Սյունիքի մերօրյա քանդակագործները, որ կրում են քանքարավոր նախնիների ոգու ցոլքը

18.03.2025 10:35
2260

Սյունեցի քանդակագործներին անդրադարձել ենք «Սյունյաց երկիր մշակութային» հանդեսի № 15-ում (30 սեպտեմբերի 2024 թ)։ Դրանով, նախևառաջ, խոնարհել ենք մեր գլուխը բազմաթիվ քանդակագործների արվեստի առջև՝ Մոմիկ, Սիրանես և Գրիգորիկ վարդպետներ, Միքայել Միքայելյան, Արտաշես Հովսեփյան, Գետիկ Բաղդասարյան, Էդուարդ Տեր-Ղազարյան, Կառլեն Նուրիջանյան, Մարատ Նուրիջանյան, Գառնիկ Խաչատրյան, Յուրիկ Ստեփանյան, Սպարտակ Բաբայան, Սպարտակ Հարությունյան։

Այսօր շարունակում ենք ամիսներ առաջ սկսած այդ գործը՝ ձգտելով ամբողջացնել սյունեցի քանդակագործներին ներկայացնելու պահանջված աշխատանքը, ինչպես խոստացել էինք հանդեսի վերոնշյալ համարում։

Առաջինը ներկայացնում ենք նորօրյա ոսկեձեռիկ, ճարտարապետ Բաղդասար Արզումանյանին, ով, արվեստաբանների բնութագրմամբ, իր բարձրարվեստ ստեղծագործություններով կարող է համեմատվել միջնադարի հայ մեծ վարպետների՝ Գալձագի, Սիրանեսի, Մոմիկի և այլոց հետ։

Բաղդասար Արզումանյանի վաստակին պատկանող գործերը, նրա կյանքի ուղին հանգամանալից ներկայացնելու համար հարկ կլինի երբևէ հանդեսի հատուկ համար հրատարակել։ Եվ այսօր չենք անդրադառնա նրա ճարտարապետական գործերին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին մատուցած ծառայություններին։ Կբավարարվենք Բաղդասար Արզումանյանի՝ խաչքարային արվեստին, քանդակագործությանն առնչվող որոշ ստեղծագործություններ ներկայացնելով։ Նկատի ունենք մասնավորապես նոր Վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, Սփյուռք-Հայրենիք հուշակոթողը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի բակում կանգնեցված երեք խաչքարը, Գեղարդավանքի աղբյուր-հուշարձանը։

Կարևոր համարեցինք հանդեսի համարը սկսել Բաղդասար Արզումանյանի հեղինակած Ոսկեկուռ և ադամանդապատ մեսրոպյան այբուբենով (1976 թ), իսկ համարը եզրափակել Ոսկեկուռ խաչով (1979 թ)․ այդ ստեղծագործությունների մասին տեղեկությունները՝ համարում։

Առաջին հայացքից գուցե և թվա, թե վերոնշյալ երկու ստեղծագործությունը ոսկերչական արվեստի գլուխգործոց են սոսկ։ Մեր համոզմամբ, մինչդեռ, բարձրարվեստ այդ ստեղծագործությունները համեմված են և՛ մանրանկարչության, և՛ քանդակագործության լավագույն ավանդույթներով։ Ավելի ստույգ՝ արվեստների համադրության կամ արվեստների սինթեզի բացառիկ օրինակներ են։

Հարկ ենք համարում արձանագրել նաև՝ Սյունյաց աշխարհը և Սիսիանն առանձնապես պարտք ունեն հավերժացնելու հայ ճարտարապետների ընտանիքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող, մեծ սյունեցի Բաղդասար Արզումանյանի հիշատակը։

