Կոմիտաս․ նաիրյան հանճարի հազարամյա տեսիլը՝ սերված Սյունյաց աշխարհի Գողթն գավառից

02.06.2025 11:50
1792

Հայ ժողովրդի ամենանվիրական անուններից մեկին՝ Կոմիտասին թերթային հատուկ համար նվիրելը մեր խմբագրակազմի վաղեմի երազանքներից էր, որն ի կատար ենք ածում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աջակցությամբ։

Եվ տարիների ընթացքում՝ որքան ծանոթանում էինք նրա ժառանգությանը, նրա կյանքին ու գործունեությանը, այնքան համոզվում էինք (Ցիցիլիա Բրուտյանի արտահայտած) այս խոսքերի ճշմարտացիության մեջ «Արարատի պես պարզ, անսեթևեթ, վեհանիստ է. իր ոգեղեն անդաստանի մեջ սլանում է երկինք։ Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել, ոգուց փթթել, հույզերից ծաղկազարդվել։ Միայն նա է առասպելի չափ մեծ ու հավերժական։ Նա իր ճակատին հնչյունահունց թագ ունի։ Նա է, որ խորհրդանշում է հայ ոգին, ինչպես Արարատը՝ հայ բնաշխարհը։ Կոմիտաս․․․»։

Բարձրատաղանդ ու ինքնատիպ կոմպոզիտոր, երաժիշտ-ազգագրագետ, հայ ժողովրդական երգերը հավաքող, ֆոլկլորագետ, երաժշտագետ, երաժիշտ-կատարող (երգիչ և խմբավար), մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ, հայոց մեծ եղեռնի զոհ և խորհրդանիշ, պանդխտության ու ժողովրդական վշտի, ուրախության երգիչ, հայ միջնադարյան խազային նոտագրությունը վերծանող, Հայոց հոգևոր երաժշտությունը մաքրագործող և նորովի ներկայացնող, օպերային արվեստում մեծ մտահղացումներ ունեցող, պարագետ և, ի վերջո, բանաստեղծ Կոմիտաս․․․

Նրա գործունեության և ստեղծագործական ժառանգության վերոնշյալ ամեն մի ուղղություն կամ ոլորտ, անտարակույս, առանձին ներկայացնելու համար անսպառ նյութ է հավաքված։ Բայց դրանց վրա համառոտ անդրադարձ կատարելն անգամ անհնար է թերթային մեկ՝ անգամ ծավալուն համարի սահմաններում։

Ուստի և փորձեցինք ներկայացնել այնպես ու այն չափով, որ ընթերցողը, համարի նյութերին ծանոթանալով, շատ թե քիչ ընդհանրական պատկերացում կազմի Կոմիտաս վարդապետի կյանքի ու գործունեության, թողած ժառանգության մասին։

***

Մեծանուն Կոմիտասին էր վիճակված՝ խաղալու պատմական դեր հայ ազգային պրոֆեսիոնալ երաժշտական նոր դպրոցի ստեղծման գործում, լինելու հայ դասական երաժշտության հիմնադիրը։ Պատահական չէ, որ նրան կոչել են հայ երաժշտության Մաշտոց և Նարեկացի, նոր ժամանակների Շնորհալի․․․

Անշուշտ, մինչև Կոմիտասը հայ երաժշտական կյանքում պարարտ հող էր ստեղծվել, մեծ փորձ կուտակվել՝ Տիգրան Չուխաճյան, ով մեզանում հիմք դրեց օպերային ստեղծագործությանը, Նիկողայոս Տիգրանյան, ով հիմնադիրներից է հայկական ազգային դաշնամուրային երաժշտության, Քրիստափոր Կարա-Մուրզա, ով հայկական առաջին երգչախմբային համերգի կազմակերպիչն էր և հայ երաժշտության մեջ բազմաձայնության սկզբնավորողը, Մակար Եկմալյան, ով լայնացրել է ազգային մելոսի օգտագործման սահմանները,  Արմեն Տիգրանյան, ում դերը հատկապես մեծ է հայկական օպերայի զարգացման գործում («Անուշ», «Դավիթ Բեկ»), ուրիշներ․․․

