Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04
915

Նոյեմբերի 29-ին Շիշկերտում էինք, որ Ծավի մերձակայքում է, Խուստուփ լեռան լանջին, Ծավ գետի ձախակողմյան Շիշկերտ վտակի բարձրադիր ձախ ափին, զառիթափ լեռնալանջի վրա։

Հնում Շաշիկետ էր կոչվում և մտնում էր Սյունյաց աշխարհի Կովսական գավառի մեջ։

Գյուղից հյուսիս Շիշկերտ լեռնագագաթն է՝ 2735 մ բարձրության վրա՝ Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան կողմում։

1980-ականներին պետության կողմից այնտեղ կառուցվել է 19 անհատական բնակշենք, որոնցում այսօր չորս ընտանիք է միայն բնակվում։

1989-ին 262 մշտական բնակիչ ունեցող գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, տեղարդ կոմբինատի մասնաճյուղ, իսկ հիմա դրանք սոսկ հիշողություններ են։

Գյուղում պահպանվել է 17-18-րդ դարերի եկեղեցի, շրջակայքում կան 17-րդ դարից գյուղատեղիների հետքեր։

Շիշկերտում է գտնվում Առաքել զորագլխի շիրիմը, իսկ նա Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ Մեղրիի լեգենդար հրամանատարներից էր։ Տապանաքարի հարավային երեսին քանդակված է գուրզաձև մի պատկեր (գուրզը երկաթագամ մեծ գլխով ծանր ու կարճ գավազան է, որ գործածում էին իբրև զենք, իբրև լախտ)։

Շիշկերտցիները երեք դար շարունակ իրենց հիշողության մեջ վառ են պահել Առաքել քաջ զորավարի անունը, ով Սյունյաց աշխարհի հին օրերի փառքը կերտողներից է։

Այնուհետև այցելեցինք Շիշկերտից մոտ 5 կմ հարավ գտնվող Մազրա գյուղատեղի (մատենագիտության մեջ՝ նաև Մազրա ներքին, Մախրա, Մախարա փոքր)։

Գտնվում է լեռնային վայրում՝ Մազրա գետի աջ ափին գետը սկիզբ է առնում Մեղրու լեռնաշղթայի լանջերից և 12 կմ հոսելուց հետո՝ գյուղի ստորին հատվածում, միանալով Շիշկերտ գետին՝ կազմում է Ծավ կամ Բասուտա գետը։

Ըստ 1781 թ.-ի հարկացուցակի՝ Տաթևի վանքին տալիս էր 2500 դահեկան հարկ։

Ստեփաննոս Շահումյանի «Պատմության» մեջ վկայված է որպես ավան, ուր բանակել է Դավիթ Բեկի զորավարներից քաջ Բայանդուր իշխանի զորքը։

Այժմ պահպանվում են մեկ-երկու տան ավերակներ և կանգուն եկեղեցին։

1939-ին գյուղում 341 հայ բնակիչ կար։

Այդ տարում գյուղի բնակիչների մի մասը տեղափոխվել է Շիշկերտ, մյուս մասը՝ Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղ։

Ըստ ավանդազրույցի՝ 1939-ին գյուղի տարածքում մեծ սողանք է եղել, և տների հիմնական մասը մնացել է հողի տակ, ինչի պատճառով բնակիչները լքել են Մազրան, սակայն հետագայում նրանք գյուղում կանգնեցրել են հուշարձան՝ Մեծ հայրենականում զոհված մազրեցիների հիշատակը հավերժացնող։

Վերջին 20 տարում գյուղում մի մենակյաց է բնակվում, ում այս ագամ նույնպես չկարողացանք հանդիպել։

Մեր վերջին կանգառը Կեմանց գյուղատեղին էր՝ Ծավ գյուղից 2-3 կմ արևմուտք, բարձրադիր լեռնային վայրում։

1950-ականներին գյուղը լքվել է, իսկ բնակիչները տեղափոխվել են Կապան, Ծավ և հանրապետության այլ բնակավայրեր։

Գյուղի տարածքում կան տների փլատակներ, գերեզմանատունն է նաև՝ ծառերով պատված։

Կեմանցում է ծնվել ՀՀ վաստակավոր մանկավարժ, ճանաչված լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերյոժա (Սերգեյ) Աշոտի Գալստյանը։

Ծավում պատմում են, թե ՀՀ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախնիները նույնպես որոշ ժամանակ բնակվել են Կեմանցում, ինչի համար էլ ժամանակ առ ժամանակ այցելում էր գյուղատեղի, երբեմն էլ մեկ-երկու օր մնում այնտեղ՝ վրանում։

***

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին այս անգամ ևս ուղեկցում էր հրաշալի մի անձնավորություն, ով քաջատեղյակ է Ծավի ենթաշրջանի ամեն մի քարուքարափի։ Այդ անձնավորությունն Անդրանիկ Աբելյանն է՝ «Շիկահող» պետարգելոց-մասնաճյուղի տնօրենը, ում  երախտագիտություն ենք հայտնում։

***

Շրջագայության ընթացում հաճելի մի իրողության ականատես եղանք։ Պարզվում է՝ 2024 թ ամռանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ հիմնովին բարելավվել են մայրուղուց Մազրա ձգվող 5 կմ-ոց, մայրուղուց Շիշկերտ ձգվող 6 կմ-ոց, ինչպես և Շիշկերտից մինչև Խուստուփի լեռնագագաթ (ավելի ստույգ՝ մինչև Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի հուշարձան) ձգվող 12 կմ երկարությամբ գրունտային ճանապարհները։

Այնտեղից էլ զանգահարեցինք համայնքապետ Գևորգ Փարսյանին և, Անդրանիկ Աբելյանի առաջարկությամբ, Ծավի ու Շիշկերտի բնակիչների երախտագիտությունը փոխանցեցինք նրան։

ՀԳ

Հոդվածին կից ներկայացնում ենք սթ նոյեմբերի 29-ին արված, ինչպես և նախկինում արված ու այդ գյուղատեղիները պատկերող լուսանկարներ։

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24