Քանդակագործներ Սյունիքից՝ նրանք իրենց արվեստով հաստատեցին հայոց մշակույթի ինքնությունն ու վաղեմի փայլը

25.09.2024 11:59
326

Ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի Օգյուստ Ռոդենը (19-րդ դարի երկրորդ կես), պատկերելով Արարչի ձեռքը, պատրաստեց կավ տրորող քանդակագործի ձեռք, ասել է՝ քանդակագործի աշխատանքը նման է Բարձրյալի կողմից աշխարհի ստեղծմանը։ Ավելի պարզ՝ քանդակագործությունը տարածական կերպարվեստ է, որն աշխարհը յուրացնում է պլաստիկ պատկերների միջոցով, որոնք արտահայտվում են երևույթների կենսակերպը հաղորդելուն ընդունակ նյութերի միջոցով։

Արվեստի այդ ոլորտում նույնպես Սյունիքն իր ուրույն տեղն ունի, որը ներկայացնելու առաջին փորձը կամ առաջին քայլն է «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի սույն համարը։

Սակայն... Մեզ երբեմն փորձում են հանդիմանել՝ մի՞թե տեղին է Սյունիքի համար դժվարին ժամանակներում այդքան հետևողականությամբ ու խորությամբ զբաղվել երկրամասի մշակութային անցյալի ու ներկայի հետազոտությամբ և հանրայնացմամբ։

Մեր պատասխանը (այդ առումով) հստակ է. անշուշտ, չափազանց կարևոր է տարածաշրջանի անվտանգային համակարգի ամրապնդումը։ Սակայն ոչ պակաս կարևոր է հոգևոր–մշակութային ճակատը, մեր ազգային–քրիստոնեական արժեքների անաղարտ պահպանումը, մեր պատմության կեղծարարների առաջն առնելը, մշակութային մեր ժառանգությունը հանրայնացնելն ու աճող սերնդին ներկայացնելը, հայոց մշակույթի ինքնությունն ու փայլն ըստ պատշաճի պահպանելն ու վերահաստատելը։

Այդ տրամաբանությամբ էլ այսօր խոսք ենք բացում քանդակագործության սյունիքյան դրսևորումների մասին։

* * *

Եվ այսպես, ի՞նչ ենք ունեցել և ի՞նչ ունենք Սյունիքում՝ կերպարվեստի հիմնական բաղադրիչներից մեկում՝ քանդակագործության ոլորտում։

Առաջին։ Սյունիքում՝ բաց երկնքի տակ, հանդիպում ենք վիթխարի վեմերի, ժայռերի, որոնց վրա քանդակված են նեոլիթ–էնեոլիթյան (մ.թ.ա. 6-4 հազարամյակներ) և բրոնզեդարյան (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ) բազմաթիվ ժայռապատկերներ։ Դրանք գտնվում են Ուխտասարի ստորոտում, Եղեգիս, Արփա, Որոտան գետերի ակունքներին մոտակա լեռնապարերի լանջերին, Մեծ Իշխանասարի հարավարևմտյան ստորոտում և այլուր։ Միայն Ուխտասար հնավայրում հայտնի են ավելի քան երկու հազար պատկերազարդ քարեր։

Սյունիքի նախնադարյան արվեստում ուրույն տեղ ունեն մարդկանց ու կենդանիների պատկերող բոլորաքանդակները։

Նախնադարյան արվեստի ստեղծագործություններ են բնակատեղիներում և դամբարանադաշտերում հայտնաբերված բրոնզեդարյան կրակարանները, բազմաքանակ կավե անոթները՝ բուսական, կենդանական և երկրաչափական զարդապատկերների հորինվածքներով։ Դրանով նույնպես հարուստ է մեր երկրամասը:

Երկրորդ։ Առանձին ուղղություն է Սյունիքի եկեղեցական ճարտարապետության մեջ տեղ գտած քանդակագործությունը։