Անհրաժեշտ մի հավելում՝ Բաղդասար Արզումանյանի ներկայացվող կենսագրության մեջ: Համարի նյութերը նախապատրաստելիս տեղեկացանք, որ նա քանդակագործական կրթություն ստացել է Այծեմնիկ Ուրարտուի (Այծեմնիկ Տեր-Խաչատրյան) քանդակագործական արվեստանոցում (առաջին անգամ Ուրարտու կեղծանունով հանդես է եկել 1926 թվականին):

Ի դեպ, Այծեմնիկ Ուրարտուի մի ստեղծագործությունն էլ Սիսիանում է, խոսքը Ստեփան Շահումյանի կիսանդրու մասին է (տարօրինակ է, որ ոմանք՝ անդրադառնալով Այծեմնիկ Ուրարտուի կենսագրությանը, նշում են, թե չի պահպանվել Ստեփան Շահումյանի՝ նրա կերտած արձանը):

* * *

Համարի գլխավոր խնդիրն է, ինչպես նշեցինք, ներկայացնել Սյունիքի մերօրյա քանդակագործներին։

Ահա նրանք՝ Ստեփան Դավթյան, Ռոբերտ Կամոյան, Միքայել Ղուկասյան, Մանվել Մաթևոսյան, Սարգիս Բաբայան, Վահե Եղյան, Գագիկ Ալեքսանյան, Եղիշ Կարապետյան, Նարեկ Բաղդագյուլյան, Նաիրի Բաղդագյուլյան, Գրիգոր Ավետիսյան, Գառնիկ Հայրապետյան, Բաբիկ Վարդանյան, Ռազմիկ Արզումանյան, Գարեն Զադայան, Ռուբիկ Գասպարյան (Բուդան), Լևոն Թումանյան, Սոս Ասրյան, Գեորգի Գևորգյան, Էդիկ Կոստանդյան, Ժիրայր Մարտիրոսյան, Բորիկ Մինասյան, Լորիկ Մինասյան, Նարեկ Օրդյան, Արամայիս Առաքելյան, Լյովա Առաքելյան, Արմեն Առաքելյան, Հովհաննես Բաղդասարյան, Դերենիկ Ահարոնյան։

* * *

Համարում որոշակի անդրադարձ կա մոնումենտալ արվեստին կամ այն ստեղծագործություններին, որոնք յուրօրինակ ներդրում են արվեստի այդ ոլորտում․․․

Մինչ այդ, սակայն, ավելորդ չենք համարում նշել, որ մեզանում մոնումենտալ արվեստի գործեր են ստեղծվել նախնադարյան արվեստի շրջանում։ Մինչև հիմա Սյունիքում պահպանվում են բազմաթիվ հուշարձաններ, որոնք ասվածի վկայությունն են (վիշապներ, ժայռապատկերներ, մենհիրներ․․․)։ Այդ ամենը, խոստովանենք, խոսակցության առանձին նյութ է։

Հետխորհրդային շրջանը մոնումենտալ արվեստի զարգացման մի նոր փուլ էր Սյունիքում։ Ընդ որում՝ մեր քանդակագործների ստեղծագործությունների զգալի մասը ողողված է անկախության դարաշրջանի արևով ու մեր ազգային մտածելակերպի եղյամով։ Նաև այդ ստեղծագործությունների օգնությամբ վերադառնում էինք և ենք մեր զտարյուն, մաքրամաքուր ակունքներին։

Դրանք կերտվում էին ճարտարապետական կոնկրետ միջավայրի համար կամ կոնկրետ գաղափարով՝ հուշարձաններ, կոթողներ, որոնք աչքի են ընկնում քանդակագործական բազմազան արտահայտչամիջոցներով։

