորհուրդն ուներ:

Ապրիլի 24-ին Բաղաբուրջի հուշակոթողում ավանդական ծաղկեդրումից հետո Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը սուրբ նահատակների հիշատակության կարգ կատարեց: Մինչ այդ Կապանի N5 հիմնական դպրոցի սաները ոգեկոչման գեղեցիկ միջոցառմամբ հանդես եկան:

Մարզային, քաղաքային իշխանություններից բացի` հարգանքի տուրք մատուցելու էին եկել բազում կապանցիներ: Եվ ինչպես մի տատիկ նշեց, ամբողջ աշխարհն է եկել այսօր Հայաստան` ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը, մենք ինչո՞ւ պիտի չգանք: Թերեւս այս կարգախոսով էին առաջնորդվել բոլորը` մեծ թե փոքր, պաշտոնյա թե հասարակ քաղաքացի:

Բաղաբուրջի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող կառուցվելիք հուշարձանի (նախագծի հեղինակ` Լորիկ Մինասյան) հիմնարկեքի արարողությունից հետո ներկաներն ունկնդրեցին մանկավարժներից կազմված 100 հոգանոց երգչախմբի (խմբավար` Ռուզաննա Ավանեսյան) ելույթը, որ մեծ բավականություն պատճառեց եւ հիացրեց իր կատարողական բարձր վարպետությամբ:

Լուսանկարների ցուցադրություն էր բացվել Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում:

Մեծ եղեռնի տարելիցի առթիվ միջոցառումների ամփոփումը Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպված ոգեկոչման երեկոն էր` հստակ քայլերով առաջ շարժվելու, արդարացի պահանջատեր լինելու շեշտադրմամբ: Ներկաները նաեւ հնարավորություն ունեին ճեմասրահում դիտելու արվեստի քոլեջի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի եւ մանկական գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդես-մրցույթի գեղանկարները:

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ ցեղասպանության կազմակերպված բնույթին` ապացուցելով, որ այն թուրքական իշխանությունների կողմից հստակ ծրագրված, կանխամտածված գործողություն է եղել, որի արդյունքում 1915-16թթ. երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության հետեւանքով մոտ 2 մլն հայ աքսորվեց, որից 1.5 մլն զոհվեց կամ զոհ գնաց սովին ու համաճարակին Միջագետքի անապատներում, բռնի թուրքացվեց շուրջ 200 հազար հայ, գերազանցապես կանայք ու երեխաներ: «Կորցրինք ոչ միայն 1.5 մլն խաղաղ, անզեն ու ստեղծագործ մի բնակչություն, այլեւ շուրջ 300 հազար քառ. կմ մեր հնամենի հայրենիքը, ազգային, նյութական մեծ հարստություն, առավել եւս հոգեւոր, որ դրամով չես կարող գնահատել», – նշեց նա` խոսքն ավարտելով մեծ հումանիստ Անատոլ Ֆրանսի խոսքերով. «Հայաստանը վերջին շնչումն է, բայց նա կվերածնվի: Արյան այն փոքր քանակությունը, որ նա պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու, այն ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, նա երբեք չի մեռնի»»:

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը նշեց, որ, ճիշտ է, Սյունիքը հեռու էր Առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների թատերաբեմից, բայց անմասն չմնաց պատերազմական արհավիրքներից: Սյունիքը տվեց կամավորականներ, կարողացավ ապաստան դառնալ բազում գաղթականների համար: Ներկայացնելով այդ տարիներին ականավոր սյունեցիների գործունեությունը` նա կոչ արեց չմոռանալ Առաջին համաշխարհայինի տարիների սյունիքյան առնչությունները, սերտել պատմության դասերը, մոռացությունից փրկել նշանավոր իրադարձություններ եւ անուններ:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր ելույթում հատկապես շեշտը դրեց վերջին օրերին ծավալված կարեւորագույն իրադարձությունների վրա` համահայկական հռչակագիր, Հռոմի պապի սուրբ պատարագը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, Հայ առաքելական եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, Հայոց ցեղասպանության հետեւանքները հաղթահարելու եւ ազգային մեր պահանջատիրությունը ցանկալի հանգրվանի հասցնելու ողջամիտ եւ միակ ուղին մեր նոր պետության` Հայաստանի Հանրապետության հզորացումն է: Հայոց հզոր եւ արժանապատիվ պետականությունն է հուսալի եւ անգերազանցելի գրավականն այն բանի, որ այլեւս երբեք հայ ժողովուրդը ողբերգությունների մեջ չհայտնվի, որ Հայ դատի լուծումը հասնի ցանկալի հանգրվան», – նշեց մարզպետը` հավելելով, որ այդ ամենի երաշխիքն է նաեւ մեր ազգային բանակը:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Այսօր պահն ու ժամանակն է, որ մեր հաղթանակն ու շարունակություն ունենալու կամքը մեզ ու աշխարհին ցույց տանք` լցվելով ապրելու, մեր վաստակած ու այսօր ունեցած անկախ պետության կառուցման, մեր սեփական հողի վրա վերընձյուղված ազգի համար լուսավոր եւ բարեկեցիկ, հզոր երկիր շենացնելու ուժով եւ ավյունով»:

Քաղաքապետի կողմից մրցանակներ (գրքեր) ստացան ցեղասպանության 100-րդ տարելիցի համայնքային միջոցառումների շրջանակներում հայտարարված ասմունքի, շարադրությունների («Դու պիտի վրեժ առնես ապրելով» խորագրով), գեղանկարների մրցույթների հաղթողները (17 հոգի):

Երեկոն իր խոսքով եւ Տերունական աղոթքով եզրափակեց տեր Վահան քահանա Հեբոյանը` մասնավորապես նշելով. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգրվանին մենք ունենք մեկ ընդհանուր գաղափար` ապրիլի 24, երբ մենք ազգովի դառնում ենք մեկ բռունցք` մի կողմ թողնելով մեր տարաձայնությունները: Այսօր աճող սերնդի մեջ ապրում է հայ ժողովրդի բաբախող եւ արարող սիրտը: Մենք եղել ենք, կանք ու պիտի ապրենք ապրելով ու ապրեցնելով»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25