Ի՞նչ կատարվեց Ազգային ժողովի սյունեցի ՔՊ–ական պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ

20.02.2026 14:34
2524

ՔՊ–ի ներկուսակցական քվեարկության արդյունքում դաժանորեն մերժվեց գործող պատգամավոր Մարինա Ղազարյանը։

275 հոգուց բաղկացած ցուցակում զբաղեցրեց 200-րդ հորիզոնականը՝ մոտ 1100 ընտրիչներից ստանալով միայն 62-ի վստահությունը (ընդ որում՝ յուրաքանչյուր ընտրիչ կարող էր քվեարկել մի քանի տասնյակ հավակնորդի օգտին, բայց...)։

Ինչո՞ւ այդպես ստացվեց․․․

Այս պահին պատրաստ չենք քննարկելու հարցը՝ արդյո՞ք ուղղորդված է եղել քվեարկությունը, թե՞ ոչ։

Պատրաստ չենք քննարկելու նաև՝ արդյո՞ք հավակնորդներին տրված քվեներն ինչ–որ չափով արտահայտում են նրանց՝ տեղերում ունեցած վարկանիշը։

Տեղյակ չենք՝ արդյո՞ք որոշակի և հստակ չափորոշիչներով են առաջնորդվել ընտրիչները, թե՞ գերակայել են անձնական համակրանքներն ու հակակրանքները, ներթիմային ու խմբակային  խարդավանքները։

Այդ ամենի մասին՝ ավելի ուշ։

Իսկ հիմա․․․ Այս դեպքում մի բան է ակնհայտ՝ ՔՊ կուսակցությունն այլևս տիկին Մարինայի կարիքը չունի։

Արդեն իսկ արձանագրված  իրողության շուրջ վերջին օրերին կապանյան հանրության տարբեր շրջանակներում քննարկումներ են տեղի ունենում։

Իշխող կարծիքներից մեկն այն է, որ սյունեցի ՔՊ–ական պատգամավորների շարքում Մարինա Ղազարյանը՝ ինտելեկտուալ առումով, էականորեն գերազանցում է մյուսներին, ինչի հետ համաձայն ենք նաև մենք։

Մարինա Ղազարյանը (զուտ ՔՊ–ական տեսակետից) մեկ այլ առավելություն էլ ուներ նա  կուսակցության (առնվազն Սյունիքի մասշտաբով) ակունքներում կանգնած և այդ կուսակցության ունեցած–չունեցած սկզբնական գաղափարական պոստուլատներին անկեղծորեն հավատացող սակավ անհատներից մեկն էր։ ՔՊ-ի ուրթում չէր հայտնվել՝ այլ կուսակցությունից կամ այլ մերժված խմբակի տիրույթից փախչելու շնորհիվ:

Եվ, այդուհանդերձ, Մարինա Ղազարյանը, ինչպես սյունեցի իր կուսակից պատգամավորները, տարիներ շարունակ օտարված մնացին Սյունյաց աշխարհից։

2021-ին մեկնարկած և հինգ տարի շարունակված ընտրաշրջանում Սյունիքն անդամահատվեց՝ կորցնելով հազարավոր հեկտար տարածքներ, կորցնելով մեր սահմաններին իշխող ռազմավարական նշանակության բարձունքները, բայց Սյունիքը ներկայացնող իշխանական պատգամավորներից և ոչ մեկը չհամարձակվեց սեփական ու ողջամիտ դիրքորոշում հայտնել։

Նա, ինչպես և իր գործընկերները,  հինգ տարվա ընթացքում չկարողացան լուծել գոնե մեկ ծանրակշիռ հարց՝ հօգուտ Սյունիքի։ Հազիվ իրենց անձնական հարցերն էին լուծում կամ իրենց անխռով անդորրն ապահովում:

Նա, ինչպես և իր գործընկերները, անցած հինգ տարում չկարողացան հեղինակել գոնե մեկ նշանակալի օրինագիծ, որը միտված կլիներ համապետական մակարդակի կամ Սյունիքին առնչվող շատ թե քիչ լուրջ որևէ խնդրի կարգավորման։

Նա, ինչպես և իր գործընկերները, հինգ տարվա ընթացքում որևէ սկզբունքային կամ նշանակալի խնդրի վերաբերյալ չունեցան սեփական կարծիք։ Կրկնեցին ու շարունակում են կրկնել այն, ինչ սովորաբար հնչում է Հ1-ով։ Ընդ որում՝ կրկնում են հիմնականում անհոդաբաշխ նախադասություններով ու մտքերով։

