Սյունիքը զավթելու ծրագիրը Թուրքիայի օրակարգում է եղել դարեր շարունակ։ Բայց այդ ծրագրում՝ 1918-ից սկսած, առանձնահատուկ նշանակություն ստացավ Մեղրու հայաթափման ու նվաճման խնդիրը։ Եվ դա այն ողբերգական իրադարձություններից հետո, երբ հայոց Սուրմալուն ու հայոց Նախիջևանը փաստորեն անցան Թուրքիայի տիրապետության ներքո։ 1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրով էլ, Սուրմալուն (և ոչ միայն) նվիրեց Քեմալ Աթաթուրքին, Նախիջևանը՝ Ադրբեջանին։
Այդ ամենից հետո՝ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային ճանապարհով միմյանց կապելու «խոչընդոտ» մնաց միայն Մեղրին։
Թուրքական այդ երազանքը կամ «Մեղրիի խոչընդոտը» դիվանագիտական ճանապարհով լուծելու համար առաջին փորձն արեց Հարավային Կովկասում թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Խալիլ փաշան՝ 1918 թ․ օգոստոսի 31-ին Երևանում Հայոց նոր պետության հիմնադիր, Կապանի Զեյվա գյուղի զավակ Արամ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ։
Խալիլը պահանջեց, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվեն Բաքվի հետ։ Դրա փոխարեն պատրաստակամություն հայտնեց Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջևանշիր ու Վարանդա։
Հայոց այդ հսկան՝ Արամ Մանուկյանը, որքան էլ նորանկախ Հայաստանը գտնվում էր ծանրագույն վիճակում, անթույլատրելի համարեց տվյալ թեմայով խոսակցության շարունակումը։
Դրանից հետո թուրքերը, իհարկե, չհրաժարվեցին իրենց մտադրությունից։ Բայց Սյունիքի անտրոհելիության սրբազան գաղափարը պաշտպանեցին Գարեգին Նժդեհը և հայ ժողովրդի մյուս փառապանծ զավակները՝ Դրո, Պողոս Տեր–Դավթյան, Խաչատուր Մալինցյան․․․
Սյունիքը զավթելու ադրբեջանաթուրքական ծրագրի իրագործումն անհնար եղավ նաև Խորհրդային Միության օրերում։ Խնդիրը քանիցս դրվեց Հայաստանի ղեկավարների առջև՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան, Գրիգոր Հարությունյան, Սուրեն Թովմասյան, Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան։ Արժանապատիվ այդ առաջնորդներից և ոչ մեկը տեղի չտվեց։
Խնդիրն օրակարգում մնաց նաև Հայաստանի 3-րդ հանրապետության օրերում։ Հեյդար Ալիևը Ռոբերտ Քաչարյանին առաջարկեց տարածքների փոխանակման նոր ծրագիր, ինչը (փոքր–ինչ փոփոխված) Խալիլն էր ժամանակին առաջարկել Արամ Մանուկյանին։ ՀՀ երկրորդ նախագահը նույնպես մերժեց այդ առաջարկը։
Հակասյունիքյան ծրագիրը նոր թափով գործողության մեջ դրվեց 2020 թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հաջորդ օրը։
Առաջին քայլը եղավ 2020 թ․ դեկտեմբերի 18-ի համաձայնագիրը (հայ–ադրբեջանական–ռուսական)՝ մեր զբաղեցրած առաջնագիծն Ադրբեջանին զիջելու և հայկական ուժերը զբաղեցրած դիրքերից հետ քաշելու վերաբերյալ։
Հետո Ադրբեջանը զավթեց Շուռնուխի արևելյան կեսն ու հարակից տարածքները, Սև լճի արևելյան հատվածն ու հարակից բարձունքները, Գորիս–Կապան և Կապան–Ճակատեն ու Կապան–Եղվարդ ճանապարհները, Մեծ Իշխանասարն ու Փոքր Իշխանասարը, Գորայքի ամառային արոտավայրերի հյուսիսային հատվածը, Ներքին Հանդի եզերքը՝ գյուղն առնելով «աքցանի» մեջ, Տեղ գյուղի արևելյան դաշտերը․․․