Հայոց համազգային շարժման ամենաբուռն շրջանում Գորիս քաղաքի կենտրոնում (28 մայիսի 1990 թ) տեղադրվեցին մեր ազատամարտի երևելի մի շարք դեմքերի և ֆիդայական շարժման առաջնորդների դիմաքանդակները՝ Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ, Ռուբեն Շիշմանյան (Քեռի), Արաբո, Գևորգ Չաուշ, Սողոմոն Թեհլերյան, Մախլուտո, Սիմոն Զաքարյան (Թոփչի Սիմոն)։ Դրանց հեղինակը (բացառությամբ Թոփչի Սիմոնի քանդակի, որի հեղինակն Արշակ Պետրոսյանն է) Արամայիս Առաքելյանն ու իր որդի Լյովա Առաքելյանն են։ Ավելի ուշ այդ շարքում տեղ գտավ նաև 1918-20 թթ Գորիսի աշխարհազորի փառապանծ հրամանատար Խաչատուր Մալինցյանի դիմաքանդակը։

Հետագայում դիմաքանդակների այդ շարքը տեղափոխվեց ու տեղադրվեց Գորիսի զորամասի բակում։

Ինչպես նկատեցիք, վերոնշյալ դիմաքանդակների շարքում նաև հայ վրիժառության խորհրդանիշ Սողոմոն Թեհլերյանի դիմաքանդակն է։

2016 թվականին Գորիսում կանգնեցվեց հայ վրիժառության մեկ ուրիշ առաքյալի՝ Շահան Նաթալիի հուշարձանը ևս (քանդակագործ՝ Նարեկ Օրդյան)։

Դեռևս 1991 թվականին Գրիգոր Ավետիսյանը՝ Վարպետ պատվանունով, կերտեց և հայրենի Անգեղակոթում կանգնեցրեց Զորավար Անդրանիկի հուշարձանը։

Անդրանիկ Զորավարի կերպարին անդրադարձավ քանդակագործ Գարեն Զադայանը (Վերիշենից). քանդակը տեղադրված է Տեղ գյուղում։

Գորիսի այն տան մուտքին, որտեղ 1918 թ օգոստոսից մինչև 1919 թ մարտ բնակվել է Զորավարը, կանգնեցվեց նրա հուշարձանը՝ ստեղծված քանդակագործ Արշակ Պետրոսյանի ձեռամբ։

Զորավար Անդրանիկի հուշարձանը կերտելու ուղղությամբ աշխատում էր Մարատ Նուրիջանյանը, բայց նա վաղաժամ հեռացավ կյանքից և գործը կիսատ մնաց (հուշարձանի մանրակերտը պահպանվում է քանդակագործի բնակարանում)։

Հայոց ֆիդայապետի բազալտե հուշարձանը 2014 թ կերտեց մեր ժամանակների երևելի քանդակագործ, Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ Գետիկ Բաղդասարյանը (հուշարձանը տեղադրված է Ակնալիճում)։

Մեր հայրենակից, մեկ ուրիշ նշանավոր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանը նույնպես կերտեց Զորավարի քանդակը (հուշարձանը Թալինի տարածաշրջանի Վերին Սասնաշեն գյուղում է)։

Քիչ առաջ անդրադարձ կատարեցինք Արամայիս Առաքելյանի՝ մեզ հետաքրքրող թեմայով ստեղծագործություններին։ Ասվածին ավելացնենք՝ նա կերտել է նաև Դավիթ Բեկի հուշարձանը, որ տեղադրված է Տաթև գյուղում։

Բայց մեր գահերեց զորավար Դավիթ Բեկի կերպարը՝ դեռևս խորհրդային տարիներին, շքեղորեն կերտեցին Կապանում՝ քանդակագործներ Սարգիս Բաղդասարյանի և Մարատ Նուրիջանյանի ձեռամբ, ճարտարապետ՝ Վարուժան Սահակյան։

Անկախության տարիներին սյունիքյան մոնումենտալ արվեստում և քանդակագործության մեջ ուշագրավ տեղ զբաղեցրեց Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի կերպարը։ Մի քանի օրինակ՝ հուշահամալիր Կապանում (քանդակագործներ՝ Գևորգ Գևորգյան, Ռոբերտ Բալայան), հուշարձան Գորիսում (քանդակագործներ՝ Կամսար Ղազարյան, ուրիշների կարծիքով՝ Ռուբիկ Գրիգորյան և Սարգիս Նազարեթյան), հուշարձան Խուստուփի լեռնագագաթին (քանդակագործ՝ Գագիկ Ալեքսանյան)։