Տաթևի վանք, Բղենո Նորավանք, Սիսավանի եկեղեցի, Վահանավանք, Ամաղու Նորավանք, Արատես, Եղեգիս, Սպիտակավոր, Ցաղաց քար, Որոտնավանք... Այդ շարքը, հատկապես պատմական Սյունիքի կտրվածքով, կարելի է շարունակել։ Եվ դրանցից յուրաքանչյուրը հայկական քանդակագործության ու արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի։

Դրանցում հատկապես հանդիպում ենք կտիտորական քանդակներ. մի դեպքում կտիտորը հանդես է գալիս Քրիստոսին կամ Աստվածամորը խնդրողի, աղոթողի դերում, մեկ ուրիշ դեպքում՝ պատկերված է իր իսկ կառուցած եկեղեցում։ Որոշ դեպքերում էլ կտիտորները կամ նրանց նախնիները հանդես են գալիս թշնամու դեմ մղված մարտի պահին։

Աշխարհիկ պատկերաքանդակների հետ մեկտեղ եկեղեցիներում բազմաթիվ են աստվածաշնչյան թեմաներով քանդակները։

Երրորդ։ Սյունիքում մեծ թիվ են կազմում տարբեր ժանրերի քանդակները, որոնց հանդիպում ենք ինտերիերներում (մանր պլաստիկա, փոքր ձևերի քանդակագործություն)։

Մանր պլաստիկայի բնագավառին են պատկանում մեդալները, ոսկերչական քանդակավոր կերտվածքները, որոնք նույնպես տեղ են զբաղեցնում սյունիքյան քանդակագործական արվեստում։ Այդ ոլորտում մեր ունեցածը շատ թե քիչ ամբողջական ուսումնասիրության կարոտ է։

Չորրորդ։ Սյունիքը հայտնի է խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներով (բրուտագործություն, կավագործություն)։ Իսկ խեցեգործական իրերը շատ դեպքերում ընկալվում են իբրև քանդակներ։

Վերջին տասնամյակները (մեր տարածաշրջանում) նշանավորվեցին բրուտագործներ Սամսոն Ճաղարյանի և Հրանտ Բաղդագյուլյանի ստեղծագործություններով (երկուսն էլ՝ Գորիսից)։ Նրանց ստեղծագործություններում մեծ թիվ են կազմել խեցեղեն քանդակները։ Այդ հարցը նույնպես ուսումնասիրության կարիք ունի։

Ի դեպ, այսօր էլ գեղարվեստական խեցեգործությունը զարգացում է ապրում Սյունիքում։

Հինգերորդ։ Խորհրդային տարիներին Սյունիքը զերծ չէր կարող մնալ մոնումենտալ արվեստի զարգացման համապետական ծրագրերից։

Սյունիքի բնակավայրերի մի մասում և հատկապես չորս շրջկենտրոնում մոնումենտալ պրոպագանդայի ոգով կերտվել ու տեղադրվել են Լենինի, Ստալինի, Անաստաս Միկոյանի և Խորհրդային Միության մյուս ղեկավարների կիսանդրիները կամ հուշարձանները։

Այդ գործերը գրեթե չեն պահպանվել մարզում։

Մեղրիում և Սիսիանում մինչև հիմա պահպանվում են միայն Ստեփան Շահումյանի կիսանդրիները։

Կապանում՝ Մարատ Նուրիջանյանի բնակարանում, պահպանվում է Լենինի՝ նրա հեղինակած կիսանդրիի էսքիզը (գիպս)։ Երկար տարիներ Կապանի գլխավոր հուշարձանը համարվող այդ ստեղծագործությունը ոչնչացվեց 1980-ականների վերջին՝ Հայոց համազգային շարժման ժամանակ։

Վեցերորդ։ Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերում հավերժացվել է Մեծ հայրենականում զոհված համերկրացիների հիշատակը։ Այդ ստեղծագործությունների մեջ քիչ չեն քանդակագործական արվեստի բարձրարժեք գործերը։