Այդ ամենին զուգահեռ (ժամանակ առ ժամանակ)՝ կրակոցներ սահմանային գյուղերի ուղղությամբ՝ զենքի տարբեր տեսակների կիրառմամբ․․․
Տևական ժամանակ միամիտներիս թվում էր, թե Սյունիքը կարող են նվաճել միայն պատերազմով, ռազմական գործողություններով, սահմանապահ գյուղերի ուղղությամբ կրակ բացելով, սակայն․․․
Ժամանակը ցույց տվեց, որ Սյունիքը կամ Սյունիքի առանձին հատվածներ կարող են նվաճել առանց ռազմական գործողությունների՝ թավշյա ճանապարհով կամ թավշյա հնարքներով։
Ասենք, օրինակ, սահմանազատման ու սահմանագծման նախորդ երկու գործողության արդյունքները (1920-ականներ և 1980-ականներ) ուժը կորցրած համարելով ու մոռացության մատնելով, Սյունիքից բռնազավթված՝ հազարավոր հեկտարների հասնող հողատարածքների հանդեպ պահանջատիրությունից հրաժարվելով ու Ադրբեջանի «բարեգթությանը» ապավինելով։
Ժամանակը ցույց տվեց, որ Սյունիքը կամ Սյունիքի որոշ հատվածներ կարելի է նվաճել նաև երկրամասը ներսից թուլացնելով, ասենք օրինակ՝ հայրենատիրական ու հայրենասիրական ոգին սպանելով, դիմադրության և ինքնապաշտպանության գաղափարը քանդելով, մարզում անդեմություն սերմանելով, մարզի շատ թե քիչ երևելի դեմքերին հալածելով կամ ասպարեզից հեռացնելով, համայնքապետերի մի մասին պատանդի կարգավիճակում պահելով, ինքնապաշտպանության երբեմնի փառապանծ հրամանատարներին նսեմացնելով, իշխանական որոշ օղակներին պսպղուն միջակություններ պատվաստելով և ընդհանրապես տգիտությունն ու անբանությունը փառաբանելով, կուսակցությունից կուսակցություն փախչելը քաջալերելով․․․
Եվ Սյունիքը ներսից թուլացնելու այդ գործելակերպը չափազանց «պտղաբեր» եղավ․․․
Միջև 2020 թ․ պատերազմը Սյունիքի մարզի տարածքը (ըստ պաշտոնական տեղեկությունների) 4506 քառ․ կմ էր։ Իսկ թե որքան է կազմում Սյունիքի ներկայիս տարածքը, ոչ ոք չի կարող ասել։
Մարզի բնակչությունը, որ 2008-ին 163 հազար էր՝ հաջորդող ժամանակաշրջանում նվազեց մոտ 40 հազարով։
Հանուն սեփական բիզնեսի կամ հանուն պաշտոնի կամ հանուն սեփական բարեկեցության՝ կույրի, խուլի ու համրի կեցվածք ընդունածները հայտարարվեցին օրվա հերոսներ և նույնիսկ հռչակվեցին «պետականամետ» գործիչներ։
Մարզի պետական բարձր պաշտոնյաների և մարզն օրենսդիր մարմնում ներկայացնողների միակ գործը դարձավ իրենց մերժողների մասին երկրի ղեկավարների ականջին բանսարկության հեղեղ ուղղելը։
Իսկ հիմա․․․ Սյունիքը նվաճելու ադրբեջանաթուրքական ծրագիրը նոր և չափազանց վտանգավոր ու բախտորոշ փուլ է թևակոխում։ Փորձ է արվում իրականություն դարձնել ադրբեջանաթուրքական «Զանգեզուրի միջանցք» ցնորական երազը։ Ընդ որում՝ արվում է ոչինչ չասող ինչ–որ բառերի կամ արտահայտությունների շղարշով պարուրված։