Ահա այսպիսի մեկնակետից է իր գործունեությունը սկսել մեծ արվեստագետը։

Նրա ժառանգության մասին պատկերացում կազմելու համար նախևառաջ ներկայացնում ենք Արամ Խաչատրյանի հոդվածը՝ «Հայ երաժշտական դպրոցի հիմնադիրը», Ռոբերտ Աթայանի հոդվածները՝ «Կոմիտասի նշանակությունը հայ արվեստում» և «Կոմիտասը հայ ժողովրդական երգի հավաքող», Լուսինե Սահակյանի հոդվածը՝ «Կոմիտաս վարդապետը և հայ կոմպոզիտորական դպրոցը»։

Հայոց հոգևոր երգարվեստում և հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանման գործում Կոմիտասի ներդրման մասին իմանում ենք Նիկողոս Թահմիզյանի «Կոմիտասը և հայոց հոգևոր երգարվեստի հարցերը» ուսումնասիրությունից։

Այդ հոդվածներն ընթերցելով՝ վերստին համոզվում ենք՝ Կոմիտասը դարձավ 20-րդ դարասկզբի համաշխարհային երաժշտության դասական՝ շնորհիվ երաժշտական նյութի կազմավորման իր նորարարական մեթոդի, ժողովրդական երաժշտության օգտագործման իր բացած նոր ուղիների։

Նրա ստեղծագործական մեթոդը լայն հեռանկար բացեց հայ ազգային կոմպոզիտորական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության զարգացման հունի մեջ։

Կարևոր մի հանգամանք ևս՝ Կոմիտասի կողմից հայտնաբերված մի շարք հորովելների իմպրովիզացիոն արխայիկ եղանակները, հնագույն վիպական ասերգերը, միջնադարյան անտունիները և հոգևոր տաղերի ժողովրդական տարբերակները պատմամշակութային խոշոր հայտնագործությունների արժեք ունեն և լրջագույն ներդրում են հայագիտության բնագավառում։ Դրանք նաև աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը հարստացնող մեծարժեք գործեր են։

***

Կոմիտասը ստեղծել է նաև պարային երաժշտության ցայտուն նմուշներ։ Նրա ստեղծագործություններում լայնորեն ներկայացված է պարերգերի ժանրը, որոնց մեծ մասը շուրջպարային երգեր են («Չեմ ու չեմ», «Հոյ Նազան», «Սոնա յար», «Ալ այլուղս», «Իմ չինարի յարը», «Շողեր ջան» և այլ երգեր)։

Բացի այդ, 1906-ին Կոմիտասը գրել է դաշնամուրային վեց պար։ Չնայած իրենց փոքր ծավալին, այդ պարերը թողնում են միանգամայն ավարտված ու ամբողջական տպավորություն։

Կոմիտասի պարային ժառանգությանը ծանոթանալու համար ներկայացնում ենք երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի «Կոմիտասի պարային ժառանգությունը» վերտառությամբ հոդվածը։

***

Կոմպոզիտորի ստեղծագործական հետաքրքիր և համարձակ մտահղացումներից են չորս օպերաները։

Այդ մտահղացումներից էին «Վարդան» պատմահայրենասիրական օպերայի ստեղծումը, «Սասմա ծռերը»՝ «Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվով, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ»-ի սյուժեով սկսած երգիծական օպերայի երկու ավարտուն տեսարաններն ու երրորդ տեսարանի սկիզբը, ինչպես և «Անուշ» օպերան, որի վրա աշխատել է երկար տարիներ։

«Անուշ» օպերան պետք է բաղկացած լիներ չորս գործողությունից, նախերգանքից ու վերջաբանից։

Ըստ պրոֆեսոր Տիգրանյանի՝ «Օպերան դասելով արվեստի մասսայական, դեմոկրատական տեսակների շարքը, Կոմիտասը ձգտել է դրա մեջ ժողովրդական կյանքի էական կողմերն արտացոլել հենց ժողովրդի սրտին մոտ, նրա համար հասկանալի ձևերով։ Հայաստանի պատմությունից և էպոսից, հայ ականավոր գրողների ստեղծագործություններից վերցված սյուժեները, ժողովրդական երգն ու մայրենի լեզուն այն հողն էին, որի վրա Կոմիտասը ձգտում էր ստեղծել իր օպերաները։ Այս տեսակետից կոմպոզիտորը նախատեսել է այն սկզբունքները, որոնց հիման վրա ազգային օպերան զարգացրել են նրա ժամանակակիցներն ու հետևորդները»։