Մարզի բոլոր քաղաքներում, բազմաթիվ գյուղերում կանգնեցվել են հուշարձաններ, կերտվել քանդակներ՝ նվիրված հայոց Արցախի ազատագրության համար մղված գոյամարտում նահատակված համերկրացիներին։ Այդ ստեղծագործություններում նույնպես շատ են արձանագործության (անդրիագործության) բարձրարժեք նմուշները։

Հուշարձաններ են կանգնեցվել նաև Բաքվի ու Սումգայիթի կոտորածների զոհ դարձած հայորդիների հիշատակը հավերժացնելու համար։

Մարզի բնակավայրերի գերեզմանոցներում նույնպես հանդիպում ենք շիրմաքարերի, որոնց (առանց վերապահումի) կարելի է դասել քանդակային արվեստի բարձրարժեք նմուշների շարքը։

Յոթերորդ։ Քանդակագործության սյունիքյան դրսևորումներին ծանոթանալիս հանդիպում ենք հրաշալի ստեղծագործությունների, որոնց հեղինակները եկել են մայրաքաղաքից կամ այլ բնակավայրերից ու այստեղ գեղեցիկ հետք թողել։

Խոսքը ճանաչում ունեցող քանդակագործների մի ամբողջ պլեադայի մասին է։

Ահավասիկ՝

Արա Հարությունյան՝ «Վահագն վիշապաքաղ» կապանյան խորհրդանիշ–ստեղծագործությունը (որի լուսանկարն է միայն պահպանվել),

Սարգիս Բաղդասարյան՝ Դավիթ Բեկ գահերեց զորավարի և Հունան Ավետիսյանի կապանյան հուշարձանները (Դավիթ Բեկի հուշարձանը՝ Մարատ Նուրիջանյանի հետ),

Լևոն Թոքմաջյան՝ Եվրոպայի ջրացատկի կրկնակի չեմպիոն, Մոսկվայի (1980 թ.) օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Դավիթ Համբարձումյանի կիսանդրին, «Ժառանգություն» արձանը, Արամ Մանուկյանի վիճահարույց արձանը,

Ռաֆայել Իսրայելյան, ում նախագծով կառուցվել են Գորիսի Յոթ աղբյուր հուշարձանը, Սիսիանի աղբյուր–հուշարձանը,

Գրիգոր Բադալյան՝ Ակսել Բակունցի գորիսյան հուշարձանը, Քաջարանի հանքափոր բանվորի հուշարձանը, «Զանգեզուրի ազատագրումը» կապանյան հարթաքանդակը,

Ադիբեկ Գրիգորյան՝ Մեղրիում կանգնեցված Ստեփան Շահումյանի բրոնզաձույլ կիսանդրին,

Կարապետ Մեծատուրյան՝ Սիսիանի «Աղջկա արձանը» կամ հուշարձան՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար ընկած մարտիկների հիշատակը հավերժացնող,

Ցոլակ Արմենյան՝ Մեծ հայրենականում զոհված կապանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան,

Գևորգ Գևորգյան, Ռոբերտ Բալայան՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրը Կապանում,

Արշակ Պետրոսյան՝ Զորավար Անդրանիկի հուշարձանը Գորիսում,

Սուրեն Մելքոնյան՝ Հունան Ավետիսյանի հուշարձանը Ծավում,

Հովհաննես Բեջանյան՝ «Կուլայով տղան» Քաջարանում,

Գևորգ Մշեցի՝ «Աշխատանք» հուշակոթողը Քաջարանում,

Կամսար Ղազարյան (մեկ այլ կարծիքով՝ Ռուբիկ Գրիգորյան և Սարգիս Նազարեթյան)՝ Գարեգին Նժդեհի գորիսյան հուշարձանը,

Արեգ Իսրայելյանի նախագծով՝ աղբյուր–հուշարձան Սիսիանում՝ հաղթանակի 40-ամյակի առիթով (40 աղբյուր-հուշարձանը), ինչպես և Քարադարանի մուտքի կամարը, նաև Սյունիքի արևմտյան դարպասը,