Անշուշտ, մենք հետևողականորեն կանդրադառնանք հակահայկական, հակասյունիքյան, հակապետական այդ ավանտյուրայի ընթացքին։ Առայժմ արձանագրենք մի քանի իրողություն կամ բարձրաձայնենք մի քանի հարց։
Նախ՝ հազարամյակների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Սյունիքի տարածքների հարցը քննարկվում է առանց տեղի բնակչության հետ խորհրդակցելու։ Եվ բանը հասել է նրան, որ սյունեցիների որոշ մասի համար միևնույնն է՝ թուրքին մեր տարածքով (անխոչընդոտ) ճանապարհ կտրվի՞, թե՞ ոչ։
Աշխարհի ուժային կենտրոնների համար ներկայումս օրակարգային թիվ 1 հարց դարձած Սյունիքի մասին խոսում են բոլորը, օրական տասնյակ հոդվածներ են հրապարակվում, քաղաքագետներն ու վերլուծաբաններն են տարատեսակ դատողություններ անում։ Միակ միջավայրը, որտեղից ձայն չի լսվում, Սյունիքն է...
Եվ, այդքանով հանդերձ, հազարավոր մարդկանց տարակույսները, Սյունիքի վաղվա օրվա հանդեպ մտահոգությունները (թեև անաղմուկ ու առանց բարձրաձայնելու) եփ են գալիս․․․
Նախ՝ «Զանգեզուրի միջանցք» հորինվածքը տնտեսական իմաստ չունի և տնտեսական խնդիր չի կարող լուծել (որքան էլ փորձեն մեզ խաբել), քանզի Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև՝ հետխորհրդային առաջին օրերից ի վեր, ցամաքային հաղորդակցության հրաշալի հնարավորություն է եղել ու կա, նկատի ունենք Արազի միջանցքը։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցք»–ի մասին, մեզ պատկանող տարածքի երկարությունը համարեց 32 կմ։ Մինչդեռ Մեղրու արաքսամերձ հատվածի երկարությունը 46 կմ է։
ՀՀ ԱԳ նախարարությունը, գոնե ուշացումով, պետք է պարզաբանում պահանջի ԱՄՆ պետդեպարտամենտից առ այն, թե ուր մնաց 14 կմ–ը։
Այնուհետև՝ երկրի ներսում իրականացվող ցանկացած ծառայություն կարելի է արտապատվիրակել այլ պետության՝ ջրամատակարարումից մինչև աղբահանություն, և որևէ մեկը չի զարմանա։ Բայց ի՞նչ է նշանակում հայրենիքի տարածքի մի մասի տնօրինումն արտապատվիրակել մեկ այլ երկրի։
Կա՞ աշխարհում մեկ ուրիշ պետություն, որի ինքնիշխան տարածքի մի մասի տնօրինումն արտապատվիրակվել է ուրիշ պետության։
Այնուհետև՝ Սյունիքի նոր անդամահատմամբ վտանգվում է Հայաստանի Հանրապետության գոյությունն առհասարակ, մեծ հարված է հասցվում հայոց ինքնիշխանությանը։
Հաջորդը՝ մի պահ ընդունենք՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը հաղորդակցության ուղիների վերաբացման ազնիվ նպատակ է հետապնդում։ Այդ դեպքում ինչո՞ւ փոխադարձության խնդիր չի դրվում, ինչո՞ւ Մեղրիից (նույն սկզբունքով) «անխոչընդոտ», «պարզեցված եղանակով»՝ Նախիջևանի տարածքով, չգնալ Երևան, ինչո՞ւ չվերաբացել Գորիս–Կապան, Կապան–Ճակատեն, Կապան–Եղվարդ ճանապարհները։
Հաջորդը՝ Ադրբեջանի նախագահն ու մեր վարչապետը հանդիպում են և քննարկում «Զանգեզուրի միջանցքի» հարցը (յուրաքանչյուրն իր համաքաղաքացիներին հաճո բառամթերքով), բայց հետո․․. Իլհամ Ալիևը հայտարարում է, թե խոսքն արտատարածքային միջանցքի մասին է՝ զրո վերահսկմամբ։ Մեր վարչապետն էլ ասում է՝ չէ, այդպես չենք պայմանավորվել։