***

Կոմիտասը հեղինակ է նաև մի քանի տասնյակ բանաստեղծությունների, քառյակների։

Ըստ Լևոն Միրիջանյանի՝ «Կոմիտաս-բանաստեղծը մեզ ծանոթ ու նվիրական նույն անձն է, որը տվյալ դեպքում ոչ թե երգում է, այլև խոսում։ Խոսում է ծառերի ու ծաղիկների հետ, նրանց մասին, իր խոհերի մասին, բնության, կյանքի գեղեցկությունների, սիրո հրապույրի, մարդկային կարոտի, երազանքների ջերմության և այն ամենի մասին, որ կարող է խոսել մարդը, երբ մնում է ինքն իր հետ։

Կոմիտասի խոսքը զարմանալի պարզ է, այնքան պարզ, որ ավելին պատկերացնել հնարավոր չէ։ Բայց դա ոչ թե մտքի կամ հույզի նոսրությունից է, այլ՝ բյուրեղյա մաքրությունից, մտածողության հստակությունից, որը պայմանավորված է ապրումի և խոհի լիակատար դաշնությամբ։ Այդ խոսքի մեջ իսպառ բացակայում են զարդարիչ տարրերը, չկա ոչ մի արհեստական հնչերանգ, ամեն ինչ երևան է հանվում ոչ թե ցուցադրման, այլ ինքնարտահայտման սկզբունքով։ Եվ ամենուրեք «մատնվում է» կոմիտասյան ոճը, թափանցիկ, ճառագայթի նման մաքուր, ջերմ ու բնական մտածելակերպը, նրա հոգու և բնության բացառիկ հարազատությունը»։

Կոմիտասի բանաստեղծական աշխարհին շատ թե քիչ ամբողջական ծանոթանում ենք Սամսոն Գասպարյանի հոդվածով։

***

Կոմիտասի կերպարը հավերժական տեղն է գտել մեր պոեզիայում և արձակում՝ ամենատարբեր ժանրերով։ Ընդ որում՝ այնպիսի ստեղծագործություններում, որոնք հիրավի բարձրարժեք են ու մնայուն։

Թեմային առնչվող գրական-գեղարվեստական գործերն այնքան շատ են, որ հնարավոր չէ սույն համարում դրանց համառոտ անդրադառնալն անգամ։

Ընթերցողն այդ ստեղծագործությունների ցանկին կարող է ծանոթանալ համարի «Մատենագիտություն» բաժնում, թեև, խոստովանենք, ներկայացված ցանկը լրացման կարիք ունի։

Եվ, այդուհանդերձ, մի քանի ստեղծագործություն ներկայացնում ենք ընթերցողին Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմը, Կոստան Զարյանի «Կոմիտասին նրա աճյունը Հայաստան տանելու առթիվ» բանաստեղծությունը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատված, Շահան Շահնուրի «Ազատն Կոմիտաս» ակնարկը։

Միևնույն ժամանակ գրականագիտական հայացք ենք ձգում որոշ ստեղծագործությունների վրա․․․

Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» մենագրությունից հատված, Սեյրան Գրիգորյանի «Կոմիտաս վարդապետը կյանքում և Պարույր Սևակի ««Անլռելի զանգակատուն» պոեմում (նախատիպը և կերպարը)» հոդվածը, Աելիտա Դոլուխանյանի հոդվածը՝ «Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերը Կոմիտասի մասին»։

***

Արդեն նշեցինք, որ համարում տեղ է գտնում «Մատենագիտություն» բաժինը։

Մատենագիտության մասին խոսելիս անհնար է չհիշել Կոմիտասի երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության մասին, որը, առանց չափազանցության, բացառիկ իրադարձություն է հայ ժողովրդի երաժշտական կյանքում, ռազմավարական նշանակության համազգային երևույթ։

Ակադեմիական հրատարակություն իրականացնելու մասին ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում էր ընդունել դեռևս 1949 թ սեպտեմբերի 26-ին, իսկ աշխատանքները սկսվել են 1950-ին։

Խմբագրական հանձնախմբում էին Ռոբերտ Աթայանը, Մուշեղ Աղայանը, Սամսոն Գասպարյանը, Քրիստափոր Քուշնարյանը, Մաթևոս Մուրադյանը։

