Ուրացում եւ խարդավանքներ. թիրախում Կապանի ընտրյալ համայնքապետ Գեւորգ Փարսյանն է

09.08.2021 15:21
168847

Կապանի համայնքապետարանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վերաբերյալ չի կարող դիրքորոշում չհայտնել «Սյունյաց երկիրը», որը դեռեւս 18 տարի առաջ իրեն հռչակել է Սյունիքի նորագույն շրջանի անկողմնակալ եւ ստուգապատում տարեգիր, որն առաջին իսկ համարից եղել ու մնում է բոլոր սյունեցիների հարթակը՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ մեր լրատվամիջոցի հանդեպ ունեցած վերաբերմունքից …

Եվ ուրեմն՝ թեմային առնչվող մի քանի փաստ նախեւառաջ. Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2023-ի հոկտեմբերին:

Կապան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է 2022-ի նոյեմբերին:

Այսինքն՝ Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները կարող էին առանց ցնցումների գործել առնվազն մեկ տարի եւս:

Սակայն…Վերջին օրերին համայնքի ավագանու 15 անդամից 6-ը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ավագանու եւս երկու անդամի հրաժարական՝ ու ավագանին կազմացրված կհամարվի՝ զրկված լինելով քվորումից եւ իրավազորությունից: Ու Կապան համայնքը կկանգնի ավագանու արտահերթ ընտրության անշրջանցելի իրողության առջեւ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ սպասվում է ավագանու եւս երկու անդամի հրաժարական. եթե անդրդվելի մնացած 9-ը հոգու մեջ ուրիշ երկու «կամավորական» չգտնվեն, ապա (ենթադրվում է) հրաժարական կտան ավագանու այն երկու անդամը, ովքեր Սյունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակից են եւ սպասում են հրահանգի: Ասել է թե՝ առայժմ փորձ է արվում տեղի ունեցող զարգացումների հանդեպ մարզպետարանի անկողմնակալ վերաբերմունքի պատրանք ստեղծել…

Մի խոսքով՝ Կապան համայնքի ավագանու կազմացրումն օրերի (եթե ոչ ժամերի) հարց է…

Իսկ թե ինչ դիրքորոշում կունենա այդ ամենից հետո Գեւորգ Փարսյանը՝ ժամանակը ցույց կտա, հիմա միայն ենթադրություններ կարող ենք անել:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր գնահատականների ու դիտարկումների հանրայնացումը, համոզված ենք,,կարեւորություն է ներկայացնում՝ թեկուզեւ իրերն իրենց անունով կոչելու առումով:

Առաջին հարցը, որ ծագում է սկզբից եւեթ, հետեւյալն է՝ ինչո՞ւ Կապանի համայնքային իշխանության երկու ճյուղը, որ հատկապես վերջին երեք տարում հանդես են եկել կուռ միասնությամբ ու համերաշխությամբ, հանկարծ ճաք տվեց եւ երկփեղկվեց:

Իսկապես, ինչո՞ւ ավագանու մի խումբ անդամներ որոշեցին հրաժարականի դիմում ներկայացնել:

Անվիճելիորեն, դա նրանցից յուրաքանչյուրի անձնական գործն է: Բայց կա ոչ երկրորդական մի հանգամանք նույնպես՝ նրանք ավագանու մանդատը ստացել են կապանցի ընտրողների գերակշիռ մասի վստահության շնորհիվ, ընդ որում՝ մանդատը ստացել են հինգ տարի ժամանակով:

Եվ հանկարծ հրաժարվում են մանդատից, հրաժարվում են՝ ընտրողներին չտալով պարզագույն բացատրություն կամ պարզաբանում:

Կարծում ենք՝ ավագանու հրաժարական տված անդամները պարտավոր են հրապարակավ (միասին կամ առանձին-առանձին) հիմնավոր խոսք ասել իրենց հրաժարականի պատճառների մասին, այլապես…Անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն կստեղծվի (եթե արդեն չի ստեղծվել), որ նրանց հրաժարականն ինչ-ինչ պարտադրանքի կամ կոմբինացիայի հետեւանք է…