Հաջորդը՝ փորձագիտական շրջանակները (գրեթե միաբերան) այն կարծիքին են, որ Մեղրու տարածքի 46 կմ–ոց հատվածը (սահմանի երկարությամբ) ԱՄՆ–ին վարձակալության տալն ակնհայտ քայլ է Ռուսաստանին և Իրանին հարվածելու, ինչպես և ենթադրյալ մայրուղին Թուրքիային ու Ադրբեջանին տրամադրելու ուղղությամբ։
Հաջորդը՝ ԱՄՆ–ի, Եվրոպայի, Թուրքիայի և Ադրբեջանի պատկերացմամբ միջանցքի ստեղծման հետևանքով Սյունիքում արմատապես կփոխվի իրականությունը։ Ավելին, «միջանցքը» կփոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ամբողջ լանդշաֆտը։
Մեղրիով անցնող ենթադրյալ «միջանցքը» կունենա հակաիրանական ընդգծված ուղղվածություն, որի շահառուներն առաջին հերթին Իսրայելն ու Միացյալ Նահանգներն են։
«Միջանցքի» մյուս նպատակն էլ Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից դուրս մղելն է։
Իսկ հիմքում ադրբեջանաթուրքական երազանքի իրականացումն է․․․
Արդեն հրապարակված քարտեզներից իմանում ենք՝ ենթադրյալ «միջանցքն» անցնելու է Մեղրի և Ագարակ քաղաքների անմիջական տարածքները շոշափելով, ինչը նշանակում է, որ էականորեն փոխվելու է Մեղրու տնտեսական նկարագիրը, Մեղրու անվտանգային համակարգը և Մեղրու նշանակությունն ընդհանրապես։
* * *
ԱՄՆ –ի և Եվրոպական երկրների վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ հայտնի է․․․
Նրանց աչքի առաջ տեղի ունեցավ Արցախի բռնազավթումը, հայ բնակչությանը հազարամյա իր բնօրրանից դուրս մղելը։
Նրանց աչքի առաջ է տեղի ունենում հայոց Արցախի քրիստոնեական սրբավայրերի պղծումը։
Իսկ Սյունիքի հարցում․․․
Միացյալ Նահանգները, օրինակ, երբեք էլ չի թաքցրել իր մտադրությունը Սյունիքի հանդեպ։ Նախկին պետքարտուղարի տեղակալ Օ'Բրայենն ասում էր՝ «Տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողներ հանդիսացող Ռուսաստանի և Իրանի շուրջ կառուցվող ապագան անկայուն է և ոչ ցանկալի․․․»։
Տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնաց Լուիս Բոնոն էլ նշում է Սյունիքով անցնող հաղորդակցության ուղիները միջազգային վերահսկողության հանձնելու անհրաժեշտությունը։
Այսինքն՝ Սյունիքը նրանց պետք է իբրև հաղորդակցության ուղի՝ իրենց հսկողությամբ, կամ՝ պլացդարմ՝ հակառուսական և հակաիրանական գործողությունների համար։ Իսկ թե ինչ կկատարվի տեղաբնակներիս հետ՝ նրանց չի հետաքրքրում։
Վերջին օրերին էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքից և «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի հրապարակումից էլ իմանում ենք՝ ԱՄՆ–ն առաջարկել է 100 տարով (վարձակալությամբ) «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ սահմանել իր վերահսկողությունը՝ ճանապարհի կառավարումը մասնավոր ընկերության հանձնելու մտադրությամբ։
Օրերս էլ իտալական Periodista Digita պարբերականը փոխանցեց, որ Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին՝ վկայակոչելով ինչ–որ գաղտնի հուշագիր Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև։