Բենիկ Պետրոսյան՝ պղնձաձույլ զանգ և «Զանգեզուրցիների պարը» Կապանում,

Բաղդասար Սարգսյան՝ «Սիրո մեղեդի» Կապանում։

Այս շարքն ամբողջական չէ։ Չենք բացառում, որ կլինեն նաև վիճելի հարցեր, քանզի առաջին անգամ ենք ի մի հավաքում սյունիքյան քանդակների՝ մայրաքաղաքից և այլ վայրերից եկած հեղինակների ցանկը։

Ութերորդ։ Սյունիքյան քանդակագործության վաղեմի փայլը հաստատողները կամ զարգացնողները, անշուշտ, սյունեցի քանդակագործներն են։ Այդ շարքի առջևում հայկական Վերածննդի ռահվիրաներից՝ հայ միջնադարյան բազմաշնորհ արվեստագետ Մոմիկն է (ապրել ու գործել է XIII-XIV դարերում, մահացել է 1333 թ.)։

Այնուհետև՝ վարդպետներ Սիրանես (միջնադարյան ճարտարապետ, ծննդյան ու մահվան թվականներն անհայտ են) և Գրիգորիկ (միջնադարյան քանդակագործ)։

Այնուհետև՝ Միքայել Միքայելյան (1879-1943 թթ.)։

Ապա՝ Արտաշես Հովսեփյան (1931-2017 թթ.), Գետիկ Բաղդասարյան (ծնված 1949 թ.), Էդուարդ Տեր–Ղազարյան (1923-2012 թթ.), Կառլեն Նուրիջանյան (1929-1982 թթ.), Մարատ Նուրիջանյան (1941-1996 թթ.)։

Նրանք արվեստագետներ են, առանց որոնց չի կարելի պատկերացնել քանդակագործական արվեստը հայոց մեջ։

Խորհրդային և հետխորհրդային տարիներին սյունեցի մի քանի քանդակագործներ ստեղծագործեցին մեր հանրապետությունից դուրս։ Ահա՝ Գառնիկ Խաչատրյան (ծնվել է 1950 թ.), Յուրիկ Ստեփանյան (1958-2022 թթ.), Սպարտակ Բաբայան (ծնվել է 1933 թ.), Սպարտակ Հարությունյան (ծնվել է 1956 թ.)։

* * *

Հանդեսի սույն համարի պատրաստման մի քանի սկզբունքի մասին, ինչն ավելի հասկանալի կդարձներ համարի փիլիսոփայությունն ու առաքելությունը։

√ Խորհրդային և հետխորհրդային շրջանում ձևավորված ու ստեղծագործած սյունեցի քանդակագործների մի մեծ շարք էլ հաջորդում է վերը նշված քանդակագործներին։

Ավելին, սյունեցի քանդակագործների փաղանգը համալրվել ու համալրվում է տաղանդավոր երիտասարդներով, որոնցից շատերն արդեն իսկ հայտնի են մեր հանրությանը։

Անշուշտ, նրանց նույնպես կանդրադառնանք հանդեսի առաջիկա համարներից մեկում, իսկ բոլորին միասին ներկայացնելը՝ թերթային մեկ համարի շրջանակում, անհնար կլիներ, եթե նույնիսկ համարի ծավալը կրկնապատկեինք։

√ Կերպարվեստի այդ տեսակի՝ քանդակագործության (պլաստիկայի) սյունիքյան դրսևորումներին կարող էինք անդրադառնալ ըստ քանդակագործության երկու ենթատեսակի՝ բոլորաքանդակի և ռելիեֆի։

Կարող էինք ներկայացնել նաև ըստ բովանդակային-գաղափարական ուղղության կամ ըստ գեղարվեստաարտահայտչական միջոցների ու կիրառման նպատակների (մոնումենտալ, հաստոցային և դեկորատիվ քանդակի բնագավառներ)։

