Ի՞նչ է կատարվում Մեղրու մարզամշակութային կենտրոնում․ տնօրենի ընտրությո՞ւն, թե՞ ընտրության պատրանք

27.04.2026 12:55
2411

ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի նշանակման գործընթացը լուրջ հարցեր է առաջացրել։

Կենտրոնի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Վարդանյանը պնդում է, որ մրցույթն անցկացվել է ընթացակարգային խախտումներով և կանխորոշված արդյունքով։

Ստեղծված իրավիճակի շուրջ է զրույցն Անուշ Վարդանյանի հետ։

– Տիկին Վարդանյան, երբվանի՞ց եք ղեկավարել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ը և ի՞նչ պայմաններում է ավարտվել Ձեր պաշտոնավարումը։

– 2021 թվականի դեկտեմբերի 8-ից աշխատել եմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Մոտ հինգ տարի մրցույթ չի անցկացվել, և շարունակել եմ ղեկավարել կենտրոնն այդ կարգավիճակով։ Պաշտոնավարումս դադարեցվել է 2026 թվականի ապրիլի 15-ին: Ես մարտի 30-ից գտնվում էի արձակուրդում և, միաժամանակ, անաշխատունակ վիճակում, բայց դա չի խանգարել, որ հինգ տարի ձգձգված մրցույթը հենց հիմա անցկացվի։

– Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում տեղեկացաք տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասին և ինչպե՞ս եք գնահատում դրա կազմակերպման գործընթացը։

– Մրցույթի մասին տեղեկացա դեռ մարտ ամսին, սակայն նախապատրաստման ընթացքում պարզ դարձավ, որ այն չի իրականացվում սահմանված պետական կարգի պահանջներին համապատասխան։ Խոսքը համայնքային ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրության այն կարգի մասին է, որը հաստատված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Իմ դիտարկմամբ՝ մի շարք կարևոր պահանջներ չեն պահպանվել։ Ուստի և այդ մրցույթը չի կարող օրինական համարվել։

– Կկարողանա՞ք հստակեցնել՝ ինչպիսի՞ խախտումներ եք արձանագրել մրցույթի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում։

– Խախտումները մի քանի ուղղությամբ են եղել։ Առաջինը՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակայնությունը չի ապահովվել պատշաճ կերպով այն չի փակցվել համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, ինչպես նաև չի տեղադրվել համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ինչը պարտադիր պայման է, որի արդյունքում սահմանափակվել է տեղեկատվության հասանելիությունը։

Երկրորդ՝ փաստաթղթային փուլում ինձ չի տրամադրվել ներկայացված փաստաթղթերի ընդունման վերաբերյալ պատշաճ ստացական, իսկ դիմումների գրանցման համար նախատեսված պաշտոնական մատյանը, ըստ ընթացակարգի պահանջների, չի վարվել։

Բացի այդ, կան լուրջ կասկածներ մրցութային հանձնաժողովի ձևավորման գործընթացի վերաբերյալ՝ կապված կարգի I գլխի 6-րդ և 7-րդ կետերի պահանջների պահպանման հետ, որոնք վերաբերում են հանձնաժողովի կազմին ու դրա ձևավորման ընթացակարգին։

Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա թեստավորման և բանավոր հարցերի ձևավորման գործընթացը չի համապատասխանել սահմանված չափանիշներին հարցաշարը չի ներառել կենտրոնի գործունեության բոլոր ուղղությունները, մասնավորապես՝ ամբողջությամբ բացակայել է սպորտային բաղադրիչը։ Սա, իմ դիտարկմամբ, խախտում է հավասար գնահատման և լիարժեք մասնագիտական գնահատման սկզբունքները։

– Դուք սկզբնական շրջանում մասնակցության հայտ  էիք ներկայացրել։ Ի՞նչն էր պատճառը, որ հետագայում հրաժարվեցիք մրցույթին մասնակցելուց։

– Այո, դիմել էի, սակայն տեսնելով գործընթացի խախտումները և կանխորոշվածությունը, որոշեցի հրաժարվել մասնակցությունից։ Դա արել եմ գրավոր՝ միաժամանակ նշելով, որ մրցույթը համարում եմ անօրինական և պատրաստվում եմ այն բողոքարկել դատական կարգով։

– Դուք նաև պնդում եք, որ արդյունքը նախապես կանխորոշված էր։ Ի՞նչ հանգամանքներ են հիմք տալիս նման եզրակացության համար։

– Նախ՝ մրցույթի մասին հրապարակայնությունը, ինչպես նշեցի, չի ապահովվել սահմանված կարգով և պատշաճ մակարդակով։ Հայտարարությունը տեղադրվել է միայն Azdarar.am-ում, ինչը, գործնականում չի ապահովում լայն իրազեկում համայնքում։ Բացի այդ, մրցույթից առաջ հնչել են հայտարարություններ, որ տնօրենի փոփոխությունը լինելու է անկախ գործընթացի արդյունքից։

– Այդ հայտարարություններն ո՞ւմ կողմից էին հնչում։

– Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի կողմից, ով աշխատակիցների ներկայությամբ նշել է, թե ցանկանում է աշխատել «իր ընտրած մարդու» հետ։ Սա, բնականաբար, կասկածի տակ է դրել գործընթացի անաչառությունը և մրցույթի օրինականությունը։

– Դուք, որքան տեղյակ ենք, դիմել եք տարբեր պետական մարմիններ՝ մրցույթի օրինականության հարցով։ Ի՞նչ պատասխան եք ստացել։

– ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  հայտնել է, որ ինքն իրավասու չէ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու, և նման հարցերը կարող են լուծվել միայն դատական կարգով:

ՀՀ վարչապետի աշխատակազմից դեռ վերջնական պատասխան չեմ ստացել՝ դիմումը գտնվում է ընթացքի մեջ։

Իսկ համայնքապետարանից ստացված պարզաբանումներում նշվում է, թե բոլոր ընթացակարգերը պահպանվել են, որևէ խախտում չի արձանագրվել և մրցույթն անցկացվել է օրենքի պահանջներին համապատասխան։

– Ձեր աշխատանքի վերաբերյալ մինչ այդ ինչպիսի՞ գնահատականներ են տրվել։

– Ունեմ պաշտոնական բնութագիր, որտեղ իմ աշխատանքը գնահատվել է դրական՝ որպես պատասխանատու, աշխատասեր, ազնիվ և կարգապահ։

– Կենտրոնի աշխատակազմն ինչպիսի՞ դիրքորոշում է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

– Կոլեկտիվի մի մասը բացահայտ հարցադրում է ուղղել Խաչատուր Անդրեասյանին՝ ինչո՞ւ է անհրաժեշտ նման փոփոխությունը, երբ կազմակերպության աշխատանքը բնականոն ընթացքի մեջ է։ Այսինքն՝ ներսում էլ համայնքապետի այդ որոշումը միանշանակ չի ընդունվել։

– Ի՞նչ իրավական քայլեր եք նախատեսում՝ օրինականությունը վերականգնելու համար։

– Պատրաստվում եմ բողոքարկել մրցույթի արդյունքները դատարանում և փորձել վերականգնել օրինականությունը։

– Ի վերջո, ինչպիսի՞ լուծում եք ակնկալում ստեղծված իրավիճակից։

– Պարզ պահանջ ունեմ՝ օրինական, թափանցիկ մրցույթ, որտեղ բոլոր թեկնածուները կունենան հավասար պայմաններ, և արդյունքը չի լինի նախապես որոշված։

 

Հարցազրույցը՝

Իզա Ասծատրյանի

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00