Գարեգին Նժդեհի կերպարը չհաջողեց ավարտին հասցնել Մարատ Նուրիջանյանը (մանրակերտը նրա բնակարանում է)։

Գարեգին Նժդեհի դիմաքանդակը, ինչպես նշեցինք, 1990 թ Գորիսում տեղադրված հուշարձանախմբի մեջ է։

2023 թվականին Կապանում կանգնեցվեց 1918-20 թթ Զանգեզուրի ինքնապաշտպանության հերոս Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանը (քանդակագործ՝ Գագիկ Ալեքսանյան)։

Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրու մանրակերտը պատրաստել է նաև քանդակագործ Նարեկ Օրդյանը, որը մինչև հիմա գտնվում է նրա արվեստանոցում։

Կապանի կենտրոնում՝ համայնքապետարանի մերձակա պուրակի սկզբնամասում է տեղադրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Սյունյաց աշխարհի լեգենդար զավակ Արամ Մանուկյանի հուշարձանը, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։

Արամ Մանուկյանի կիսանդրին տեղադրված է նաև նրա ծննդավայր Դավիթբեկում (քանդակագործը, սակայն, հայտնի չէ)։ Սկզբնապես Կապանի Կավարտ թաղամասում կանգնեցված այդ հուշարձանը (խաթարված վիճակում) Դավիթբեկ է տեղափոխվել հետագայում, վերամշակող քանդակագործն է Դերենիկ Ահարոնյանը։

Վերջինիս ձեռամբ հրաշալի մի պատկերաքանդակ էլ տեղադրվել է Դավիթբեկ գյուղի դպրոցի մուտքին։

Անկախության տարիներին Սյունիքում ստեղծվեցին նաև Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ ուշագրավ են հատակապես Կապանում և Գորիսում գտնվող կոթողները, ինչպես և մեծ սյունեցի Փարամազի (Մատթեոս Սարգիսյան) հուշարձանը Մեղրիում (վերջինիս քանդակագործը չկարողանցանք պարզել)։

Արցախի ազատագրության համար 1980-ականների վերջին սկիզբ առած համազգային շարժման ժամանակներից մոնումենտալ արվեստում իշխող թեմաներից էր հայոց սրբազան այդ երկրամասը՝ Արցախը։ Բազմաթիվ ստեղծագործություններից երկուսի մասին կուզենայինք հիշել, երկուսի հեղինակն էլ գեղանակարիչ-քանդակագործ Բորիկ Մինասյանն է։ Նկատի ունենք «Արցախուհին» կոթողը, որ տեղադրված է Կապանի «Նորապսակների» պուրակում, և «Ժառանգությունը», որ տեղադրված է Ջերմուկ քաղաքում։

Այնուհետև օրակարգ եկավ Արցախյան հերոսամարտի թեման։ Մարզի բնակավայրերի մեծ մասում կանգնեցվեցին հուշարձաններ՝ Արցախյան գոյակռվի նահատակների հիշատակը հավերժացնող։

Այդ թեման բավականին ծավալուն է և քննարկման ու հանրայնացման առանձին նյութ կդառնա երբևէ։ Սակայն հարկ համարեցինք ներկայացնել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին (քանդակագործ՝ Նարեկ Օրդյան), որը գտնվում է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում։

Ներկայացնում ենք նաև Գորիսի հուշահամալիրը՝ ստեղծված Սևադա Զաքարյանի նախագծով, ինչպես և Համլետ Մինասյան հերոսի կիսանդրին (քանդակագործ՝ Գարեն Զադայան)՝ կանգնեցված Հարժիսի միջնակարգ դպրոցի բակում, Վուրգ Ոսկանյանի հուշակոթողը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան)՝ կանգնեցված Սիսիանի Ազատամարտի հրապարակում։