Բայց նախընտրեցինք ավելի ողջամիտ մոտեցում կամ սկզբունք՝ ներկայացնել քանդակագործներին, ընդ որում՝ առանձին-առանձին՝ նկատի ունենալով, որ նրանցից շատերը միաժամանակ հեղինակ են և՛ բոլորաքանդակի, և՛ ռելիեֆի քանդակի։ Կամ ստեղծագործում են և՛ մոնումենտալ, և՛ հաստոցային, և՛ դեկորատիվ քանդակի բնագավառներում։

Հենց այդ սկզբունքով էլ ներկայացնում ենք սյունեցի այն քանդակագործներին, որոնց անդրադարձանք քիչ առաջ՝ Մոմիկ, Սիրանես և Գրիգորիկ վարդպետներ, Միքայել Միքայելյան, Արտաշես Հովսեփյան, Գետիկ Բաղդասարյան, Էդուարդ Տեր-Ղազարյան, Կառլեն Նուրիջանյան, Մարատ Նուրիջանյան, Գառնիկ Խաչատրյան, Յուրիկ Ստեփանյան, Սպարտակ Բաբայան, Սպարտակ Հարությունյան։

Սյունեցի մյուս քանդակագործներին, ինչպես նշեցինք, կձգտենք ներկայացնել հանդեսի հաջորդ համարներից մեկում։

√ Կկարողանա՞նք, ի վերջո, մեզ հետաքրքրող թեման ներկայացնել պատմական Սյունիքի կտրվածքով։

Հատկապես քանդակագործության անտիկ շրջանը, միջնադարը կուզենայինք ներկայացնել պատմական Սյունիքի ամբողջ տարածաշրջանն ընդգրկելով, չնայած դա ծավալուն ու տևական աշխատանք է ենթադրում։

Քանդակագործներին ներկայացնում և կներկայացնենք Սյունիքի ներկայիս մարզի կտրվածքով, բայց անկարելի համարեցինք այդ շարքը ներկայացնել՝ նախևառաջ չխոսելով հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն զավակներից մեկի՝ Մոմիկի, ինչպես և վարդպետներ Սիրանեսի ու Գրիգորիկի մասին։ Ընդ որում՝ ներկայացնելով Մոմիկին ու Սիրանեսին՝ շրջանցում ենք ճարտարապետության և մանրանկարչության ոլորտում նրանց թողած հսկայական ժառանգությունը, որը, կարծում ենք, խոսակցության առանձին և ծավալուն նյութ է։

Իսկ վերջում... Ողջամիտ վերաբերմունք ենք ակնկալում ընթերցողից և հատկապես արվեստագետներից ու քանդակագործության պատմաբաններից։ Սույն նախաձեռնությունը, արդեն նշեցինք, առաջին փորձն է՝ ի մի հավաքելու սյունեցի քանդակագործների գործունեությունը։ Ասել է թե՝ հանդեսի առաջարկվող համարում ինչ-ինչ սխալմունքներ կամ պակասություններ նկատելու դեպքում՝ ողջախոհ կամքով ու սիրով ըմբռնում դրսևորեք, իսկ սխալմունքների ու պակասների մասին տեղեկացրեք խմբագրակազմին, ինչի համար երախտապարտ կլինենք։

 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Խնձորեսկի բնակչի 14 կովը կորել է․ նա կասկածներ ունի, որ նախիրը սահմանն է անցել

14.10.2024 21:51

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

14.10.2024 21:12

Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև հանդիպումը չեղարկվել է․ ադրբեջանական կողմը հրաժարվել է պայմանավորվածությունից

14.10.2024 19:04

Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

14.10.2024 18:56

Ադրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկը

14.10.2024 18:17

Հայաստանը «հրաժարվում» է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, ինչը հակասում է խաղաղության հաստատման գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ

14.10.2024 17:37

«Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին

14.10.2024 17:16

Հնչեց երգեհոնային երաժշտություն

14.10.2024 16:38

«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու

14.10.2024 15:28

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին առնչվող հարցեր (լուսանկարներ)

14.10.2024 14:49

Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

14.10.2024 14:38

Բայդենը պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի հետ միջուկային զենքի շուրջ բանակցություններ վարել՝ առանց նախապայմանների

14.10.2024 14:29