Եվ տասնամյակների ընթացում՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտագետների մի քանի սերնդի ջանքերով (1960-2006 թթ) հրատարակվել է Կոմիտասի ողջ երաժշտական ժառանգությունը։

Հատոր 1՝ մեներգեր, հատոր 2, 3, 4, 5՝ խմբերգեր, հատոր 6՝ դաշնամուրային ստեղծագործություններ, հատոր 7՝ Պատարագ, հատոր 8՝ հոգևոր ստեղծագործություններ, հատոր 9, 10, 11, 12, 13՝ հայ ժողովրդական երգեր, հատոր 14՝ հայ ժողովրդական և աշուղական երգեր, նվագներ, թուրքական երգեր, քրդական երգեր և նվագներ։

***

Համարը պատրաստելիս ծանոթացանք Կոմիտաս վարդապետի մասին հուշագրական գրականությանը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Կոմիտասին Պոլսից տեղափոխեցին Փարիզ, հայ մամուլի ուշադրության կենտրոնում էր Վարդապետի առողջական վիճակը։

Զուգահեռաբար Կոմիտասի սաները, մտերիմներն ու երկրպագուները սկսեցին հանդես գալ հոդվածներով։

Հիշենք հսկայածավալ հուշագրական գրականության մի քանի հեղինակի։

Երաժշտագետ Ռուբեն Թերլեմեզյանի հեղինակությամբ 1930-ին հրատարակված «Կոմիտաս» ժողովածուում տեղ գտան շատերի հուշերը՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Գարեգին Լևոնյան, Մարգարիտ Բաբայան, Վահան Տեր-Առաքելյան, Նիկողայոս Տիգրանյան և ուրիշներ։

Հուշագրական դրվագներ է պարունակում Թորոս Ազատյանի հեղինակած (1931 թ) ուսումնասիրություն-հուշագրությունը։

Կոմիտասյան թեման նոր թափով արծարծվեց նրա մահվանից հետո (1935 թ

Հրապարակումներից ուշագրավ են Աղավնի Մեսրոպյանի «Հուշեր Կոմիտաս» ժողովածուն, Մելքոն Քրիշչյանի «Անմար կանթեղ» մենագրությունը։

1960-ին Գասպար Գասպարյանը հրատարակեց «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» հուշերի և հոդվածների ժողովածուն։

Կոմիտասի մասին հուշագրական գրականությունն անկախության տարիներին հարստացվեց Գուրգեն Գասպարյանի ջանքերով հրատարակված ժողովածուներով։ Նախ՝ 2009-ին հրատարակվեց «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում և վկայություններում» ժողովածուն, ապա՝ 2018-ին՝ «Հուշեր Կոմիտասի մասին» ժողովածուն՝ Կոմիտասի 150-ամյակի առիթով։

Հուշերից յուրաքանչյուրը, առանց չափազանցության, ուշադրության արժանի է։

Հուշագրությունների միջոցով Կոմիտասի կերպարն ավելի է բացահայտվում, ընդհանրացվում, նրա գիտական կենսագրությունը լրացնելու հնարավորություն ստեղծվում։

Այդուհանդերձ՝ համարում կարողացանք տեղադրել միայն Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Փանոս Թերլեմզյանի և Ավետիք Իսահակյանի հուշերը։

***

Ներկայացնում ենք մեծ արվեստագետի նամակներից՝ երկու նամակ ուղղված իր աշակերտներին և չորս նամակ՝ Հովհաննես Թումանյանին։

Հիշեցնենք՝ նամակներն առաջին անգամ առանձին հատորով (Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հրատարակչությամբ) լույս է տեսել 2000 թվականին՝ բարերար Հարություն Սիմոնյանի հովանավորությամբ։

Կոմիտասի նամակները (երկրորդ, լրացված տպագրություն), դարձյալ այդ թանգարանի կողմից, հրատարակվել են 2007-ին՝ Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար, խմբավար Վարուժան Մարգարյանի նախաձեռնությամբ։

Նամակների մի նոր ժողովածու է հրատարակվել 2009-ին՝ Գուրգեն Գասպարյանի ջանքով։

Ու քանի որ խոսք գնաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասին, նշենք՝ այդ թանգարանի հարուստ ֆոնդերում իր ուրույն տեղն ունի Կոմիտասի արխիվը։ Այն ընդգրկում է հազարավոր նյութեր, նոտային ձեռագրեր, հոդվածների, ուսումնասիրությունների, բանաստեղծությունների ինքնագրեր, գրած և ստացած նամակներ, զանազան փաստաթղթեր և այլն։