Հայաստանի կառավարությունը հերքել է այդ հրապարակումը։
ՀՀ կառավարության հերքումին, իհարկե, կարելի է հավատալ։ Բայց չէ՞ որ ՀՀ վարչապետը մի քանի անգամ արդեն հասցրել է փոխել իր դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ։ Եվ հիմա նույնիսկ չգիտենք՝ ի՞նչ է (ի վերջո) ուզում հայրենի մեր կառավարությունը։
* * *
Այդ ամենը կատարվում էր և կատարվում է հայտնի քարոզի ուղեկցությամբ, որի համաձայն՝ մոռացությունն ու ուրացումը ներկայացվում էր ու ներկայացվում է որպես ճանապարհ դեպի ապագա, ինքնությունից հրաժարվելն ու պատմությունը մոռանալը՝ հաշտության երաշխիք։
Այդ ամենը կատարվում է «Եվրոպա» պոռալով, իրականում (մինչդեռ) Թուրքիայի գիրկը վազելով։
Ընդ որում՝ խաղաղություն և հարաբերությունների կարգավորում ենք ուզում մի պետության հետ, որը ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև հպարտանում է, որ օգնել է Ադրբեջանին՝ բռնազավթելու հայոց Արցախը, մասնակցել է Արցախի հայաթափմանը և ողջունել ու ողջունում է հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։
Այո, Հայաստանն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կարիք, բայց ոչ արժանապատվության, ոչ ազգային հիշողության կորստի և ոչ ազգային ինքնությունից ու մեր դարավոր դաշնակիցներից հրաժարվելու հաշվին։
* * *
Իբրև խոսքի ամփոփում կուզենայինք հնչեցնել հետևյալ խորհուրդը կամ (եթե կուզեք) զգուշացումը։
Սյունիքի հարավի տնօրինումը (թեկուզ և ճանապարհի կամ միջանցքի նպատակով) այլ երկրի հանձնելով (արտապատվիրակելով), կարծում ենք, լեգիտիմ հիմքեր կստեղծվեն ապագա պերմանենտ պատերազմների համար, քանզի գրեթե հարյուր տոկոս է հավանականությունը, որ Հայաստանի հաջորդ կառավարությունը (քաղաքական որ ուժն էլ իշխանության գա) անմիջապես դենոնսացիայի է ենթարկելու Սյունիքի արաքսամերձ տարածքի արտապատվիրակման համաձայնագիրը։
Ընդ որում՝ հնարավոր պատերազմները կլինեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջան–Թուրքիայի, այլև տարածաշրջանի մյուս երկրների, գերտերությունների և ուժային կենտրոնների միջև։
Այսինքն՝ տվյալ գործարքը (արտապատվիրակումը) իրականություն դառնալու դեպքում Սյունիքի ապագան մեծ հարցականի տակ կդրվի։ Ասել է՝ դրանով մեր երազած «Խաղաղության խաչմերուկը» կդառնա «Պատերազմի խաչմերուկ»։
Ստեղծված փակուղուց դուրս գալու ամենաողջամիտ ելքը, մեր կարծիքով, Սյունիքի տարածքային ամբողջականության վերականգնումն է և Սյունիքի ամբողջ տարածքում հայոց ինքնիշխանության լիարժեք ապահովումը։
Իսկ մինչ այդ սպասում ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ավելի կոնկրետ և հստակ դիրքորոշմանը՝ «միջանցքը» ԱՄՆ–ին վարձակալության տալու արդեն իսկ մեկնարկած օպերացիայի նկատմամբ։
ՌԴ–ի պարագայում ճշտման կարիք ունի նաև հարցը՝ արդյո՞ք վերջնականապես ուժը կորցրած կարող ենք համարել 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Սամվել Ալեքսանյան