Իմ ունեցած գույքերից եւ ոչ մեկը ձեռք չի բերվել իմ` քաղաքապետ աշխատած տարիներին. Կապանի քաղաքապետն` իր առաջադրվելու, աշխատանքի ու ունեցվածքի մասին

16.10.2017 15:17
1676

Նոյեմբերի 5-ին Կապանում տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները։ Քաղաքապետի թեկնածուների թվում է նաեւ գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ինչի առնչությամբ Tert.am-ը զրուցել է նրա հետ:


- Պարո՛ն Հայրապետյան, Դուք գործող քաղաքապետն եք եւ կրկին առաջադրվել եք: Ինչո՞ւ եք առաջադրվել, եւ արդյոք Ձեր պաշտոնավարած ժամկետը բավարար չէ՞ր քաղաքի խնդիրները լուծելու համար:

- Վերջին ՏԻՄ ընտրություններից, երբ վերընտրվեցի, ընդամենը մեկ տարի է անցել, իսկ իմ պաշտոնավարման նախորդ շրջանում՝ չորս տարում արած-չարածի մասին մանրամասն հաշվետվություններ, վերլուծականներ, համեմատություններ նախընտրական ծրագրի, համայնքի զարգացման քառամյա ծրագրի հետ ներկայացրել ենք անցած տարվա հոկտեմբերին: Պատկերը ցույց էր տալիս, որ ծրագրվածի մեծ մասն արվել էր: Իսկ երկրորդ ժամկետում՝ ընդամենը մեկ տարի հետո, իրագործածի մասին խոսելն առնվազն լուրջ չէ, որովհետեւ մեկ տարի առաջ ՏԻՄ ընտրություններին ներկայացվել էին երկարաժամկետ ծրագրեր՝ 5 տարվա կտրվածքով: Իսկ համայնքում խնդիրներ, բնականաբար, միշտ էլ կան, երբեք որեւէ մեկը չի կարող ասել, թե բոլորը լուծվել են, եւ այլեւս անելիք չկա։

- Դեռեւս 2012-ի մայիսի սողանքի հետեւանքով ճանապարհները քանդվել էին, վերանորոգվեցի՞ն, Կապանում ճանապարհային խնդիրներ կա՞ն:

- 2012-ի մայիսին սողանքի հետեւանքով ճանապարհներ չէին քանդվել, այլ քաղաքում հեղեղումներ էին եղել, Վաչագան գետը հունից դուրս էր եկել, գետի վրայի՝ դեպի ափամերձ անհատական տներ տանող կամուրջներ էին քանդվել, տարածքներ վնասվել: Եվ թե՛ հետեւանքները վերացնելու, թե՛ հետագայում գետի հունի բարձրացումը, հեղեղումների վտանգը կանխելու համար միջոցառումներ իրականացվեցին մի քանի փուլով՝ բոլորն էլ՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ֆինանսական աջակցությամբ:

Նախ` գետի՝ մինչ քաղաք մտնող ամենավերին հատվածում կառուցվեց ջրավազան՝ արգելապատնեշով, որը կանխում է գետի մեջ հողազանգվածների, քարերի, բուսական եւ այլ բերվածքների թափանցումը: Այնուհետեւ գետի՝ հեղեղումներից տուժած տարածքում, հունի երկայնքով, որտեղ անհատական տներն են եւ որտեղ երբեւէ հենապատ չի եղել, կառուցվեց 200 մետրից ավելի հենապատ /62 մլն/: Ինչպես նաեւ 2015-ին գետի հունի հիմնական 920 մետր հատվածը, որն անցնում է քաղաքի միջով, հիմնովին մաքրվեց ու բարեկարգվեց: Իսկ ճանապարհային խնդիրներ միշտ էլ եղել են, պարբերաբար նորոգվում են եւ դեռ էլի կան:

- Պարո՛ն Հայրապետյան, Կապանի քաղաքապետն ի՞նչ խնդիրների լուծման համար է աշխատանքային այցով մեկ տարվա ընթացքում մեկնել Չեխիա եւ Լիտվա: Ի՞նչ տվեց ուսուցողական այցն ու համաժողովին մասնակցելը:

- Ես աշխատանքային այցով չեմ մեկնել նշված երկրներ. դա 2013-ին էր. Չեխիա մեկնել եմ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպության փորձի փոխանակման ծրագրով, իրենք են ինձ ընդգրկել խմբի կազմում, իսկ Լիտվա՝ CORLEAP-ի /Արեւելյան գործընկերության տարածքային եւ տեղական իշխանությունների կոնֆերանս/ ծրագրով. Հայաստանն այս ֆորումի անդամ է, եւ արդեն մի քանի տարի է՝ ես հայաստանյան պատվիրակության անդամ եմ ու մասնակցում եմ դրա գագաթաժողովներին, որոնք տեղի են ունենում երբեմն նաեւ Երեւանում: Ուսուցողական այցը, բնականաբար, օգնեց ծանոթանալ այդ երկրում համայնքային կառավարման փորձին, իսկ CORLEAP-ը, որում, ի դեպ, ես Հայաստանը ներկայացնում եմ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ, քաղաքական հարթակ է:

- Այդ երկրներ Ձեր այցերից հետո ի՞նչ փոխվեց Կապանում:

- Փոխվեցին տարբեր հարցերին, համայնքային կյանքին, խնդիրների լուծմանը, կառավարման մոդելներին մեր մոտեցումները: Փորձում ենք կիրառել ուսանելին:

- Համայնքի զարգացման հնգամյա ծրագիր ներկայացվե՞լ է Կառավարությանը:

- Իհարկե, ներկայացվել է, չէր կարող չներկայացվել, դա նորընտիր ՏԻՄ մարմիների համար պարտադիր պահանջ է, ու բոլոր համայնքներն են դա անում:

Թե՛ իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված նախորդ՝ քառամյա, թե՛ անցած տարվա հնգամյա ծրագիրը հենց իմ նախընտրական ծրագրերի, իմ ունեցած նպատակների արտացոլումն էին, դրանք չէին կարող իմ ծրագրածից դուրս փաստաթղթեր լինել: Ինչպես նշեցի, մեկ տարում բոլորն իրականանալ չէին կարող, որոշների սկիզբը դրված է եւ շարունակական են, որոշներն արված են, ու դեռեւս մնում են այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն:

- «Հեծանվային Կապան. կայուն փոխադրամիջոցների ներմուծում Կապան քաղաքային համայնք» ծրագրային փաթեթի շնորհանդեսի ժամանակ հայտնել էիք, որ պատրաստվում եք հեծանիվով գնալ աշխատանքի: Կարծես թե այդպես չարեցիք, ինչո՞վ եք մեկնում աշխատանքի:

- Սփռված տեսանյութում ես լրագրողին բառացիորեն չէի ասել, թե հեծանիվով աշխատանքի կգնամ,այլ, որ ցանկալի է, որ գա այն օրը, երբ քաղաքապետն էլ, մեր համաքաղաքացիներն էլ աշխատանքի կգնան հեծանիվով, ինչեւէ, այդ տեսանյութը տարածվեց «Կապանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հեծանիվով աշխատանքի գնալ» վերտառությամբ, որն արվել էր, հավանաբար, գրավող վերնագիր ունենալու համար… Նույնիսկ այդ դեպքում «պատրաստակամություն հայտնելն» ու «պատրաստվում է գնալ»-ը տարբեր են… Իսկ ես միշտ էլ ասել եմ, որ հաճույքով հեծանիվ եմ քշում, եւ հիմա էլ անում եմ դա: Աշխատանքի գնում եմ, ինչով որ միշտ գնացել եմ, իսկ հեծանիվ նույնպես քշում եմ, եւ հատկապես ամռան երեկոներին կապանցիներն ինձ հաճախ են տեսնում ընտանիքիս անդամների հետ հեծանիվ քշելիս:

- Գեղանուշի պոչամբարի ծավալները բազմապատկվեցի՞ն։ Բացի դրանից` կապանցիները վտանգ էին տեսնում նաեւ Կավարտի բացահանքի շահագործման հարցում: Ի՞նչ իրավիճակ է այստեղ, կարծես, դուք դեմ չէիք, որ բացահանքը շահագործվեր:

- Ես երբեւէ նման կարծիք չեմ հայտնել, թե կողմ եմ կամ դեմ չեմ բաց հանքի շահագործմանը Կապանում։ Ընդհակառակը` իմ կողմնորոշումն այդ հարցի վերաբերյալ բոլորն էլ գիտեն:

- Պարո՛ն Հայրապետյան, Դուք հայտարարագրել եք 9 միավոր անշարժ գույք՝ երկու հողամաս Երեւանում, 3 հողամաս՝ Կապանում, երկու բնակարան՝ մեկը Կապանում, մյուսը՝ Երեւանում, մեկ տարածք էլ Կապանում: Ինչպե՞ս է հնարավոր աշխատավարձով այդքան անշարժ գույք ունենալ:


- Միանշանակ, հնարավոր չէ աշխատավարձով այդքանն ունենալ, թեեւ հիմա Երեւանում բնակարան եւ հողամասեր չունեմ: Կապանում բնակվում եմ ծնողներիս հետ նույն բնակարանում, որտեղ բնակվել եմ ծնվածս օրից, խոսքն այդ հայրական տան մասին է։ Մյուսը տուն է գյուղում, որը կրկին հայրական է, բնականաբար, տնամերձ հողամասով, որն առանձին անշարժ գույք է համարվում… Այսինքն, ինքս չեմ գնել կամ կառուցել այդ բնակարանն ու տունը, այլ ստացել եմ հորիցս: Ինչ վերաբերում է քաղաքապետի աշխատավարձին եւ մյուս տարածքներին, այո՛ հնարավոր չէ, հատկապես որ նշված գույքերից եւ ոչ մեկը ձեռք չի բերվել իմ քաղաքապետ աշխատած տարիներին, այլ՝ մինչ այդ… Շատ է խոսվել ու գրվել այս թեմայով տարբեր կայքերում, վերջին անգամ ասում եմ՝ դրանք ունեցել եմ մինչ քաղաքապետ դառնալս:

- Եվ ինչո՞ւ նորից քվեարկեն Ձեր օգտին:

- Իսկ ինչո՞ւ՝ ոչ… Ամեն դեպքում, կարծում եմ, այդ հարցի պատասխանը պետք է տամ ոչ թե ես, այլ՝ ընտրողները:

Բեթղեհեմ Արաբյան

                                                                                                  15 հոկտեմբերի 2017թ. 

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

26.12.2024 17:01

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10

Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

26.12.2024 16:04

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

26.12.2024 14:50

ՌԴ-ում ավտոգազի ավելցուկ է․ գինը կիսով չափ էժանացել է

26.12.2024 14:39

Ագարակում անցկացվեց շոտոկան կարատեի Մեղրիի գավաթ ակումբային փակ մրցաշարը

26.12.2024 14:32

Ի՞նչը կործանեց ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը՝ թռչնի՞, թե՞ հրթիռի հարվածը

26.12.2024 14:18

Հատված «Բուն TV» հեռուստաընկերության՝ Ակսել Բակունցի 125-ամյակին նվիրված ֆիլմից՝ «․․․ Եվ բառերի համար քո մարմարյա»

26.12.2024 12:40