Այդ հարուստ ֆոնդի նյութերի հիման վրա գրվել ու գրվում են ուսումնասիրություններ, ատենախոսություններ, իրականացվում են ակադեմիական և գիտահանրամատչելի հրատարակություններ։

***

Համարում որոշակի տեղ է հատկացվել Կոմիտասի լուսանկարներին։

Անշուշտ, մենք ծանոթ ենք Վարդապետի ծննդյան 140-ամյակի առիթով հրապարակված լուսանկարներին («Սարգիս Խաչենց- Փրինթինֆո» հրատարակչություն)։

Սակայն ինքներս փորձեցինք հավաքել լուսանկարներ և դրանք զետեղել համարում։

Այդ լուսանկարներում Կոմիտասին տեսնում ենք կյանքի և գործունեության ամենատարբեր հանգամանքներում։

Ներկայացվող լուսանկարների շարքում՝ «Համարի ֆոտոալբոմը» խորագրով ներկայացնում ենք, նաև Կոմիտասի կյանքին ու գործունեությանն առնչվող նշանավոր անձանց։

***

Խոսակցության առանձին նյութ կարող էր լինել Ֆրանսիայում՝ Վիլ Էվրարի հոգեբուժարանում և Վիլ Ժուիֆի՝ հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների կացարանում Կոմիտասի անցկացրած տարիների պատմությունը՝ 1919 թ ապրիլի 6-ից մինչև նրա մահը՝ 1935 թ հոկտեմբերի 20-ը։

Այդ առումով ուշագրավ է «Հայր Կոմիտասի՝ հոգեբուժարանում անցկացրած ժամանակահատվածի մասին» հոդվածը, որը հեղինակել են Կլոդին Բելամին և Միշել Քեղը։ Սակայն պատշաճ չհամարեցինք ֆրանսերենով հրապարակված հոդվածը թարգմանել մեր նախաձեռնությամբ և այդպես ներկայացնել ընթերցողին։ Փոխարենը ներկայացնում ենք համացանցային մի հրապարակում, որում առաջ է քաշվում Կոմիտաս վարդապետի հիվանդության վերաբերյալ երկու վարկած։

***

Կոմիտասագիտությունն ուսումնասիրելիս տեսնում ենք՝ սյունեցի երաժշտագետները, գրական մեծերը ներշնչված են եղել Կոմիտասի կերպարով ու նրա ժառանգությամբ։

Ակսել Բակունցը, ով Գևորգյան ճեմարանում աշակերտել է Կոմիտասին, մեծագույն սիրով էր կատարում նրա երգերը, ինչը նկատել էին Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին և գրական աշխարհի այլ ներկայացուցիչներ։ Այդ մասին կարդում ենք նաև Գուրգեն Մահարու «Ակսելյան քանդակներ» հոդվածում։

Կոմիտասին հրաշալի բանաստեծություն է նվիրել մեր մեծ քնարերգուն՝ Համո Սահյանը՝

Քո երգերի մեջ գութանի վար է,

Ծիրանի ծառ է ու խնկի ծառ,

Սիրավոր լոր է ու Սոնա յար է,

Թուխ այտի խալ է ու ծնկի ծալ․․․

Իսկ Հայոց մեծ Գուսան Աշոտի համար Կոմիտասը «թոնրի կրակ էր, օջախի լույս, հոգի անմար»։

Ավելին՝

Դու լեռներից մեծն ամենա, լեռների սուրբ, սուրբ վեհափառ,

Ինչքան տվիր, դեռ ավելին հետդ տարար, մեծ Կոմիտաս․․․

Կոմիտասի կերպարը կերպարվեստի տարբեր ոլորտներում և ժանրերում մեր արվեստագետներից շատերն են ներկայացրել։

Այդ առումով լավագույն աշխատանքներից է մեր հայրենակից Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով» պատկերագիրքը (2019 թ), որում ներկայացված ստեղծագործություններն ունեն ինչպես գեղարվեստական ակնհայտ արժանիքներ, այնպես էլ պատմամշակութային և վավերագրական նշանակություն։