Անկախության տարիներին սյունիքյան մոնումենտալ արվեստում փայլուն ստեղծագործություններ ստեղծվեցին, որոնց հերոսներն են՝ Սուրբ Գրիգոր Տաթևացին, հայ արձակի անհասանելի գագաթ Ակսել Բակունցը, Հայոց մեծ գուսան Աշոտը, մեծ քնարերգու Համո Սահյանը, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի նահապետ Սերո Խանզադյանը, ուրիշներ։

* * *

Խաչքարը, ինչպես հայտնի է, հայ ժողովրդի մշակույթի բարձրագույն գեղարվեստական դրսևորումներից է։

Խաչքարեր կանգնեցվել են տարբեր նպատակներով և նշանակությամբ՝ ռազմական հաղթանակների ու պատմական կարևոր դեպքերի հավերժացում, շինարարական աշխատանքների նշանավորում, վանական միավորումներին խոշոր նվիրատվությունների արձանագրում, իբրև տապանաքար, սահմանանշան և այլն։

Նշանավոր են եղել «ամենափրկիչ» խաչերը, որոնց արևմտահայաց ճակատին քանդակվել է Քրիստոսի խաչելության տեսարանը։

Խաչքարերին վերագրվել է բնության տարերքը սանձահարելու ուժ։

Խաչքարերն ընկալվել են նաև որպես հավատո հանգանակ, հոգու փրկության խորհրդանիշ։

Խաչքարերն ուշագրավ են նաև պատմական արժեք ունեցող վիմագիր արձանագրություններով։

Ընդունված է ասել, որ հայ արվեստի այդ բնագավառի զարգացման պատմական ուղին եզրափակվում է Ջուղայի խաչքարերով։

Սակայն թույլ ենք տալիս ասել, որ խաչքարային արվեստը շարունակում է մնալ հայ ազգային ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը և որոշակի տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի մշակութային մերօրյա տիրույթում, այդ թվում՝ Սյունիքում։

Մինչև հիմա, ցավոք, ամբողջապես ուսումնասիրված չէ սյունիքյան խաչքարային արվեստը, և այդ բացը լրացնելու խնդիր այսօր էլ մեր առջև չենք դնում։

Միևնույն ժամանակ՝ վերջին տասնամյակներում սյունեցի քանդակագործները նաև խաչքարեր են կերտել, որոնց մի մասն արվեստի տեսակետից որոշակի արժեք է ներկայացնում։ Հաճախ քանդակազարդ պատկերներն իրենց նրբագեղությամբ ոսկերչական կամ ասեղնագործ աշխատանք են հիշեցնում։ Որոշ ստեղծագործություններ էլ աչքի են ընկնում ոչ միայն զարդապատկերային հետաքրքիր մոտիվներով, այլև թեմատիկ պատկերներով։

Այսօր չենք կարող ամբողջովին անդրադառնալ խաչքարային արվեստի նորօրյա դրսևորումներին, բայց և հարկ ենք համարում ներկայացնել խաչքարագործ Բաբիկ Վարդանյանի (Սիսիանից) մի քանի ստեղծագործություն։

Ներկայացնում ենք նաև քանդակագործ Ռազմիկ Արզումանյանի (Գորիսից) կերտած խաչքարը, որը 2004-ին կանգնեցվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում, որի գեղագիտական բարձր արժեքը քանիցս գնահատվել է արվեստաբանների կողմից։

* * *

Սյունիքի մերօրյա քանդակագործներին հրապուրել է անիմալիստական ժանրը (կենդանիների պատկերումը կերպարվեստում)։

Մեր լեռնաշխարհի ժայռապատկերները վկայում են, որ երկրամասում կերպարվեստի այդ ժանրը լայնորեն տեղ է գտել դեռևս հազարամյակներ առաջ։

