Ինչո՞ւ պետք է գորիսեցի ընտրողը հոկտեմբերի 17-ին ընդառաջ գնա Հայ ազգային կոնգրեսին

13.09.2021 17:40
11077

Սեպտեմբերի 12-ին ավարտվեց համայնքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումը Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Տեղում:

Գորիս խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը (ՀԱԿ-ը), որի ընտրական ցուցակը գլխավորում է Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիս համայնքի  գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը:

Եվ քանի որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը, ուստի եւ համայնքում որոշակի հետաքրքրություն է առաջ եկել այդ առիթով:

Ընտրողներին հետաքրքրող հարցերի մի մասի պատասխանը փորձեցինք ստանալ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Լազարյանից:

-Պարոն Լազարյան, նախ՝  ի՞նչ  զգացողությամբ եք վերաբերում իրողությանը, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը Գորիսում  իր ընտրական ցուցակի առաջին տեղը վերապահեց Ձեզ:

-Բարձր եմ գնահատում այդ վստահությունը եւ շնորհակալ եմ Հայ ազգային կոնգրես կուսակցությանը՝ առաջադրման համար:

Ինձ համար պատիվ է Գորիսի ավագանու ընտրությունում գլխավորել այն ցուցակը, որը  վավերացված է Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադիր նախագահ, Հայաստանի անկախ պետականությունը (դարերի դադարից հետո) վերականգնած քաղաքական ուժի ղեկավարի, Արցախյան առաջին հաղթական պատերազմում մեր ժողովրդին առաջնորդած Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ:

-Ներկայումս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախապատրաստվում Հայաստանի բազմաթիվ համայնքներում: Եվ միայն Գորիս համայնքում է, որ ՀԱԿ-ը ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել, ինչո՞ւ:

-Ձեր հարցի պատասխանը տրված է ՀԱԿ-ի վարչության 2021 թ. սեպտեմբերի 8-ի որոշման մեջ: Կարող եմ այդ հիմնավորումը հիշեցնել, ահա՝ «…Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու եւ, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի եւ, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարեւորությունը, վարչության որոշմամբ Հայ ազգային կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությանը»:

-Եվս մի հարց, որի շուրջ արդեն իսկ քննարկումներ են անում համայնքում՝ իսկ ինչո՞ւ պետք է գորիսեցի ընտրողը հոկտեմբերի 17-ին քվեարկի ՀԱԿ կուսակցության  օգտին:

-Այդ հարցին հանգամանալից եւ բազմակողմանի պատասխան կտրվի քարոզարշավի ընթացքում: Եվ, այդուհանդերձ, մի քանի լուրջ հանգամանք կարող եմ հիմա փաստել, որոնք առավել տեսանելի են գորիսյան պատուհանից:

Այսպես՝  Լեւոն  Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը Գորիսի եւ ընդհանրապես Սյունիքի վերաբերյալ առանձնահատուկ, նույնիսկ կասեի՝ բացառիկ ընկալում ունի:

Եվ դա ես չէ, որ ասում եմ, դա ոչ վաղ անցյալի պատմությունն է վկայում:

Նախ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան էր կարեւորել Սյունիքի եւ Գորիսի ռազմավարական դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում, որ 1993 թ. ստեղծեց Սյունիքի հարցերով ՀՀ պետնախարարի ինստիտուտը՝ Գորիս նստավայրով: Պատմությունը նման նախադեպ չունի:

Այդ կառույցը ոչ միայն համակարգում էր պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձած Սյունիքի պաշտպանությունը:

Այդ կառույցի առջեւ խնդիր էր դրվել՝ մշակել Սյունիք-Զանգեզուր պետական ռազմավարական ծրագիր, որը Սյունիքի եւ հատկապես Գորիսի հանդեպ տարբերակված մոտեցման առանձնահատուկ արտահայտություն էր:

Նրա պաշտոնանկությունից հետո, ցավոք, այդ ծրագրի մշակումը կասեցվեց:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական այդ ուժն  Արցախյան առաջին պատերազմի տարիներին այնքան էր կարեւորել Սյունիքի եւ Գորիսի պաշտպանությունը, որ երեք կամ չորս անգամ (որքանով հիշում եմ մամուլից) Գորիսում անցկացրեց ՀՀ անվտանգության խորհրդի նիստ՝ տեղում ձեռնարկելով գործնական քայլեր՝ Սյունիքի պաշտպանության ամրապնդմանը միտված:

Ի վերջո հենց նրա առաջնորդությամբ էր, որ Սյունիքի (այդ թվում՝ Գորիսի) սահմանների շուրջ ստեղծվեց անվտանգության գոտի, ինչի շնորհիվ երեք տասնամյակ շարունակ ե՛ւ Սյունիքը, ե՛ւ Արցախն անմատչելի էին հակառակորդ երկրի համար:

Իսկ այսօր…Հատկապես գնահատելի է քաղաքական այդ ուժի իրատեսությունը, իրականության հետ առերեսվելու  խոհեմությունն ու քաջությունը:

Կարող եմ շարունակել թվարկումները, բայց ասվածն էլ բավական է՝ ընկալելու համար, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը գործնականում ինչպես է պատկերացրել Գորիսը եւ ինչ է արել Գորիսի պաշտպանվածության ամրապնդման, Գորիսի զարգացման համար: Բարեբախտաբար, այդ մոտեցումները (փոփոխված իրականությանը համահունչ) պահպանվում են: Հենց այդ ամենի համար էլ գորիսեցի ընտրողը պետք է ընդառաջ գնա ՀԱԿ-ին:

Ուրեմն եւ՝ պետք է ողջունել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժի որոշումը՝ կրկին եւ նորից ստանձնելու պատասխանատվություն՝ մեր տարածաշրջանին սպառնացող վտանգներին դիմակայելու հարցում:

Հարցազրույցը՝ Վահրամ Օրբելյանի
 

 

ՌԴ–ում առաջին անգամ կասեցվել է ՀՀ–ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

19.07.2026 14:22

Հանքարդյունաբերությունը եղել և շարունակում է մնալ մեր երկրի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը․ Փարսյան

19.07.2026 13:33

Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի շնորհավորական ուղերձը Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

19.07.2026 13:31

Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի շնորհավորական ուղերձը Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

19.07.2026 11:21

«Թրամփի ստորագրությունն արժեք չունի». Իրանի գերագույն առաջնորդը ուղերձ է հղել ազգին

19.07.2026 10:10

Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը

18.07.2026 20:40

ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը

18.07.2026 17:21

Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են փոխադարձ հարվածները

18.07.2026 12:14

Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ

17.07.2026 22:09

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. կիրառվել է 15 միլիոն դրամ գրավ

17.07.2026 17:07

Ակնկալվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերսկսում. Բայրամով

17.07.2026 17:01

Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար

17.07.2026 16:50