Եթե նրանք իրականում դժգոհ էին համայնքապետի գործունեությունից, ապա կարող էին ավելի վաղ դիմել այդ քայլին, քանզի վերջին ամիսներին համայնքապետն ավելի սուր եւ հակասական իրավիճակներում էր հայտնվել՝ տարածաշրջանի շուրջ ձեւավորվող ռազմաքաղաքական նոր իրավիճակով պայմանավորված:

Եթե իսկապես դժգոհ էին համայնքապետից, ապա կարող էին ավելի կարճ ու անկեղծ ճանապարհ ընտրել՝ հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ բացեիբաց անվստահություն հայտնել Գեւորգ Փարսյանին, ինչը հավատ կներշնչեր ու անդրկուլիսյան խաղերի տպավորություն չէր թողնի:

Բայց չգնացին այդ ճանապարհով, այլ…

Հաջորդ հարցը՝ ըստ մամուլում շրջանառվող կարծիքի («Առավոտ»-ի հրապարակումը նկատի ունենք)՝ Կապանի համայնքապետարանի շուրջ զարգացումները հավանաբար ուղղորդվում են Սյունիքի մարզպետարանից. նշվում է փոխմարզպետ Նարեկ Բաբայանի անունը:

Վերջինս նշված հրապարակման մեջ հերքել է իր առնչակցությունն այդ դավադրությանը, բայց…Սյունիքի մարզպետարանը, այդուհանդերձ, պետք է անկեղծ մտահոգություն ունենա՝ բացահայտելու՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում համայնքապետարանում եւ ինչո՞ւ է տեղի ունենում: Հո չե՞նք կարող ասել, թե ավագանու վեց կամ ութ անդամը Կապանի դարդ ու ցավից դրդված են այդ քայլին դիմել:

Մի խոսքով՝ Սյունիքի մարզպետարանը, իբրեւ տարածքային կառավարման մարմին, պարտավոր է իր վերաբերմունքն արտահայտել, չէ՞ որ խոսքը մարզկենտրոնի, մարզի ամենախոշոր համայնքի, Հայաստանի հարավ-արեւելյան հատվածի խոշորագույն կենտրոնի, թուրքի հետ ամենաերկար ու չորոշարկված սահման ունեցող համայնքի ղեկավարի մասին է:

Շատ քիչ է ասել՝ վա՜յ, մենք կապ չունենք, ինչը հավասարազոր է ոչինչ չասելուն:

Կա նաեւ հանրային կարծիք, որ կարելի է ամեն քայլի լսել Կապանում, ինչը (անկեղծ լինենք) հօգուտ մարզպետարանի չէ, որի հետ չի կարելի հաշվի չնստել:

Մյուս կողմից՝ ըստ Կապանում շրջանառվող խոսակցությունների՝ ստեղծված իրավիճակն ամբողջացավ տեղական որոշ հեղինակությունների գործուն (բայց եւ ստվերային) միջամտությամբ, քանզի Գեւորգ Փարսյանը (հանուն Կապանի ընդհանրական շահերի) թույլ չի տվել վերջիններիս՝ համայնքապետարանը դարձնել իրենց կույր գործիքը:

Մյուս հարցը՝ ի՞նչ դիրքորոշում կունենա կամ ի՞նչ գործելակերպ կորդեգրի Գեւորգ Փարսյանը, եթե սկսված բունտը հաջողությամբ պսակվի:

Զարգացումները կարող են մի քանի դրսեւորում ունենալ:

Նախ, կարծում ենք, այդ ամենից հետո Գեւորգ Փարսյանն իրեն չգնահատված չի համարի եւ չի ափսոսա իր նվիրական գործունեության համար, քանզի Կապանում (ըստ մեր հարցումների) նա շարունակում է մնալ գնահատված, շարունակում է մնալ ամենաընդունելի հասարակական-քաղաքական-պետական գործիչը:

Նա, կարծում ենք, ափսոսանք կապրի բացառապես իր երեկվա որոշ գործընկերների կամ ընկերների՝ չպատճառաբանված օտարացումի կամ ուրացումի համար:

Ափսոսանք կապրի կապանանպաստ բազմաթիվ ծրագրերի համար, որոնք դեռ նոր-նոր կյանքի պիտի կոչվեին:

Նա, ունենալով արժանապատվության զգացում եւ վեհանձնություն, չի շրջանցի ընտրողների վստահությունը եւ հենց այնպես (ճնշումների ու հարկադրանքի հետեւանքով) հրաժարական չի տա, եթե նույնիսկ իրավական բնույթի գործընթացներ հրահրվեն իր դեմ, ինչի նշաններն արդեն իսկ երեւում են:

Նա, կարծում ենք, հրաժարական կտա բացառապես այն բանից հետո, երբ ավագանին վերջնականապես կկազմաքանդվի եւ Կապանում (սահմանված կարգով) կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություն:

Եվ հրաժարական կտա, որպեսզի մասնակցի ավագանու արտահերթ ընտրությանը՝ նկատի ունենալով, որ սպասվող ընտրությունը համամասնական կարգով է լինելու: Այլ հարց է, թե քաղաքական որ ուժի դրոշով կներկայանա ընտրողներին:

Ասվածը սոսկ մեր դիտարկումների հանրագումարն է, որի ճշմարտացիությունը ժամանակը ցույց կտա:

Մեկ ուրիշ հարց էլ. Կապան մարզկենտրոնի տեղական իշխանության ներսում հրահրված այդ զարգացումների առնչությամբ, որքան էլ տարօրինակ է, դիքորոշում չեն հայտնում իշխող քաղաքական ուժի սյունեցի հարգելի խորհրդարանականները՝ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը, Նարեկ Ղահրամանյանը, Մարինե Ղազարյանը, Դավիթ Դանիելյանը, որոնցից շատերը (նաեւ հրապարակավ) քանիցս խանդաղատալից խոսքեր են հնչեցրել Գեւորգ Փարսյանի գործունեության վերաբերմամբ:

Դիրքորոշում չեն հայտնում նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդը, համանուն խմբակցության պատգամավորները, նրանց վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցները, որոնք (իբր) դոշ են տալիս մարդու իրավունքների համար:

Եվ, իհարկե, գլխավոր հարցը. ինչո՞ւ է Գեւորգ Փարսյանը թիրախավորվել, ինչո՞ւ են նրա դեմ գավառաբարո խարդավանքներ հյուսվում:

Գեւորգ Փարսյանը, նաեւ ըստ մայրաքաղաքի ամենատարբեր բեւեռներից հնչող կարծիքների, հանրապետության լավագույն համայնքապետերից է:

Նա, ի տարբերություն հանրապետության քաղաքական էլիտայի եւ համայնքային իշխանությունների հարյուրավոր ներկայացուցիչների, վերկուսակցական ու վերթայֆայական անձնավորություն է: Եվ իր համայնքին, իր երկրամասին ու հայոց պետականությանը՝ անմնացորդ նվիրված գործիչ:

Ունի սեփական դեմք ու դիմագիծ, սեփական աշխարհընկալում՝ հիմնված ազգային-պետական արժեքների վրա:

Այն համայնքապետերից է, ով ցույց տվեց, թե տեղական ինքնակառավարման մարմիններն ինչպես պետք է գործեն համավարակի ժամանակ:

Ցույց տվեց, թե ինչպես պետք է գործի համայնքապետը հայրենական դարձած Արցախյան պատերազմի ժամանակ, թե ինչպես կարող է համայնքապետը դառնալ Կապանի սահմանային դիրքերը պաշտպանող ինքնապաշտպանական բոլոր ջոկատների սիրելին:

Ցույց տվեց, թե ինչպես կարող է համայնքապետարանը լինել բոլոր կապանցիներինը:

Ցույց տվեց, թե ինչպես կարելի է շարունակել Կապանի մշակութային հարուստ ավանդույթները եւ Սյունիքի մարզկենտրոնը հռչակել Հայաստանի մշակութային մայրաքաղաք:

Ցույց տվեց, թե ինչպես կարելի է հետպատերազմյան Կապանում ապահովել բարեկարգումների, կառուցապատումների աննախադեպ բուռն ընթացք՝ դրանով իսկ մարդկանց մոտ հույսեր արթնացնելով վաղվա օրվա հանդեպ:

Նա ցույց տվեց (ե՛ւ 2018-ի դեկտեմբերին, ե՛ւ 2021-ի հունիսին), թե ինչպես պետք է համայնքի վարչական ռեսուրսը զերծ պահել ընտրական գործընթացներից: Իսկ 2018-ի հոկտեմբերին տեղի ունեցած համայնքապետի արտահերթ ընտրությունը… Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է քանիցս հրապարակավ մատնացույց արել այդ ընտրությունը՝ իբրեւ ընտրողների ազատ կամարտահայտման փայլուն օրինակ:

Եվ այդ ամենից հետո, պարզվում է, Գեւորգ Փարսյանը, ինչ-որ մարդկանց կամ խմբավորումների քիմքին հաճո համայնքապետ չէ:

Բայց, քանի դեռ չկա հրաժարական տված ավագանիների հիմնավոր պատճառաբանությունը, քանի դեռ չկա Սյունիքի մարզպետարանի հոդաբաշխ պարզաբանումը, քանի դեռ չկա մեր պատգամավորների դիրքորոշումը, քանի դեռ չկա ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հստակ վերաբերմունքը, մարդիկ հակված են կարծելու, որ տեղի ունեցող զարգացումները (բուռն ցանկության դեպքում անգամ) չեն կարող քաղաքական համարվել, որ տեղի ունեցող զարգացումները գավառական պարզագույն խարդավանքներ են եւ, իհարկե, վրեժխնդրության հրավառություն:

Վրեժխնդրություն այն բանի համար, որ 2018 թ. հոկտեմբերին, համայնքապետի արտահերթ ընտրությունում, Գեւորգ Փարսյանը միայնակ հաղթեց երկրի քաղաքական օլիմպը զբաղեցրած ուժի թեկնածուին:

Վրեժխնդրություն այն բանի համար, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից եւ հատկապես դեկտեմբերի 18-ից հետո, երբ Կապան համայնքը թուրքի հետ ունեցավ 90 կմ երկարությամբ սահման, երբ Կապան քաղաքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հայտնվեցին թշնամական երկրի բազմաթիվ մարտական դիրքեր, իր ներաշխարհը (ինչպես եւ ամեն մի սյունեցու) խռովք ապրեց:

Վրեժխնդրություն այն բանի համար, որ 2020 թ. հունիսյան ընտրությունից օրեր առաջ, որպես քաղաքացի եւ ընտրող, անձնական դիրքորոշում հայտնեց:

Վրեժխնդրություն այն բանի համար, որ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է համայնքի սահմանում ծագող հարցերի, սահմանամերձի բնակիչների մտահոգությունների մասին:

Եվ այսպես՝ շարունակ…

Այնպես որ՝ ավագանիով շղարշված շփոթը, ինչպես տեսնում եք, շինծու է:

Խնդիրը, թույլ տվեք ասել, կապանցի ընտրողի ու համայնքապետի միջեւ չէ, նույնիսկ համայնքապետի ու ավագանու անդամների միջեւ չէ…

Եվ, այդ բոլորով հանդերձ, ստեղծված վիճակը կարող է շտկել միայն ու միայն համայնքային իշխանության միակ աղբյուրը՝ կապանցի ընտրողը:

Ընդ որում՝ խոսքն այն ընտրողի մասին է, ով անկախության տարիներին (ամենադժվարին ու հակասական իրավիճակներում անգամ) չի ընկրկել որեւէ ճնշման առաջ, տեր է կանգնել իր արժանապատվությանը եւ թույլ չի տվել, որ Յոթնաբերդ Կապանը դառնա ինչ-ինչ ուժերի խաղալիք ու մանրադրամ:

«Սյունյաց  երկիր»

 

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34