Միջին դարերում կենդանական մոտիվները մուտք են գործել ձեռագրերի ձևավորման ոլորտ, ինչի վառ օրինակներ ենք մատնանշել Սյունիքի մանրանկարչությանը նվիրված համարում («Սյունյաց երկիր մշակութային», №16, 2024 թ

Անիմալիստական ժանրում մեր օրերում ուշագրավ գործեր են ստեղծել Էդիկ Կոստանդյանն ու Գեորգի Գևորգյանը (երկուսն էլ՝ Կապանից)։ Նրանց որոշ ստեղծագործություններ առանձնանում են կենդանական աշխարհի նուրբ իմացությամբ, կերպարների արտահայտչականությամբ (դրանց կարող եք ծանոթանալ համարում)։

* * *

Սյունիքում ունենք նաև քանդակագործների գերդաստաններ, ասել է՝ այդ արվեստը փոխանցվել է սերնդեսերունդ։

Առաջինը, իհարկե, Արզումանյան-Բաղդասարյան մեծահամբավ գերդաստանն է Սիսիանից։ Հանճարեղ Բաղդասար Արզումանյանի և հանրաճանաչ Գետիկ Բաղդասարյանի հետքերով է քայլում վերջինիս որդին՝ Հովհաննես Բաղդասարյանը, ում ստեղծագործություններն արդեն իսկ վկայում են երիտասարդ քանդակագործի անուրանալի տաղանդի մասին։

Այնուհետև՝ Առաքելյանների գերդաստանը՝ Տաթևից։ Արամայիս (Արմո) Առաքելյանին արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու սույն խմբագրականում։ Ավելացնենք, որ նա շառավիղն է տաթևացի վարպետ Բաբայի, ով 20-րդ դարասկզբին մասնակցել է Տաթևի վանքի զանգակատան կառուցմանը, իսկ հայրն էլ տարածաշրջանում հայտնի քարգործ վարպետ Հարությունն էր։

Արամայիս Առաքելյանի որդին քանդակագործ Լյովա Առաքելյանն է, ում հանրահայտ գործը Ֆրանսիայի Ռոման մարզի Բուրգ-լե-Վալանս քաղաքում գտնվող հուշահամալիրն է՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող։

Արմո Տաթևացու թոռը նույնպես քանդակագործ է՝ Արմեն Առաքելյան, ով Երևանի Խ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի քանդակի դասախոս է նաև։

Հաջորդն Օրդյանների գերդաստանն է՝ Վերիշեն գյուղից։

Կրտսերը՝ Նարեկ Օրդյանը, հանրությանը հայտնի է Գրիգոր Տաթևացու, Շահան Նաթալիի գորիսյան հուշարձան-կոթողներով, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կապանյան կիսանդրիով։

Նրա առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ քանդակագործ-գեղանկարիչ Գագիկ Օրդյանը, ում հետ մեկտեղ շարունակում են նոր նախագծեր իրականացնել:

* * *

Քանդակագործների մի խումբ էլ գալիս է գեղանկարչությունից՝ Ռոբերտ Կամոյան, Ժիրայր Մարտիրոսյան, Բորիկ Մինասյան, Լորիկ Մինասյան:

Գեղանկարչության մեջ հայտնի այդ անձինք հասցրել են ուշագրավ հետք թողնել նաև քանդակագործության ոլորտում։

Գեղանկարչության բնագավառում (մահվանից հետո անգամ) մեծ համբավ ունեցող Ռոբերտ Կամոյանը նաև քանդակագործության ոլորտում է իր տաղանդը դրսևորել: Նման եզրակացության հիմք է, ասենք, հրաշալի մի կոմպոզիցիա, որը պահպանվում է նրա արվեստանոցում, ինչը և ներկայացնում ենք համարում:

Ռոբերտ Կամոյանը մեր պարբերականի երկրպագուներից էր, մենք էլ նրա արվեստն էինք երկրպագում: «Սյունյաց երկրի» 2017 թ. 1-ին համարն ամբողջապես նրան ենք նվիրել: Մինչ այդ էլ՝ 2013-ին, թերթը ներկայացրել էր Ռոբերտ Կամոյանի արվեստը (N 2):

Ափսոսում ենք սակայն, որ այդ անդրադարձներում շրջանցել ենք քանդակագործության թեման: Չենք քննարկել նույնիսկ Կապանի կենտրոնում տեղադրված «Ցուլը» ստեղծագործությունը, որը, կարծեք, անավարտ գործի տպավորություն է թողնում:

Բորիկ Մինասյանի «Արցախուհին» և «Ժառանգությունը» ստեղծագործություններին վերևում համառոտ անդրադարձ կատարեցինք:

Եղբայրը՝ գեղանկարիչ Լորիկ Մինասյանն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բակում դրված քանդակի հեղինակն է, որը կոչվում է «Աշխատանք» (համահեղինակ՝ Գևորգ Մշեցի)։

Եղբայրներով կերտել են «Մուսա» հարթաքանդակը, Արցախյան առաջին պատերազմի նահատակներին նվիրված քաջարանյան հուշակոթող-խաչքարը։

Իսկ ահա Ժիրայր Մարտիրոսյանի ոճը քանդակի ոլորտում յուրօրինակ է կարողացել է կտրած ծառերի կոճղերին շունչ տալ բակունցյան մի քանի հերոսի, որոնք գտնվում են գրողի տուն-թանգարանի այգում։

* * *

Ընդհատված ստեղծագործական ուղի այդպիսի խորագրով ներկայացնում ենք քանդակագործներ Գարեն Զադայանին, Ռուբիկ Գասպարյանին (Բուդան), Լևոն Թումանյանին, Սոս Ասրյանին։

Գարեն Զադայանի մի քանի ստեղծագործության արդեն իսկ անդրադարձանք սույն խմբագրականում։

Ռուբիկ Գասպարյան (Բուդան) արվեստաբանները հատկապես բարձր են գնահատել նրա «Ըմբշամարտիկների պայքարը» ստեղծագործությունը։ Գիպսե այդ քանդակը ժամանակին ներկայացվել է ԽՍՀՄ ուսանողների դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսում և արժանացել արծաթե մեդալի։ Քանդակը ներկայումս գտնվում է Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում։

* * *

Ընդհանրացնելով վերը շարադրվածը՝ կարող ենք փաստել՝ հիմնականում կյանքի կոչեցինք սյունեցի քանդակագործներին ներկայացնելու մեր մտադրությունը, թեև յուրաքանչյուր ստեղծագործության վերաբերյալ վերջնական խոսքն արվեստաբաններինն է:

Ինչպես և նշել ենք, խոսակցության առանձին նյութ կարող են լինել՝

ա) Սյունիքի նեոլիթ-էնեոլիթյան (մ թ ա 6-4 հազարամյակներ) և բրոնզեդարյան (մ թ ա 3-2 հազարամյակներ) ժայռապատկերները, որոնք նախնադարյան արվեստի, այդ թվում քանդակագործության հարուստ նյութ են պարունակում,

բ) Սյունիքի եկեղեցական ճարտարապետության մեջ տեղ գտած քանդակագործությունը։ Դրանցում՝ աշխարհիկ պատկերաքանդակների հետ մեկտեղ, առկա են աստվածաշնչյան թեմաներով բազմաթիվ քանդակներ,

գ) տարբեր ժանրերի քանդակները (մանր պլաստիկա, փոքր ձևերի քանդակագործություն),

դ) հուշարձանները՝ նվիրված Մեծ հայրենականում զոհված սյունեցիներին, Արցախյան հերոսամարտերում նահատակված մեր հայրենակիցներին, Մեծ եղեռնի, Բաքվի ու Սումգաիթի կոտորածներին զոհ դարձած հայորդիներին,