Կոմիտասագիտության ոլորտում ճանաչված անուն է Իզաբելա Յոլյանը, ում «Կոմիտաս» մենագրությունը (1969 թ) ճշմարտացիորեն է բացահայտում Կոմիտասի ստեղծագործության և գործի արժեքը։

Կոմիտասասիրությամբ աչքի է ընկնում Դանիել Երաժիշտը, ով հեղինակ է մի քանի հոդվածների, որոնցից յուրաքանչյուրը սպասված ներդրում է կոմիտասագիտության մեջ։ Ահա՝ «Ս Ներսես Շնորհալու «Նորահրաշ պսակավոր» շարականը Կոմիտասի և Մակար Եկմալյանի խմբերգերում», «Կոմիտասյան բազմաձայնության առանձնահատկությունների շուրջ», «Արտահայտչամիջոցների գործառույթները Կոմիտասի «Անտունի» երգում», «Կոմիտասի գեղարվեստական մտածողությունը Ալբերտ Շվեյցերի արվեստի տեսության լույսի ներքո»։

Կոմիտասի կերպարն արտացոլվել է մեծանուն Գետիկ Բաղդասարյանի քանդակներում, Վահրամ Խաչիկյանի հրաշալի գեղանկարում (Կոմիտաս, 1972 թ), Հենրիկ Սիրավյանի «Կոմիտաս. եռանկար»-ում (1960 թ.), Ժիրայր Մարտիրոսյանի «Կոմիտասը Տաթևի վանքում» գեղանկարում (1983 թ.)։

***

Ուշադրություն ենք դարձրել Կոմիտասի սյունիքյան-արցախյան առնչություններին։

Այդ տեսակետից գնահատելի է Լուսինե Սահակյանի «Գողթան երգիչներ. Կոմիտաս վարդապետն ու Արամ Խաչատրյանը-երգիչքն Գողթան» հոդվածը։

Դրանում վերստին ընթերցում ենք Կոմիտասի ինքնակենսագրականից տողեր՝ «Սողոմոնյանները և Քյոթահիայի հայ հին ընտանիքները գաղթել են Գողթն գավառի Ցղնա գյուղից․․․»։

Ընթերցում ենք նաև Վարդապետի գրառումը՝ «Խումբս, որի անունը «Գուսան» եմ դրել (հին Գողթան հայ երգիչների, ժողովրդական աշուղների անունով է, որ Գուսան էին կոչվում)»։

Ընթերցում ենք Արամ Խաչատրյանի խոսքը՝ «Ամեն անգամ Կոմիտասի մասին մտածելիս ես տեսնում եմ հայրենիքս»։

Ուշադրություն ենք դարձրել Ռոբերտ Աթայանի հոդվածին՝ «Ղարաբաղյան հորովելները Կոմիտասի գրառումներում»։

Հոդվածից տեղեկանում ենք այն մասին, թե ինչպես է Կոմիտասը 1890-ականներին հայտնաբերել «Ձիգ տու, քաշի» արցախյան հորովելը։

Հեղինակը չի հաստատում և չի հերքում տեսակետը, թե Կոմիտասը եղել է Արցախում։

Կոմիտասի սյունիքյան առնչություններում ուշագրավ է լուսահոգի Լիլիկ Պողոսյանի հոդվածը Կոմիտասի՝ 1908-ին Մեղրի այցելելու մասին. իր հայրենի Ցղնայից էր Մեղրի այցելել։ Ասում է՝ Տաթևի վանք պիտի մեկներ։

Ի դեպ, ժողովրդական հիշողությունը հավաստում է՝ Կոմիտասն իրոք եղել է Տաթևի վանքում։

Ժողովրդական հիշողությունն է հիմք ընդունել Ժիրայր Մարտիրոսյանը՝ վրձնելով «Կոմիտասը Տաթևի վանքում» կտավը։

Կոմիտասի սյունիքյան առնչություններում ուշագրավ է Ղևոնդ Տեր-Ավագյանի պատմությունը, ում երգարան էր նվիրել Կոմիտաս վարդապետը։

Չմոռանանք ասել՝ Ագարակ և Գորիս քաղաքներում կան փողոցներ՝ Կոմիտաս նվիրական անվամբ։