Մարինա Ղազարյանն աչքի ընկավ նաև իր բնօրրան Կապանին առնչվող մի քանի արտառոց հայտարարություններով ու հարցադրումներով, որոնք հակադարձվեցին հերքման հիմնավոր տեքստերով։

Մարզկենտրոնի մասին իր պատկերացումները, ըստ երևույթին, ձևավորվում էին մարզպետարանում, որտեղ լինում էր գրեթե ամեն անգամ, երբ այցելում էր ծննդավայր։ Այցելում էր մարզպետարան, բայց չէր համարձակվում հարցնել՝ ինչո՞ւ է Սյունիքում հետևողականորեն սերմանվում անհամերաշխություն, ինչո՞ւ են երկրամասի շատ թե քիչ երևելի կադրերը հետապնդվում, ինչո՞ւ է հետևողականորեն քանդվում մարզի կրթական համակարգը, վերացվում 47 հանրակրթական դպրոց, ինչո՞ւ է խորանում մեր սահմանապահ գյուղերի հոգեվարքը՝ առնվազն ժողովրդագրական տեսակետից և այլն։

Ինչևէ, ներկուսակցական քվեարկության տխուր արդյունքների համար Մարինա Ղազարյանը համերկրացիներից նեղանալու իրավունք չունի։ Այսօր նրան, խոստովանենք, շատերն են դեռևս հարգանքով վերաբերվում։ Կարող է նեղանալ միայն ու միայն իր կուսակիցներից, իր գործընկերներից, որ հարվածեցին  թիկունքից:

Մարինա Ղազարյանի պատմությանը գուցե և չանդրադառնայինք, եթե չլիներ պարզագույն մի հանգամանք, եթե տեղի ունեցածից դասեր քաղելու հրամայականի առջև կանգնած չլինեինք։

Իսկ դասը հետևյալն է ցանկացած պաշտոն, ցանկացած կուսակցություն, ցանկացած իշխանություն և պարգևավճար անցողիկ են։ Մնայուն է միայն Սյունիքը, որի շահերին անմնացորդ ծառայելը, որի շահերին համահունչ քայլելը, որտեղ հայոց պետականության, ինքնիշխանության և արժանապատվության լիարժեք ապահովումը վեր է ամեն ինչից․․․

Հակառակն ուրացումի ճանապարհն է...

Այդ դասը, նախևառաջ, հիշեցում է բոլոր նրանց, ովքեր անցած հինգ տարում օր են մթնեցրել մեր խորհրդարանում ու պատրաստվում են, պայքարում են, խարդավանում են, ուրանում են՝ ևս հինգ տարի այնտեղ լինելու համար։

Անշուշտ, Մարինա Ղազարյանը կարող է վերադառնալ հանրակրթական դպրոց ու վերստին դասավանդել մեր սիրելի առարկան՝ «Հայ ժողովրդի պատմությունը», որը (նաև իր քվեարկությամբ) «Հայաստանի պատմություն» է կոչվում։ Ի դեպ, «Պատմություն» առարկան հետաքրքիր բնավորություն ունի՝ նա ոչինչ չի մոռանում, նրա աչքից ոչինչ չի վրիպում։

Այո, Մարինա Ղազարյանը կարող է վերադառնալ իր բնօրրան Սյունիք, որտեղ (ինչպես նշեցինք) շատերն են նրան դեռևս հարգում, բայց այլևս չի տեսնի այն Սյունիքը, որն ունեինք 2021 թվականին, երբ ինքն ու իր սյունեցի գործընկերներն ընդգրկվեցին խորհրդարանի կազմում։

Դարերի քարմաղով  անցած–մաքրված–հյուսված քարե մի կանոնի մասին վերջում կուզենայինք հիշել ու հիշեցնել՝ հետդարձի կամուրջները ոչ մի պարագայում վառել չի կարելի, մանավանդ, երբ խոսքը փոքր հայրենիքի կամ բնօրրանի մասին է․․․

Չգիտենք՝ հնարավո՞ր է գոնե ուշացումով հետևել այդ իմաստությանը և ձգտել վերականգնել այն Սյունիքը, այն մթնոլորտը, որն ունեինք 2021-ից առաջ, որը մեզ էին ավանդել մեր արժանապատիվ նախնիները․․․

Մեր կարծիքով դժվար է, բայց և անհնարին չէ, մնում է իրականության հետ առերեսվելու քաջություն...

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34