ե) մարզի բնակավայրերի մի շարք գերեզմանոցներում գտնվող բազմաթիվ շիրմաքարերը, որոնք, անշուշտ, արձանագործության (անդրիագործության) բարձրարժեք նմուշներ են,

զ) խոսակցության առանձին նյութ են այն ստեղծագործությունները, որոնց հեղինակները եկել են մայրաքաղաքից կամ այլ բնակավայրերից և անջնջելի հետք թողել Սյունիքում՝ Այծեմնիկ Ուրարտու, Ռաֆայել Իսրայելյան, Արա Հարությունյան, Սարգիս Բաղդասարյան, Լևոն Թոքմաջյան, Գրիգոր Բադալյան, Ադիբեկ Գրիգորյան, Կարապետ Մեծատուրյան, Ցոլակ Արմենյան, Գևորգ Գևորգյան, Ռոբերտ Բալայան, Արշակ Պետրոսյան, Սուրեն Մելքոնյան, Հովհաննես Բեջանյան, Գևորգ Մշեցի, Կամսար Ղազարյան, Ռուբիկ Գրիգորյան, Սարգիս Նազարեթյան, Արեգ Իսրայելյան, Բաղդասար Սարգսյան և ուրիշներ։

Տա Աստված, որ առաջիկա տարիներին կարողանանք առանձին խոսք ասել վերոնշյալ թեմաներից յուրաքանչյուրի մասին։ Եթե չհաջողենք, ապա գալիք սերունդները, համոզված ենք, կանդրադառնան քանդակագործության այդ ոլորտներին նույնպես, հակառակ դեպքում արվեստի պատմության այդ էջը կմնա թերի, և ամբողջական պատկերացում չենք ունենա կերպարվեստի տվյալ ոլորտի սյունիքյան դրսևորումների մասին։

Իսկ այժմ ծանոթանանք սյունեցի մերօրյա քանդակագործներին, հանրայնացնենք նրանց ստեղծագործությունները, աջակցենք նրանց (ովքեր ողջ են), որ ինքնադրսևորելու իրենց կարողություններն առավել ամբողջական արտահայտելու հնարավորություն ունենան։

* * *

Սյունիքի մերօրյա քանդակագործներին ներկայացնելու այս նախագիծը կյանքի չէր կոչվի, եթե չլիներ քանդակագործ, պրոֆեսոր, մեծ սյունեցի Գետիկ Բաղդասարյանի աջակցությունը: Նա համբերատար կերպով օգնեց մեզ՝ քննարկելու քանդակագործներից յուրաքանչյուրի ստեղծագործությունները, ի հայտ բերելու այն արժեքավորը, որ կա այդ աշխատանքներում:

Ուստի և մեր երախտագիտությունն ենք հայտնում Գետիկ Բաղդասարյանին, նրան մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ:            

 

Սամվել Ալեքսանյան

 

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը

22.04.2025 20:49

Ամենայն հայոց կաթողիկոսը կմասնակցի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

22.04.2025 20:00

Մեծ Բրիտանիայում հարգանքի տուրք է մատուցվել և կոչ արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

22.04.2025 17:56

Համայնքի ղեկավարն ընդունել է ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

22.04.2025 16:47

Խոզնավարում ԵՄ առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները

22.04.2025 16:10

Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն. Գրուշկո

22.04.2025 14:24

Վախենում եմ՝ պատմությունը կրկնվի, ու Սյունիքի դարպասը ներսից բացեն թշնшմու առաջ․ խնածախցի

22.04.2025 14:21

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը. Վահագն Մելիքյան

22.04.2025 11:56

Գորիսի պետական քոլեջը պաշտոնապես իրազեկել է ՀՀ վարչապետին ու ԿԳՄՍ նախարարին՝ անժամկետ գործադուլի և դասադուլի մասին

22.04.2025 10:45

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան

21.04.2025 21:18

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ

21.04.2025 17:47

Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը

21.04.2025 17:40