***

Համարի 1-ին իսկ էջից ընթերցողի մոտ հարց կառաջանա՝ ի՞նչ ասել է՝ Կոմիտասը սերում է Սյունյաց աշխարհի Գողթն գավառից։

Նման հարց առաջացել էր նաև աշխարհահռչակ Արամ Խաչատրյանին ներկայացնելիս։

Վերևում որոշ չափով անդրադարձանք հարցի պատասխանին, հիմա փորձենք ավելի ընկալելի դարձնել այն։

Գողթնը կամ Գողթանը Սյունիքի մեջ ներառված լինելու մասին հայագիտության մեջ որոշակի հակասություն կա։ Ըստ «Աշխարհացույց»-ի՝ գավառը Վասպուրական նահանգի կազմում էր։ Սակայն Մովսես Խորենացին Գողթանի իշխանների ծագումը բխեցնում էր Սիսական ցեղից։ Իսկ Ստեփանոս Օրբելյանը, ցուցադրելով Սյունյաց աշխարհի սահմանները, որպես 11-րդ գավառ, նշում է Երնջակն ու Գողթնը՝ միասին։

Ինչպես նշեցինք, խնդրո առարկային համարում անդրադառնում և հրաշալիորեն ներկայացնում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը՝ «Գողթան երգիչներ Կոմիտաս վարդապետն ու Արամ Խաչատրյանը-երգիչքն Գողթան» հոդվածում։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ համարում որոշ տեղեկություններ ենք ներկայացնում Մեղրիից ոչ այնքան հեռու գտնվող Ցղնայի մասին, որտեղից էլ Քյոթահիա են տեղափոխվել Կոմիտասի նախնիները։

***

Ընթերցողը հնարավորություն կունենա QR-կոդի միջոցով ունկնդրել կոմիտասյան երգերից մի քանիսը, ինչպես և (նույն կերպ) դիտել Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հինգ տեսանյութ՝ «Կոմիտասի սրինգը», «Վարդապետը», «Իմ Կոմիտասը» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Սողոմոնի երգերը», «Վարդապետի լռությունը» գեղարվեստական ֆիլմերը:

***

Համարը պատրաստելու ընթացքում վերստին համոզվեցինք, որ Կոմիտասի թանգարան–ինստիտուտը շարունակում է մնալ իբրև կոմիտասագիտության խոշորագույն կենտրոն, ինչի վերաբերյալ որոշ տեղեկություններ ենք ներկայացնում։

Ուրախ ենք, որ թանգարան–ինստիտուտը գլխավորում է Լուսինե Սահակյանը՝ մեր պարբերականի բարեկամը, ճանաչված կոմիտասագետը, ով տարիներ շարունակ զբաղվում է Կոմիտասի ժառանգության ուսումնասիրմամբ ու հանրահռչակմամբ։

Թանգարան–ինստիտուտի աջակցությունը ստանում էինք համարի պատրաստման ամբողջ ընթացքում, ինչի համար էլ մեր երախտագիտությունն ենք փոխանցում նրա ամբողջ կոլեկտիվին։

Մեր երախտագիտությունը նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուքիասյանին՝ խմբագրակազմի հետ միասին պատասխանատու այս նախագիծը կյանքի կոչելու համար։

 

Սամվել Ալեքսանյան

Կա մեծ հավանականություն, որ դուք ստիպված կլինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին

13.06.2025 09:23

Սիոնիստական ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա․ Իրանի hոգևոր առաջնորդ

13.06.2025 09:19

Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին

13.06.2025 09:08

Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում մշակութային տոն էր

12.06.2025 22:19

Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը Հայ առաքելական եկեկեցու շուրջ ստեղծված վիճակին

12.06.2025 20:35

Իրանական «Սուրայա» հեռուստածրագրին հետաքրքրել է սյունեցիների կարծիքը «Զանգեզուրի միջանցք» դավադիր ծրագրի վերաբերյալ

12.06.2025 17:46

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

12.06.2025 17:23

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

12.06.2025 17:22

Գենսեր. «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»

12.06.2025 17:18

Ամփոփվել է «Մշակութային վերջին դաս» մրցույթի արդյունքները

12.06.2025 15:56

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ տարածաշրջանում հնարավոր ռազմական սրացման ֆոնին

12.06.2025 14:35

Իրանը պատրաստ է պատերազմի. ԻՀՊԿ հրամանատար

12.06.2025 14:28